Րաֆֆի Հովհաննիսյանն հասկացավ իր օգտակարությունն ու որոշեց չհրաժարվել մանդատից
«Ժառանգություն» կուսակցությունում կատարված իրադարձությունները քաղաքական դաշտում հիմնականում զարմանք, շատերի մոտ էլ հիասթափություն էին առաջացրել: Հիասթափվել էին առաջին հերթին չափազանց բարեկիրթ, քաղաքավարի ու հաճելի ժպիտով Րաֆֆի Հովհաննիսյանից, որը չէր կարողացել ժամանակին ձեռքը սեղանին խփել ու բոլորին իր բուռը հավաքել: Երկրորդ հերթին` նորից Րաֆֆի Հովհաննիսյանից, որ չափազանց շատ էր վստահել իր շուրջը հավաքված մարդկանց` մոռանալով, որ վերջիններս սովորական մահկանացուներ են և ընդունակ են գայթակղվել անգամ այն դեպքում, երբ իրենց «առաջարկվում» է հարվածել այն ճյուղին, որի վրա կանգնած են: Ինչևէ, իրականությունը որքան էլ դաժան, նույնքան էլ ուսուցողական կարող է լինել: Երբ իրականությունը դաժան էր թվացել Րաֆֆի Հովհաննիսյանին, նա որոշում էր կայացրել իր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել ԱԺ նախագահին: Օրեր անց, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասաց, «որոշ առարկայական և ենթակայական իրավիճակների փոփոխման հետևանքով» նա որոշեց հետ վերցնել իր դիմումը: Անկեղծ ասած, դժվար է մեկնաբանել, թե «ենթակայական իրավիճակներ» ասելով ինչ նկատի ուներ բանախոսը, բայց քաղաքական և քաղաքացիական տարբեր շփումների արդյունքում նա հասկացել է, որ ԱԺ-ում օրենքով իրեն վերապահված սկզբունքային ներկայությունն ավելի նպաստավոր կլինի ԱԺ-ի և հասարակության համար, քան իր սկզբունքային բացակայությունը: Նա այսօր խոստացավ 2010 թվականին բացահայտել 2008 և 2009 թվականներին կուսակցության գործած սխալները: Նա «Ժառանգության» հանդեպ ցուցաբերած հանրային ուշադրությունից եզրակացնում է, որ այն մեր իրականությունում արդեն հասարակական-քաղաքական արժեք է դարձել, ուստի արժե գնահատել, փայփայել և փրկել կուսակցությունը: «Ժառանգությունը» մյուս կուսակցությունների նման ուղղահայաց կառավարվող չի եղել երբեք: Հայաստանի պայմաններում չափազանց ժողովրդավար լինելով` միշտ հարգել է դիմացինի կարծիքը, ինչը փաստորեն հանգեցրել է ներքին խմբավորումների ու պառակտումների: Կուսակցությունը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պետք է ամուր լինի և ունենա մեծամասնության ու փոքրամասնության տեսակետներն ընդունող անդամներ: «Փոքր երկրի հայաստանյան հիվանդությունը մտավ նաև «Ժառանգություն», և այն պետք է բուժել ոչ միայն «Ժառանգության», այլև ընդդիմադիր ողջ դաշտի և, առավել ևս, իշխանական դաշտի համար»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Առաջիկայում տեղի կունենա կուսակցության բաց համագումարը, որին կարող են մասնակցել բոլորը: Դրանից հետո, եթե «Ժառանգությունը» դուրս գա ուժեղացած և ամրապնդված, հասարակությունը հետագայում կշահի»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ հանրապետության նախագահին ուղղված իր նամակի բովանդակության մասին մեկնաբանություններից խուսափելով` ասաց. «Սերիալներով տարվող ազգ ենք դարձել, իսկ այդ նամակի մասին մեկնաբանությունները հատկապես իր ողբերգական մեկնաբանություններով նմանվել է քաղաքական սերիալի»: Իր անձնական նամակի տարաբնույթ մեկնաբանության պատճառը նա բացատրում է իր կուսակիցների հոգեվիճակով. «Դյուրագրգռության վիճակում ամեն մեկը յուրովի է մեկնաբանել իրավիճակը, բայց ես ասում եմ, որ այլևս ինձնից որևէ մեկը հրաժարական չի տեսնի»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ա.Գ.












