Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

«ԵՌՅԱԿԸ» ՈՒՆԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հոկտեմբեր 5, 2014թ. 22:16

Ազատ ԱրշակյանՀարցազրույց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ

Նախօրեին մեկնարկեց խորհրդարանական «եռյակի» հանրահավաքների շարքը. ի՞նչ անուն տալ դրան՝ թավշյա հեղափոխությո՞ւն, թե՞ «եռյակի» PR ակցիա:

-Հանրահավաքների, երթերի միջոցով իշխանափոխության կարելի էր հասնել խորհրդային տարիներին, երբ չկար խոսքի ազատություն, երբ չկային ժամանակակից համակարգչային հնարավորությունները: Այսինքն՝ երթը, հանրահավաքը այն ժամանակ միջոց էր, որ հասարակությունը լսեր «տրիբունաներից» հնչող իր խոսնակների ձայնը: Բայց դա այլեւս ժամկետանց, հնացած մեթոդ է:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա բավարար չափով խոսքի ազատություն, իրենց ասելիքը կարող են ժողովրդին հասցնել նաեւ կուսակցական մարզային կառույցների միջոցով: Հետեւաբար հին մեթոդները այլեւս գործուն չեն: Բայց քանի որ իրենց ներսում կան հին արհեստավարժ կադրեր, որոնք ժամանակին կարողացել են այդ մեթոդներով հասնել իշխանության, հիմա էլ սովորույթի ուժով նույնն են ուզում կրկնել՝ չնայելով օրացույցին, չիմանալով, որ ժամանակները փոխվել են:
Իսկ ներկան այլ բան է պահանջում, այսօրվա հանրահավաքները պետք է ունենան այլ բովանդակություն, դրանք պետք է լինեն տոնախմբություններ, ինչպիսին նախընտրական հանրահավաքներն են աշխարհում: Դրանք իրականում ժողովրդավարական տոնակատարություններ են, երբ քաղաքական ուժերը հանրության հետ մտնում են անմիջական շփման մեջ:
Հիմա ուզում եմ հասկանալ, թե «եռյակը» ի՞նչ է ուզում: Եթե խորհրդային սովորույթի համաձայն ուզում են կրկնել հին մեխանիզմը՝ սխալվում են: Դա նախորդ «պատերազմի» «զենքն» է, ուրեմն այն ժամանակվա հաղթանակն էլ հիմա չի կրկնվի: Եթե, այնուհանդերձ, ուզում են իբրեւ ժողովրդավարության դրսեւորում, տոնակատարություն կազմակերպել, ուրեմն ժողովրդին պետք է ներկայանան լավատեսական, պետականանպաստ ծրագրերով: Բայց «եռյակի» ծրագիրը նեգատիվ է, ասում են՝ վա՛տ է, վա՛տ է, շատ վա՛տ է, հարկավոր է կասեցնել փլուզումը, արմագեդոն է սպասվում:
Հետեւությունս է՝ այն, ինչ անում է «եռյակը», ո’չ ժողովրդավարական տոնախմբություն է, ո’չ հեղափոխություն, ոչ էլ PR ակցիա, այլ ընդամենը դատարկ զբաղմունք, ռեսուրսների վատնում:

-Այդ դեպքում, ինչի՞ն է միտված «եռյակի» դատարկ զբաղմունքը. այն չի կարող որոշակի նպատակներ չհետապնդել, ուրեմն եկեք իրերը կոչենք իրենց անուններով:

-Եկեք կոչենք.՝ «եռյակի» հանրահավաքները կեղծ միջոցառումներ են: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում շատ բան է փոխվել: Եվ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի մեր դաշնակից երկրներում եւս չգիտեն, թե ինչ պետք է անել, անտեղյակ են, քանի որ այսօր ձեւավորվում է նոր աշխարհի նոր ծրագիրը:
Իսկ գլոբալ ծրագրի բացակայության, այդ անորոշ իրավիճակում դուրս գալ պայքարի՝ նշանակում է քանդել, այսինքն՝ առաջարկել նորություն, չունենալով զորություն: «Եռյակը» իրականացնում է քանդող, կազմալուծող ծրագիր, որովհետեւ մեր հասարակությանը ոչինչ չի առաջարկում: Անգամ իրենց հայտնի չէ, թե քանդելուց հետո ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը, որովհետեւ «եռյակը» չունի կառուցողական ծրագիր: Նրանք ասում են՝ բոլորդ հեռացեք, բայց չեն ասում, թե, օրինակ, ինտեգրացիոն ո՞ր ուղու ընտրությունը լավ կլինի Հայաստանի համար՝ Եվրամիությա՞ն, թե՞ Եվրասիական տնտեսական միության, ոչինչ չեն առաջարկում, միայն ասում են՝ գնա:
Կնշանակի, որ այդ «գնան» ուղղված է մեր պետականությանը: Ուրեմն ի՞նչ է սա, եթե ոչ կազմաքանդում:

-Հանրահավաքներում, իրոք, ոչ մի նոր բան չի ասվել, հնչել են ստանդարտ ելույթներ, որպիսիք մշտապես լսում ենք ԱԺ ամբիոնից: Շարունակում է անհասկանալի մնալ «եռյակի» հետագա ռազմավարությունը, փոխարենը, սակայն, հնչել են ժողովրդին ոգեւորող, ինչ-որ քայլերի դրդող կոչեր. օրինակ, «եթե ուզում եք գործողություններ տեսնել՝ մասնակցեք երեւանյան հանրահավաքին»: Սրանք հիշյալ հավաքը մարդաշատ դարձնելուն միտված կոչե՞ր են, թե՞ ժողովրդին «գրոհի» նախապատրաստող:

-«Եռյակը» նման գործողություններ չի կարող անել, որովհետեւ հայ ժողովուրդը չի կարող գնալ հայկական պետության կազմաքանդմանը, որովհետեւ իմաստուն է, իր պետականությունն ու խաղաղությունը գնահատող: Մենք չենք կարող կործանել մեր երկիրը, չենք կարող եղածը փոխել ոչնչի կամ անհայտի հետ: Քանդող ծրագրով ներկայացողները չեն կարող հաջողության հասնել Հայաստանում, նրանց քայլերն ի սկզբանե ձախողված են:
Եթե քառյակը ներկայացներ պետական ինստիտուտների բարելավման ծրագիր, կամ սահմանադրական բարեփոխումների սեփական ծրագիրը, այլ բան կլիներ, իսկ քանի որ նման լուրջ քայլերը բացակայում են, ուրեմն իրենց հանրահավաքն էլ չի կարող լինել վճռորոշ:
Եկեք նաեւ չմոռանանք, որ «եռյակը» իշխանություն է, քանի որ ներկայացնում է իշխանության երկրորդ թեւը՝ Ազգային ժողովը: Եվ երբ խոսում է իշխանափոխության մասին, պետք է ծրագրեն, թե ինչ են ուզում, ու քանի որ դա չկա, հետեւաբար իրականությունն այն է, որ եռյակը իշխանափոխություն չի ուզում, քանի որ դա նաեւ իրեն կվերաբերի:
Ընդդիմությունը ուզում է պահպանել ստատուս քվոն, ու այս հանրահավաքները «կոմպանիա» են՝ ուղղված ստատուս քվոյի՝ իրենց մանդատների, քաղաքական դաշտում իրենց ազդեցության, նաեւ հաջորդ իշխանական համակարգում իրենց տեղերը պահպանելուն: Ուրեմն նրանց պայքարը կեղծ է: Այսպիսով խորհրդարանական ընդդիմությունը ուզում է մնալ որպես իշխանություն, բայց լինել պատասխանատվություն չկրող իշխանության դերում, այսինքն՝ այն, ինչ կա՝ անպատասխանատու իշխանություն:

-Բայց, այդ ամենով հանդերձ, «եռյակը» իրեն համարում է բացառիկ համախմբված ընդդիմություն, որպիսին երկրում երբեք չի եղել:

-Ընդդիմության դաշտում ո’չ առաջ է եղել համախմբում, ոչ էլ հիմա կա: Իսկ «եռյակում» առավել եւս չի կարող լինել համախմբում, որովհետեւ այդ ուժերը չունեն ընդհանուր գաղափարախոսություն, չկա ընդհանուր ծրագիր, չկան բոլորի կողմից ընդունված գործունեության մեխանիզմներ: Դրա համար էլ աղաղակում են: Ասվածը եւս ընդամենը համախմբման մասին աղաղակ է, ոչ ավելին:
Եռյակում նաեւ չի կարող լինել սկզբունքային համաձայնություն, որովհետեւ նրանց քաղաքական շահերը տարբեր են, նույնիսկ հակասական: Նրանց ընդհանուր քաղաքական ծրագիրը կարող է լինել միայն ստատուս քվոյի՝ իրենց իշխանության պահպանման շուրջ: Իսկ որ «եռյակում» կարող են լինել նաեւ այլեւայլ, ոչ քաղաքական շահեր՝ տնտեսական, կլանային, նաեւ քրեական, դա էլ չեմ բացառում:

-«Եռյակի» ուժերը մշտապես քննադատել են իշխանությանը հանրահավաքների ժամանակ շրջաններից ավտոբուսներով մարդ բերելու համար, բայց նույն պատկերի ականատեսը եղանք ոչ իշխանականների Աբովյանի հանրահավաքում: ԲՀԿ-ն ավտոբուսներով մոտակա գյուղերի բնակիչներին հավաքել ու հրապարակ էր բերել: Անգամ ցուցակ էր շրջում, որում մարդիկ դնում էին իրենց ստորագրությունները՝ որպես ապացույց իրենց ներկայության: Շատերն էլ շտապում էին ստորագրել ու արագ հեռանալ:

-Չէ, սա զավեշտ չէ: Բայց «եռյակը» ճիշտ կաներ, որ իր հանդիպումները հասարակության հետ վերածեր տոնահանդեսի, մարդիկ գային, նվերներ ստանային՝ «մայկաներ», դրոշներ, փուչիկներ, դրա համար արժեր նաեւ ցուցակագրվել, որ նույն մարդը երկու անգամ նվեր չստանար, մյուսի փոխարեն:
Սա եւս փաստում է ասածս՝ խորհրդարանական ընդդիմությունը նաեւ իշխանություն է ու գործում է նույն մեթոդներով՝ իր իշխանական ռեսուրսը չարաշահելով, աշխատելով իշխանության տրամաբանությամբ:

-Ի դեպ, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն անգամ ժողովրդին ասել է, անհոգ եղեք, երևանյան հանրավաքին մասնակցելու համար Ծառուկյանը ձեզ ավտոբուսներ կտրամադրի:

-Եթե դա հայտարարեր Ծառուկյանը, ով ծագումով խորհրդային մտածողության մարդ է, կզարմանայի, որովհետև նա գիտի, որ նման բաները բարձրաձայն չեն ասում, դրանք ենթադրվում են, դրանք չգրված կանոններն են: Բայց քանի որ Օսկանյանն է ասում, ով ծագումով սփյուռքից է, և ում խորթ է խորհրդային մենթալիտետը, կարելի է նաև ներել: Նա չգիտի, որ շատ բաներ նաև լռությամբ է հասկացվում: Ու բնական է, չէ՞, որ հանրահավաքներին և՜ ՙընդմիջումներ՚ են անում, և՜ ՙբուտերբորդներ՚ բաժանում, բա հո մարդիկ սոված չե՞ն մնալու: Իսկ եթե ՙեռյակ՚-ը ավելի քաղաքակրթվի, պետք է նաև հանարահավաքի վայր զուգարաններ բերելու մասին մտածի, չէ՞ որ հազարավոր մարդկանց են կանչում, իսկ զուգարաններ պետք են: Մի առաջարկ էլ անեմ, կարող են հանրահավաքի մասնակիցներին բաժանել հատուկ տոմսեր, որոնցով նրանք կտարբերվեն չմասնակիցներից ու հանգիստ կօգտվեն, բուտերբորդներից ու համբուրգերներց, հետո էլ հանգիստ կգնան զուգարան: Այ, լավ կլիներ, որ Օսկանյանը այս մասին էլ ասեր: Ոչինչ, թող սա լինի նրան հուշում ՝ հաջորդ անգամվա համար: Բայց մենք, իրոք, ներում ենք Օսկանյանին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն