Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՉՔԱԿԱՊՈՑԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ

Սեպտեմբեր 16, 2014թ. 15:15

Խորհրդարանական «քառյակի» որոշ ներկայացուցիչներ ակնհայտորեն զբաղված են քաղաքական աչքակապոցիով. չնայած ներքին խմորումներին, լուրջ տարակարծություններին ու անարդյունավետ գործունեությանը սկսել են ավելի հաճախ խոսել իրենց քաղաքական ազդեցիկ դերակատարման մասին թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս:
Վերջերս մեզ հետ զրույցում քառյակի ներկայացուցիչներից մեկը անհասկանալի ոգեւորությամբ փորձում էր հավատացնել, թե իրենք ներազդում են երկրի քաղաքական դաշտի բոլոր գործընթացների վրա, ոչ միայն խորհրդարանում են «դեմք», ուր «ջախջախիչ» հակահարվածներ են տալիս իշխանությանը, այլեւ առանցքային դերակատարում ունեն ԱԺ-ից դուրս, ուր ցանկացած պահի կարող են ապահովել ժողովրդի եւ արտախորհրդարանական ուժերի համախմբումը:
Մինչդեռ անցած շաբաթ ներկայացված սոցհարցման արդյունքները հիշյալ ինքնագովեստի դիպուկ պատասխանն էին: Իհարկե մեզանում իրականացվող սոցհարցումները միշտ չէ, որ վստահություն են ներշնչում, բայց կան դեպքեր, երբ առանց հարցում կատարելու էլ հեշտությամբ կարելի է շոշափել հասարակության տրամադրությունները:
«Գելափ Ինտերնեյշնլ» կազմակերպության սոցհարցումը ներկայացրեց իրական պատկերը՝ ցույց տալով, թե քաղաքական ինչ կշիռ ունի «քառյակը», ինչ չափով է վայելում հասարակության վստահությունը: Սոցհարցման «սանդղակը» արձանագրեց հասարակական հետեւյալ գնահատականը՝ ոչ իշխանական քառյակն ապագա չունի եւ դատապարտված է պառակտման: Համաձայնեք, որ այս գնահատականը խոսուն է, ու ընդդիմությունը պետք է որ սրանից կարեւոր հետեւության հանգի՝ քաղաքական աչքակապոցին մեզանում չի անցնում, ունենք քաղաքականապես գրագետ հասարակություն, որը շատ լավ գիտի, թե ով ով է եւ ինչ նպատակներ է հետապնդում: Իսկ հասարակության հիշողության վրա խաղալ պետք չէ:
Բացի դրանից, հանրության մեջ այլեւս հարգանք չեն վայելում հայհոյախոս քաղաքական գործիչները կամ պատգամավորները: Ավելին՝ հասարակությունն ինքն է հուշում՝ ընդդիմություն լինելը ամենեւին չի նշանակում լինել հայհոյախոս: Եվ եթե ընդդիմության նպատակն իրոք գործ անելն է, ապա այդ ճանապարհը չի կարող անցնել ամբիոնից, ռադիոլսողի ականջի տակ հայհոյախոսելով, ցեխ շպրտելով, հակառակը, նման գործելաոճը վաղուց ընկալվում է որպես անհաջող պոպուլիզմի դրսեւորում:
Այսպիսով սոցհարցումները պարզեցին՝ հասարակությունը քաղաքական քառյակի հետ որեւէ հույս չի կապում:
Իսկ ի՞նչ կարծիքի են արտախորհրդարանական ընդդիմադիրները: Չէ՞ որ քառյակում համոզված են՝ իրենք նաեւ արտախորհրդարանականներին համախմբող ուժ են: Հիշենք, սակայն, որ արտախորհրդարանականները բազմիցս խստորեն քննադատել են «քառյակին», հաճախ ավելի թունդ, քան ցանկացած իշխանավոր, նրանց տալով անգամ կեղծ ընդդիմություն բնութագրումը:
Արտախորհրդարանական «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, թե այսօր «քառյակի» եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ չկա միասնականություն, ուր մնաց, որ խոսք լինի համախմբման մասին: Ավելին՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի պառակտումից հետո այսօր իրենք չեն էլ պատկերացնում, ինչպե՞ս կարելի է նույն մարդկանց հետ նույն «գետը» մտնել: «Հիշելով ոմանց գործելակերպը, մարդկային որակները չի կարող լինել համագործակցություն»,- ակնարկելով նախկին ՀՀՇ-ին՝ Գիմիշյանը նաեւ հավելեց. «Կուզենայի որ բարոյականություն լինի քաղաքականության մեջ, ոչ թե քաղաքականությունը անբարոյականություն համարեին: Անբարոյական քաղաքականությունը չի կարող լավ արդյունքներ տալ»:
«Քառյակի» հանդեպ արտախորհրդարանականների հոռետեսությունը ունի կոնկրետ պատճառներ, ինչը Գիմիշյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. չորս ուժերը տարբեր ժամանակներում ստացել են հասարակության վստահության քվեն, եղել իշխանության ղեկին ու սպառել այդ վստահությունը. «Նախկինում լինելով իշխանություն՝ նույն ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն բազմաթիվ հանցագործություններ է կատարել», ժողովուրդը նաեւ ականատես է եղել թե’ ՀԱԿ-ի, թե’ ԲՀԿ-ի ու մյուսների մանդատակռվին, անձնական խնդիրների լուծմանը:
«Հիշենք, թե ինչ արեց «Ժառանգությունը». նախագահական ընտրություններում ստացավ ժողովրդի լուրջ քվեն, բայց անկարող եղավ գոնե բանակցությունների միջոցով կես քայլ առաջ տանել երկիրը, մեկ-երկու խնդիր լուծել երկրում: Սրանք հպարտանալու քիչ բան ունեն: Չեմ կարծում, որ ժողովուրդը շատ շուտ մոռանա այդ ամենը: Դժվար է մեր ժողովրդին անվերջ խաբելը»:
Իսկ այսօր էլ հիշյալ կուսակցությունների գործողությունների սնանկությունը առավել պարզորոշ երեւում է «քառյակի» շրջանակներում: Հետեւելով այս միավորի քայլերին՝ տպավորություն ես ստանում, թե նրանցից ամեն մեկը զբաղված է ժամավաճառությամբ: Հարց է ծագում՝ քառյակի նման պահվածքը հասարակության աչքում առհասարակ չի՞ հեղինակազրկում ընդդիմություն ասվածը՝ դրանով իսկ վտանգելով քաղաքական ընդդիմության ձեւավորմանը:
«Իհարկե, մտահոգիչ է այդ հանգամանքը, քանի որ քառյակը ինչ-որ չափով զբաղեցնում է ընդդիմության տեղը՝ չլինելով ընդդիմություն: Իրենք էլ իրենց չեն կարողանում ընդդիմություն կոչել, այլ անվանում են ոչ իշխանական ուժեր, իսկ դրանով ամեն ինչ ասված է: Այո, քառյակը ընդդիմություն չէ»:
Եվ ուրեմն, ոչ իշխանական «քառյակին» չնայած հաջողվեց այս փուլում կասեցնել պառակտման վտանգը, բայց ներքին խմորումները հուշում են, որ դժվար է լինելու խուսափել նոր վտանգներից: Իսկ այդպիսին կարող է դառնալ, օրինակ, շատ սպասված հանրահավաքը:
Թե քառյակի «գրաֆիկով» այն ե՞րբ տեղի կունենա, կհայտարարվի սեպտեմբերի 17-ին սպասվող հերթական նիստից հետո, եթե իհարկե, չորս ուժերը գան ընդհանուր հայտարարի: Քանի որ հայտնի է Դաշնակցության մոտեցումը՝ «չենք կարող մասնակցել հանրահավաքին, եթե քառյակի երեք ուժերը դեմ արտահայտվեն սահմանադրական բարեփոխումներին»: Իսկ եթե «քառյակը» հրապարակում ներկայանա որպես «եռյակ», բնակաբանար ինքնին կփաստի սեփական փլուզումը:
Ի՞նչ կարծիքի են արտախորհրդարանականները հնարավոր հանրահավաքի մասին, կմասնակցե՞ն. պարզվեց՝ այստեղ եւս չկա դրական տրամադրվածություն: «Գուցե որպես քաղաքացի մասնակցեմ, ժողովրդի կողքին լինելու համար, բայց որպես քաղաքական գործիչ՝ ոչ, ցավոք «քառյակի» հետ հույս չեմ կապում, չեմ վստահում նրան որպես միասնական ուժ»:
Դժվար է ասել՝ այս անվստահության մթնոլորտում որքանո՞վ ի զորու կլինի «քառյակը» ժողովրդի հետ մարզային հանդիպումներ կազմակերպել, հետո էլ ոտքի հանել նրան ու դարձնել, ինչպես իրենք են ասում՝ հուժկու հանրահավաքի մասնակից: «Մարզեր կարող են գնալ, կնստեն սեփական մեքենաները ու կգնան, կհանդիպեն ժողովրդի հետ, բայց կարեւորը արդյունքներն են, որոնց դժվար թե հասնեն»:
Գիմիշյանը նկատում է՝ թերեւս մեկ-երկու հանրահավաք կարողանան անցկացնել, ինչին մարդիկ կմասնակցեն ընդամենը հետաքրքրասիրությունից դրդված: Բայց երբ կգան ու կհամոզվեն, որ նոր ասելիք չկա՝ այլեւս ոչ ոք հրապարակում չի հավաքվի: Իսկ այն, որ «քառյակը» նույն բանն է ասելու, դրանում Սոս Գիմիշյանը համոզված է՝ դա են հուշում կառավարության սեղանին դրված նրանց 12 «պատմական» կետերը. «Կարմիր թե կանաչ գծերի մասին. մանր-մունր հարցեր են դրանք, որոնք արմատական խնդիրներ չեն լուծում»:
Այնպես որ «քառյակի», գուցեեւ «եռյակի» համար դժվար օրեր են սպասում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն