Գլխավոր » Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Հեքիաթ է, թե միջազգային կառույցները զբաղված են խաղաղության պահպանմամբ

Նոյեմբեր 26, 2014թ. 22:35

Հարցազրույց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ

-Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում ու մեր շուրջ լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս. իրազե՞կ ենք, գիտակցո՞ւմ ենք արդյոք, թե ի՞նչ ՙխաղ՚ է ծավալվում մեր շուրջը, ի՞նչ վտանգների ու մարտահրավերների առաջ են կանգնած հայկական երկու պետությունները:

-Սա կարևոր հարցադրում է, սակայն մեր շուրջը ստեղծված իրավիճակը գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում աշխարհում: Իսկ աշխարհում հսկայական բախում է, պայքար, շատերը համարում են, որ երրորդ համաշխարհային պատերազմն սկսվել է, և դա իրականություն է: Պարզապես պատերազմող կողմերը շատ անգամ իրար հետ կռվում են ոչ թե տաք զենքերով, այլ, օրինակ կազմակերպում են գունավոր հեղափոխություններ, որոնց արդյունքում երկրներ են ավերվում, զոհերի քանակը կարող է գերազանցել լայնածավալ պատերազմի զոհերի թվին:

Մեկ այլ զենք է նաև երկրներում քաոսի ստեղծումը, ատելության սերմանումը: Այսօր նման իրավիճակ է նաև Հայաստանում, կարծես բոլորը բոլորի դեմ պատերազմում լինեն, մարդիկ չեն կարողանում մի հարցի շուրջ հանգիստ քննարկում ծավալել, միանգամից հնչում են ծայրահեղ գնահատականներ, մարդիկ չարացած են: Այստեղ խոսքը սոցիալական անարդարության մասին չէ, այլ այն, որ աշխարհաքաղաքական հիմնական ուժերը գտնվելով բախման մեջ, տարբեր երկրներում, նաև Հայաստանում, իրենց բանակներն են ստեղծում ու դրանց լարում իրար դեմ: Մենք դառնում ենք ուրիշի ձեռքի գործիքը և մասնակցում ներքին բախումների:

Իսկ հիմա հասկանանք, թե հանուն ինչի՞ է գնում այս պատերազմը:

Աշխարհը կառավարում է մարդկանց մի շրջանակ, որոնք իրենց ձեռքում կուտակել են հսկայական հարստություն, երկրներին դարձրել իրենց խաղալիքը՝ թելադրելով իրենց կամքը, նպատակը մեկն է՝ ամեն գնով պահպանել և ուժեղացնել այդ համակարգը: Իսկ դրա համար հարկավոր է ավելի մեծ հարստություն կուտակել ու ոչնչացնել այն, ինչ կխանգարի իրենց նպատակներին: Ժողովուրդները վաղուց են հասկացել, որ ինչ-որ բան է կատարվում, որ իրենց ողբերգությունների մեղավորը փող և իշխանություն կուտակող աշխարհի տիրակալներն են, որոնք կամակատար երկրներին թելադրում են ՙարժեքներ՚, որոնք աշխատում են հօգուտ այդ համակարգի ամրապնդման:

Այսօրվա քաղաքակրթական մոդելն է՝ մարդը պետք է ձգտի հարստության ու հաճույքների, ասում են՝ դրա համար է աշխարհ եկել: Այս դեպքում տիրակալների գործունությունը դառնում է տրամաբանական՝ այսինքն, բոլորը կուտակում են, իսկ իրենք կուտակում ենք ավելին: Շատերը ԱՄՆ-ին են համարում աշխարհի բոբո ու թելադրողը: Բայց տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ևս անում է քայլեր, որոնք չեն բխում իր իսկ շահերից, կնշանակի ԱՄՆ-ը ինքն էլ է թելադրվում է այդ տիրակալների համակարգի կողմից, որի դեմ այսօր ելել է ամբողջ աշխարհը: Օրինակ, Չինաստանն ու Հնդկաստանը վարում են ուրույն քաղաքականություն, զգուշավոր քայլեր են անում ընդդեմ այդ կարգի: Ռուսաստանը շատ ավելի բացահայտ պայքարի է դուրս եկել: Պայքարի մեջ են Լատինական Ամերիկայի երկրները, բայց ավելի պակաս տուրուդմբոցով, որովհետև նրանց մոտ այդ ջարդուփշուրը եղել է 20 տարի առաջ, հիմա նրանք ավելի ամրապնդվել են ու ԱՄՆ-ը ստիպված է նրանց հետ հաշվի նստել:

Եվրոպայում կատարվող ըմբոստությունները ևս վերջին հաշվով ուղղված էին այդ համակարգի դեմ: Ուրեմն, ժողովուրդները պետք է գտնեն նոր քաղաքակրթական մոդել, ելք` աշխարհը տնտեսական, ֆինանսական, քաղաքական, ռազմական, էկոլոգիական ճգնաժամից հանելու համար:

Ի՞նչ անել:Այդ ելքը կարող է լինել Եվրոպա-Ռուսաստան դաշինքը: Ռուսաստանը վաղուց հակում ունի դեպի Եվրոպա, դեռ Պետրոս Առաջինի ժամանակներից: Այդ դաշինքը վերջին տարիներին սկսեց ուրվագծվել, սակայն ԱՄՆ-ը ամեն ինչ արեց, որ այն չկայանա: Ավելին՝ թշնամանք սերմանեց նրանց միջև: Եվ այսօր ԱՄՆ-ի նման գործողությունները հանգեցնում են նրան, որ աշխարհի առաջատար պետություն է դառնում Չինաստանը: Ես չեմ կարծում, որ սա բխում է ԱՄՆ շահերից, չէ՞ որ ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանը մեկ այլ արժեհամակարգ է: Բայց, կարծես թե, այդպես է որոշվել համաշխարհային կառավարման օղակում, որ ընկնող ԱՄՆ-ին պետք է փոխարինելու գա Չինաստանը:

Դառնանք մեզ: Այն, ինչ կատարվում է Հայաստանում ու հարևան երկրներում պետք է դիտարկել համաշխարհային զարգացումների տրամաբանության մեջ: Ինչպես Ռուսասատանը, այնպես էլ մենք ու մյուսները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձել են արտաքին կառավարման երկրներ: Վրաստանը ներքաշվեց օսական պատերազմում, որը նրան բոլորովին հարկավոր չէր, բայց պետք էր ԱՄՆ-ին: Նույնը կատարվեց Ուկրաինայի հետ, հայտնվեց մի տեղ, ուր նրան մղեց արտաքին կառավարման տակ գտնվող իր էլիտան: Ռուսաստանը ևս թելադրվող երկիր է: Եվ այսօր այն, ինչ կատարվում է Ռուսաստանում` ապստամբություն է ընդդեմ արտաքին կառավարման:Այս երկիրը փորձում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները որպես խոշոր տերություն:

-Այսինքն, դուք մերժում եք արևմտամետների այն պնդումները, թե Ռուսաստանն ինքն է դարձել, մասնավորաբար, հետխորհրդային երկրներին, այդ թվում և Հայաստանին, թելադրող տերություն: Եվ ահա այդ “թելադրանքի” արդյունում ՝ անդամակցելով ԵՏՄ-ին մենք ամբողջությամբ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը:

– Էժանագին պնդումներ են, թե Ռուսաստանը Հայաստանին թելադրող է, այդպես չէ, որովհետև նույն Ռուսաստանն է թելադրվում: Նման հարց հնչեցնողները չեն ուզում տեսնել մեծ “գերանները”: Բերեմ մեկ օրինակ. ո՞վ է գրում մեր ծրագրերը, դրանք ստեղծվում են նախարարություններին կից ԾԻԳ-ում: Եվրոպան, ԱՄՆ-ը մեզ ասում են՝ ուզում ենք ձեզ օգնել, որպեսզի դառնաք առաջադեմ երկիր: Իսկ օգնությունը կայանում է նրանում, որ մեզ տալիս են մեծաքանակ վարկեր, որպեսզի նախարարություններին կից բացենք ԾԻԳ-եր, որոնք հլու-հնազանդ կատարում են դրսի կամքը, ստանալով հսկայական աշխատավարձեր` մշակում են դրսի համար ցանկալի ծրագրեր: Դրանց արդյունքում կորցրինք մեր գիտությունը, մեր արդյունաբերությունը, ներդրեցինք Բոլոնյան համակարգն ու քանդեցինք մեր դպրոցը: Նույն ծրագրով ստեղծում ենք էլիտար դպրոցներ, սա խայտառակություն է, այսինքն մեր երեխաներին բաժանում ենք էլիտար-ոչ էլիտարի, իսկ նպատակը անգլոսաքսոնական քաղաքակրթական մոդելի համար սպասարկող անձեր բուծելն է: Նրանք տանում են մեզանից մեր տաղանավոր երեխաներին:

Ես ավերիչ ծրագրի մեկ օրինակ բերեցի, բայց դրանք տասնյակներ են: Ձեր նշած “արևմտյան-անկախականներից” որևէ մեկը այս հարցը բարձրացրե՞լ է: Իհարկե՝ ոչ: Հակառակը, սա համարում են հրաշալի օգնություն, որի հաշվին մեր երկիրն ավերվում է: ԵՏՄ անդամակցումը ինքնիշխանության կորուստ համարողները երբևէ բարձրաձայնե՞լ են, որ մեր դատական համակարգի բարձրագույն մատյանը Եվրոդատարանն է: Եթե ԵՏՄ-ում մեր հարցերը կոնսենսուսով են լուծվում, մեր ներկայացուցիչն այնտեղ նստած է ու քվեարկելու է, ապա Եվրոդատարանում մենք չնայած ներկա ենք, բայց իրականում չկանք, քանի որ մեր դատավորը մեր գործերը չի քննում, այլ մեկ ուրիշ երկրի գլխին է կարգվել ավագ դատավոր:

Կնշանակի այս համակարգում մենք չկանք ու մեր գլխին դատավոր ենք կարգել ուրիշ դատական ատյանի: Կարող եմ բերել նման հարյուրավոր օրինակներ` բանկային համակարգում, տեղեկատվական դաշտում տիրող վիճակի մասին, սրանք գտնվում են արտաքին կառավարման տակ: Չնայած հայերս որպես ժողովուրդ զգուշավոր ենք, նույնիսկ այն քաղաքական գործիչները, որոնք տրվել են այս ու այն կողմին՝ զգույշ են, սակայն միևնույն է, պետք է արձանագրենք, որ Հայաստանը մանիպուլյատիվ դաշտում է:

-Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը չի դադարում քննարկվել “ո՞ւմ էր ձեռնտու” հարցադրման հարթության մեջ: Եվ ինչպես միշտ, մի կողմը գտնում է, որ կատարվածում Ռուսաստանի մատն է խառը, որի՝ Ադրբեջանին վաճառած զենքն աշխատեց Արցախի դեմ, մյուս կողմից ասվում է՝ սա կրակոց էր ուղղված Ռուսաստանին, հրահանգողը Արևմուտքին էր, նպատակներից մեկը՝ ԵՏՄ գործընթացին վնասելը:

-Այս միջադեպը ձեռնտու չէր Ռուսաստանին, բացատրեմ, թե ինչո՞ւ: Այսօր փոխվել է Ադրբեջանի հանդեպ ռուսական քաղաքականությունը: Նախ, Իհլամը սկսել է ընկալել, որ չնայած ինքը սրբազան եռյակի` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իզրայել, հարազատ տղան է, բայց նրանք կարող են անգամ իրենց հավատարիմ մարդկանց զոհաբերելխ: Հասկացել է, որ իր հանդեպ տարվում է այն նույն քաղաքականությունը, ինչ Թուրքիայում` Էրդողանի հանդեպ:

Կարծում եմ, ռուսներն էլ Ալիևին օգնեցին, որ գա նման եզրակացության: Երկրորդ, Ռուսաստանն այսօր պայքարի մեջ է փողի աշխարհակարգի պահապան ԱՄՆ-ի հետ, հետևաբար, ձգտում է ստեղծել իր ազդեցության տարածքը: Խոսքը նախ և առաջ հետխորհրդային հանրապետությունների մասին է: Ուզում է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը իր հետ կապված լինեն: Ու եթե Ռուսաստանը փորձում է այդ երկրներին համախմբել որպես դաշնակիցներ, նրանց միասին տեսնել մեկ ընդհանուր տնտեսական տարածքում, ինչպե՞ս կարող է շահագրգռված լինել ԼՂ հակամարտության շիկացմամբ: ԼՂ հակամարտության սրացումը ձեռնտու է ամերիկացիներին, բայց ոչ Ռուսաստանին:

Ես կարծում եմ, որ ուղղաթիռի դեպքը և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի համար եղել է պատահականություն. մեր ուղղաթիռը պատահաբար է այդքան մոտեցել շփման գծին, մյուս կողմից էլ Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցումը եղել է պատահական: Մեզ պետք չէր նման միջադեպ: Համոզված եմ, որ այս դեպքով շահագրգռված չէր նաև Ադրբեջանը: Հետևաբար, չեմ կարծում, որ այն հրահանգված էր Բաքվից: Կան պատճառներ, որոնք ինձ թույլ են տալի հանգել նման մտքի: Երբ զինվորը տեսնում է, որ իր դիրքին մոտենում է ուղղաթիռը` խփում է: Այսինքն, զինվորը կարող էր դա անել իր անմիջական հրամանատարի հրամանի համաձայն: Նա հաստատ չի զանգել Ալիևին ու հարցրել` հայկական ուղղաթիռները մոտենում են՝ կրակե՞մ: Բայց Ալիևը կարող էր նաև նախնական հրահանգ տված լիներ՝ ուշադիր եղեք, հենց հայկական ուղղաթիռները մոտենան` խոցեք: Սակայն ես պնդում եմ, որ դա այդպես չի եղել, հետևելով դեպքից անմիջապես հետո եղած արձագանքներին: Առաջինը, ադրբեջանական մամուլում ես չտեսա այն “ուռա”-ն, այն ոգևրորությունը, թե հերոսական ադրբեջանական բանակը խոցել է հայկական ուղղաթիռը: Այս անգամ տոնայնությունն այլ էր, նրանք փորձում են արդարանալ, իհարկե, մեզ մեղադրելով: Երկրորդ, նամակը ռուսաց թագավորն առաջինը գրեցին ադրբեջանցիները ու խնդրեցին ռուսներին միջամտել: Բայց եթե անգամ ընդունենք, որ միջադեպը մտածված էր ու Բաքվից եղել է հրահանգ, ապա Ադրբեջանն իրեն դրել է շատ խոցելի, բարդ վիճակում, որովհետև Ղարաբաղն ունի հակաօդային պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ու ադրբեջանական ցանկացած ինքնաթիռ, որը կմոտենա Ղարաբաղի սահմանին, կարող է խոցվել, ինչին Ադրբեջանը պատասխան չի ունենա: Հակված չեմ նաև մտածելու, որ սա միջադեպ էր ԵՏՄ գործընթացին խանգարելու համար, այդ գործողության մեջ ես աշխարհաքաղաքական ենթատեքստ չեմ տեսնում:

Ձեր հարցում կար նաև Ադրբեջանին վաճառված ռուսական զենքի մասին: ԱՄՆ-ը և’ այստեղ, և’ ցանկացած երկրում ունի իր բանակը՝ մարդիկ, ովքեր սպասարկում են նրա շահերը: Ու այսօր այդ խումբը ցանկացած բան գտնում է հարվածելու Ռուսաստանին: Դրանցից մեկն էլ զենքի վաճառքն է Ադրբեջանին: Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ ոչ մի երկիր զենք չվաճառի Ադրբեջանին, դա կլինի լավագույնը: Բայց եթե Ադրբեջանը զենք գնելու է, ապա մեզ համար ձեռնտու է, որ գնի ոչ թե մեկ այլ երկրից, այլ Ռուսաստանից, որովհետև տոտալ պատերազմի դեպքում մեր ռազմավարական դաշնակիցը պարտավոր կլինի օգտագործել կոդային համակարգի իր իմացությունը և անել այնպես, որ զենքերը չգործեն Հայաստանի դեմ: Այսքանը:

-Հայկական ուղաթիռի խոցումը միտված չէ՞ր լայնածավալ պատերազմ սկսելուն:

-Ոչ, որովհետև դրան ոչ Ադրբեջանն է պատրաստ, ոչ Հայաստանը, պատրաստ չեն նախ հոգեբանորեն: Եթե կողմներից որևէ մեկը դա ցանկանա, ապա այն կարող է տեղի ունենալ: Իսկ ծավալուն պատերազմ սկսելու համար պետք չէ անպայման ուղղաթիռ խփել, այլ առիթներ միշտ էլ կան ու կգտնվեն:

Լարվածության այս պահին, մանավանդ երբ դեռ շփման գծից դուրս չեն բերվել խոցված ուղղաթիռի մեր երեք օդաչուները, երբ Բաքվից հնչում են ագրեսիվ հայտարարություններ`”ՙթույլ կտանք վերցնել օդաչուների դիակները, երբ Ադրբեջանը հարկ համարի”, ի՞նչ պետք է ակնկալել Ռուսաստանից, որպես ռազմավարական դաշնակցի:

-Ռուսաստանը, ելնելով իր քաղաքական շահերից, քանի որ ուզում է երկու կողմերին ներգրավել իր տարածքում և իրեն ձեռնտու չէ հրահրել հայ-ադրբեջանական առճակատում, պետք է ստանձնի խաղաղեցնողի դեր ու գտնի լուծումներ: Մասնավորաբար, զոհվածների մարմիները պետք է արագ վերադարձվեն: Բայց թե ի՞նչ գործոններ են այս պահին դերը խաղում ու ի՞նչն է նման կարծր դիրքորոշման պատճառը` ես դժվարանում եմ ասել: Կարծում եմ, սա Ադրբեջանում տասնամյակներով քարոզվող հակահայականության դրսևորվում է:

Միջազգային կառույցներն ապացուցեցին, որ օդաչուների դիերը վերցնելու հարցում անկարող են քայլեր անել: Ոչ պակաս տարօրինակ էր այն, որ ԵԱՀԿ առաքելությունը փոխարենը հայկական ուղղաթիռի խոցման վայրում դիտարկում անցկացնելու, դիտարկեց Ասկերանի ուղղությամբ, որովհետև Կասպրշիկի խումբն ուղղակի ընկրկեց Բաքվի՝ ՙթույլ չենք տա՚ պահանջի առաջ: Ինչո՞ւ Ադրբեջանի հանդեպ կոշտ քայլեր չեն ձեռնարկվում:

-Միջազգային կառույցները գործիքներներ են այն աշխարհակալ համակարգի, ինչի մասին խոսեցի: Իսկ այդ կառույցների խնդիրները բոլորովին այլ են, նրանք չունեն խաղաղություն ապահովելու խնդիր: Թվում է, թե խաղաղությունը պահպանվում է նրանց ջանքերով, ամենևին այդպես չէ:

Դա հեքիաթ է, շիրմա՝ ժողովրդներին ասելու, թե զբաղված են խաղաղության պահպանմամբ: Ոչ մի հետաքննություն չի պահանջում զոհվածների մարմիների վերադարձը, ուրեմն, ինչո՞ւ դա չեն կարողանում անել: Նշանակում է ամեն մեկը ինչ-որ գործառույթների մեջ է ու այս վիճակը խաղարկում են ի շահ իրենց: Իսկ մենք վարդագույն ակնոցներով անդադար նայում ենք միջազգային կառույցներին որպես խաղաղություն փնտրող- հաստատողներ, օրենք կերտողներ, նման բան գոյություն չունի: Մենք պետք է հասկանաք, որ ապրում ենք գիշատիչ աշխարհում, ուր ամեն մեկն իր շահն է առաջ տանում, օգտագործելով մյուսի ողբերգությունը: Դրա համար մենք ինքներս պետք է գործենք:

-Ուրեմն, ի՞նչ քայլեր պետք է կատարեն հայկական երկու պետությունները:

-Բանակը, իհարկե, պետք է պատրաստ լինի տարբեր գործողությունների, որովհետև Ադրբեջանը, փաստորեն, համաձայնել է նման պատերազմի, այն է՝ խոցել ցանկացած թռչող օբյեկտի: Նույն կերպ կարող է գործել հայկական կողմը: Մեր զինվորականները կարող են շատ ավելի հետաքրքիր լուծումներ ունենալ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել: Բայց միայն բանակի վրա չպետք է թողնել հարցերի լուծումը, կան բազմաթիվ այլ՝ քաղաքական, դիվանագիտական քայլեր: Դրանցից է՝ Ադրբեջանը մեկ այլ համակարգի վերածելը:

Մենք կարող ենք հասնել նրան, որ հանձին Ադրբեջանի ունենանք վերափոխված հարևան, մի երկիր ուր ժողովուրդները կապրեն ազատ, չի լինի թշնամանք: Մյուս ճանապարհը այդ ագրեսոր երկրի կազմաքանդումն է, կան դրան հասնելու տարբեր գործիքներ ևս: Եթե Ուկրաինայի պես երկիրը վերածեցին քաոսի, ինչո՞ւ հնարավոր չէ Ադրբեջանին այլ երկիր դարձնել: Ժամանակին մենք կարող էինք Ադրբեջանը այլ երկիր վերածելու հարցը քննարկել Ռուսաստանի հետ, 1992-93-ին Ռուսաստանն այս հարցում մեր մեծ դաշնակիցն էր: Ասեմ ավելին`դա ծրագիր էր ու կատարվելու էր Հեյդար Ալիևի հետ համագործակցված: Բայց Հայաստանը հետ քաշվեց, որովհետև ԱՄՆ-ը մեզ խոստացավ հիմնախնդիրը արագ, խաղաղ ու նպաստավոր լուծել: Եվ այն ժամանակվա ղեկավարությունը դա ընդունեց ու մինչև այսօր սպասում ենք այդ խաղաղությանը:

Բայց մենք այսօր ևս պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանը պատրաստ էր Ադրբեջանի վերափոխման ծրագրի իրականացմանը: Մինչդեռ ի՞նչ կատարվեց. մեկ տարի առաջ մեր ղեկավար այրերից մեկը ՌԴ ուղարկեց իր սեփական ձուկը վաճառողին ու նրան կարգեց որպես Հայաստան-Ռուսաստան կարևոր հարցեր լուծող քաղաքական գործիչի: Եվ ահա, լուրջ գործ անելու փոխարեն աշխատեց այս տրամաբանությունը՝ քեզ ձկից ստացված եկամուտը, ինձ՝ Ռուսաստանի միջոցները: Եթե ձկան առևտրով զբաղվողը պետք է հայ-ռուսական հարաբերություններում գործի, էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ ընկնում ենք կրակն ու չգիտենք ինչ անել:

Մենք պետք է սեփական հարցերը լուծենք, վարենք սեփական քաղաքականություն և չսպասենք, թե արտաքին “քեռիները” մեզ ի՞նչ կասեն: Իսկ նրանք այլ բան չեն ասում, քան նպաստում, որ երկու ժողովուրդները անդադար իրար դեմ ելնեն ու իրար սպանեն: Այս խնդիրն իր հանգուցալուծում պետք է ստանա, իսկ դրա համար տասնյակ քայլեր կան, բայց դրանով պետք է զբաղվել, աշխատել է պետք: Իսկ նրանք ովքեր մտահոգված են, թե ի՞նչ կասեն միջազգային կառույցները, վստահ եղեք՝ կնայեն ու կմտածեն` հայերի քաղաքական մակարդակը աճել է, ուրեմն նրանց հետ հարկավոր է ավելի բարյացակամ լինել և լրջորեն հարաբերվել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն