Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ձեռնտու չէ միայն մեզ շրջափակող հարևանին
Այսօր Ազգային ժողովի ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալե թեմայի շուրջ: Լսումներին հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փոստանջյանական շոունը ձախողվեց
Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ջատագով պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Թևան Պողոսյանը դեռ օրեր առաջ էին ՙՀայոց Աշխարհ՚-ի հետ զրույցում ընդգծել, որ անհամբերությամբ սպասում են ԵՏՄ անդամակացման թեմայով լսումների անցկացմանը խորհրդարանում: Սակայն այդ սպասման նպատակը ոչ թե այն բոյկոտելն է կամ ինչ-ինչ ուժերի դուր գալու համար ԱԺ ամբիոնը քաղաքական շոուի վերածելը, այլ ճիշտ հակառակը՝ լսումները օգտակար, բովանդակային քննակման վերածելը:
Երեկ խորհրդարանում սկսված լսումների ընթացքը, իրոք, ցույց տվեց, որ կա առողջ քննակման տրամադրվածություն: Նման ընթացքը դուր չեկավ արևմտյան կողմնորոշման ջատագով ՙԺառանգության՚ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ու որոշեց սովորութի համաձայն իրավիճակ պղտորել՝ հայատարարելով. <ՌԴ-ն պուտինյան ղեկավարության չեկիստական պետության է վերածվել, այդ անդամակցությունը որևէ օգուտ մեզ չի տալու, այս պետությունը մեզ համար հուսալի տնտեսական պարտնյոր չի կարող լինե>՚: Ջանալով հնարավորինս դուր գալ արևմտյան տերերին, Փոստանջյանն այնքան էր ոգևորվել, որ անտեսեց ու դեմ գնաց անգամ սեփական կուսակցապետի նախօրեին կայացրած որոշմանը, այն է՝ այլևս չանդրադառնալ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման խնդրին: Այս մասին խոսելուց հետո էլ դարձավ ու պետական դավաճան որակումը շպրտեց բոլոր նրանց հասցեին, ովքեր ՙկհամարձակվեն՚ դեմ գնալ տիկնոջ կոչ-պահանջին ու կվավերացնեն ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցման պայմանագիրը: Դահլիճից լսվեց համարժեք հակադարձումը.<Մեկն էլ քեզ անվանի ԱՄՆ ագենտ>:
<Պորտից ներքև չիջնել ու կոռեկտ խոսել>,- Փոստանջյանին փորձեց հանդարտեցնել նիստը նախագահող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: <Դա էլ մեր դժբախտությունն է, ի՞նչ անենք>,- լսվեց մյուս նախագահողի՝ Արտակ Զաքարյանի ձայնը: Իսկ ամբիոնին մոտեցած պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթը սկսեց հոգոց քաշելով.<Ի՜նչ ցավալի կլիներ, եթե 2013թ. նախագահի ընտրություններին հաղթեր Րաֆֆի Հովհաննիսյանը>:Բարեբախտաբար փոստանջյանական շուոն կարճ տևեց, քանի որ մնաց անարձագանք՝ անտեսվելով ներկաների կողմից:
Հայաստան, Վրաստան, Իրան հարաբերություններին ԵՏՄ եռյակն ասել է՝ այո
Հայաստանը պատրաստվում է անդամակցել մի կառույցի, որի լիդեր երկիրը՝ Ռուսաստանը գտնվում է արևմտյան տնտեսական պատժամիջոցների տակ, հաշվարկե՞լ ենք ռիսկերը, ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա: Անդամակցում ենք մի միության, որի երկու երկրները՝ Ռուսաստանն ու Բելոռուսը զինում են մեր հակառակորդին՝ Ադրբեջանին: Ի՞նչ է տալու այս պայմանագիրը Հայաստանին, ո՞ր ուղղությունները են մեզ համար լինելու գերակա:
Մտահոգությունների բարձրաձայնումը հնարավորություն տվեց քննարկմանը ներկա կառավարության անդամներին ներկայացնել մանրամասներ ու դրանով իսկ փարատել արտահայտվող անհանգստությունները: Մասնավորաբար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, թե իր հարցադրումներով ինքն ամենևին նպատակ չունի սրել իրավիճակը, պարզապես, ցանկանում է, որ մեր հասարակությունը իրապես տեղյակ լինի, թե ինչի՞ն է դեմ, և ինչի՞ն կողմ:<Ես միշտ դեմ եմ եղել ՙպլանկան՚ իջեցնել ու քննարկել՝ Ռուսաստանին դեմ ե՞նք, թե՞ կողմ: Այստեղ Ռուսաստանին դեմ, կողմ լինելու խնդիր չկա, նման մոտեցումն անհեթեթ է: Հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք շահում կամ ինչի՞ց ենք զրկվում այս անդամակցմամբ>:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նախ բոլորի համար հստակ ու պարզ հայտարարեց. Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ձեռնտու չէ, այն պետությանը, որը ուզում է Հայաստանը շրջափակման մեջ պահել: Ապա անդրադարձավ արևմտյան պատժամիջոցների ազդեցության հարցին, նկատելով՝ Ռուսաստանի առևտրատնտեսական ներուժն այնքան մեծ է, որ պետք չէ վախենալ, թե պատժամիջոցների հետևանքով երկիրը վերջնականապես գահավիժելու է, չմոռանանք, Ռուսատանը հզոր երկիր է ու կայուն կմնա:
Ի՞նչ է տալիս անդամակցումը Հայաստանին. <Տալիս է երեք պետությունների հետ ավելի դյուրին ապրանքաշրջանառության հնարավորություն:Բայց եթե հաշվի առնենք, որ այդ միությունը նպատակ ունի ազատ առևտրի ռեժիմի մասին պայմանագրեր ստորագրել այնպիսի պետությունների հետ, որոնք են Վիետնամը, Հնդկաստանը, Իզրայելը, հասկանալի է, թե որքան ձեռնտու է անդամակցումը մեզ համար>:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ Ռուսաստանի ու Բելուռուսի կողմից շարունակվող զենքի վաճառքին, Քոչարյանը նկատեց.<ԵՏՄ-ում չէ, որ այս հարցերը պետք է քննարկվեն: Մենք գործ ունենք տնտեսական միության հետ և այդ հարցերի մասին տեղին է խոսել այլ հարթակում, դա ՀԱՊԿ-ն է, որի անդամ երկիր է Հայաստանը>:
ԱԳ փոխնախարարը անկեղծորեն տեղկացրեց, թե բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի ուշադրության կենտրոնում է եղել այն, որ հանկարծ Հայաստանի ու Վրաստանի միջև առկա ազատ առևտրի ռեժիմը հարցականի տակ չդրվի, ինչպես նաև պահպանվեն մեր մյուս հարևանի՝ Իրանի հետ ունեցած մեր արտոնությունները: <Դա մեզ հաջողվեց, ու պայմանագրում արձանագրվեց՝ մաքսատուրքերի մասով այն պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է մինչև 2015-ի հունվարի 1-ը՝ շարունակում են գործել: Այսինքն, մեր անդամակցումը ԵՏՄ-ին չի վտանգի Վրաստանի ու Իրանի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին>: Շատ կարևոր էր նաև այն, որ պայմանագրում հատուկ հավելվածի ձևով նշվեր է Հայաստանի տրանզիտ երկիր լինելու մասին:
ԵՏՄ անդամակցությունը բացի օգուտից, ոչ մի վնաս չի կարող տալ
Հայտարարության հեղինակը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն էր: Նա ներկաներին փորձեց հիշեցնել այն փաստերը, որոնք անհասկանալիորեն հաճախ շրջանցվում են, մինչդեռ իրականությունն այլ է: Հայաստանն արդեն իսկ ինտեգրված է ԵՏՄ-ին, քանի որ նրա անդամ Ռուսաստանից ստանում ենք ատոմային էներգակիրների 100 տոկոսը, գազի՝ 90 տոկոսը, ներդրումների 45 տոկոսը, և մեր անվտանգությունն ապահովող ապրանքների դարձյալ 100 տոկոսը:
Հետևաբար, ի՞նչ վտանգների առջև կարող էր կանգնել մեր երկիրը չինտեգրվելով ԵՏՄ-ին.ՙԿլիներ պատրաստի արտադրանքի արտահանման կտրուկ կրճատում՝ մաքսատուրքերի պատճառով, էներգակիրները, որոնք այսօր ստանում ենք 180 դոլարով կստանայինք 400-ով և կունենայինք 2 մլրդ դոլարի կորուստ, տրասֆերտները կկրճատվեին 100 մլն-ով, կունենայինք ներդրումների կորուստ՝ 3 մլրդ դոլարի չափով՚: Տեղեկացրեց՝ Եվրամիության փորձագետներն են հաշվարկել, որ ԵՏՄ արդյունավետությունը կազմում է 146 մլն դոլար: Թավադյանը չշրջանցեց նաև գների աճի մասին խոսակցությունները ու իբրև պատասխան հարց հնչեցրեց. <Իսկ ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ 250 մլն-ի մուտք կունենանք բյուջե, որը կազմում է մեր բյուջեի 7,8 տոկոսը>:
Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն ԵՏՄ-ԵՄ անդամ երկների միջև կամուրջ դառնալու. սա այն կարևոր գաղափարներից մեկն է, որ շրջանառվեց ԵՏՄ անդամակցման գործընթացի հենց սկզբից: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը կոչ արեց՝ կամրջի գաղափարն իրագործելու համար լրջորեն աշխատել ու գտնել իրականացման ուղիներ:
ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, ով ԵՏՄ բանակցային գործընթացի անմիջական մասնակիցներից է ու, իր խոսքով՝ ներսից գիտի ՙկողմն ու դեմը՚, ևս ընդգծեց, թե Հայաստանը բացառիկ երկիր է, քանի որ ակտիվ համագործակցել է ԵՄ-ի հետ, նաև ճանապարհ անցել ՄՄ-ի հետ: Ուրեմն, այն գիտելիքը, որ կուտակել ենք այս ընթացքում կարող է մեր երկիրը կամուրջ դարձնել երկու ինտեգրացիանարի միջև: <Մենք կարող ենք ներդրողներին բացատրել այն առավելությունները, որը Հայաստանը ստանում է միանալով ԵՏՄ-ին: Իսկ դրանք բազմաթիվ են, հենց թեկուզ այն, որ մենք չենք ունենա մաքսային սահման և մեր ապրանքները ԵՏՄ անդամ երկրներ ազատ մուտք կունենան>:
Տիկին Մինասյանը կատարեց նաև մի շատ կարևոր ընդգծում. Հայաստանը ԵՏՄ պետք է գնա սեփական տնտեսական օրակարգով, այսինքն, ինքներս պետք է հստակ մշակենք, թե ի՞նչ հարցեր ենք բարձրացնելու, ինչ լուծումներ ենք առաջարկելու ի նպաստ մեր երկրի:
Գրեթե բոլոր ելույթ ունեցողների խոսքում առկա էր հետևյալ շեշտադրումը՝ այս պայմանագրի վավերացումը դեռ բավարար չէ, որ մեր երկիրը տնտեսական աճ ունենա, ԵՏՄ անդամակցումը պարզապես շատ լավ հնարավորություն է հասնելու մեծ հաջողությունների: Բայց դա չի նշանակում, որ մեզ ամեն ինչ <ավտոմատ> ձևով տրվելու է: Անկախ նրանից, թե ո՞ր ինտեգրացիոն ուղղությանն ենք միացել, լավ արդյունքների հասնելու համար շատ բան կախված է մեզանից: <Մենք պետք է լուրջ աշխատենք, ակտիվացնենք մեր առևտրային և արդյունաբերական քաղաքականություն, եթե չենք ուզում մնալ աղքատ երկիր>,-նշեց Մինասյանը: Իսկ Թավադյանը խորհուրդ տվեց՝ շտկել մեր տնտեսական քաղաքականությունը հատկապես դարամավարկայինը և թույլ չտալով, որ ԿԲ-ն վերածվի շահույթ հետապնդող կոռույցի.ՙԿիրագործենք այդ ամենը, ուրեմն հաջողությունները մերը կլինեն>:
Տեղեկացնենք, որ ԵՏՄ երեք երկրների խորհրդարանները սկսել են Հայաստանի ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացման գործընթացը: Այն կշարունակվի մինչև 2015-ի հունվարի 1-ը. պայմանագիրը կգործի հենց այդ պահից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












