Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԱՎՍՏՐԱԼՈՒՀԻ ԱՐՏԵՄԻՍԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ԾՆՈՒՆԴՈՎ ԱՐՑԱԽՑԻ ԵՆ

Հոկտեմբեր 16, 2014թ. 23:57

Օրերս 82-րդ անգամ Արցախ այցելեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Նախորդ օրը մի տասն անգամ ինձ զանգեց նրա օգնականը, ավելի ճիշտ՝ Արցախում նրա պաշտոնական ներկայացուցիչ Արտեմիսը։

Ահա արդեն համարյա քառորդ դար ճանաչում եմ Արտեմիսին։ Տասնյակ անգամներ այդ անունը հանդիպում է իմ անհամար հուշատետրերում, սակայն համարյա ոչ մի տեղ նշված չէ ազգանունը՝ Գրիգորյան։
Զանգում էր, որ Քոքսի առաջարկով ամենայն մանրամասնությամբ պատմի ինձ նրա արցախյան այցելության, ծրագրերի եւ, իհարկե, նրա անձնակազմի մասին, որը, որպես կանոն, ամեն անգամ նորացվում է եւ մոտավորապես ընդգրկում է տասը մարդ։

Դա նշանակում է, որ 1991 թվականի մայիսից, այսինքն՝ առաջին ժամանումից սկսած, Արցախ է այցելել ավելի քան ութ հարյուր մարդ, եւ ոչ միայն Անգլիայից. լրագրողներ, բժիշկներ (հատկապես պատերազմի տարիներին), Լորդերի պալատի անդամներ, ականազերծման մասնագետներ, պրոթեզավորողներ, «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության անդամներ, իրավապաշտպաններ եւ շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ Քոքսը հանգիստ էր՝ գիտենալով, որ արդեն Երեւանի օդանավակայանից անմիջապես «ունենալու» է հայոց լեզու, եւ որ Արտեմիսը մի պահ իսկ չի հեռանալու իրենից։ Առանց թարգմանչի հնարավոր չէ։ Ոչ մի րոպե։ Եվ այսպես տարեցտարի։

Եվ ահա ցանկացա ընթերցողին ներկայացնել արցախյան տարեգրության մեջ մտած, հայդուկային, ֆիդայական կարգապահությամբ օժտված եւ դաշնակցական խստակյաց ընտանիքում դաստիարակված այդ համեստ աղջկան։
Հանուն արդարության նշեմ, որ դեռեւս Ղարաբաղյան շարժման մեկնարկին Ստեփանակերտում ունեինք մեր սեփական, ընդգծեմ՝ տաղանդավոր թարգմանիչները, ավելի ճիշտ՝ թարգմանչուհիները։ Նրանց մեջ հատկապես առանձնանում էր Արմինե Ալեքսանյանը, որը ներկայումս որպես փայլուն թարգմանչուհի աշխատում է Արցախի արտգործնախարարությունում։
Սակայն Արտեմիսը Ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան պայքարի ու պատերազմի պատմության մեջ մտավ ոչ միայն որպես անգլերենի թարգմանչուհի։ Ճիշտ է, իմ հուշատետրերում, որոնցից չեմ բաժանվել խառնակ տարիներին, նշել էի, որ լեդի Քոքսի Արցախ կատարած այցելության ժամանակ ընդհանուր խմբում անպայման հայտնվում էր Արտեմիսը։ Ընդ որում, նա միայն թարգմանչուհի չէր։

Շատերին թվում էր, թե 1994 թվականի մայիսին ընդունված բիշքեկյան համաձայնագրերից հետո, երբ հաստատվեց անկայուն խաղաղություն, ավելի ճիշտ՝ այսպես կոչված հաշտություն, կավարտվի նաեւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի առաքելությունը, որը բարեգործական եւ խաղաղարար այցեր էր կազմակերպում ոչ միայն Արցախ եւ Սուդան, այլեւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ։

Սակայն քչերը կենթադրեին, որ հենց դաժան պատերազմի ավարտից հետո «Քրիստոնեական համերաշխությունը», որը ղեկավարում էր լեդի Քոքսը, ավելի հաճախ, ավելի նպատակաուղղված է այցելելու Արցախ, որտեղ ավերվել էին ավելի քան հարյուր բնակավայրեր (հատկապես Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը), լիովին ոչնչացվել էին կենսապահովման բոլոր օբյեկտները, չխոսենք արդեն ամենաողբերգականի մասին. հազարավոր ու հազարավոր որբեր, այրիներ, որդեկորույս ու սեւազգեստ մայրեր, հազարավոր ու հազարավոր վիրավորներ, աչքերից, ձեռք ու ոտքից զրկվածներ եւ բազմաթիվ նրանք, ովքեր գամված էին անկողնուն կամ սայլակին։ Այս ահավոր թվարկումը կարելի է շարունակել։

Նաեւ ասեմ, որ Քոքսը մի քանի անգամ կազմակերպել է Վիետնամից հայտնի, ականազերծման անգլիացի մասնագետների այցելությունը Արցախ, որի տարածքը խիտ ականապատված էր մահաբեր պայթուցիկներով։ Եվ ամեն անգամ այդ հետպատերազմյան բարդ ժամանակներում Քոքսի խմբում էր Արտեմիսը արդեն ոչ միայն որպես թարգմանչուհի, այլեւ, ինչպես ասվեց, «Քրիստոնեական համերաշխություն» առաքելության ներկայացուցիչ։ Ամեն դեպքում Արտեմիս Գրիգորյանի դերը հենց այդ տեսանկյունից էին ընկալում ե՛ւ բոլոր հյուրերը, ե՛ւ բոլոր տանտերերը։
Ճիշտ է, պետք է ընդունել, որ այդ համեստ աղջկա կենսագրությունը շատ ավելի վառ ու սխրալից էր։ Բերեմ մի քանի գրառում հուշատետրից։

Ծնվել է Թեհրանում, դաշնակցականի ընտանիքում։ Յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ավստրալիա։ Ավարտեց տեխնիկական քոլեջը։ 1991 թվականին՝ մեր ժողովրդի համար ամենադժվարին պահին, ընկերուհու՝ Նելլի Ղեւոնդյանի հետ Ավստրալիայից տեղափոխվեց Հայաստան։ Բնականաբար գործուղված էր Դաշնակցության կողմից։ Ընդունվեց մանկավարժական ինստիտուտ, ակտիվորեն համագործակցեց ՀՕՄ-ի հետ։

…Լեդի Քոքսի Արցախ կատարած հերթական այցելության ժամանակ խնդրանքով դիմեցի դաշնակցական տեղեկատվական կենտրոնի իմ ընկերներին՝ մեզ ապահովելու անգլերենի թարգմանչով։ Դա 1992 թվականի սեպտեմբերն էր, ծանրագույն ժամանակ։ Հիշում եմ, «Էրեբունի» օդանավակայանում ինձ մոտեցան երկու աղջիկ, որոնք, երեւում էր, նույնպես թռիչքի էին պատրաստվում։ Արտեմիս Գրիգորյանը եւ Նելլի Ղեւոնդյանն էին։ Թարգմանչուհիներ։ Դժվար թե այդ օրը Արտեմիսի մտքով անցներ, թե իր ճակատագիրը, անձնական կյանքը կտրուկ փոխվելու են ռազմաճակատային Արցախ կատարած այդ առաջին այցելությունից հետո։

…Դա լեդի Քոքսի Արցախ կատարած 11-րդ ուղեւորությունն էր 11-րդ խմբի հետ։ Եվ Արտեմիսի առաջին այցելությունը։ Այդ ժամանակից ի վեր նա պարտադիր դիմավորում, ուղեկցում եւ ճանապարհում էր Քոքսի պատվիրակությանը։ Շուտով նա դարձավ Անգլիական կազմակերպության մշտական պաշտոնական ներկայացուցիչը։ Սակայն դա չի նշանակում, թե Արտեմիսը այդ ամբողջ ժամանակ եւ ամեն անգամ զբաղվում էր միայն Քոքսի այցելության կազմակերպչական հարցերով։

Նա ակտիվ մասնակցություն էր հանդես բերում Դաշնակցության գործունեության բոլոր ոլորտներում։ Դա ե՛ւ ՀՕՄ-ն էր, ե՛ւ սկաուտական կազմակերպությունները, ե՛ւ երիտասարդների համակարգչային ուսուցումը, ե՛ւ վիրավորներին ցույց տրվող օգնությունը։ Չի կարելի չնշել, որ Քոքսի կանոնավոր այցելությունները խաղաղ ժամանակներում մինչ օրս պայմանավորված են ողնաշարային վնասվածքներով վիրավորներին օգնելու ծայր անհրաժեշտությամբ։ Հենց նրանց եւ այլ ծանր հիվանդների համար լեդի Քոքսն ստեղծեց իր տեսակի մեջ եզակի, ի դեպ, ներկայումս արդեն իր անունը կրող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը։ Այդ հիրավի փրկիչ հիվանդանոցը ղեկավարում է տաղանդավոր բժիշկ եւ առողջապահության կազմակերպիչ Վարդան Թադեւոսյանը։
Հիշում եմ, ինչպես 1994 թվականի վերջին՝ Քոքսի հերթական այցելությունից անմիջապես հետո, Արտեմիսը, հազիվ զսպելով արցունքները, հայտնեց, որ Ավստրալիայում ծանր հիվանդացել է հայրը։ Նա շտապ մեկնեց Սիդնեյ։ Եվ ավելի քան երկու տարի չհեռացավ նրա մահճակալից։
Վերջերս, թերթելով ժամանակից դեղնած հուշատետրը, կարդացի համառոտ գրառումներ Արտեմիսի ընտանիքի մասին։ Հայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, ծնվել է 1922 թվականին եւ արդեն տասնութ տարեկանում դարձել Դաշնակցության անդամ։ Ամուսնացել է համակուսակցի՝ բանաստեղծական Քնար անունով աղջկա հետ, որը ՀՕՄ կազմակերպության քարտուղարն էր Թեհրանում։ Իսկ կարճ գրառումները կատարել էի Սիդնեյում։ Դա 1997 թվականի սեպտեմբերի վերջին էր։

…Այն ժամանակ, Ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարում, լեդի Քոքսը խմբային ուղեւորություն կատարեց Հարավային Ամերիկայի եւ Ավստրալիայի հայկական գաղութներ։ Մեր այցելությունից հետո մեր շատ հայրենակիցներ այդ հեռուներից այցելեցին Հայաստան եւ Արցախ՝ առաջին հերթին օգնություն ցուցաբերելով վիրավորներին։ Հենց այդ ժամանակ էլ մենք Սիդնեյում այցելեցինք Արտեմիսի ընտանիքին։ Գեւորգ Գրիգորյանը ոչ վաղուց սրտի վիրահատություն էր տարել։ Բոլորին զարմացրեց, որ նա հյուրերից ներողություն խնդրելով՝ ցանկացավ առանձին խոսել ինձ հետ։

…Մեր զրույցը գրի առա վերը հիշատակված հուշատետրում։ Խոսքն այն մասին էր, որ նա տնեցիներից թաքցրել էր իր հիվանդության հիմնական պատճառը։ Ծանր ապրումներ ուներ այն պատճառով, որ արտաքին թշնամու հետ դժվարին պատերազմի թեժ պահին Հայաստանի ղեկավարությունը պառակտել էր հասարակությունը՝ պայքար սկսելով Դաշնակցության դեմ։
Նշեց պատճառը, թե ինչու հենց ինձ հետ ցանկացավ խոսել այդ դժվարին թեմայով։ Պարզվեց՝ «Երկիր» թերթում կարդացել էր իմ հոդվածը, որում մեջբերել էի հենց Մարքսին. «Քանի դեռ ազգի կենսունակությունը կաշկանդված է օտարերկրյա զավթիչների կողմից, նա անհրաժեշտության դեպքում իր բոլոր ուժերը, բոլոր ջանքերն ու եռանդը պետք է ուղղի արտաքին թշնամու դեմ…»։ Գեւորգն անհանգստություն հայտնեց այն առիթով, որ «երկրից ազգային կուսակցության առաջնորդներին արտաքսելու այդ սադրիչ գործողությունը կարող է բախումների բերել ժողովրդի մեջ»։

Ես նրան հանգստացրի՝ ասելով, թե մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ ցանկացած հեղափոխություն, առավել եւս պատերազմական ժամանակներում, պետության համար ավարտվում է ինքնասպանությամբ։
Ի դեպ, հուշատետրի այդ գրառումները շուտով տեղավորեցի «Դրախտ եւ դժոխք» գրքում։
Այդ բարի աչքերով, ոչ բարձրահասակ, արի մարդը չկարողացավ թաքցնել անհանգստությունը։ Ճիշտ է, զրույցի վերջում թեթեւակի ժպտաց, եւ մենք վերադարձանք սեղանի մոտ։

…Շուտով ստացանք տխուր լուրը։ Գեւորգը մահացել էր։ Ես չգիտես ինչու մտածեցի նրա ծնողների մասին, որոնք Կեսարիայից էին, նրա նախնիների, որոնց մեծամասնությունը զոհ գնացին ցեղասպանությանը։ Գեւորգը թաղված է Սիդնեյում, անվերջանալիորեն հեռու հարազատ Կեսարիայից, Հայաստանից։ Այսօր այնտեղ մնացել են տիկին Քնարը եւ Արտեմիսի, եղբայր Արմենը։ Ինքը՝ Արտեմիսը հոր քառասունքից հետո վերադարձավ Արցախ։ Վերադարձավ առհավետ։
…Ամեն անգամ Քերոլայն Քոքսը, պահը որսալով, անփոփոխ կրկնում է. «Առանց Արտեմիսի ինձ համար դժվար է ոչ միայն Արցախում, այլեւ տանը՝ Լոնդոնում, երբ աշխատում եմ Արցախին վերաբերող նյութերի վրա»։

Արտեմիսն ամուսնացավ իրանահայ Արշալույս Թամազյանի հետ եւ իր կենսագրության մեջ գրեց. «2002 թվականին ամուսնացա, եւ որոշեցինք ընդմիշտ բնակվել Արցախի սրբազան հողում։ Մեր երեխաները՝ Նարեկը եւ Դերիկը, սովորում են հայրենի երկրում, եւ ես երջանիկ եմ, որ նրանք պաշտոնապես համարվում են «ԾՆՈՒՆԴՈՎ ԱՐՑԱԽՑԻ»։

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն