Միջազգային կառույցներում Ադրբեջանի սադրանքները կոշտ արձագանքի չեն արժանանում, որտե՞ղ է թաղված շան գլուխը
Ժամանակը չէ՞ դիվանագիտական մեսիջների և հավասարակշռություն պահպանող կոչերի փոխարեն ադրբեջանական ագրեսիվ քայլերին համարժեք պատասխան տալ ու ճնշում գործադրել, գուցե նաև պատժամիջոցներ կիրառել թշնամական գործողություններ հրահրողի Ադրբեջանի հանդեպ: Ժամանակը չէ՞ ԼՂՀ ուղղաթիռի խոցումն ու երեք օդաչուների սպանությունը կոչել իրենց իրական անվամբ: Օրերս Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում նման հարց-հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամ Կորյուն Նահապետյանը: Հարցն ուղղված էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, իսկ վերջինիս արձագանքն այսպիսին էր. <Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության նոր միջադեպերի հետ կապված: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը և երեք համանախագահների ջանքերը, ովքեր փորձում են առաջ մղել երկարատև խաղաղության համար անհրաժեշտ բանակցված լուծում գտնելու աշխատանքը>:
Սա հերթական չեզոք, ոչինչ չասող պատասխանն էր, որ ԵԱՀԿ-ից հետո հնչեց նաև ՆԱՏՕ-ի հարթակից: Քանզի ՙմտահոգված ենք՚, ՙցավում ենք՚ ու նման բառերի հնչեցմամբ չէ, որ հնարավոր է նպաստել կայունության պահպանմանը:
Լսվեց նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեֆ Ռատկենի արձագանքը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու փաստին նա ևս ցավեց <մարդկային կորուստների համար> ու ավարտեց իր խոսքը հերթական հերթապահ հիշեցմամբ.<Պետք է կրկնապատկենք ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև լարվածության թուլացման եւ հրադադարի հարգման ուղղությամբ>:Այսքանը:
Վերջին ամիսներին ԼՂՀ-ի, Հայաստանի դեմ իրականցվող ադրբեջանական դիվերսիաների ու ագրեսիայի հանդեպ միջազգային կառույցների դրսևորած նմանօրինակ կրավորական, անփույթ պահվածքը վերջնականապես կոտրեց մեր վարդագույն պատկերացումները նրանց հանդեպ որպես խաղաղություն հաստատողների: Ու հարց առաջացավ՝ արդյոք միջազգային կառույցների խնդիրը խաղաղության ապահովումն է՞, թե՞ ընդամենը նման տպավորության ստեղծումը:
Հայկական քաղաքական շրջանակները այսօր լրջորեն մտահոգված են ԵԱՀԿ-ից, ՆԱՏՕ-ից, միջազգային այլ կառույցներից հնչող անտարբեր, անհասցե հայտարարություններից, քանզի նման վարքագիծը՝ Ադրբեջանի ամենատարբեր սադարանքների առաջ աչք փակելը, նրան անպատիժ թողնելը նշանակում է առավել խոցելի դարձնել խաղաղությունը տարածաշրջանում:
Այս օրերին շատերը հիշեցին Ադրբեջանի նավթամուղերի, գազամուղերի կառուցման մեջ մեծ ներդրումներ ունեցող բրիտանական ՙԲրիթիշ փեթրոլիում՚ ընկերության մասին, չշրջանցվեց նաև այն փաստը, որ ԵԱՀԿ-ի ղեկավար կազմը պարբերաբար հանգստանում է Ադրբեջանում ու վերջինից ստանում ահռելի գումարներ, արձանագրվեց նաև Ադրբեջանի հետ միջազգային կառույցների ակտիվ համագործակցության մասին: Ուրեմն՝ միամիտ լավատեսությամբ չե՞ն տառապում նրանից ակնկալելով՝ պատժել Ադրբեջանին: <Այլևս ոչինչ պետք չէ ակնկալել միջազգային կազմակերպություններից, պետություններից, ու առավել ևս ՆԱՏՕ-ից: Նրանց նման պահվածքում ամենևին զամանալու բան չկա ու ես չեմ էլ ակնկալում, որ երբևէ կլսենք Ադրբեջանի սադարանքները սաստող կոշտ արձագանքներ>,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ, հավելելով՝ միջազգային կառույցների համար առաջնային հարց չէ արցախյան հիմնախնդիրը, առաջնայինը Ադրբեջանի էներգետիկ նշանակությունն է:
<Յուրաքանչյուր երկիր ունի իր շահը տարածաշրջանում ու այդ շահով պայմանավորված նրանցից շատերը փորձում են հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ և խուսափել Ադրբեջանի հասցեին ուղղված մեղադրանքներից: Զոհերը հայկական կողմից էին, մինչդեռ կոչը ուղղվեց երկու կողմերին, բայց ոչ Ադրբեջանին>,-նկատում է քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ:
Ադրբեջանը չի կատարում միջազգային կոնվենցիաներով նախատեսված ամենատարրական պարտականությունները, բայց քաղաքագետը դժվարացավ հիշել գեթ մեկ դեպք, երբ որևէ պետություն Ադրբեջանից պահանջած կլինի կատարել միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտականությունը:
Դառնալով պատմությանը քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ հիշեցնում է, թե որտե՞ղ է թաղված շան գլուխը.Բեռլինի կոնգրեսից սկսած առ այսօր, Եվրոպայի համար հայկական հարցը, իսկ տվյալ դեպքում ԼՂ հիմնահարցը, դարձել է այլ երկրների հետ հարաբերություններ կարգավորելու միջոց: Եվ այսօրվա անհասցե հայտարարությունները դրա վկան են:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայ պատգամավորի հնչեցրած հարցը ճիշտ քայլ համարելով, Շիրինյանն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է շարունակի իր դիվանագիտական քայլերը ու անտեսելով միջազգային կառույցների ադրբեջանամետ կեցվածքը բոլոր հարթակներում բարձրաձայնի՝ խնդիրը հասցնելով մինչև Միջազգային դատարան:<ՙԱդրբեջանին պետք է այնտեղ քարշ տալ ու միջազգային իրավունքի հիման վրա այդ երկրին պատասխանատվության ենթարկել: ՆԱՏՕ-ն կուզի, թե չի ուզի՝ ոչ մի կապ չունի>:
Հայկական բանակը կանխեց Ադրբեջանի օգոստոսյան դիվերսիան, իսկ այսօր էլ փայլուն գորոծողությամբ հետ բերեց զոհված երեք օդաչուների մարմինները ու այս կերպ ՆԱՏՕ-ի հետ խոսեց շատ հասկանալի լեզվով՝ Շիրինյանը նկատում է. <Վստահաբար ասում եմ՝ ՆԱՏՕ-ի զորքերը նման գործողություն դեռ չեն կատարել, ինչն արեց մեր բանակը՝ չտալով ոչ մի զոհ կամ վիրավոր: Իսկ դա միայն հրամանով չես կարող անել: Սա խոսում է ռազմավարական մտքի ու վարպետության, հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրման մասին: Վստահ եմ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մոտ Հայաստանի պատիվը մի քանի անգամ բարձրացավ: Չնայած այդ մասին նա չի բարձրաձայնում, որովհետև հայկական բանակը խափանեց ՆԱՏՕ-ի դաշնակցի՝ Թուրքիայի հոգեզավակ Ադրբեջանի գործողությունները>:
Այսօր առավել քան ամրացավ մեր հավատն առ այն, որ ինքներս ենք մեր երկրի տերը ու մեր հույսը միայն մեզ վրա է: Սա նաև նշանակում է, որ հասունացել է ոչ միայն մտածողության, այլև քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն՝ ասել է թե Հայաստանի արտաքին գերատեսչությունը պետք է նոր մարտավարություն մշակի:
<Մեր արտաքին քաղաքականության ներկայիս ոճը հետևյալն է. վարում ենք ստատուս-քվոյի քաղաքականություն՝ փորձելով մնալ միջազգային նորմերի շրջանակներում: Դրա համար առաջին հերթին դիմում ենք միջազգային հանրությանը ու նրան շարունակաբար ապացուցում, որ ոչինչ չի լինում, և դրանից հետո միայն սեփական ուժերով լուծում հարցը: Այս ոճը կարելի է և՜ քննադատել, և՜ հիմնավորել>,- ասում է Նարեկ Գալստյանը, միաժամանակ պնդում՝ մեր արտաքին քաղաքական այս <ոճի> փոփոխությամբ էական տեղաշարժի չենք հասնի, ինչո՞ւ, որովհետև միջազգային կառույցները ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգռված չեն:
Քաղաքական կուրսի փոփոխման հարցում հակառակ կարծիքի է Լևոն Շիրինյանը՝ պարտադիր փոխել է պետք, ու հայկական կողմը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝<ՙհարցերդ լուծիր՝ սադրանքի դիմաց տարածքով, իսկ միջազգային կառույցները ինչ ուզում են թող ասեն>:
Քաղաքագետը հետևել է աշխարհի արձագանքներին ու համոզվել.<Միջազգային հանրության մեջ հարգանքը շատ մեծ է զինվորականության հանդեպ, չնայած բարձրաձայն ասում են հակառակը, բայց հարգում են այն ժողովուրդներին, ովքեր իրենց պաշտպանել գիտեն: Մեր բանակի փայլուն գործողության մասին աշխարհը իմացավ, հասկացավ ու ձայն չհանեց>: Մենք հենց այս բանաձևով էլ պետք է առաջնորդվենք, իսկ մնացածը, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












