Գլխավոր » TOP, Լրահոս, Մշակույթ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԿՍԵԼ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻՑ

Նոյեմբեր 3, 2014թ. 00:12

Օրերս լուրեր տարածվեցին, թե ճանաչված դերասան ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որը միանշանակ չընդունվեց: Այս հարցի շուրջ երեկ զրուցեցինք դերասանի հետ։

-Ես նշանակվել եմ ռեժիսորական ղեկավարման պատասխանատու, այլ ոչ թե գլխավոր ռեժիսոր, ինչպես ներկայացրել են որոշ լրատվամիջոցներ: Թատրոնում աշխատում են ռեժիսորներ, ռեժիսորի ասիստենտներ, օգնականներ, այդ ութ հոգանոց խումբը համարվում է ռեժիսորական, եւ ես այդ խմբի պատասխանատուն եմ, ղեկավարը:

-Ե՞րբ եղավ առաջարկը։

-Մոտավորապես սեպտեմբեր ամսվա վերջին, հոկտեմբերի 1-ին եղավ իմ հրամանը: Ինձ համար ի վերջո էական չէ` գլխավոր ռեժիսո՞ր, թե՞ ռեժիսորական խմբի ղեկավար, ես ինձ ավելի շատ համարում եմ ռեժիսոր-բեմադրիչ, որը մոտ ապագայում պիտի բեմադրի նոր ներկայացում:

-Ինչ-որ բան արդեն նախատեսե՞լ եք: Ո՞րն է լինելու այդ նոր ներկայացումը:

-Իմ գործունեությունն ուզում եմ սկսել անպայման նոր ազգային օպերայից: Դա շատ կարեւոր քայլ եմ համարում: Հայ կոմպոզիտորներն ունեն գործեր, որոնք դեռ բեմ չեն բարձրացել կամ բարձրացել են շատ կարճ ժամանակով եւ չեն արժանացել իրենց գնահատականին:
Բայց թատրոնն ունի ղեկավարություն` ի դեմս տնօրենի, նրա` ստեղծագործական հարցով տեղակալի, երաժշտական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի, ովքեր էլ որպես գեղարվեստական խորհուրդ, պիտի վերջնական որոշումը կայացնեն:
Ունեմ նաեւ մեկ այլ ցանկություն` բեմադրել մանկական օպերա: Օրինակ, ժամանակին ներկայացվել է «Գիքորը», վատ ընդունելության չի արժանացել, բայց արդեն բավական ժամանակ չի բեմադրվում: Իմ ստեղծագործական ծրագրերն այդպիսին են, սակայն բոլոր հարցերը լուծվելու են թատրոնի ներսում, թատրոնի ղեկավարության հետ միասին:

-Դուք մի հարցազրույցում նշել էիք, որ թերի երաժշտական կրթություն ունեք: Բացի դրանից, եթե ոչ օպերա, ապա երաժշտական ներկայացում բեմադրելու փորձ ունեք:

-Երբեք օպերա չեմ բեմադրել. առիթ չի եղել: Իսկ ուսումս սկսել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, եղել եմ Տատյանա Հայրապետյանի աշակերտը, որին հարգում, պաշտում եմ: Եվ թող ոմանց չտանջի այն մտահոգությունը, որ ես «կլավիր կարդալ չգիտեմ», ես դա գիտեմ:
Իհարկե, ինձ երբեք կոմպոզիտոր չեմ համարել, բայց ունեմ երեք ներկայացում, որոնց երաժշտության հեղինակը ես եմ: Ընդ որում, դրանցից մեկի` «Տերն ու ծառայի» համար Վահե Հայրապետյանի հետ ստացել եմ «Արտավազդ» մրցանակ: Պարզապես ոմանք բանուգործ չունեն ու բամբասում են:
Իմ ներկայացումները, ցավոք, շատերն ուղղակի չեն տեսել, ինձ գիտեն որպես դերասանի, որովհետեւ ալարում են գնալ թատրոն, տանը նստած հեռուստացույց են դիտում եւ ասում. «Հա, դե էս դերասանը դարձավ ռեժիսոր»: Ես քառասունից ավելի ներկայացման հեղինակ եմ, եւ իմ բոլոր, հատկապես մանկական ներկայացումներում կա մեծ բաժին երաժշտություն, նույն «Տերն ու ծառայում» հնչում է 14 ինքնատիպ երգ:

-Հասցրե՞լ եք զգալ օպերայում տիրող մթնոլորտը:

-Ընդամենը 25 օր է, որ օպերայում եմ, իսկ այն հսկայական կառույց է, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ: Ես նոր-նոր դեռ ծանոթանում եմ բեմի հնարավորություններին հատկապես վերանորոգումից հետո, ծանոթանում եմ երգիչներին, դիրիժորներին, ղեկավարությանը, այն պայմաններին, որտեղ ես պիտի հետագայում ստեղծագործեմ: Կարծում եմ՝ դա բնական, նորմալ ընթացք է:
Ի դեպ, օգտվելով հարմար առիթից՝ ցանկանում եմ խոսել մի հրապարակման մասին, որտեղ իմ խոսքը խեղաթյուրված է ներկայացվել: Երբ ինձ հարցրել են ստեղծագործական ծրագրերի մասին, պատասխանել եմ, որ հիմա հարցազրույց տալ չեմ կարող, որովհետեւ նոր-նոր եմ սկսել աշխատել: Ու, բացի դրանից, ունեմ իմ անձնական ստեղծագործական ծրագրերը, որոնք կապված են ոչ միայն օպերայի, այլեւ ուրիշ հարցերի հետ, եւ դրանք քննարկելու համար մշակույթի նախարարից հանդիպում եմ խնդրել: Կան ծրագրեր, որոնց մասին նախարարը տեղյակ է, եւ դա իմ ու նրա գործն է:

Բայց իմ խոսքը մատուցվել է այնպես, որ իբր օպերային թատրոնի ղեկավարությունը չի կարող իմ հարցերը լուծել, եւ ես դրանք պիտի լուծեմ նախարարի հետ: Չի կարելի փոխել մարդու խոսքը, դրա ենթատեքստը դարձնել այնպիսին, որ այն հնչի սկանդալային: Չի կարելի ամեն ինչի մեջ սեւը փնտրել:

Օպերայի եւ բալետի թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հաստատեցին, որ Վիգեն Ստեփանյանը նշանակվել է թատրոնի ռեժիսորական ղեկավարման պատասխանատու: Ու նաեւ հավելեցին, որ այս նշանակումը գեղարվեստական ղեկավարի հետ կապ չունի, այն առանձին պաշտոն է։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն