Փարիզը և՛ լավատեսության, և՛ հոռետեսության հիմք տվեց. Կարեն Բեքարյան
Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Փարիզում օրերս տեղի ունեցած՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպանը, առանձնացրեց բացասականը և դրականը:
Բացասականը, ըստ Կարեն Բեքարյանի, այն է, որ բանակցություններին ներկա չի եղել արցախյան կողմը:
«Միշտ եղել եմ այս թեզի կողմնակից. եթե չկա Լեռնային Ղարաբաղի կողմը, այս բանակցություններում արդյունավետություն չի լինելու, իսկ Փարիզը դրան որևէ նշանակություն չի տալիս»,-ասաց Կարեն Բեքարյանը՝ շարունակելով, որ փարիզյան հանդիպումը բացասական էր նաև ադրբեջանցիների կողմից դիվերսանտների գործողությունները լեգիտիմացնելը:
«Օլանդի կողմից կա նպատակ հնարավորինս արագ անցնել շրջանակային համաձայնագրի իրականացմանը: Սա ևս բացասական եմ համարում, քանի որ այստեղ հստակության էլեմենտ չկա»,-ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը:
Դրականն, ըստ նրա, այն է, թե նույնիսկ վատ բանակցությունը միշտ լավ է կրակոցներից. «Սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացումների չի բերի»։
«Առիթ ունեցել եմ ասելու, որ որևէ միջնորդի կողմից կոնֆլիկտի կարգավորման մոնոպոլիզացումը վտանգավոր է: Իսկ այս դեպքում մենք արդեն ականատեսն ենք լինում հակառակի: Միջնորդ երեք երկրներն էլ հերթով կազմակերպեցին երկու երկրների նախագահների հանդիպումները»,-որպես դրական քայլ նշեց Կարեն Բեքարյանը:
Վերջինիս խոսքով՝ամեն պարագայում ֆրանսիական կողմի նախաձեռնությունը շնչում էր նրանով, որ վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմներ պետք է ստեղծվեն, հասարակություններին պետք է պատրաստեն խաղաղության:
Եզրափակելով իր խոսքը՝ Կարեն Բեքարյանն ասաց, թե Փարիզը լավատեսության հիմք տվեց, որ կոնտակտները կան և շարունակվում են, և որոշակի հոռետեսություն, որ ոչ մի բան տեղից չի շարժվում:
«Պետք է արձանագրենք նաև, որ վստահության ֆոնը շատ ցածր է»,-ասաց նա:












