ՀՀԿ-ն սպասում է ընդդիմությանը , բայց նախ հստակեցրած՝ կգան իբրև եռյա՞կ, թե՞ քառյակ, գուցե ՀՅԴ-ն միայնա՞կ
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
-Իր վերջին հարցազրույցում հանրապետության նախագահն ասաց հետևյալ միտքը՝ ընդդիմության առաջարկությունները չընդունել թշնամաբար ու փշերով, այլ ուշադիր քննության առնել ու զտել օգտակարը: Սա կարելի՞ է համարել հրահանգ՝ ուղղված կուսակիցներին, կառավարությանը: Եվ սա նշանակո՞ւմ է նոր գործընթացի սկիզբ:
-Հանրապետության նախագահը, ինչպես նաև ՀՀԿ-ն բազմիցս են հայտարարել, որ ընդդիմության կողմից բարձրացված ցանկացած հարցի քննակումից չենք խուսափում: Իր այս անդրադարձով նախագահը վերստին հիշեցրեց, որ մենք սվիններով չենք վերաբերվում ընդդիմությանը ու կոչ արեց՝ եկեք նստենք, քննարկենք: ՀՀԿ-ն մշտապես ասել է՝ մեր դռները բաց են, ձեր ներկայացրած 12 կետերը մեկ առ մեկ կարող ենք վերլուծել և վերլուծել ենք: Մենք երբեք մեր ընդդիմախոսներին թշնամիներ չենք համարել: Նրանց հետ տարբեր օրինագծեր ենք քննարկել, եկել որոշակի պայմանավորվածությունների: Սակայն, այդ ամենը հօդս ցնդեց, երբ նրանց մոտ գերիշխող դարձան միտինգային տրամադրությունները, փոխվեց նաև կոնստրուկտիվ աշխատանքի ցանկությունը: Դրա համար էլ նրանք սկսեցին այլևս չնկատել արված գործերը: Ընդհատվեցին նաև համատեղ բոլոր քննակումները: Ստեղծվեց ՙեռյակ՚-ը, որ հարթակ բարձրացավ 12 կետերը դրոշակ դարձրած: Որոշ քաղաքական ուժերի նպատակն է հանրությանը հրահրել, դժգհություններ առաջ բերել, որպեսզի իրենց միտինգներին կարողանան շատ մարդ հրավաքել: Պարզ չէ՞, որ նման քաղաքական ուժերը դրական քայլեր տեսնելու ցանկություն չունեն: Լավ կլիներ, որ ընդդիմությունը նկատեր ու բարձրաձայներ նաև իշխանության կողմից արվող դրական քայլերի մասին:
-Նախագահը նաև տվեց ստեղծված իրավիճակի գնահատականը՝ կառավարությունը աշխատել է, բայց ՙեռյակ՚-ը բավարարված չէ: Ուրեմն, ի՞նչ անել. նորից անդրադառնալ ու քննարկել կետ առ կետ: Իր հերթին վարչապետ Աբրահամյանը արձագանքեց՝ չնայած պատասխանել են 12 կետերին, սակայն պատրաստ են դարձյալ քննարկելու, եթե անհրաժեշտություն լինի: Այսինքն, իշխանության սեղանին վերստին հայտնվում են ընդդիմության 12 կետե՞րը:
-12 կետերը իշխանության կողմից անտեսված կամ մի կողմ մղված չեն եղել: Եկեք մեկ առ մեկ դիտարկենք դրանք, որպեսզի հասկանալի լինի, թե ի՞նչ է արվել և ի՞նչը հնարավոր չի եղել անել այս պահին:
Ընդդիմությունն 1-ին կետով առաջարկում է վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը: ԱԺ-ն գնաց կոնկրետ քայլի՝ պետական սեկտորը բաժանեց մասնավորից: Ասացինք՝ առայժմ մեր հանրավորություններն այսքան են: Սակայն հարցը շարունակում է մնալ օրակարգում: Պետությունը չի կարող վաղվա մասին չմտածել, չի կարող հեռանկարային ծրագրեր չմշակել, մենք պետք է ապահովենք արժանապատիվ ծերություն: Ընդդիմությունը սկզբում ողջունեց մեր մոտեցումը, բայց հետո անհասկալիորեն մերժեց այն:
2-րդ կետը վերաբերում է տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերին, կարմիր գծերին: Արվել են որոշակի վերանայումներ, իջեցվել են տուգանքների չափերը: Այդքանը կարողացանք անել: Ընդդիմությունը գոնե կարող էր չէ՞ ասել՝ բավարարված չենք, բայց քայլեր արվել են: Չասացին:
3-րդով պահանջում են երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Գնացինք այդ քայլին՝ 3,5 տոկոսից դարձնելով 1 տոկոս: Նախօրեին հայտարարեցի, որ “Շրջանառության հարկի” հետ կապված ընդդիմության բոլոր առաջարկները պատրաստ ենք դարձյալ քննակել:
4-րդը՝ “Կրկնապատկել գյուղմթերքների արտադրությունը”: Վերցրեք ու նայեք, թե ինչ քայլեր է արել կառավարությունն այս ուղղությամբ. և’ փոփոխություններ կան, և’ արտոնություններ են տրվել: Բայց ընդդիմությունը դարձյալ չի ցանկանում խոսել այս մասին:
5-րդ կետ.”Գյուղատնտեսությունում տրված արտաժութային վարկերը վերածել դրամայինի”.սա այսօր լուրջ քննակման առարկա է, բանակցություններ են գնում բանկերի հետ, միայն նման չորս հանդիպում կայացել է ՀՀԿ խմբակցությունում:
6-րդ կետը “Նաիրիտի” վերագործարկմանն է վերաբերվում: Արդեն իսկ ստեղծել ենք ենթահանձնաժողով խնդիրը մանրամասնորեն ուսումնասիրելու համար:
7-րդ կետ. “Բացառել “Որոտան” ՀԷԿ-երի համալիր” ՓԲԸ-ի վաճառքը առանց ԱԺ հավանության”, սրան մենք միանգամից տվել ենք մեր համաձայնությունը:
8-երոդով առաջարկում են բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Ինչպես տեսնում եք տրանսպորտի վճարը չի բարձրացել:
9-րդը՝ վերացնել տնտեսական մենաշնորհները,երաշխավորել ազատ տնտեսական գործունեություն: Այս մասին առաջինը հայտարարել է վարչապետ Աբրահամյանը՝ նշանակման առաջին իսկ օրից: Մեխանիզմները մշակվում են: Սա կառավարության առաջնային խնդիրն է: Այլ բան է, որ եռյակը կարող է ասել՝ տեմպերից գոհ չենք, դանդաղ է ընթանում: Բայց ասում են՝ գործ չի արվում: Ինչպե՞ս կարելի է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն անել:
10-րդ կետով առաջարկում են ԸՕ-ում կատարել փոփոխություններ: Մենք բազմիցս ենք ասել, որ սահմանադրական փոփոխություններից հետո պետք է նաև վերանայվի Ընտրական օրենսգիրքը: Ասում ենք՝ քննարկելու ենք, արձագանքում են՝ իշխանությունը չի ուզում:
11-րդ կետն այն միակն է, որին ես դեմ եմ, ու ցանկություն չունեմ ընդհանրապես քննարկելու, քանի որ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու պահանջը համարում եմ աբսուրդ: Մարդիկ ուզում են ունենալ վերահսկողական լիազորություններ, բայց չկրել պատասխանատվություն: Իսկ եթե ուզում են վերահսկողական լծակներ, մեր դռները բաց են, թող գան ասեն՝ մենք վերցնում ենք պատասխանատվություն ու դրանով հանդերձ այս, այս լծակները տվեք մեզ: Սա այլ շեշտադրում է, միայն այդ դեպում կարող ենք հարցը քննարկել:
Եվ վերջապես, 12-րդ կետը՝ “Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև կնախտեսվի հարաբերությունների ու միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն”: Սա ՀՀԿ-ի կոչն է: Բազմիս ենք ասել՝ ԵՏՄ պայմանագիր լինի, թե ԵՄ ասոցացման համաձայնագիր, միևնույն է, եթե նրանում կհայտնվի մի կետ, որը կարող է վտանգել ԼՂՀ անվտանգությանը կամ խոչընդոտել Հայաստան -ԼՂՀ հարաբերություններին, այդ պայմանագիրը չի կարող ստորագրվել:
Ես համառոտ ամփոփեցի 12 կետերը, ինչին ընդդիմության հետ հանդիպումներում մանրամասնորեն անդրադարձել ենք: Այժմ էլ եռյակը կարող է գալ, ներկայացնել իր փաստարկները, մենք էլ՝ մերը: Բայց ընդդիմությունը նաև պետք է հստակ գիտակցի՝ սա պետություն է, որը պետք է իր քայլերն անի գնահատելով եղած հնարավորությունները:
Մենք չենք կարող մեր ժողովրդի ճակատագիրը թողնել ինքնահոսի ու ասել՝ լավ, էս մարդկանց չնեղացնելու, գլուխներս միտինգներով չծանրաբեռնելու համար՝ եկեք եռյակի բոլոր առաջարկները կատարենք, թեկուզ եթե մեկ տարի անց կանգնենք փաստի առաջ: Ուզում են, որ գնանք ուզվորությամբ նորից մեր արտաքին պարտքը ավելացնե՞նք: Նման իշխանությանը ինչպե՞ս կարող է հարգել ժողովուրդը: Ի դեպ, թող եռյակը չվիրավորվի, բայց նշածս 12 կետերի ճնշող մեծամասնությունը ՀՅԴ խմբակցությունում են ձևավորվել, ու այսօր հարթակում 12 կետերի մասին հայտարարողներից շատերն անգամ անտեղյակ են դրանց բովանդակությանը:
–Ստացվում է, որ 12 կետերը մշակող քաղաքական ուժն այսօր ոչ միայն հարթակում չէ, առնչություն չունի միտինգավորների հետ, այլև 12 կետերի չկատարման մասին հայտարարություն անողների շարքերում էլ չէ:
-Այո, որովհետև ՀՅԴ-ն մշտապես կողմ է եղել կոռուցողական մոտեցմանը: Չեմ կարող չասել, որ դեռ քառյակի գոյության ժամանակ, նրանում եղել են գործիչներ, որոնք ասել են՝ իշխանությունը հակված է գնալ լուծումների, եկեք միասին տանք այս դրական գործընթացին ընթացք: Սակայն “արմատական” թևը դեմ է եղել: Որովհետև նրանց նպատակը ժողովրդին հանրահավաքային պայքարի տանելն է: Եվ հիմա, պետք է նախ հստակեցնենք՝ մենք գործ ունենք եռյակի՞, թե՞ քառյակի հետ, որպեսզի հասկանանք, այդ կետերից ո՞ր մասը ո՞ւմ հետ ենք քննարկելու: Մենք կարող ենք դիմել ՀՅԴ-ին ու այն կետերը, որոնք նրանց առաջարկներն են, իսկ դրանք գերակշիռ մաս են կազմում, քննարկել Դաշնակցության հետ: Մյուս կետերի մասով կսպասենք եռյակի ուժերին:
-Փաստորեն, դուք կոչով դիմում եք քառյակ-եռյակին՝ գալ ընդհանուր հայտարարի, հստակեցնել սեփական անելիքը ու ցանկության դեպքում նստել իշխանության հետ բանակցությունների սեղանին՝ հիմքում ունենալով 12 կետերը:
-Այո: Բայց մինչև ՀՀԿ-ին դիմելը, կրկնում եմ, նախ թող միասնական կարծիք ձևավորեն, որովհետև ես չեմ պատրաստվում լուծել նրանց միջև եղած տարակարծությունները, ես նրանց կռիվները հաշտեցնողը չեմ: Ուրեմն, թող իրենց առանձնասենյակներում գան ընդհանուր հայտարարի, ապա հնչեցնեն հայտարարություն, թե ովքե՞ր են պատրաստ նման քննարկման, որպեսզի ՀՀԿ-ն հստակ հասկանա՝ եռյակը պետք է գա առանց ՀՅԴ-ի՞, կգան քառյակո՞վ, թե՞ ՀՅԴ-ն միայնակ կնախընտրի նստել բանակցությունների սեղանին:
-Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. նախագահի հայտարարությունից հետո ընդդիմադիրները մի տեսակ պապանձվել են, խորհրդարանական եռյակը խույս է տալիս լրագրողներից, որ ստիպված չլինի կարծիք հայտնելուց, գնահատականներ տալուց: Անակնկալի են եկե՞լ, որ երկրի առաջին դեմքը կրկին ընդառաջ է գնում իրենց պահանջներին:
-Նախագահի խոսքը հանկարծակիի է բերել նրանց: Բայց նախագահի նման դիրքորոշումը նոր բան չէ: Հիշո՞ւմ եք, երբ ընդդիմությունը սկսեց հանրահավաքները, ասում էին՝ իշխանությունը ճանապարհները կփակի, ճնշումներ կլինեն: Նախագահը ժպիտով արձագանքեց նման մտքերին: ՀՀԿ-ում կար հակառակ անհանգստությունը, մենք մտածում էինք՝ հանկարծ որևէ միջադեպ, որևէ սադրանքն չլինի, որ մարդիկ կարողանան հանգիստ կազմակերպել իրենց հանրահավաքները: Այնպես որ, ՀՀԿ-ի կառուցողական քաղաքականությունը նորություն չէ:
–Մինչդեռ քաղաքական մեծամասնության նման հանդուրժողական վերաբերմունքը ոմանք համարեցին եռյակ-ի ճնշման հետևանք, իշխանափոխության վտանգից մտահոգ քայլեր:
– Ստացվում, է որ իշխանությունն ինչ լավ գործեր անի, պիտի համարեն, թե իրենց ճնշման տակ եղա՞վ: ՀՀԿ-ն նման վախեր չունի, մենք պարզապես չենք ցանկանում, որ մեր երկրում լինեն ցնցումներ: Գիտեք, իշխանությունը կարող է արհամարհել ոչ լուրջ, ոչ հիմնավոր ելույթները, բայց դրան ևս գնալ չենք ուզում, որովհետև մեր համոզմունքն է՝ բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով:
–Նախագահը խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների մասին, նշեց, որ ժամանակի հետաձգումը քաղաքական կոնսոլիդացիայի նպատակ է հետապնդում: Կարծում եք, հանրավո՞ր է կոնսոլիդացիա ակնկալել այն ուժերից, որոնք անգամ չեն ցանկանում ծանոթանալ ներկայացված բարեփոխումների փաթեթի բովանդակությանը:
-Իրոք, ցավում եմ, որ այդ իրավիճակն է: Մարդը ոչ թե եղածի վատ ու լավն է գնահատում, այլ պարզապես մտածում է, եթե իշխանությունն է ներկայացնում, ուրեմն, իրենք պետք է դեմ լինեն: Սա լուրջ չէ: Մինչդեռ ներկայացված է հաջողված փաթեթ, ու պատահական չէ այս ընդմիջումը: Մենք նորից շարունակելու ենք քննարկումները: Չնայած հակասական տրամադրություններին, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ կկայանա այդ կոնսոլիդացիան, և այն քաղաքական ուժերը, որոնք մտածում են երկրի ապայագի մասին անպայմանորեն կգան համաձայնության:
– Եվ վերջին հարցը. ՀԱԿ-ը մեղադրեց ԲՀԿ-ին, թե վերջինս զբաղված է իմիտացիայով ու հրաժարվում է միտինգային պայքարից, չուշացավ ԲՀԿ-ի արձագանքը՝ ձեր իրավունքն է, կարող եք ցանկացած պահի միտինգներ անել: Տարօրինակ չէ՞ որ դաշնակիցները այսքան էժանագին ձևով հրապարակայնացրին իրենց ներքին հասկասությունները: Թե՞ սպասելի է, որ ոչ գաղափարական ուժի համար մարտավարական հակասություններն էլ բավարար են, որ պառակտվեն:
-Ես միշտ երազել եմ, որ իմ երկրում լինի կառուցողական, առողջ ընդդիմություն, որի հետ կարելի է արդյունավետորեն աշխատել: Սակայն ակնհայտ է, որ գաղափարական հակասություններ ունեցող այս ուժերի միասնական ճանապարհը դատատապարտված է ձախողման, ցավոք: Բայց այն, որ իրենք այդքան պարզունակ ձևով, ընդամենը մարտավարական տարաձայնությունների պատճառով բաժանվում են, անշուշտ, էժանագին է: Հազարավոր մարդկանց հավաքեցին ու նորից հուսախափ արեցին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, կարծում եմ, գիտակցեց, որ նոր հանրահավաքի անհրաժեշտություն չկա, քանի որ ասելիք չկա: Ծառուկյանը հեռատեսորեն հասկանում է, որ հանրահավաքները դատապարտված են մարելու, վերլուծում են, չէ՞, հասկանում են, որ նոր բան չկա մարդկանց ասելու: Եթե երեք ուժեր միասնական հայտարարություն չեն կարողանում անել մարդկանց նորից հրապարակ կանչելով ի՞նչ են ասելու: ԲՀԿ-ն համոզվեց, որ կարող է հիասթափեցնել մարդկանց: Դրա համար դեմ է միտինգների շարունակմանը, չի ցանկանում հանրահավաքներով առաջ գնալ, ու կարծես, նախընտրում է նախընտրական շտաբերի ստեղծման ճանապարհը, որը ես համարում եմ գործնական ու ճիշտ ուղի՝ 2017-ին ընդառաջ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄԱՆՅԱՆ












