Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ ՕԳՏԻՆ

Հոկտեմբեր 16, 2014թ. 23:52

Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը ներկայացվել է հանրապետության նախագահին։ Փաստաթղթի լրամշակված տարբերակն ինչքանո՞վ է տարբերվում ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի սեղանին դրված նախնական տարբերակից, որքանո՞վ է հաշվի առնում քաղաքական ուժերի մտահոգությունները եւ Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները։
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։

-Փաստորեն հանձնաժողովը չլուծեց կառավարման համակարգի փոփոխության թնջուկը՝ խորհրդարանական-կիսանախագահական երկընտրանքը մնաց առկախ։

-Հայեցակարգի նախագծում հստակ մատնանշել ենք կառավարման համակարգի այնպիսի թերություններ, որոնք, մեր կարծիքով, հնարավոր չէ լիարժեք կերպով լուծել գործող կիսանախագահական կառավարման մոդելի պայմաններում, եւ արձանագրել ենք, որ դրանց լիարժեք լուծումները կարելի է գտնել՝ անցնելով կառավարման խորհրդարանական համակարգի։
Ինչ ընտրություն կկատարվի՝ կախված է նախ եւ առաջ նրանից, թե նախագիծը հավանության կարժանանա՞, թե՞ չի արժանանա հանրապետության նախագահի կողմից։ Սա առաջին պարտադիր պայմանն է։
Ինչքանով լայն քաղաքական համաձայնություն ձեռք կբերվի խորհրդարանական կառավարման անցնելու հարցում՝ առավելապես քաղաքական ընտրության խնդիր է։ Եթե ընտրությունը լինի խորհրդարանական կառավարման օգտին, ապա հայեցակարգի վերջնական տարբերակը, ի տարբերություն նախնական տարբերակի, հստակեցնում է խորհրդարանական կառավարման հիմնական գծերը։ Ըստ էության, հանձնաժողովը մասնագիտական տեսանկյունից որեւէ երկընտրանք չի թողել. որպես իրավական մոտեցում, հստակ իր ընտրությունը կատարել է խորհրդարանականի օգտին։
Իսկ թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները, քաղաքական ուժերը ինչ համաձայնության կգան՝ արդեն քաղաքական ուժերի խնդիրն է։ Վենետիկի հանձնաժողովն էլ իր եզրակացության մեջ շեշտում է, որ նման կարեւոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ է լայն կոնսենսուս. այդ կոնսենսուսը կլինի՞, ընդհանրապես, կլինի՞ սահմանադրական հանրաքվե, թե՞ ոչ՝ դժվար է ասել։

Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել խորհրդարանական համակարգի «տեսլականը», որ ամրագրված էր հայեցակարգի նախնական նախագծում։

-Վերջնական տարբերակում որոշակի հստակեցումներ ենք արել՝ նաեւ հաշվի առնելով հանրային քննարկումների ժամանակ արտահայտված մտահոգությունները։ Մասնավորապես կայուն մեծամասնություն ապահովելու նպատակը, որ դրվում էր ընտրական համակարգի առջեւ, հայեցակարգից հանվել է։
Իմ կարծիքով, դա կարեւոր նպատակադրում էր, եւ ես առիթ ունեցել եմ հիմնավորելու, թե ինչու է անհրաժեշտ կայուն մեծամասնությունը խորհրդարանում, հատկապես խորհրդարանական համակարգի պայմաններում։ Բայց քանի որ դա ընկալելի չէ հանրության բավական լայն շրջանակների կողմից, կար մտավախություն, թե խոսքը վերաբերում է արհեստական մեծամասնությանը, գոնե ես հանձնաժողովում չեմ պնդել հայեցակարգի այդ կետը պահպանելու անհրաժեշտությունը։ Երբ հանձնաժողովը ձեռնամուխ լինի սահմանադրական փոփոխությունների տեքստի նախապարտրաստմանը, կարծում եմ, նորից կանդրադառնանք այդ հարցին եւ կգտնենք մեխանիզմներ, որոնք իսկապես կնպաստեն քաղաքական համակարգի կայունությանը։

-Հատկապես ի՞նչ «կայունացնող» մեխանիզմների մասին է խոսքը։

-Այդ հարցը բաց ենք թողել, որովհետեւ, ըստ էության, շատ ընդգծված նպատակ, որպես այդպիսին, դրված չէ։ Փոխարենը հստակեցրել ենք խորհրդարանական համակարգի հիմնական գծերը, որոնք չկային հայեցակարգի նախագծի նախնական տարբերակում։
Հիմնական փոփոխությունները վերաբերում են կառավարության կայունության ապահովմանը, խորհրդարանական փոքրամասնության իրավունքների ընդլայնմանը, հանրապետության նախագահի ընտրության կարգին եւ հիմնական գործառույթներին։
Նախագահի գործառույթների հետ կապված՝ էական փոփոխություններ չկան, բայց ընտրության կարգի հետ կապված՝ երկու կարեոր փոփոխություն ենք առաջարկել։ Եթե հիշում եք, նախնական տարբերակում հստակ նշված էր, որ հանրապետության նախագահն ընտրվում է 7 տարին մեկ անգամ։ Հաշվի առնելով քննարկումների ընթացքում հնչած տեսակետները, թե 7 տարին երկար ժամկետ է, ամրագրել ենք, որ նախագահի լիազորությունների ժամկետն ամեն դեպքում պետք է գերազանցի ԱԺ լիազորությունների ժամկետը։
ԱԺ լիազորությունների ժամկետին չենք անդրադարձել, որովհետեւ դա հայեցակարգային խնդիր չէ, բայց եթե պահպանվի 5 տարվա ժամկետը, նախագահի լիազորությունների ժամկետը պետք է լինի առնվազն 6 տարի։ Սա արվում է մի նկատառումով՝ որ ընտրական մեկ կամ երկու ցիկլից հետո քաղաքական մեծամասնությունը չկարողանա ունենալ «իր» նախագահին. եթե մեծամասնությունը փոխվեց, որեւէ երաշխիք չկա, թե նախագահը եւ ԱԺ մեծամասնությունը կլինեն նույն քաղաքական ճամբարից։
Քանի որ հանրապետության նախագահին մենք տալիս ենք նոր դերակատարում խորհրդարանական համակարգում՝ նախագահը արբիտր է, հաշտարար, որը հետեւում է խաղի կանոնների պահպանմանը, ոչ թե ինքնուրույն խաղացող, ինչպես նախատեսված է գործող սահմանադրության մեջ, բնականաբար ցանկալի է, որ հանրապետության նախագահը միշտ չլինի ԱԺ մեծամասնության «արտացոլանքը»։

-Վենետիկի հանձնաժողովի մտահոգությունը՝ նախագահի ընտրությունը ԱԺ-ին վերապահելու նպատակահարմարության հետ կապված, արտացոլվե՞լ է հայեցակարգի նախագծում։

-Մենք առաջարկել ենք այլընտրանք՝ ամրագրել ենք, որ նախագահը պետք է ընտրվի ավելի լայն ընտրական կոլեգիայի՝ ընտրիչների կողմից։ Այդ կոլեգիայի մեջ բնականաբար պետք է մտնի Ազգային ժողովը, բայց կարող են լինել ընտրված այլ ընտրիչներ։
Ընդ որում, չենք բացառում, որ կոլեգիայում կարող են ընդգրկվել նաեւ Սփյուռքի ներկայացուցիչներ. քանի որ հանրապետության նախագահն ունենալու է նաեւ հաշտարարի ֆունկցիա, միաժամանակ ներկայացնելու է ամբողջ հայ ժողովրդին, մարմնավորելու է հայ ժողովրդի միասնությունը. այդ կետը կարեւոր դեր կարող է ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կտրվածքով։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի մտահոգությանը, թե նախագծում այնքան էլ հստակ չի հիմնավորված՝ ինչու է անհրաժեշտ նախագահի ուղղակի ընտրությունից անցնել անուղղակի ընտրության, հայտնի ճշմարտություն է՝ խորհրդարանական կառավարման համակարգին առավել հարիր է նախագահի անուղղակի ընտրությունը։
Թերեւս ժամանակի սղության պատճառով այս հարցը շատ չենք մանրամասնել հայեցակարգում, բայց մի բան մեզ համար ակնհայտ է. եթե ցանկանում ենք անցնել խորհրդարանական համակարգի, նախագահի ուղղակի ընտրությունը պետք է բացառվի։ Հայեցակարգը ելնում է հենց այդ մեկնակետից։ -Կառավարության կայունության հետ կապված՝ շատ կարեւոր փոփոխություններ ենք առաջարկել, որ շատ դրական արձագանք են ստացել նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, կոնստրուկտիվ անվստահության քվեի մեխանիզմին եւ վարչապետի ուժեղ դերակատարմանը։
Վերջին կետը հատկապես ուզում եմ շեշտել, որովհետեւ հանրային քննարկումների ժամանակ ասեկոսեներ եղան, թե կառավարման համակարգի փոփոխությամբ փորձ է արվում վերադառնալ խորհրդային համակարգին, որտեղ ամեն ինչ որոշում էր խորհրդարանը, եւ խորհրդարանի խոսնակն էլ, ըստ էության, երկրի փաստացի ղեկավարն էր։ Մենք հստակ ամրագրել ենք՝ խորհրդարանական կառավարման համակարգը, որ մենք ենք առաջարկում, ոչ մի աղերս չունի խորհրդային տիպի կառավարման հետ։
Կոնստրուկտիվ անվստահության քվեն իսկապես կայունության ապահովման փորձարկված գործիք է, որի միջոցով հնարավոր է փարատել նաեւ մտահոգությունները, թե կառավարության հաճախակի փոփոխությունները կարող են վտանգավոր լինել մեզ նման երկրների համար։
Խորհրդարանական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման հետ կապված՝ կարող եմ համարձակորեն ասել, որ առաջարկում ենք հեղափոխական փոփոխություններ՝ նախագծում ամրագրված է, որ փոքրամասնությունն իրավունք ունի ձեւավորել քննիչ հանձնաժողով, ավելին՝ նույն փոքրամասնությունը հենց ինքը կարող է առաջադրել քննիչ հանձնաժողովի նախագահին։

-Քննիչ հանձնաժողով ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

-«Մարտի 1»-ի հանձնաժողովը, օրինակ, քննիչ հանձնաժողով էր։ Խոսքը վերաբերում է ժամանակավոր հանձնաժողովների ինստիտուտին, որոնք, գործող սահմանադրության համաձայն, ստեղծվում են որոշակի փաստերի, իրադարձությունների ուսումնասիրության նպատակով։
Կառավարման ցանկացած համակարգում, հատկապես նախագահական մոդելի դեպքում, երբ անհրաժեշտ է խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության միակցումը քաղաքական նպատակների արդյունավետ իրականացման համար, մեծամասնությունն առանձնապես շահագրգռված չէ իր համար անցանկալի փաստերի վերհանման եւ բացահայտման հարցում։
Այս փոփոխությամբ ընդդիմությունն ստանում է շատ հեռուն գնացող հնարավորություններ. հայեցակարգում քվորումը դեռ ամրագրված չէ՝ պարզապես հղում է արված Գերմանիայի սահմանադրության 44-րդ հոդվածին, ըստ որի՝ պատգամավորների մեկ քառորդն իրավունք ունի նախաձեռնել քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Եթե մեկ քառորդի կողմից կա նման նախաձեռնություն, համարվում է, որ որոշումն արդեն իսկ ընդունվել է. դրա համար անհրաժեշտ չէ ԱԺ մեծամասնության համաձայնությունը, ինչպես նախատեսված է գործող սահմանադրությամբ։
Շատ կարեւոր է նաեւ Վերահսկիչ պալատի նախագահին եւ ԿԸՀ նախագահին որակյալ մեծամասնությամբ՝ երեք հինգերորդի հավանությամբ ընտրելու վերաբերյալ դրույթը։ Այս մեխանիզմն այսօր կիրառվում է միայն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ։ Կարծում եմ, այս պարագայում ՎՊ եւ ԿԸՀ նախագահների ընտրության օբյեկտիվ չափանիշները դառնում են գերակա, քանի որ երեք հինգերորդ մեծամասնությունը բավական բարձր շեմ է, որը ենթադրում է քաղաքական ավելի լայն փոխհամաձայնություն։ Այսինքն՝ ընդդիմության դերակատարումն այդ հարցում կտրուկ մեծանում է։

-Ոչ իշխանական ուժերի հիմնական պահանջներից մեկը՝ ՎՊ նախագահի պաշտոնը փոքրամասնությանը վերապահելու խնդիրը, ըստ էության, մնում է չլուծված։

-Չեմ կարծում, թե սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ ՎՊ նախագահի պաշտոնը տրվում է ընդդիմությանը։ Այդ դեպքում ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, մեծամասնության կառավարումը եւ այլն։
Որակյալ մեծամասնությունը հնարավորություն է տալիս զուգակցել ժողովրդավարությունը, այսինքն՝ մեծամասնության կառավարումը փոքրամասնության իրավունքների հետ։ 2005թ. փոփոխություններից հետո այդ մեխանիզմն իրեն լիովին արդարացրել է ՄԻՊ-ի ընտրության դեպքում, հիմա այդ մեխանիզմն առաջարկում ենք ամրագրել նաեւ ՎՊ եւ ԿԸՀ նախագահների ընտրության համար։ Մնացած հարցերը՝ դրա հետ կապված, կարգավորվելու են օրգանական սահմանադրական օրենքներով։
Ի դեպ, հայեցակարգում տեղ գտած նորամուծություններից մեկն էլ հենց այն է, որ օրգանական օրենքների ընդունման համար նույնպես անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն. ձայների առնվազն երեք հինգերորդը թե երկու երրորդը՝ կհստակեցվի արդեն սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման փուլում։ Նույն պահանջը դրված է նաեւ Ընտրական օրենսգրքի համար, եւ չեմ բացառում, որ նույն շեմն ընտրվի նաեւ ՎՊ եւ ԿԸՀ նախագահների ընտրության պարագայում։
Համենայն դեպս ընտրական համակարգի ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում հայեցակարգում առաջարկվող մոտեցումները կտրուկ, արմատական ձեւով մեծացնում են ընդդիմության ներգործության հնարավորությունները։
Քանի որ սահմանադրական (կամ օրգանական) օրենքներն իրենց մեջ ինքնին որոշակի վտանգներ են պարունակում, Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացության մեջ նշել էր, որ դրանց ցանկը պետք է լինի բավական սահմանափակ։ Ուստի հայեցակարգում ֆիքսել ենք, որ սահմանադրական օրենքները պետք է վերաբերեն մարդու հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ արդարադատության խորհրդի, դատական իշխանության ձեւավորման հիմնախնդիրներին, որոնք ուղղակիորեն ամրագրված չեն հենց սահմանադրության մեջ։
Դրանք կոչվում են օրգանական, որովհետեւ, ըստ էության, սահմանադրության օրգանական շարունակությունն են։ Այսինքն՝ այս օրենքների համար էլ ամրագրում ենք, որ անհրաժեշտ է քաղաքական լայն համաձայնություն։

-Ընդդիմությանը մտահոգող կետերից մեկն էլ ընտրական ինստիտուտին վերաբերող այն դրույթն էր, ըստ որի՝ ոչ թե կուսակցության ղեկավարը պետք է տնօրինի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականները, այլ ընտրողը՝ վարկանիշային քվեարկության միջոցով։ Սա ներկայացվեց որպես մեծամասնական ընտրակարգը համամասնականի քողի տակ անցկացնելու միտում։ Հանձնաժողովի մոտեցումն այս հարցում չի՞ փոխվել։

-Ցավում եմ, բայց մարդիկ բոլորովին գաղափար չունեն թեմայից՝ պարզապես խոսում են խոսելու համար։ Այդ պնդումները բացարձակապես զուրկ են տրամաբանությունից. մենք ունենք իրականություն, որտեղ կուսակցությունների համամասնական ցուցակները դե ֆակտո ձեւավորվում են բացառապես կուսակցության լիդերի, լավագույն դեպքում երկու-երեք հոգու կողմից։ Սա ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի։
Հայեցակարգը հստակ ամրագրում է, որ դեմ է կարծր ցուցակներին, որոնցով փաստացի կուսակցական լիդերներին է վերապահվում պատգամավորների ընտրությունը, հետեւաբար նվազում է ընտրողների ազդեցությունը ընտրությունների վրա։ Իսկ թե ինչ մեխանիզմներ հետագայում կընտրվեն՝ ապագայի հարց է, ընդ որում՝ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների, այլեւ առաջին հերթին՝ Ընտրական օրենսգրքի հարց։
Հայեցակարգում մենք շեշտել ենք, որ կոնկրետ կանոնակարգումները պետք է լինեն օրգանական սահմանադրական օրենքով. մի բան, որ չկար նախնական նախագծում։ Սա նշանակում է, որ սահմանադրության մեջ պետք է ամրագրվեն միայն ընտրական համակարգի ընդհանուր գծերը՝ մնացածը պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքով, որը պետք է ընդունվի ձայների որակյալ մեծամասնությամբ։

-100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, ըստ էության, նույնպես մնացել է օդում կախված։

-Հայեցակարգում վերջնական տեսակետ չենք արտահայտել, թե ինչպիսին պետք է լինի ընտրական համակարգը, այլ մատնանշել ենք գործող համակարգի թերությունները՝ ասելով, որ գործող խառը ընտրակարգը քաղաքական հստակ տրամաբանություն չունի եւ անկայունություն է ստեղծում թե՛ ընտրական, թե՛ կուսակցական համակարգերի համար։ Այդ դրույթը ուղղակիորեն արժանացել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։
Ընդսմին՝ հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ նշված է, որ այն երկրները, որտեղ ընտրական համակարգը ամրագրված է սահմանադրությամբ, որդեգրել են բացառապես համամասնական ընտրական համակարգ։ Ես մնում եմ այդ համակարգի համոզված կողմնակից, կարծում եմ, սահմանադրական բարեփոխումներն ընդունելու դեպքում, եթե որոշվի անցում կատարել խորհրդարանական համակարգին, արդյունավետ այլ ճանապարհ չկա, քան անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։

-Վենետիկի հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ կա՞ն դիտողություններ, որոնք հաշվի չեն առնված նախագծի վերջնական տարբերակում։

-Ընդհանրապես եթե այս եզրակացությունը համեմատեք բոլոր նախորդ եզրակացությունների հետ, հանձնաժողովի փորձագետները, կարելի է ասել, գերադրական աստիճանով են արտահայտվել մեր մշակած հայեցակարգի մասին՝ գտնում են, որ այն ամբողջությամբ համահունչ է ԵԽ արժեքներին։ Ավելին՝ եթե ռեֆորմը չընդունվի, դա կլինի բաց թողնված շանս երկրի համար։ Ուրիշ բան, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք կարող են արտացոլվել սահմանադրական փոփոխությունների նախագծում։
Համենայն դեպս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ չկա ոչ մի կետ, ոչ մի դիտողություն, որն արդեն իսկ հաշվի առնված չլինի հայեցակարգի նախագծում, կամ հնարավոր չլինի ամբողջությամբ հաշվի առնել արդեն բարեփոխումների տեքստում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն