Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում մեր դիմաց ադրբեջանական լոբբին էր ու եվրոպացի կոոռումպացված չինովնիկները

Հոկտեմբեր 7, 2014թ. 23:48

Հարցազրույց քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ

-ԵԽԽՎ լիագումար նիստում ՙԼեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը՚ վերնագրով զեկույց պատրաստելու մասին որոշման ընդունումը Հայաստանում համարվեց խորհրդարանական դիվանագիտության պարտություն, ստրատեգիայի բացակայություն: Համակարծի՞ք եք հնչած գնահատականների հետ:

-Նախ, ես կատարվածը համարում եմ ոչ այնքան խորհրդարանական դիվանագիտության պարտություն, որքան երկրի արտաքին գերատեսչության կողմից վարվող ոչ ճիշտ քաղաքականության հետևանք: Այն նմանվում է հարբած մարդու, որը մեկ աջ, մեկ ձախ է գնում, ու դրա հետևանքները մենք անշուշտ զգալու ենք: Տեսեք, երբ Հայաստանը իրականացնում էր Եվրոասոցացման քաղաքականություն, այն ուղղակիորեն գրգռում էր Ռուսաստանին: Դրա հետևանքը եղավ այն, որ Ռուսաստանը գնաց Ադրբեջանի հետ աննախադեպ հարաբերությունների բարելավման, հսկայական քանակի զենքի վաճառքը Ադրբեջանին պատահականություն չէր: Իսկ այսօր Արևմուտքն է նյարդայնացել, քանի որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Սրա հետևանքն էլ ԵԽԽՎ-ում նման որոշման ի հայտ գալն է: Հետևելով գործընթացներին ես վստահաբար ասում եմ՝ Հայաստանի ու ԼՂՀ-ի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը միանշանակորեն փոխվելու է:

-Նման որոշման ընդունումը գուցե պետք է դիտարկել Արևմուտք-Ռուսաստան սրված հարաբերությունների տիրույթո՞ւմ: Քանզի վաղուց է հայտնի Արևմուտքի անհանգստությունը, ԼՂ հակամարտությունը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար:

-Ես չեմ ընդունում նման ձևակերպումը և դա համարում եմ ինքնախաբեության պես մի բան: Իրողությունն այն է, որ այսօր արևմուտյան կառույցի քայլերից տուժում է Հայաստանը, ուրեմն, այն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին: Հայաստանը գտնվում է Արևելքի ու Արևմուտքի կիզակետում, բնականաբար, Արևելքը դեպի իրեն է ձգում մեր երկիրը, Արևմուտքն էլ՝ դեպի իրեն: Նման իրավիճակում գտնվող երկրի համար միակ ճիշտ ուղին կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն է: Ոմանք ժամանակին քննադատում էին, ծաղրում թե դա՝ <երկու աթոռի վրա նստելու> քաղաքականություն է: Ինչ կուզեն թող անվանեն, բայց հենց այդ քաղաքականությունն է մեզ համար ընդունելին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեր երկիրը հեռու պահել վտանգավոր գործընթացներից: Նման քաղաքականության արդյունքում միայն հնարավոր կլինի Ռուսաստան-Արևմուտք հակասությունը Հայաստան չտեղափոխել:

-Իսկ պատվիրակության արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր կլինե՞ր փոփոխել գոնե որոշման ադրբեջանամետ ձեւակերպումները, կամ զեկույցի անվանումը, կամ էլ գոնե ադրբեջանամետ զեկուցողին: Հայտնի է, որ 3, 4 ձայների տարբերությամբ է ընդունվել այս հակահայկական որոշումը: Կնշանակի ակտիվ աշխատանքի դեպքում այլ պատկեր կարող էր գրանցվել:

-Եթե տեղի ունեցածը դիտարկենք սուբյեկտիվ դաշտում, ապա բազմաթիվ պատճառներ կարելի է գտնել, և արդարացիորեն ասել՝ ինչ- որ քայլեր սխալ են արվել: Ամենևին չեմ բացառում նման գնահատականների ճշմատացիությունը: Բայց անկախ նրանից, թե պատվիրակությունն ու նրա ղեկավարը ինչպե՞ս են աշխատել, ի վերջո, կարևորը երկրի արտաքին քաղաքականության ուղենիշներն են: Անշուշտ, պատվիրակությունը կարող էր որոշակի շտկումներ անել, բայց մեղքի մեծ բաժինը բարդել պատվիրակության վրա ճիշտ չեմ համարում: Մենք պետք է ավելի օբյեկտիվ լինենք ու ճիշտ գնահատենք իրավիճակը: Իսկ իրավիճակն այն է, որ մեր դիմաց կանգնած է ահռելի մի մեքենա, դա ադրբեջանական լոբբինգ է, որն իր ողջ թափով աշխատում է մեր երկրի դեմ: Գիտեք, շատ հեշտ է հեռվից գնահատականներ տալը, բայց պետք է պատկերացնել այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է հայկական պատվիրակությունը՝ աշխատելով այդ ահռելի մեքենայի դեմ: Դրա համար ես կխուսափեմ մեղադրել մեր պատվիրակներն:

-Մինչդեռ պատվիարակության անդամ Լևոն Զուրաբյանը չխուսափեց ու ԵԽԽՎ-ում կատարվածը համարեց սենսացիոն, մի իրավիճակ, որում երբևէ չէր հայտնվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ու նրա ղեկավարը. Հերմինե Նաղդալյանի ելույթի ժամանակ հնչել են սուլոցներ, թղթեր են նետվել, կնշանակի ինչ-որ բան ճիշտ չի ասվել:

-Գուցե, որպես պատվիրակության անդամ, Զուրաբյանը տեղյակ է, թե ի՞նչ է կատավել այնտեղ, բայց ես չեմ կամենում մտնել սուբյեկտիվիզմի դաշտ: Եվ ուզում եմ իրավիճակը գլոբալ առումով դիտարկել. մեր երկիրը հայտնվել է ծանր իրավիճակում, մի կողմից կա Ղրիմի հարց, որը մտահոգում է Արևմուտքին, մյուս կողմից, ինչպես ասացի, թուրք- ադրբեջանական լոբբինգն է: Թուրքիան իր լծակներն է ակտիվ աշխատեցնում, Ադրբեջանն էլ իր հսկայական գումաներով է գործում: Մինչդեռ, մեր երկրը չունի նման հնարավորություններ: Ուրեմն, մեզ մնում է արտաքին քաղաքական դաշտում լինել գրագետ ու աշխատել ճշգրիտ:

-Ընդունելով նման որոշում, ԵԽԽՎ-ն, փաստորեն, ոչ միայն դուրս է գալիս իր մանդատի շրջանակներից, քանի որ ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում չունի միջնորդական դերակատարություն, այլև իրակայացնում է բանակցային գործընթացը վնասող, կողմերի միջև լարվածությունը առավել սրող քայլեր: Ի դեպ, մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ղեկավարությանը հիշեցրել է այս վտանգների մասին, ինչը փաստորեն, անտեսվել է:

-Այո, որովհետև եվրոպական հիշյալ կառույցը իրենից ներկայացնում է բյուրոկրատական, կոոռումպացված մի համակարգ և դա այլևս գաղտնիք չէ: Օրը ցերեկով, առանց ամաչելու եվրոպական պատվիրակները ծախվում են ադրբեջանցիներին ու վերջիններս չեն էլ թաքցնում, որ փողով պատվիրակներ են գնել, որոնք իրենց օգտին աշխատում են: Հայաստանյան արևմտամետները, որ բարձր-բարձր խոսում են եվրոպական արժեքներից, պետք է տեղում, իրենց աչքով տեսնեն ու համոզվեն, թե ինչպիսի խաղեր են գնում, որ հետո չգան ու այստեղ մեծ-մեծ չխոսեն:

Ինձ, ինչպես նաև շատ-շատերին, եվրոպական արժեքներ ասվածով չեն կարող գայթակղեցնլ, ես այդ ՙարժեքները՚ շատ լավ գիտեմ: Ցավոք, հայ ժողովուրդը, որն այսօր գտնվում է ծանր վիճակում, երբեմն ստիպված է լինում ակամա նրանց կուտը ուտել: Եվրոպական բյուրոկրատ, կոռումպացված չինովնիկները նախկին խորհրդային կաշառակերներից շատ բանով չեն տարբերվում: Այնպես որ, այդ կեղտը մեզ վաղուց է հայտնի: Բայց խնդիրն այլ է ինչպե՞ս կարողանանք հաղթահարել այս իրավիճակը: Կամ պետք է մենք ընդունենք, որ դա կեղտոտ խաղ է ու հայտարարենք, որ դուրս ենք գալիս այդ կեղտից, կամ պետք է կարողանանք հարմարվել ու գնալ այդ կեղտոտ խաղի հետևանքները վերացնելու ճանապարհով: Այսինքն, մենք կանգնած ենք երկու իրավիճակների առաջ, դրանցից մեկը, ինչպես ասում են, դուռը շրխկացնելով դուրս գալն է: Բայց այդ ուղին, կարծում եմ, ոչ մի օգուտ չի կարող մեզ տալ, փոխարենը, կարող ենք բազմաթիվ վտանգներ ունենալ:

-Ինչպե՞ս վարվել ստեղծված իրավիճակում. համաձայնել ու աշխատել նման զեկույց պատրաստող հեղինակի հե՞տ, զեկույց, որի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսին է լինելու բովանդակությունը: Թե՞ բոյկոտել, չներքաշվել այս խաղի մեջ, ու գեթ մեկ անգամ վարվել այնպես, ինչպես վարվում է Ադրբեջանը իր համար մերժելի որոշումների դեպքում՝ թույլ չտալով ադրբեջանամետ Ուոլթերի մուտքը Հայաստան և Արցախ:

-Նախ ասեմ, եթե այդ զեկույցը հրապարակվի, այն ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում: Վտանգը հետևյալում է, եթե արևմտյան տարբեր կառույցներում նման զեկույցներ շատ ընդունվեն, ապա կարող է գալ մի պահ, որ աշխարհում տպավորություն ստեղծվի, թե ԼՂ հակամարտության մեջ մեղավորը Հայաստանն է: Ինչ վերաբերում է մեր քայլերին, ապա ես կողմնակից չեմ կտրուկ գործողությունների, որովհետև դրանք մեզ դրական բան չեն կարող տալ: Անկախ ամեն ինչից, ինչ էլ ընդունվել է, մենք պետք է իրողությունը սթափ գնահատենք ու փորձենք ճկուն քայլերով, ինչպես ասում են, տակից դուրս գալ: Կրկնում եմ, ես կտրուկ քայլերի կողմնակից չեմ, քանի որ այն մեր երկիր համար կարող է ոչ նպաստավոր լինել: ամոզմունքս է, հաշվի առնելով այդ ամենը, մենք պետք է փորձենք Արևմուտքի հետ մեր հարաբեությունները չխզել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն