Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՍՈՉԻՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԴԵՄՔԻՆ ԴԱՋՎԱԾ ԷՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ

Օգոստոս 20, 2014թ. 21:20

Հարցազրույց պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

-Սոչիից օրեր անց կարո՞ղ ենք ասել, որ լայնածավալ պատերազմը կանխվեց շնորհիվ հայկական բանակի կազմակերպված ինքնապաշտպանության եւ պատժիչ գործողությունների, թե՞ աշխատեցին այն բացառող, զսպող այլ գործոններ եւս:

-Գուցեեւ կան այլ գործոններ նույնպես, բայց առաջին հերթին կարեւոր դեր խաղաց հայկական բանակի մարտունակությունը, թշնամուն հուժկու հարվածներ հասցնելու նրա ունակությունը: Ադրբեջանական կողմն այս անգամ, ի տարբերություն նախորդների, ունեցավ աննախադեպ մեծ միաժամանակյա կորուստներ, որպիսիք չէր ունեցել հրադադարի հաստատումից ի վեր:
Իր դիվերսիաներով հակառակորդը նաեւ ուզում էր հասկանալ, թե մարտունա՞կ է հայկական կողմը, հայոց բանակում կռվելու վճռականություն կա՞, թե՞ ոչ: Եվ ահա մեր բանակն իր հուժկու հարվածներով ապացուցեց, որ կարող է շատ ցավոտ պատասխանել ու դաժանորեն պատժել թշնամու ցանկացած արկածախնդրություն: Սա ադրբեջանական բանակին ու նրա հեղինակությանը հասցված ապտակ էր:
Մենք հաճախ ենք խոսել փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու նախարար Օհանյանի հռչակած սկզբունքի մասին: Այս օրերին այդ սկզբունքը վերստին կիրառվեց գործնականում, եւ նորից արդյունք տվեց: Մեր բանակի իրականացրած կանխարգելիչ գործողությունները հանդուգն նախաձեռնողականության վառ օրինակ են: Հենց հանդուգն, համարձակ նախաձեռնողականություն է պահանջում նման դեպքերում Սեյրան Օհանյանն իր հրամանատարներից:
Ի դեպ, արժե նաեւ նշել այդ հրամանատարների անունները` գեներալ-մայոր Միքայել Արզումանյան, գնդապետներ Օնիկ Գասպարյան, Աշոտ Աղաջանյան, Ջալալ Հարությունյան, Կարեն Առուստամյան. հետպատերազմյան սերնդի երիտասարդ հրամանատարներ, որոնք այս օրերին հեռացրին պատերազմը մեր սահմաններից:
Բանակն իր պատժիչ քայլերով կանխեց թշնամու կողմից կազմակերպվող դիվերսիաների մի ամբողջ շարք: Միաժամանակ ի չիք դարձավ Ադրբեջանում եւ այլուր իշխող այն պատրանքը, թե հնարավոր է մեծ պատերազմում մեզ հաղթել: Հայ զինվորն իր գերագույն գլխավոր հրամանատարի թիկունքը պինդ պահեց:
Այսօր, երբ աշխարհաքաղաքական թեժ պայքար է մղվում մեր տարածաշրջանում, հայկական բանակը ցույց տվեց, որ կարող է ուղղորդել, որոշակիորեն ազդել աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Ասել է թե, աշխարհաքաղաքական խոշոր բեւեռները ստիպված են լինելու հաշվի առնել հայոց զինուժի գործոնը:

– Համոզվեցինք նաեւ, որ թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում ու ընկրկում միայն ուժի դիրքերից հնչող հայտարարություններից: Եվ ահա, Ադրբեջանում խուճապ սկսվեց, երբ Սեյրան Օհանյանն իր խոսքում հիշեց Մինգեչաուրի ջրամբարը, ու հակառակորդի մամուլը ողողվեց ջրամբարը հայերի կողմից պայթեցնելու տագնապալի նյութերով:

-Նախ անդրադառնամ Մինգեչաուրի ջրամբարի շուրջ բարձրացած աղմուկին: Մեր պաշտպանության նախարարն ընդամենը տեղեկացրել է կառավարության անդամներին, որ այդ լարված օրերին նշված կարեւոր օբյեկտի պահպանությունն իրականացվում է ուժեղացված ռեժիմով, եւ ոչ ավելին: Տվյալ դեպքում հակառակորդն ընդամենը մատնել է իր մտավախությունները:
Այո՛, համամիտ եմ. փաստ է, որ թուրքը միայն ուժն է հաշվի առնում: Ուրեմն թշնամուն խաղաղություն պարտադրել հնարավոր է միայն նրա բիրտ ուժին պատասխան կտրուկ, հուժկու ուժ հակադրելով:
Շեշտեմ նաեւ մի կարեւոր հանգամանք եւս. պաշտոնական Բաքուն մշտապես փորձել է սեփական լսարանին Հայաստանը ներկայացնել իբրեւ թույլ հակառակորդի եւ հյուսել ադրբեջանական հզոր բանակի ու հնարավոր պատերազմում արագ ու հեշտ հաղթանակի առասպելը: Եվ ահա, երբ ադրբեջանական բանակի նախահարձակ ագրեսիան ամբողջությամբ ձախողվեց, ու երբ իրենք ունեցան հսկայական կորուստներ, Ադրբեջանի հասարակության որոշ շերտեր սկսել են գիտակցել, որ իրենց մոլորեցրել են:
Պաշտոնական Բաքուն բնականաբար չկարողացավ թաքցնել իր կորուստները։ Որպես հետեւանք՝ Ադրբեջանում աստիճանաբար հասունանում է այն գաղափարը, որ նոր պատերազմը կատարյալ արկածախնդրություն է: Եվ իսկապես. հիմա առավել քան ակնհայտ է, որ եթե նախագահ Ալիեւը վերսկսի լայնածավալ ռազմական գործողություններ, ապա այդ արկածախնդրության հետեւանքը կլինի տարածքային զգալի կորուստը:
-Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւմտյան՝ նախիջեւանյան հատվածում:
-Տարիներ շարունակ, պայմանավորված տեղանքի բարդությամբ, թե՛ մենք, թե՛ թշնամին կանգնած էինք յուրաքանչյուրս իր սեփական տարածքի խորքում: Միջդիրքային տարածությունը մեծ էր: Երբ հակառակորդը Նախիջեւանում տեղակայված իր 5-րդ բանակային կորպուսը վերակազմավորեց «առանձին համազորային բանակի», մեզ համար այլեւս պարզ էր, որ Նախիջեւանը վերածվելու է մեր երկրի դեմ ագրեսիայի մի նոր հարթակի: Ուրեմն պետք էր կանխարգելիչ քայլերի դիմել:
Եվ մեծ հաջողություն եմ համարում, որ հայկական բանակը կարողացավ հենակետեր տեղադրել ու էապես բարելավել իր դիրքերը նախիջեւանյան օպերացիոն ուղղությամբ՝ հակառակորդի նկատմամբ ձեռք բերելով մարտավարական առավելություն: Պետական սահմանին տիրապետող դիրքեր զբաղեցնելուց հետո մեր դիրքապահներն այսօր կաշկանդում են թշնամու շարժն իր թիկունքում:

-«Ադրբեջանի ղեկավարությունը մտածում էր, որ կվախեցնի հայերիս, բայց արդյունքում հենց իրենք են հիմա վախեցած». իրավիճակն այսպես բնութագրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը: Իսկ վախեցած լինելու մասին փաստեց այն լուրը, թե ադրբեջանցիները, անհանգստացած լինելով, որ իրենց դիմաց կանգնած են փորձառու հայ զինվորներ` չեն ուզում կռվել: Իրո՞ք, նման իրավիճակ է եղել դիրքերում:

-Այո, այդ օրերին ես Արցախում էի: Զորամասերից մեկում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Բաքվի հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները մոտեցել են սահմանին, մտել չեզոք գոտի ու պատրաստվում են նոր դիվերսիոն հարված հասցնել: Տրվեց հրամանը՝ լինել պատրաստ, չնայած մինչ այդ էլ մեր զինվորները պատրաստ էին ու զգոն: Առաջին գծում հայ զինվորի կողքին կանգնեց նաեւ մեր փորձառու ազատամարտիկը, ոգեւորությունը մեծ էր, թշնամուն պատժելու պատրաստակամություն կար:
Եվ ահա, որոշ ժամանակ անց ստացանք մեկ այլ օպերատիվ տեղեկատվություն, թե չեզոք գոտում գտնվող ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների հրամանատարները ռադիոկապով իրենց վերադասին տեղեկացրել են, որ հրաժարվում են խնդիր կատարել, քանի որ համոզված են՝ դա անհնարին է: Այս փաստը լիարժեքորեն բնութագրում է այն հոգեվիճակը, որում գտնվում է թշնամին, միաժամանակ վկայում հայկական բանակի պատրաստվածության բարձր մակարդակի մասին:
Հատուկ ջոկատայինների հրաժարումից հետո մարտական խնդիրը փորձեցին կատարել Ադրբեջանի ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները, այսպես կոչված, կանաչ բերետավորները, որոնք երեք օր շարունակ փորձում էին գեթ մեկ խոցելի կետ գտնել մեր պաշտպանությունում: Եվ երբ փորձեցին հարվածել հարավային ուղղությամբ` կրկին կորուստներ ունեցան՝ մեկ զոհ, երկու վիրավոր, ու փախան:
Տեղին է նշել նաեւ, որ այս օրերին իրեն հերթական անգամ արդարացրեց պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգը, որը թույլ տվեց մեր հենակետերի հեռավոր մատույցներում հայտնաբերել թշնամուն: Այդ համակարգի գաղափարը նախարար Սեյրան Օհանյանինն է: Փաստ է, որ այն այսօր վերածվել է թշնամական դիվերսիաների ձախողման կարեւորագույն նախապայմանի:
Ի դեպ, շեշտեմ, որ թշնամու հատուկ ջոկատայինները պարտվում էին ու փախչելիս թողնում իրենց զենքերը: Մինչեւ Սոչիում երկու երկրների նախագահների հանդիպման օրը ադրբեջանական կողմը ձգտում էր ամեն կերպ փրկել սեփական դեմքը, բայց ձախողված դիվերսիաները հաջորդում էին մեկմեկու: Ահա թե ինչու Սոչիում Ալիեւի դեմքին դաջված էր ռազմական ֆիասկոն, նա այլեւս չուներ որեւէ հիմք՝ ուժի դիրքերից խոսելու:

-Իսկ փախչողներն այն դիվերսանտներն էին, որոնք վերապատրաստվել են Թուրքիայո՞ւմ: Ի դեպ, գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմատենչ քայլերը ուղղորդվում են Թուրքիայի կողմից, այս լարվածության շրջանում եւս Թուրքիայից կոչեր հնչեցին՝ գնալ, կռվել հայերի դեմ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի:

-Ճիշտ նկատեցիք, հայ զինվորի առջեւից փախչողները Թուրքիայում վերապատրաստված դիվերսանտներն էին, որոնցից մի քանիսը հիմա բուժվում են Թուրքիայում: Թուրքական գործոնն Ադրբեջանում մշտապես ակտիվ է եղել, իսկ վերջին տարիներին Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունը հասել է իր գագաթնակետին:

Այո, Թուրքիան ուղղակիորեն ներգրավված էր այս գործողություններին: Ու հենց Թուրքիայում վերապարտրաստվածները պարտություն կրեցին, հենց նրանք թողեցին իրենց զենքերն ու կորուստներ տալով փախան՝ հրաժարվելով մարտական խնդիրներ կատարելուց: Կրկնում եմ, այս օրերին ակնհայտ դարձավ, որ մեզ հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ. մեր հանդեպ հեշտ հաղթանակի ակնկալիքները հօդս ցնդեցին:

-ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է՝ մասնակից պետության հանդեպ երրորդ կողմի ագրեսիայի դեպքում անդամ պետությունները ցուցաբերում են օժանդակություն, այդ թվում եւ ռազմական: Սակայն ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ակնարկեց, թե կան ՀԱՊԿ անդամ երկրներ, որոնք ամենեւին էլ պատրաստակամ չեն հակադրվելու Ադրբեջանին ու պաշտպանելու Հայաստանին: Սա չի՞ նշանակում, որ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության երաշխավոր, չի կարող հուսալի լինել մեզ համար:

-Մշտապես ասվել է, որ ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգության հավելյալ երաշխիք է, իսկ հիմնական երաշխավորը հայկական բանակն է: Այո, կան ՀԱՊԿ անդամ երկրներ, որոնք դժվար թե հակադրվեն Ադրբեջանին:
Ինչ խոսք, ՀԱՊԿ-ում գործում է որոշումների ընդունման ճկուն մեխանիզմ: Այսինքն՝ ստեղծված են անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս, որ այս կամ այն ճգնաժամային իրավիճակում անդամ երկրների միջեւ գոյություն ունեցող հակասությունները կաթվածահար անեն կառույցի գործունեությունը: Այդուհանդերձ պետք չէ տրվել պատրանքների. մեր սկզբունքը մեկն է՝ մեր փոխարեն ուրիշները չեն կռվելու, ուրեմն կռվելու է հայոց բանակը, եւ հաղթելու է հայոց բանակը:
Այս ամենից զատ Հայաստանի զինուժի մարտունակությունն այնպիսին է, որ ՀԱՊԿ-ին դիմելու, լրացուցիչ ռազմական օժանդակություն ստանալու կարիք ամենեւին չկա: Այս ամենով հանդերձ` մենք պետք է ՀԱՊԿ-ից ստանանք առավելագույնը: ՀԱՊԿ-ն անհրաժեշտ է նախեւառաջ մեր բանակի մարտունակությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար նպաստավոր հնարավորությունների ստեղծման առումով: Համատեղ զորավարժությունները, համագործակցությունը զինվորական կադրերի պատրաստման եւ ռազմատեխնիկական ոլորտում մեզ համար կարեւոր են ու արդյունավետ:

-Երբեմն արտահայտվում է մտավախություն, թե բանակի վերնախավը կարող է տարվել ռազմական հաջողությամբ ու կորցնել իրականության զգացումը, ինչից էլ ամեն պահի կարող է օգտվել թշնամին:

-Բանակում էյֆորիկ տրամադրություններ չկան, եւ երբեւէ չեն եղել: Վստահեցնում եմ, որ բանակում այսօր առկա իրողություններից շատ հեռու մի բան եք ասում: Ընդհակառակը, աչալուրջ լինելն ու զգոնությունը չթուլացնելը նախարար Սեյրան Օհանյանի ամենօրյա հորդորն է բանակի անձնակազմին:
Ե՛վ բանակում, ե՛ւ մեր հասարակության շրջանում գոյություն ունի հոգեբանորեն առողջ մթնոլորտ` հաղթանակի գիտակցություն, սեփական ուժերի հանդեպ հավատ, մեծ ոգեւորություն, բայց ո՛չ էյֆորիա: Բանակում աշխատանքային ակտիվ եռուզեռ է, բանակն ապրում է իր բուռն կյանքով: Բանակային շինարարությունը, այդ վիթխարի, բայց չերեւացող աշխատանքը երբեք չի դադարում:
Խոսքս ուզում եմ եզրափակել` անդրադառնալով մի կարեւոր փաստի: Այս օրերին Արցախում ազատամարտիկների կամավոր մոբիլիզացիան աննկարագրելիորեն արագ կատարվեց: Ոգեւորությունը, թշնամուն պատժելու ցանկությունը ոտքի էր հանել բոլորին: Մեր ազատամարտիկները դիրքեր էին մեկնում մի զարմացնող ներքին անդորրով, մարդիկ կային, որոնք հենց աշխատանքի վայրից էին շտապում առաջին գիծ՝ թշնամուն մի լավ պատժելու կարոտով: Քիչ չէին մարդիկ, որոնք այս օրերին արտերկրից էին վերադարձել Արցախ:
Ամենակարեւորն այն էր, որ ազատամարտիկների ոգեւորությունն ու վճռականությունը փոխանցվում էին զինվորներին: Իսկապես բացառիկ մի բան էր: Այդ օրերին մեր զինված ուժերը բառացիորեն վերածվել էր ազգ-բանակի: Նշեմ, որ որպես ազգ-բանակ բռունցքվելու մեր հանրության կարողությունը պատերազմը կանխող կարեւոր գործոն է: Փաստ է, որ այդ գործոնն այսօր մեզանում առկա է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն