Գլխավոր » Genocide, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 5, 2014թ. 21:34

Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ

-Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ժամանակ արեց բացառիկ հայտարարություն, թե դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան Կիլիկիայի կաթողիկոսության պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջով: Ո՞րն է հայտարարության քաղաքական կարեւորությունը:

-Դեռեւս 2013-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Թուրքիային կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիները, եկեղեցապատկան կալվածքները: Սակայն այն ընդամենը մտադրություն էր:
Մինչդեռ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հնչեցրածն արդեն քաղաքական կարեւորության հայտարարություն է: Մինչ օրս Հայոց ցեղասպանության շուրջ խոսակցությունները ծավալվել են ընդամենը ճանաչման բարոյական հարթությունում: Հետեւաբար Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունը նաեւ շատ գործնական է. առաջին անգամ հայկական նշանակալի կառույցը, ինչպիսին է Կիլիկիո կաթողիկոսությունը, բարձրացնում է հատուցման հարց: Մնում է, որ հայտարարությանը հաջորդեն կոնկրետ քայլեր:

-Այդ մասին նույնպես ասվեց. Կիլիկիո կաթողիկոսը նախ կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարան, հայցը չբավարարելու դեպքում կդիմի Եվրոպական դատարան: Արամ Ա կաթողիկոսի այս քայլը կարո՞ղ է Եվրոպական դատարանում Թուրքիայի հանդեպ հայության իրավական պահանջների գործընթացի սկիզբ դառնալ:

-Պահանջատիրության հարցը պետք է բաժանել երկու մակարդակի. առաջինը անհատական քայլերն են, երբ Արեւմտյան Հայաստանի հայ ընտանիքները, ովքեր ունեցել են սեփականություն ու պահպանել են իրենց սեփականության վավերաթղթերը, կարող են դիմել Եվրոպական դատարան:
Երկրորդ՝ երբ դիմում է կոնկրետ կառույցը: Կիլիկիո կաթողիկոսի հայցը կլինի առաջինը, երբ հայկական կառույցն է փորձում հատուցում ստանալ: Իբրեւ նախնական քայլ, այո, անհրաժետ է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան, որպեսզի սպառվի ներպետական դատավարական գործընթացը, որպեսզի հնարավոր լինի դիմել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, հակառակ պարագայում ԵԴ-ն հայցը չի ընդունի: Իհարկե ես հույս չունեմ, որ Թուրքիայի դատարանը կբավարարի Կիլիկո կաթողիկոսի հայցը, բայց ԵԴ-ում մենք շատ մեծ շանսեր ունենք:

-Ի՞նչ նախադեպեր կան, որոնք կարող են մեզ համար օգտակար լինել հայցը Եվրադատարան ներկայացնելիս:

-Կան հազարավոր նախադեպեր: Օրինակ, ժամանակին հրեաները բարձրացրին Արեւելյան Եվրոպայում կոմունիստների կողմից իրենցից խլված գույքի վերադարձի հարցը, ու մինչ օրս շարունակվում է այդ գործընթացը։ Նրանց հաջողվել է Ռումինիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիաից 4 մլրդ դոլարի հատուցում ստանալ: Հրեաների հայցը բավարարվել է էթնիկ-կրոնական փոքրամասնության խնդիրների հարթությունում: Այսինքն՝ դիտարկվում է ոչ թե այն տեսանկյունից, թե տեղի է ունեցել Հոլոքոստ, այլ տեղի է ունեցել մարդու սեփականության իրավունքի ոտնահարում:
Վերջերս Գերմանիայում մահացավ նացիստական ղեկավարներից մեկը, որի տնից հայտնաբերվեցին հարյուրավոր կտավներ՝ 400 մլն դոլար արժողության։ Դրանք խլվել էին հրեաներից: Ու այսօր Գերմանիան, հայցի համաձայն, պարտադրված է վերադաձնել հրեա ընտանիքներին: Այնպես որ Կիլիկիո կաթողիկոսարանը միանգամայն իրական շանսեր ունի հաղթելու:

-Ի տարբերություն բերված օրինակների, ակնհայտ է Արամ Ա-ի հայցի բացառիկությունը, այն ոչ միայն համահայկական, այլեւ համաքրիստոնեական բնույթ ունի. Սիսի նստավայրն ու կալվածքները ոչ միայն կարեւոր են հայերիս համար, այլեւ ունեն համաքրիստոնեական նշանակություն, այն մինչեւ 1915թ. եղել է Մերձավոր Արեւելքի հոգեւոր կենտրոնը՝ Երուսաղեմին զուգահեռ:

-Հասկանալի է ձեր դիտարկումը. ինչպես նշեցիք, հարցը նախ համահայկական է, չէ՞ որ Կիլիկիո կաթողիկոսությունը մեր 4 նվիրապետական աթոռներից մեկն է, ըստ էության, այսօր Սփյուռքի մի զգալի մասը Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո է գտնվում:
Բայց այն նաեւ համաքրիստոնեական նշանակություն ունի: Այս առումով հիշեցնեմ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ամիսներ առաջ ընդունված հատուկ բանաձեւը, որով կոչ արվեց Թուրքիայի կառավարությանը` քրիստոնյաներին վերադաձնել քրիստոնեական պաշտամունքային շենքերը: ԱՄՆ-ի նման դիրքորոշումը խիստ կարեւոր է: Կարծում եմ, Արամ Ա կաթողիկոսը հիշյալ բանաձեւի առկայությունը հաշվի առնելով՝ բարձրաձայնեց այդ մասին:
Այսպիսով, կա բանաձեւ, որը պարտադրում է ամերիկացիներին օգնելու եւ հետամուտ լինելու խնդրին: Այսինքն՝ մեր հայցը պետք է ստանա քաղաքական աջակցություն:
Կիլիկիո կաթողիկոսի քայլը նաեւ կարող է լավ նախադեպ դառնալ մյուս քրիստոնյա եկեղեցիների համար ու ոգեւորի նրանց: Ավելին՝ եթե գործընթացը հաջողությամբ պսակվի, կարծում եմ, այն պետք է նաեւ հայոց կաթողիկոսության համար օրինակ ծառայի:

– Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ժամանակ մեկ այլ կարեւոր հայտարարություն եւս հնչեց, այս անգամ հանրապետության նախագահի կողմից, եւ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին:

-Այո, տեղյակ եմ: Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե չի բացառում, որ ազգային ժողովից հետ կկանչվեն այդ արձանագրությունները: Եվ ես շատ կարեւոր ու էական եմ համարում հետկանչի մասին Հայաստանի նախագահի հնչեցրած այդ միտքը:
Ի դեպ, չմոռանանք, որ Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո Բաքու մեկնած Էրդողանը ինչպիսի հայտարարությամբ հանդես եկավ, ասաց՝ քանի դեռ չենք ազատագրել Ղարաբաղը, հայ-թուրքական սահմանը չի բացվելու: Սրանով ամեն ինչ ասված է՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղով, ուրեմն արձանագրությունները չեն վավերացվելու:

– Հայաստանի անկախության օրը «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պայթեցրեց Սիրիայի Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական եկեղեցին: Հաշվի առնելով այն, որ Թուրքիան առնչություն ունի այդ ահաբեկչական կազմակերպության հետ, կասկածներ կան, որ եկեղեցու պայթեցման թիկունքում կանգնած է Թուրքիան, եւ դա նաեւ պատասխան էր Կիլիկիո կաթողիկոսի հայտարարության: Ի՞նչ կասեք այս մասին:

-Հիշեցնեմ Անկարայում ԱՄՆ նախկին դեսպանի խոսքը, թե իրենք տեղյակ են, որ Թուրքիան աջակցում է իսլամիստներին: Այսինքն՝ այդ կապը այլեւս նորություն չէ, սակայն կարեւորն այն է, որ ԱՄՆ-ը այդ մասին պաշտոնապես բարձրաձայնեց: Եվ սա պատահականություն չէ:
Պատահականություն չէ նաեւ այն, որ պայթեցումը կատարվեց Հայաստանի անկախության օրը: Չնայած մենք այսօր չունենք փաստեր, որոնք կվկայեն Թուրքիայի ներգրավվածության մասին, բայց ես չեմ բացառում, որ այն կատարվել է Թուրքիայի ուղղորդմամբ կամ անմիջական մասնակցությամբ:
Գուցե իր դերն ունեցավ նաեւ Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունը: Եթե այդպես է, կնշանակի՝ հերթական անգամ Թուրքիան ցույց է տալիս, որ իրավական քաղաքակիրթ պահանջին, իսկ Արամ Ա-ի պահանջը այդպիսին է՝ դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան, պատասխանում է վայրի, բռի, ուժային ձեւով: Ցավոք, սա հաստատում է, որ Թուրքիան չի փոխվել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Genocide, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն