Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանն անժամկետ հացադուլով ԵԱՀԿ-ից պահանջում է լուրջ քայլեր՝ ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման համար.tert.am

Նոյեմբեր 17, 2014թ. 20:48

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է սկսել՝ «ԵԱՀԿ, տե՛ր կանգնիր մանդատիդ, վերադարձրե՛ք մեր սպանված 3 օդաչուներին» պաստառով: Tert.am-ին նա ասաց, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ ադեկվատ պահվածքի հետևանքով է, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 տղաները դեռևս գտնվում են ուղղաթիռի անկման վայրում:

«Արդեն օրեր են անցել, որևէ լուրջ գործողություն չեն իրականացրել, և տղաները մնում են այնտեղ ընկած: ԵԱՀԿ-ն պետք է արագ կապվի երկու երկրների իշխանությունների հետ, արագ միջոցներ կիրառեն, որ Կամիր խաչը կամ մեր զինվորները մոտենան և տղաներին դուրս բերեն: Բայց ԵԱՀԿ ներկայացուցիչները միայն անադեկվատ հայտարարություններ են անում ու զրույցներ ունենում պաշտոնյաների հետ: Որևէ լուրջ քայլեր չենք տեսնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ենթադրվում է, որ ուղղաթիռի անձնակազմը զոհվել է:

Հարցին, թե ըստ նրա՝ որն է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, արդյո՞ք որևէ միտում տեսնում է սրանում, Երևանի ավագանու անդամը պատասխանեց. «Երևի իրավիճակը լավ չեն պատկերացնում, եթե պատկերացնեին, կհասկանային, որ իրենց քայլերի ուշացումը կարող է հանգեցնել լուրջ պատերազմի ու իրենք ձախողված մանդատներով Հայաստանից պետք է թողնեին՝ գնային: Այդ ժամանակ գոնե Հայաստանն իր գործը կանի: Այդ ժամանակ մենք մեր գործը կանենք շատ հստակ ու դիպուկ, բայց, իհարկե, մեզնից որևէ մեկը չի ուզում, որ պատերազմ սկսվի»։

Դավիթ Սանասարյանը բացառեց նաև, որ Ադրբեջանը որևէ կերպ ճնշում գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. «Պարզապես նրանց ձեռքը հեռու է զարկերակից, որ գան, այստեղ սահմանին մի քիչ երկար մնան, կհասկանան, որ իրենք շատ հարցերում ձախողվում են»:

Հարցին, թե իր բողոքը ուղղված չէ՞ նաև Պաշտպանության նախարարութանը, Դավիթ Սանասարյանը ոչ միայն բացառեց, այլ նաև կոչ արեց ՊՆ-ին չշտապել որևէ հարցում:

«Իհարկե, կարող են մերոնք մտնել՝ տղաներին դուրս բերել, բայց էլի ունենանք զոհեր ու կորուստներ: Միգուցե ադրբեջանցիները տասնապատիկ ավելին ունենան, բայց ես չեմ ուզում, որ կորուստներ լինեն: Իմ ցանկությունը մեկն է, որ ադեկվատ քայլերի արդյունքում կարողանանք դուրս բերել մեր երեք տղաներին»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ տեղյակ չէ, թե կա՞ն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն միանալ իրեն, բայց նաև կոչ արեց, որ որևէ մեկը չդիմի այս ծայրահեղ քայլին:

«Կոչ կանեմ, որ որևէ մեկը չմիանա ինձ ու նման քայլի չգնա: Հացադուլը ծայրահեղ միջոց է: Իմ կոչը հետևյալն է՝ լինել ադեկվատ և ինչ-որ հայտարարություններ տանը չանել՝ «ՊՆ-ն այս պետք է անի, այն մեկը այն պետք է անի»: Թող ազատ ինձ ծաղրեն, գիտեմ, որ շուտով դա էլ է սկսվելու, բայց մարդիկ ազատ են դրանում: Բայց ես խնդրում եմ, որ չդրդեն ՊՆ-ին որոշ քայլերի, վերջինս էլ գնա հասարակական պահանջը բավարարելու: ՊՆ-ն իր քայլը անելու է, բայց չեմ կարծում, որ պետք է դրդել, որ խոշորամասշտաբ գործողությունների գնա»,-ընդգծեց նա:

Դավիթ Սանասարյանը նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցները մոտեցել են իրեն ու տեղեկացրել, որ դեսպանը տեղում չէ, հետաքրքրվել խնդրով ու հեռացել:

Նշենք նաև, որ չնայած եղանակային պայմաններին, Դավիթ Սանասարյանը գիշերելու է գրասենյակի մոտ:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն