Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Քաղաքականություն

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ

Նոյեմբեր 13, 2014թ. 23:13

Երեկ Արցախի սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում, ժամը 13։45-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ է բացել այդ պահին ուսումնավարժական թռիչք կատարող ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի վրա, խոցել այն:

Ուղղաթիռը, ինչպես կարելի էր հասկանալ պաշտոնական աղբյուրների տարածած տեղեկատվությունից, ընկել է այսպես ասած՝ «չեզոք գոտում»: Համենայն դեպս հաղորդվում է, որ թշնամին սկսել է ինտենսիվ գնդակոծել ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ հայկական կողմից մոտենան մեր օդաչուներին: Ցավոք, ՄԻ-24-ի անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ լեյտենանտ Ազատ Սահակյանը զոհվել են:
Նկատենք, որ չնայած ադրբեջանական կողմն այս տարիներին ամենատարբեր սադրանքների, այդ թվում՝ մեծ ուժերի ներգրավմամբ դիվերսիաների է դիմել, սակայն վերջին 20 տարիների ընթացքում սա նման առաջին դեպքն է, երբ հարձակում է կատարվում ուղղաթիռի վրա:

Միջադեպից քիչ անց, անդրադառնալով կատարվածին, պաշտպանության նախարարության խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ, եւ իրենք պատասխանել են:

Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռն արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաեւ թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն եւ կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:

Տեղի ունեցածի վերաբերյալ ու միաժամանակ ադրբեջանական կողմի դրսեւորած ստորության ու նենգության լրացուցիչ մանրամասներ բացահայտվեցին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հայտարարությամբ, մասնավորապես. «Ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել, չի պարունակել զինամթերք եւ ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել: Ուղղաթիռը որեւէ վտանգ չի ներկայացրել հակառակորդին: Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից, եւ սա հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի դեմքն ու մոլագարության այն աստիճանը, որ կա այդ երկրում: Նրանք կարողանում են հարվածել միայն թիկունքից` այն էլ անզեն ուղղաթիռին»:

Անհանգստության առաջին արտահայտությունները հնչեցին նաեւ ԵԱՀԿ-ից: Մասնավորապես գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ նշել է. «Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար»:
Բնական է, որ արձագանքներ դեռ շատ կլինեն: Հասկանալի է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս լռությամբ չեն շրջանցի այս խոշոր սադրանքը: Ողջ հարցն այն է, թե ինչ ուղղությամբ կընթանան հաջորդող զարգացումները: Պարզ է մի բան. Հայաստանն ու Արցախը սա անպատասխան չեն թողնելու:

Այս պահի դրությամբ եղած տեղեկատվությունը թույլ է տալիս մի քանի ընթացիկ ընդհանրացումներ անել: Ամենից առաջ ակնհայտ է, որ կատարվածը ադրբեջանական կողմից նախօրոք ծրագրված գործողություն էր, այլ ոչ թե շփման գծում ծագած իրավիճակի անակնկալ հանգուցալուծում:
Բանն այն է, որ այս օրերին ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերը «Միասնություն-2014» լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ էին անցկացնում, որոնցում ներգրավված էին մի քանի տասնյակ հազար զինվորականներ, մեծ թվով ռազմական տեխնիկա: Զորավարժությունները, դատելով դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունից, անցնում էին ըստ նախատեսվածի: Միանգամայն հնարավոր պետք է համարել, որ ադրբեջանական կողմը, հասկանալի պատճառներով, փորձելու էր որոշակիորեն ստվերել ԼՂՀ ու ՀՀ զինված ուժերի համատեղ զորավարժությունները: Այսինքն՝ հավանական է, որ կատարված սադրիչ ու նենգ հարձակման զուգահեռ նպատակադրումներից մեկը հենց այդ մղումն է եղել՝ դրանից բխող քարոզչական ու հակաքարոզչական դրսեւորումներով հանդերձ:

Կարծում ենք, հայկական ուղղաթիռից բացի, ադրբեջանական կողմի կրակոցների հիմնական թիրախը բանակցային գործընթացն է: Ակնհայտ է, որ այդ գործընթացում վերջին շրջանում արձանագրված «հանդիպումային» տեղաշարժը ադրբեջանական իշխանությունների համար ցանկալի տարբերակ չէ: Բայց Ալիեւը չի կարող բացեիբաց հրաժարվել միջնորդների նախաձեռնած հանդիպումներից, ուստի ամեն անգամ կազմակերպվում է որեւէ ծանր սադրանք:

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակ դիմում ապակայունացման, այնպիսի քայլերի, որոնք իսկապես կարող են եթե ոչ լայնածավալ պատերազմ, ապա առնվազն «միջադեպ» ասվածը գերազանցող մարտական գործողությունների վերածվել: Պատճառները, իհարկե, շատ կարող են լինել:

Դժվար է ասել, թե Ալիեւը ինչ հաշվարկներ է կառուցել, փոխարենը միանգամայն պարզորոշ է, որ նա, հերթական անգամ, կրակի հետ է խաղում: Դա իսկապես վտանգավոր խաղ է, հատկապես նրա համար, ով նստած է նավթի տակառի վրա:

«Հայոց Աշխարհ»-ը ցավակցում է զինվորականի իրենց պարտքը կատարելու ժամանակ զոհված մեր ռազմական օդաչուների մերձավորներին ու հարազատներին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն