ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ հոկտեմբերի 10-ին, առանց նոր անակնկալների, կվավերացվի Հայաստանի մուտքը Եվրասիական միություն:
-Ընդհանրական շահերը տարբեր պետությունների հավաքում են մեկ միության հարկի տակ, սակայն յուրաքանչյուր պետություն, անդամակցելով այս կամ այն տնտեսական կամ քաղաքական միությանը, առաջին հերթին ձգտում է առաջ մղել սեփական շահերը: Ու այդ առումով շատ բնական է այն ներքին պայքարը, որ կա ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ԵՏՄ անդամ երկրների միջեւ: Ցանկացած միությունում ձեռքերի վրա չեն պատրաստվում ընդունել մեկ այլ երկրի, եւ այդ գործընթացին եւս նայում են սեփական շահերի տեսանկյունից:
Ահա այս գործոնների ազդեցության հետեւանքով էր, որ Հայաստանի անդամակցումը ձգձգվեց՝ հնչեցին հարցադրումներ, լարվածություն առաջացավ: Եվ այսօր, որքան տեղյակ եմ, չկան այնպիսի հարցեր, որոնք կարող են այս փուլում խոչընդոտել Հայաստանի անդամակցմանը կամ կրկին դառնալ դրա ձգձգման պատճառ:
Ի դեպ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ մենք չենք ստացել նոր առաջարկներ ԵՏՄ գործընկերների կողմից: Սա եւս գալիս է հաստատելու, որ անակնկալներ չպետք է լինեն: Հիշեցնեմ նաեւ, որ Եվրասիական տնտեսական միությունը գործելու է 2015-ի հունվարի 1-ից, այսինքն՝ այն խոսակցությունները, թե Հայաստանը ուշացել է, եւս անհիմն են:
Այս ամենով հանդերձ, չպետք է բացառել նաեւ հնարավոր անակնկալները: Ինչո՞ւ, որովհետեւ աշխարհն այսօր դինամիկ զարգանում է, նոր գործընթացներ են տեղի ունենում, փոփոխվում են քաղաքական, տնտեսական շահերը՝ պատճառ դառնալով նոր բախումների առաջացման: Հետեւաբար քանի դեռ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին իրավաբանորեն հստակ ամրագրված չէ, խոսակցությունները կարող են դեռեւս ընթանալ «եթե»-ների դաշտում:
-Gallup International ընկերությունը անցկացրել է հարցում ու պարզել, որ այս ժամանակահատվածում Հայաստանում նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը: Պատկերն այսպիսին է. եթե 2013-ի ապրիլին ԵՏՄ անդամակցմանը կողմ է եղել հարցվածների 67 տոկոսը, ապա օգոստոսյան հարցման համաձայն՝ 57 տոկոսը: Նկատելի է նվազման միտումը: Ինչո՞վ սա կբացատրեք:
-Եթե ընդունենք, որ հիշյալ ընկերության հարցումն ու արձանագրված թվային պատկերը համապատասխանում են իրականությանը եւ քաղաքական նկատառումներով թելադրված չեն, ապա, կարծում եմ, թվի նվազման վրա ազդել են հետեւյալ գործոնները. Հայաստանի անդամակցման ձգձգումը, ԵՏՄ հիմնադիր անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ առկա ներքին բարդ խնդիրները, մեկմեկու հասցեին ուղղվող քննադատությունները, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական լարվածությունը, Արեւմուտքի կողմից ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները:
Շատերի համար ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության վրա կունենան բացասական ազդեցություն: Հետեւաբար հարցման մասնակիցները մտածել են՝ ինտեգրվելով այդ տնտեսական միությանը, թերեւս կարող են նվազել մեր սպասելիքները՝ կապված հայաստանյան տնտեսության զարգացման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետ: Ու այս ամենը, բնականաբար, չեն կարող բացասաբար չանդրադառնալ մարդկանց տրամադրությունների վրա:
-Իսկ լո՞ւրջ են այն պնդումները, թե նման հարցման պատվիրատուն, կազմակերպիչը Հայաստանի իշխանություններն են:
-Անլուրջ է: Ինձ համար նաեւ զարմանալի է, որ կարող է նման տեսակետ շրջանառվել: Ինչո՞ւ պետք է մեր իշխանությունն իր առաջ նման խնդիր դնի, նպատակը ո՞րն է:
-Գուցե Հայաստանը փորձում է «այլ» քայլերի գնալ ու դա արդարացնել հասարակական կարծիքո՞վ, կամ հոկտեմբերի 10-ի՝ հնարավոր անդամակցման նախաշեմին փորձում է որոշակի հասարակական տրամադրություններ փոխանցել ԵՏՄ անդամ երկրներին, մասնավորաբար ՌԴ-ին:
-Բայց ո՞րն է նման մանիպուլյացիայի իմաստը, ես դրանում որեւէ տրամաբանություն չեմ տեսնում: Առավել եւս, երբ շատ ազնիվ ու անկեղծ ենք մեր քայլերում:
Երբ Հայաստանի իշխանությունը որոշում կայացրեց ԵՏՄ անդամակցման, ամբողջ աշխարհին ներկայացրեց մեր կայացրած որոշման դրդապատճառները: Եվ համոզված եմ, որ բոլորը շատ լավ ընկալեցին Հայաստանի քաղաքականությունը, հասկացան, որ հնարավոր չէ գտնվել անվտանգության մի համակարգում, իսկ տնտեսական առումով լինել մեկ ուրիշում:
Բայց, դրանով հանդերձ, Հայաստանի իշխանությունը նաեւ հայտարարեց, որ ինտեգրվելով ԵՏՄ-ին՝ շարունակելու է Եվրամիության հետ բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերությունները:
Դառնալով սոցհարցմանը՝ ասեմ նաեւ հետեւյալը. ինչ թիվ էլ փոխես՝ ավելացնես թե նվազեցնես, դրանից ոչինչ չի փոխվի: Ռուսաստանում եւս շատ լավ իրազեկված են, թե ինչպիսի տրամադրություններ կան հայ հասարակության ներսում: Մեր երկիրն այնքան թափանցիկ է, որ սոցհարցումների անհրաժեշտություն չկա, առավել եւս իշխանության կողմից դրանք ուղղորդելու կարիք չկա:
Պետք է ընդամենը կարդալ մեր մամուլը, մի քիչ էլ բակերում շփվել մարդկանց հետ, ու պատկերը շատ հստակ կլինի: Եվ այս առումով, ակնհայտ է, որ հայ հասարակության մեծ մասը հակված է ընթանալ ռուսական ինտեգրացման ուղով, բայց նաեւ քիչ չեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կողմնակիցները:
-Այսինքն՝ «եւ…եւ»-ի քաղաքականությունը խարսխված է հենց մեր հասարակության տրամադրությունների վրա:
-Իհարկե: Բոլորիս համար ակնհայտ է, որ Արեւմուտք-Հայաստան 25 տարիների շփման արդյունքում մեր երկիրը լուրջ առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության, պետական կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ: Ուրեմն ինչպե՞ս կարող է մեր հասարակությունը դրականորեն չվերաբերվել այդ համագործակցությանը: Բայց նաեւ շատ այլ կարեւոր գործոններ հաշվի առնելով, ինչը մեկ առ մեկ ներկայացրել է իշխանությունը, մեր հասարակության մեծամասնությունը ԵՏՄ-ի անդամակցման կողմնակից է:
Այն, որ կողմնակիցների թիվը որոշակի գործոնների ազդեցության տակ կարող է նաեւ տատանվել, սա եւս չեմ բացառում: Այնպես որ, Gallup International ընկերության ներկայացրած հարցումների արդյունքները համարում եմ վստահություն ներշնչող:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հատուկ ընդգծել հետեւյալը. այսօր մեզանում չեն կատարվում այնպիսի գլոբալ փոփոխություններ, որոնք կարող էին ներազդել Հայաստանի իշխանությունների կայացրած ինտեգրացիոն քաղաքական որոշումների վրա ու փոփոխել այն:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












