Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

«ԵՌՅԱԿԸ» ՈՉԻՆՉ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Հոկտեմբեր 5, 2014թ. 22:22

Միայն ասում է՝ եկեք անկարգություն անենք

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույց են անում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ բողոքն ուղղված է կառավարության նոր հարկային քաղաքականության դեմ: Ի դեպ, վարչապետը ակնարկել էր, թե կան քաղաքական ուժեր, որոնք հրահրում են փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Նախ՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների ներկայացրած պահանջներում իրոք կա տրամաբանություն, ու ես չեմ ժխտում, որ նոր օրենքը՝ «Շրջանառության հարկի մասին», պետք է դառնա քննարկման առարկա: Քաղաքական մեծամասնությունն ունի իր առաջարկները, ինչպես նաեւ ոչ իշխանական ուժերն ու այլընտրանքը եւս ներկայացրել են իրենց տարբերակները, այնպես որ անկախ նրանից, որ օրենքը հոկտեմբերի 1-ին կմտնի ուժի մեջ, դա ամենեւին չի խանգարի նրա վերանայմանը:
Սակայն այս աշխատանքին զուգահեռ ոչ իշխանական եռյակը փորձում է առիթից օգտվել եւ նման երեւույթները օգտագործել սեփական քաղաքական PR-ի համար: Դա, իրոք, ցավալի փաստ է. նրանք ուղղակի ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ: Երբ մի տեղ հավաքված մարդիկ են տեսնում, գնում ու նրանց կողքին են կանգնում, իբր թե ժողովրդի հետ են: Բոլորի համար ակնհայտ է, որ սա նրանց քաղաքական հերթական «տրյուկներից» մեկն է, որոնք մեզ համար վաղուց դարձել են սովորական մի բան: Դրա համար էլ մենք որեւէ նշանակություն չենք տալիս, թե ովքե՞ր եւ ի՞նչ կոչեր կհնչեցնեն փողոցում:
Իշխանության կարեւոր խնդիրն է՝ գտնել ոսկե միջինը ու խնդրին տալ այնպիսի լուծում, որից ո՛չ պետական բյուջեն կտուժի, ո՛չ փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Մենք չենք կարող ընդունել այնպիսի օրենք, որով կասենք՝ գնացեք ու հանգիստ աշխատեք ստվերում: Բայց նաեւ չենք կարող մարդկանց դնել դժվարին վիճակի առաջ: Այսինքն՝ պետք է կարողանալ գտնել այնպիսի մեխանիզմներ, որից չտուժեն փոքր բիզնեսով զբաղվող հազարավոր մեր քաղաքացիները:

-Չնայած ՀՀԿ-ի պատրաստակամությանը՝ վերանայել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, ոչ իշխանականները որոշել են այս հարցով արտահերթ լիագումար նիստ հրավիրելու գործընթաց սկսել. արդեն իսկ ձեռնամուխ են եղել 44 ստորագրություն հավաքելուն:

-Բայց մինչ ոչ իշխանականները կփորձեն արտահերթ նիստ գումարելու գործընթացը առաջ մղել, քաղաքական մեծամասնությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքը կդարձնի քննարկման առարկա, քանի որ, ինչպես ասացի, ՀՀԿ-ն հակված է նման քննարկման կազմակերպման: Այնպես որ քառյակի՝ արտահերթ նիստ հրավիրելու ջանքերը կարող են հօդս ցնդել:

-«Եռյակում» կան ուժեր, որոնց նպատակն է շուրջօրյա հանրահավաքների կազմակերպումը, ոմանք կարծես «մայդան»-ական տրամադրություններ ունեն, չնայած «զգուշավորները» շտապում են սրբագրել, թե թավշյա հեղափոխություն ասելով՝ հասկանում են խաղաղ իշխանափոխություն: Այնուհանդերձ քաղաքական մեծամասնությունը մտավախություն չունի՞, որ երկրում իրավիճակը կարող է ապակայունանալ:

-Ամենեւին, ՀՀԿ-ն նման անհանգստություն չունի, որովհետեւ «եռյակի» հանրահավաքներն իրականում բովանդակազուրկ են: «Եռյակի» ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետեւաբար իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ որ երեւի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել: Ուրեմն իրենց անձնական շահերից ելնելով՝ կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության: Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է: Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը:
Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիասթափվելու են: Մի բան է, երբ մարդիկ մամուլի միջոցով են ծանոթանում նրանց մտքերին, որոնք հաճախ լինում են լավ խմբագրված, մեկ այլ բան է, երբ անմիջականորեն տեսնում ու լսում են նրանց: Այդ դեպքում, մեր ժողովուրդը իր կարծիքը «եռյակի» մասին շատ արագ կկազմի, քանի որ մարդիկ ներկա լինելով՝ կտեսնեն, կլսեն, թե որն է նրանց իրական օրակարգը, ինչ են առաջարկում:
Իրականում նրանք ոչինչ չեն առաջարկում: Ասում են՝ եկեք անկարգություններ անենք, ներքաղաքական իրավիճակը սրենք, որ կարողանանք գալ իշխանության: Եթե ուշադիր լսեք «եռյակի» ներկայացուցիչների ելույթները, կհամոզվեք, որ երեք քաղաքական ուժերը բոլորովին տարբեր կարծիքներ են հայտնում: Իսկ երբ տեսնում են, որ այլեւս խոսելու բան չունեն, սկսում են ականջ շոյող արտահայտություններ անել, անգամ հայհոյել: Փորձում են իրենց պոպուլիստական ելույթներով սիրաշահել ժողովրդին:
«Եռյակը» իրեն պետք է հաշիվ տա՝ ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնո՞ւմ է միջոցները: Իսկ մենք հոգնել ենք նրանց կրկնվող բառապաշարից՝ «թավշյա հեղափոխություն», «թավշյա իշխանափոխություն»: Դրանով միջազգային հանրությա՞նն են հասկացնում, թե իրենք արյուն թափել չեն ուզում, բայց մոռանում են ասել ամենակարեւորի մասին, որ Հայաստանում թավշյա հեղափոխության հիմքեր չկան:

-Ըստ «եռյակի»՝ հիմքը երկրում տիրող սոցիալական լարվածությունն է, ինչն էլ հարմար առիթ համարելով, փաստորեն, ոչ իշխանականները երեք տարի շուտ սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը:

-Ճիշտ նկատեցիք, իրոք, նրանց քայլերին հետեւելիս համոզվում ես, որ սկսել են ընտրարշավ: Դրա համար էլ հարմար պահեր ու առիթներ են փնտրում ինքնադրսեւորվելու համար:
Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա իհարկե, դրանք կան մեր երկրում, ու ՀՀԿ-ն երբեւէ չի թաքցրել այդ մասին, բարձրաձայնել ենք եւ ասել, որ այդ խնդիրները գտնվում են Հանրապետական կուսակցության եւ կառավարության ուշադրության կենտրոնում:

-Ազգային ժողովի նիստերում զգացվո՞ւմ է քաղաքական «թեժ աշնան» շունչը, թե՞ ամբողջությամբ փողոց է տեղափոխվել:

-Խորհրդարանում հանգիստ աշուն է, թեպետ կուզենայի, որ լիներ թեժ, իսկ «թեժ» ասելով՝ հասկանում եմ արդյունավետ, ակտիվ քննարկումների ծավալում, որոնք միայն կարող են օգտակար լինել կառավարությանը: Իսկ այն, որ խորհրդարանում չկա այդ օգտակար թեժությունը, պատճառն այն է, որ «եռյակը» շեղվել է դեպի փողոց, անտեսել Ազգային ժողովի ամբիոնն ու քննարկումների համար հարթակ է ծառայեցնում հրապարակները:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն