ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ «ԵՌՅԱԿԻ» PR ԱԿՑԻԱՆ է
Որով հիշեցնելու են՝ կան, չեն վախճանվել
Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ
-Հաճախ ենք ասում՝ ընդդիմությունը համախմբված չէ, ու մեղադրում, թե ընտրությունների շրջանում անգամ միասնական թեկնածուով հանդես գալու կարողություն չունեն: Բայց երբեւէ չի տրվում ամենակարեւոր հարցը՝ իսկ Հայաստանում ընդդիմություն կա՞:
-Ընդդիմության գոյության կամ չգոյության հարցը ինքնին կապված է քաղաքական կայացած համակարգի հետ: Հետեւաբար մինչ այս հարցին պատասխանելը նախ պետք է առաջ քաշել հետեւյալ հարցադրումը՝ Հայաստանում կա՞ ժողովրդավարական համակարգ, թե՞ ոչ, որովհետեւ նման համակարգի գոյության թիվ մեկ պայմանն է քաղաքական ընդդիմության գոյությունը:
Արտաքուստ պատկերն այսպիսին է. ունենք ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցություններ, Ազգային ժողովում կան ոչ իշխանական խմբակցություններ։ Այսքանով կարող ենք ասել, թե Հայաստանում կա ընդդիմություն: Բայց եթե փոքր-ինչ խորանանք ու փորձենք վերլուծել Հայաստանի քաղաքական համակարգը, ապա կհամոզվենք, որ ամեն ինչ չէ, որ վկայում է ընդդիմության գոյության օգտին:
Ունենք մի համակարգ, ուր իշխանությունն ունի քաղաքական գերակայություն, կառավարման անսահմանափակ լծակներ, նման իրավիճակում ընդդիմությունը վերածվում է նեղ, կլանային քաղաքական խմբավորումների, որոնք չունեն սոցիալական հենարան, այսինքն՝ չունեն ընտրազանգվածի վրա ազդելու կայուն լծակներ, չունեն գործընթացների վրա ազդելու ներուժ, ծրագիր ու իրենց գոյությունը ապացուցելու համար ստիպված են ժամանակ առ ժամանակ դիմել որոշակի քաղաքական ակցիաների: Հետեւաբար հարցին՝ Հայաստանում կա՞ կազմակերպված ընդդիմություն, պատասխանը միանշանակ է՝ չկա, եղածն էլ հեղհեղուկ վիճակում է:
-Սակայն բավական է, որ մեզանում անձը կամ քաղաքական ուժը իրեն հայտարարի ընդդիմություն, այլեւս իրավունք կունենա, անկախ իր կասկածելի անցյալից, ներկայանալ «սպիտակ ձեռնոցներով»: Հասարակությունն էլ պատրաստ է ընդունել նրան, չհարցնելով անգամ՝ ովքե՞ր են իրենց ընդդիմություն համարողները, ո՞րն է նրանց իրական նպատակը, պետականամետ, ազգաշահ ծրագրե՞ր են ուզում կյանքի կոչել, թե՞ ընդդիմություն լինելը քող է կուսակցական, անձնական հարցերի լուծման համար:
-Միանշանակորեն համաձայն եմ ձեր դիտարկմանը. ներկայիս ընդդիմության գործողությունները շատ հաճախ հիշեցնում են իշխանությունից որոշակի զիջումներ կորզելու, պաշտոններ ձեռք բերելու, գործադիր իշխանություն ներթափանցելու, կլանային շահերին ծառայեցնելու համար մղվող պայքար: Իսկ սա չի կարող թելադրված լինել ի նպաստ ազգային շահերի երկարատեւ ծրագրերի մշակման ու լուծման անհրաժեշտությամբ: Նման դեպքում ընդդիմություն լինելը, իրոք, քող է դառնում ներկուսակցական, անձնական հարցեր լուծելու համար:
-Ընդդիմության ձեւավորման հարցում կարեւորեցիք քաղաքական կայացած համակարգը, ինչին միտված են սահմանադրական բարեփոխումները: Սակայն դրան դեմ են հենց իրենք, այսպես կոչված, ընդդիմադիրները: Այս տարօրինակ պահվածքի հետեւում ի՞նչ է թաքնված:
-Թաքնված է միայն մի բան՝ քաղաքական, խմբային մերկ շահը: Խնդիրն այն է, որ եթե մինչեւ 2012-2013թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրությունները սահմանադրական բարեփոխումների իրականացումը համապատասխանում էր ընդդիմության քաղաքական շահերին, ապա հիմա դա իրենց համար ձեռնտու չէ: Վստահ չեն, որ եթե սահմանադրական բերեփոխումների շնորհիվ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում կատարի խորհրդարանականի, իրենք կարող են եկող խորհրդարանական ընտրություններում ունենալ քաղաքական մեծամասնություն եւ հասնել գործադիր իշխանության փոփոխության:
Դրա համար ներկայիս ընդդիմության համար նպատակահարմար է, որ երկրում պահպանվի կիսանախագահական համակարգը: Քանի որ գործող նախագահը չի կարող երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրությանը, ապա իշխանության գալու ընդդիմության հնարավորությունը մեծանում է: Սա պարզ հաշվարկ է, սահմանադրական բարեփոխումները չեն բխում ընդդիմության շահերից, դրա համար էլ «եռյակը» «մոռացել» է նախորդ տարիների իր դիրքորոշման մասին:
-Իսկ որքանո՞վ է «եռյակի» ներկայիս քաղաքականությունը բխում երկրի շահերից. եթե չիրականացվեն սահմանադրական բարեփոխումներ, ապա մեր քաղաքական համակարգում ոչինչ էլ չի փոխվի, ու այդ դեպքում ի՞նչ տարբերություն, թե այս թերի համակարգում ով կլինի իշխանության ղեկին՝ գործող իշխանության ներկայացուցի՞չը, թե՞ «եռյակի» «մարդը»:
-Այո, ցավալին այն է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող այս պայքարում նորից հաշվի չի առնվում պետության շահը, մենք չենք տեսնում ազգային շահը սպասարկող, դրան ծառայող քաղաքական ուժեր:
Ինքս որպես քաղաքագետ համոզված եմ, որ Հայաստանը վերջնականապես պետք է ընտրի կառավարման կոնկրետ ձեւ ու այն պահպանի երկար ժամանակ, որպեսզի կայանա քաղաքական համակարգը: Հայաստանը պետք է հռչակվի կա՛մ նախագահական, կա՛մ խորհրդարանական հանրապետություն, իսկ խառը ձեւերը, ինչպիսին է կիսանախագահական համակարգը, մեզ համար ընդունելի չեն, այն քաղաքական ուժերին տալիս է մանիպուլյացիայի լայն հնարավորություն, որից պետք է խուսափել:
-«Եռյակը» պատրաստվում է «վճռորոշ» հանրահավաքի, բայց մինչ օրս անգամ օրակարգը հայտնի չէ:
-Ես այդ հանրահավաքին որոշակի նշանակություն չեմ տալիս: Եթե այն տեղի ունենա, էականորեն չի կարող ազդել մեր քաղաքական իրավիճակի վրա: Այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում հանրահավաքներով քաղաքական հարցեր չեն լուծվում: Այսինքն՝ դարձյալ գործ ունենք հատվածային քաղաքական շահերի հետ:
-Իսկ ի՞նչ կասեք հանրահավաքի օրվա ընտրության մասին. ի դեպ, նույն օրը տեղի է ունենալու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:
-Իհարկե, եթե, իրոք, միտումնավոր է օրվա ընտրությունը, ու կա նպատակ ինչ-որ կերպ խանգարելու Մինսկում տեղի ունենալիք գործընթացին, ապա դա շատ սխալ է: Բայց ես մի քիչ կասկածում եմ, որ նրանք այդ նպատակն են ունեցել, շատ հնարավոր է, որ օրվա ընտրությունը եղել է պատահականություն:
Մյուս կողմից՝ հնարավոր է նաեւ, որ այդ հանրահավաքը տեղի չունենա, որովհետեւ ժողովուրդն այն լուրջ չի ընդունում, էլ ուր մնաց, որ «եռյակը» դրանով կարողանա խանգարել Հայաստանի ինտեգրացման գործընթացին: Այդ հանրահավաքի վրա պետք չէ անգամ սեւեռվել, այն ընդամենը «եռյակի» PR ակցիան է, որով հիշեցնելու են, որ իրենք կան, չեն վախճանվել, ու ոչ ավելի:
-Ի դեպ, «քառյակից» ՀՅԴ-ի դուրս գալուց հետո այժմ էլ հասունանում են ներեռյակային հակասությունները: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս միավորմանը:
-Ներքին խմորումների պատճառները խորքային են: Բանն այն է, որ նման միավորումները պետք է գաղափարական, քաղաքական, ծրագրային ընդհանրություններ ունենան: Մինչդեռ այդտեղ հավաքված ուժերը չունեն նման ընդհանրություն, ծրագրային շահը բավական խայտաբղետ է, ու այստեղից էլ բխում են այն բոլոր հետեւանքները, որոնց մասին խոսեցինք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












