Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՐՈՇ ԳՐՔԵՐ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ

Հոկտեմբեր 25, 2014թ. 00:04

Հոկտեմբերի 22-ը հռչակված է որպես դպրոցական գրականության միջազգային օր:
Մեր զրուցակիցն է բանաստեղծ, արձակագիր, դպրոցական դասագրքերի հեղինակ ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Պարոն Սարգսյան, ի՞նչ ընթացակարգով է իրականացվում դասագրքերի տպագրությունը:

-Առաջին հերթին ստեղծվում են դասագրքերի պետական չափորոշիչներ, որոնք սահմանում են, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում դաստիարակել դպրոցներում, ինչ գիտելիքներով, մտահորիզոնով ու կյանքի նկատմամբ պատրաստվածությամբ: Այդ չափորոշիչներով ծրագրեր են կազմվում: Այնուհետեւ հրատարակչատները հրավիրում են հեղինակների եւ առաջարկում այդ ծրագրերի հիման վրա դասագրքեր ստեղծել:
Գրված դասագրքերը ներկայացվում են մրցույթի կրթության ազգային ինստիտուտի, կրթության եւ գիտության նախարարության հատուկ հանձնաժողովում: Հանձնաժողովը դիտարկում է դասագրքերը մի շարք դիտանկյուններից եւ ընտրում հաղթողներին: Ցավոք, երբեմն հաղթելու համար որոշիչ է դառնում գրքի էժանությունը, այլ ոչ բովանդակային արժեքը: Բայց անգամ այդ դեպքում գիրքը պետք է համապատասխանի սահմանված չափորոշիչներին:

-Որքանո՞վ է ճիշտ հեղինակների ընտրությունը մասնավոր հրատարակչատների իրավասությանը թողնելը։

-Ուրիշ ճանապարհ չկա: Այդ մեթոդն ամբողջ աշխարհում է գործում: Ի վերջո, սուբյեկտիվության հավանականությունը նվազում է այն պատճառով, որ հրատարակիչներն էլ, կրթության եւ գիտության նախարարությունն էլ ունեն հեղինակների այսպես ասած նույն բանկը: Եվ եթե որեւէ դասագրքի համար մրցույթ է հայտարարվում, այդ շրջանակներից են հեղինակներ մասնակցում: Պատահական մարդիկ հազվադեպ են ընդգրկվում:

-Երբեմն սոցցանցերում գրքերում տպագրված ոտանավորներ են տեղադրվում, որոնք հայհոյանքներ կամ զազրախոսություններ են պարունակում: Եվ ասվում է, թե դրանք վերցված են դասագրքերից: Դա զրպարտությո՞ւն է, թե՞ իրականում նման բաներ կան:

-Դրանք անհեթեթ բանաստեղծություններ են նույնքան անհեթեթ գրքերից, որոնք ոչ մի կապ չունեն դպրոցի հետ: Այդ կերպ ծնողներին փորձում են դպրոցի դեմ տրամադրել: Դա չարախինդ մարդկանց հատուկ միտումն է՝ բացարձակ սուտը հրամցնել իբրեւ իրականություն, եւ անտեղյակ մարդիկ այդ կուտը կուլ են տալիս:
Մեր կրթությունը ողբալի վիճակում ներկայացնողները ճիշտ չեն: Դա ընդհանուր հասարակական վերաբերմունքի հետեւանք է: Դասագրքերը բավական լավն են, հատկապես տարրական դասարանների դասագրքերը: Մենք մեր պատմության ընթացքում երբեւէ այդպիսի լավ դասագրքեր չենք ունեցել: Որքան էլ իմ ասածը հնչի որպես դասագրքերի հեղինակի կարծիք, այդուհանդերձ հավատացնում եմ, որ դա իրականություն է: Այդ կարծիքը ձեւավորվել է հազարավոր ուսուցիչների ու մասնագետների կարծիքների հիման վրա, ովքեր երկար տարիներ աշխատել են դպրոցում եւ քաջատեղյակ են գրքերի էվոլյուցիայից:
Բարձր եւ միջին դասարանների դասագրքերի մասին կարող եմ մի քիչ վերապահումով խոսել: Կան դասագրքեր, որ լավն են, գրվել են նոր մտածողությամբ, բավականաչափ արհեստավարժ հեղինակներ են գրել, բայց կան նաեւ անհաջող դասագրքեր, որոնք բարդ են ու երեխաների համար մատչելի չեն, անհասկանալի են: Դա հիմնական պատճառներից մեկն է, որ երեխաները գիրք չեն կարդում եւ տվյալ առարկան լավ չեն սովորում:
Ամենահետաքրքիր գիտությունները՝ պատմությունը, կենսաբանությունը, ֆիզիկան, այնպես են ներկայացվում երեխաներին, որ նրանք այդ առարկաները սովորելու որեւէ ցանկություն չեն ցուցաբերում: Այդտեղ մենք անելիք ունենք, եւ հենց վերահրատարակման ժամանակ այդ թերությունները պետք է շտկել:

-Այսօր աշխարհում իբրեւ համամարդկային արժեք է հրամցվում նաեւ սեռական հանդուրժողականությունը կամ սեռական ազատությունը, մի բան, որ մեկ-երկու տարի առաջ փորձեցին ներմուծել նաեւ մեր դպրոցում: Բարեբախտաբար հանրության ընդդիմության շնորհիվ հնարավոր եղավ խոչընդոտել այդ գործընթացին: Չե՞ք կարծում, որ այդ համամարդկային արժեքների տակ կարող են նաեւ մեր տեսակին ոչ հարիր հասկացություններ սպրդել դպրոց:

-Դրանք համամարդկային արժեքներ չեն: Ինձ համար դրանք համամարդկային պղծություններ են, որոնք որոշակի նպատակ ունեն: Ես ինքս էլ կռիվ եմ տվել գենդեր հասկացությունը մեր դպրոցներում ներմուծելու դեմ:
Ի դեպ, նման երեւույթները մեզ համար նոր չեն: Դեռեւս 1990-ական թթ. դպրոցի 4-րդ դասարան մտցրին սեռական դաստիարակության մասին մի դասագիրք, որը իսկական խայտառակություն էր՝ գրքում զետեղված նկարների ու բովանդակության առումով: Իսկ դրա հեղինակները գրանտակեր հայ կանայք էին, ովքեր պատրաստ էին փողի համար ամեն ինչ պղծել: Այն ժամանակ էլ մեծ աղմուկ բարձրացավ, եւ գրքերը հանեցին:
Բայց տեսնում եք, որ նման գրանտակեր կազմակերպությունները պարբերաբար փորձում են սողոսկել կրթական համակարգ եւ ապականել այն, իսկ դրանց զսպող օղակներ գոյություն չունեն: Ուստի միակ խոչընդոտը պետք է մեր՝ հասարակության զգոնությունն ու հակադրությունը լինեն: Ամեն օր, ամեն պահ, ամեն վայրկյան մենք պետք է ուժ գտնենք եւ պայքարենք նման պղծությունների դեմ:

-Եթե դրանք որպես դասագիրք անմատչելի են աճող սերնդի համար, ապա իբրեւ մանկական գրականություն ազատորեն վաճառվում են գրախանութներում:

-Դրանք չեն հաստատվում կրթության եւ գիտության նախարարության կողմից, հետեւաբար չեն էլ կարող դպրոցներ մտնել: Բայց ցանկացած հրատարակչություն կարող է վերցնել որեւէ երկրի մի գիրք, դրանք թարգմանել տալ, հետո էլ դնել գրախանութներում վաճառքի, եւ դեռ գիրքն էլ որակել իբրեւ օժանդակ գրականություն: Բայց դա օժանդակ գրականություն չէ, օժանդակ գրականությունն անպայման պետք է կրթության եւ գիտության նախարարությունը հաստատի:

Մեզանում դաշտն ազատ է, եւ ով ինչ ուզում է՝ տպագրում է ու վաճառում: Այդ մարդկանց պատժելու մեխանիզմ չկա: Ավելին՝ նրանց շահերը պաշտպանվում են սահմանադրությամբ հռչակված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին դրույթներով: Պետությունը չի կարող դրա դեմն առնել, քանի որ նման բովանդակության գրքերը տպագրելն ու վաճառելը օրենքով արգելված չեն: Հենց դա էլ նման գրականության դեմ դուռ է բացում:

Ծայրահեղ հայհոյանքներով լեցուն գրքեր են տպագրվում, եւ ոչ ոք չի կարող հեղինակին հանդիմանել, թե ինչի է նման բան գրել կամ թարգմանել, քանի որ նա անմիջապես հղում է կատարում օրենսդրության համապատասխան կետերին, որոնք նման բաները չեն արգելում:

Ես կարծում եմ, որ դպրոցներում պետք է սեռական դաստիարակության դասագրքեր ունենանք, բայց դրանք այնքան զգուշությամբ ու հմտությամբ պետք է կազմվեն, որ չխեղաթյուրեն երեխայի հոգեբանությունը, որ նրան պղծության չմղեն: Այսօր իբրեւ այդպիսիք մատուցվում են այնպիսի գրքեր, որոնք երեխային վարժեցնում են մանկապղծության՝ նրա համար դա սովորական երեւույթ դարձնելով: Իսկ դրա դեմը հետագայում շատ դժվար կլինի առնել:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն