Գլխավոր » Hay-turq, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԽԽՎ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԻՐ ՄԱՆԴԱՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

Հոկտեմբեր 7, 2014թ. 23:20

Հարցազրույց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ

-ԵԽԽՎ-ի կողմից «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում խորագրով զեկույց պատրաստելու որոշման կայացումը փաստեց այն մասին, որ ԵԽԽՎ-ն չունենալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվելու մանդատ, սակայն փորձում է նոր դերակատարում ստանձնել՝ դուրս գալով իր մանդատի շրջանակներից: Ի՞նչ երևույթի հետ գործ ունենք:

-Կարևոր խնդիր եք բարձրացնում: Այդ մասին ես ելույթ եմ ունեցել մինչ ԵԽԽՎ լիագումար նիստը՝ ԵժԿ-ի խմբակցության նիստում: Իրոք, անհասկանալի է նման զեկույցի նպատակը: Չէ՞ որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ԵԱՀԿ-ի շրջանակներում ստեղծվեց Մինսկի խմբի եռանախագահությունը, ուր միավորվեցին աշխարհի ուժային երեք կենտրոնները: Մինսկի խումբը աշխատում է արդեն 20 տարի և այդ ընթացքում, բացի առանձին դեպքերից, որի ժամանակ մենք ցավալի զոհեր ենք ունեցել, մեծ հաշվով պահպանվել է խաղաղությունը: Եվ ես իմ ելույթում հայտարարեցի, եթե դուք փորձելու եք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթներին զուգահեռ մեկ այլ գործառույթ իրականացնել, դա խիստ անընդունելի է, եթե ուզում եք զեկույց գրել, ապա նպատակը պետք է մեզ համար լինի հասկանալի:

Վտանգավոր է այն շեշտադրումը, որ զեկույց պատրաստելը նախաձեռնող կին հույն պատգամավոր Բակոյանիսը հիմնավորեց հետևյալ կերպ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ չի աշխատում ու այս տարիների ընթացքում առաջընթաց չի գրանցել: Ես հակադարձեցի՝ դուք փորձում եք կանխորոշված զեկույց պատրաստել, ինչը չի կարող ընդունելի համարվել: Այսինքն, ստացվում է, որ միջազգային մի կառույցը գնահատական է տալիս մյուս կառույցի մասին ու նման զեկույց առաջ մղում: Ի՞նչ է սա, եթե ոչ կանխակալ վերաբերմունք: Հիշեցնեմ, որ դեռ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում ևս խոսելով մի շարք պատգամավորներների հետ , ինչպես նաև այս նստաշրջանի ԵԺԿ խմբակցության նիստում ներկայացրի, թե իրականում ի՞նչ նպատակներ ունի Ադրբեջանը նախաձեռնելով նման զեկույց, նշելով որ այդ երկրի նպատակն է դիսկրեդիտացիայի ենթարկել Մինսկի խումբը և առհասարակ բանակցային գործընթացը ու հիմախնդրի լուծումը տեղափոխել ռազմական հարթություն: Հայտարարեցի՝որ զեկույցի նախաձեռնողները նպաստում են Ադրբեջանի այդ ռազմավարության իրականացմանը:

-Հիմա ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ. ԵԽԽՎ-ն անհողդողդ է՞ մնում հայկական կողմի սթափության կոչերին:

-Գիտեք, ստեղծվել է այսպիսի մի իրավիճակ. Եվրամիության դիրքորոշումն է՝ Մինսկի խումբը պետք է զբաղվի ԼՂ հիմնախնդրով: Բայց փաստորեն, ԵԽԽՎ-ն իր մեծամասնությամբ հակադրվում է մյուս եվրոպական կառույցի կայացրած որոշմանը: Ի՞նչ է ստացվում, կառույցներից երկուսը՝ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհրդարանը գտնում են, որ միայն Մինսկի խումբն է զբաղվելու ԼՂ հիմնախնդրով, ասեմ ավելին, Եվրախորհրդարնում բավականին կոշտ դիրքորոշումներ կան ադրբեջանական լոբբինգի հանդեպ, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ-ում այլ տրամադրություններ են առավել ձայներ հավաքում,այստեղ ադրբեջանական լոբբինգը հաջողության է հասնում:
Մեր դիրքորոշումը հստակ է՝ չպետք է փորձել անգամ կրկնօրինակել Մինսկի խմբին, անթույլատրելի է, որ եվրոպական երկու կառույցները՝ ԵԱՀԿ-ն ու ԵԽԽՎ-ն, այս հարցում իրար հակադրվեն:

-Մինչ ԵԽԽՎ նստաշրջանը արդեն իսկ հայտնի էր, որ ադրբեջանցիները նման զեկույց են դնելու շրջանառության մեջ: Սեպտեմբերի սկզբից հայաստանյան մամուլը ևս փաստեց այդ վտանգի մասին: Ուրեմն, հնարավոր չէ՞ր դիվանագիտական համարժեք քայլերով կանխել այս հակահայկական որոշման ընդունումը:

-Նախապես աշխատել, իհարկե, պետք էր: Բանն այն է, որ այսօր ողջ աշխարհում բավականին ակտիվացել են անկախացման գործընթացները, տեղի է ունենում սահմանների փոփոխություն և այս առումով ընդհանուր միտումը մեզ համար դրական է: Բայց կան այլ օբյեկտիվ իրավիճակներ ևս, այսինքն, կան երկրներ, որոնց շահերից չի բխում ԼՂՀ անկախության գործընթացը, որովհետև իրենք իրենց ներսում ևս ունեն <ղարաբաղներ>: Օրինակ, Իսպանիան ունի Կատալոնիայի խնդիր, Մեծ Բրիտանիան՝ Շոտլանդիայի, Իտալիայում բարձրացել է Վենետոյի անկախացման գործընթացը, չնայած Սերբիան Հայաստանի հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց ունի Կոսովոյի խնդիրը: Ասել է, թե ԼՂՀ անկախացման գործընթացի հանդեպ այս երկրների բազմաթիվ պատգամավորների բացասական դիրքորոշումները պայմանավորված են իրենց իսկ շահերով: Բայց կան այլ պատգամավորներ, որոնց շահերը մեզ հետ համընկնում են, ուրեմն նրանց հետ պետք է ակտիվ աշխատել: Բացի պետություններից կան նաև անհատներ, սկզբունքային պատգամավորներ, որոնց կաշառել հնարավոր չէ, նրանց հետ ևս մենք պետք է լավ աշխատանք տանենք:
Պետք է օգտագործել շփման տարբեր ձևեր, ինչու ոչ նաև սուրճի գավաթի շուրջ զրույցները, անհատական քննարկումները, ամեն ինչ պետըք է անել անել գտնելու ընդհանուր եզրեր: Համաձայնեք, որ աշխատանքի մեծ մասը կատարվում է կուլիսներում, ուրեմն պետք է ակտիվացնել կուլիսային աշխատանքները:

-Պարոն Շահգելդյան, համակարծիք չէ՞ք, որ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում մենք հաճախ ենք անհաջողություններ գրանցում, գուցե պատճառը միջազգային կառույցներում մեր պատվիրակների անկազմակերպ, ոչ գրագետ աշխատա՞նքն է:

-Այս տարիների ընթացքում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ունեցել ենք և հաջողություններ, և խնդիրներ: Կա մի կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել, դա այն է, որ եվրոպական տարբեր կազմակերպություններ ունեն տարբեր բնույթ, հետևաբար, այս կառույցներում տարվող աշխատանքն էլ պետք է տարբեր բնույթ կրի: Միաժամանակ պետք է ճշմարտությունն ասել, որ կան թերություններ և բազմաթիվ դեպքերում մենք պետք է առավել կազմակերպված և կոորդինացված աշխատենք: Կարևորագույն խնդիրը մեր ռազմավարությունն է, այսինքն, ցանկացած կառույցի դեպքում պետք է գործի առանձին ռազմավարություն, բայց դրանով հանդերձ այն պետք է բխի ընդհանուր ռազմավարության տրամաբանությունից: Շատ կարևոր է, որ մենք մեր արտաքին քաղաքականության մեջ լինենք առավելապես նախաձեռնող:

-Բազմիցս է ասվել, որ չկա անհրաժեշտ համագործակցություն ԱԳՆ-ի և ԱԺ-ի միջև, միջազգային կառույցների հետ աշխատող պատգամավորները հաճախ են այս հարցում արտահայտել իրենց դժգոհությունը: Մյուս կողմից, քաղաքական լոբբինգի դաշտում անհրաժեշտ չափով չի օգտագործվում սփյուռքի ներուժը:

-Ցավոք ասվածն իրականություն է: Ու լինում են դեպքեր, և կոնկրետ այս դեպքում, մենք ուղղակի պարտվում ենք թուրք-ադրբեջանական լոբբինգին: Որն է դրա պատճառը: Այստեղ կան օբյեկտիվ պատճառներ, նրանց նավթային ռեսուրսները, ֆինասները, խավիարական դիվանագիտությունն իհարկե իր գործն անում է: Բայց կան նաև կազմակերպչական խնդիրներ: Այսինքն, մենք ունենք մեր լոբբիստական աշխատանքները կոորդինացնելու լուրջ խնդիր, և այո, պետք է ասել, որ լինում են դեպքեր, երբ թերանում ենք:

Ուրեմն, նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ հակադրենք այդ ֆինասական ուժին, խավիարական դիվանագիտությանը: Դրա համար մեր բոլոր կառույցները պետք է միասնաբար աշխատեն, և ոչ միայն ԱԳՆ-ն, Ազգային ժողովն ու սփյուռքի մեր կառույցները, այլև անհատները: Չմոռանանք, որ շատ բան արտաքին քաղաքականության մեջ պայմանավորված է անհատական կապերով, հարաբերություններով: Այսինքն, ռազմավարություն ասվածը պետք է գործի բոլոր ուղղություններով: Մինչդեռ, շատ հաճախ այդ համագործակցությունը թերի է ստացվում, քանի որ չկա աշխատանքների կազմակերպման հստակ մեխանիզմ: Հետայսու ամեն ինչ պետք է անել, որ այս կառույցների, ինստիտուտների միջև կապերը լինի ամուր ու մեխանիզմը գործի հստակ:

Պետք է հաշվի առնել նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Այսօր աշխարհում, բացի պաշտոնական միջազգային կառույցներից, զգալի դերակատարում ունեն ոչ պաշտոնական, ոչ կառավարական միջազգային կազմակերպությունները: Մինչդեռ մենք սրանց մասին մոռանում ենք: Այս դաշտը ևս պետք է ներգարվել գլոբալ քաղաքացիական հասարակության ձւևավորման պայմաններում: Այսպիսով, և գործադիրը, և խորհրդարանը, և սփյուռքի կառույցները, և մեր միջազգային կազմակերպությունները ու այն անձինք, ովքեր ունեն ազդեցիկ դեր ու դիրք, և կարող են գործընթացները առաջ մղել, պետք է համախմբեն իրենց ուժերը:

Մեր բոլոր քաղաքական ուժերը ազգային կենսական հարցերում, ինչպիսին է, օրինակ Հայոց ցեղասապանության հարցը, Ղարաբաղյան հիմնախնդրը, մեր անվտանգության հարցերը, ունեն նույն մոտեցումները, և սա շատ կարևոր է: Ուրմեն մեզ մնում է համախմբված գործել բոլոր ուղղություններով:
Արտաքին քաղաքականությունը պրագմատիզմ է պահանջում, այստեղ մենք պետք է ամեն ինչը ճիշտ հաշվարկենք. օրինակ, թե ի՞նչ դեր ունի նավթը, փողը, բայց նաև ո՞րն է կազմակերպված աշխատանքի դերը: Մենք պետք է վարենք առավել ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն