«Միջազգային հանրությունը շարունակում է արհեստական հավասարության ու չեզոքության քաղաքականության պոչից կախված մնալ». Արցախի վարչապետ
Արցախյան վերջին զարգացումների եւ այդ հարցում միջազգային կառույցների արձագանքի մասին ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
-Պարոն Հարությունյան, նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հարցով Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցների արձագանքը բավարար համարու՞մ եք:
-Բնականաբար, բավարար չի կարող համարվել միջազգային կառույցների արձագանքը, քանի որ արդյունք չի ունեցել այն, և ԼՂՀ պաշտպանության բանակն է ստիպված եղել իրագործել միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները: Միայն այն հանգամանքը, որ միջազգային կառույցները տարիներ շարունակ իրենց հայտարարություններում արհեստական հավասարության նշան են դնում հակամարտության կողմերի միջև, խոսում է նրանց ընտրած մեթոդաբանության անարդյունավետության մասին: Այնինչ նրանք պետք է և պարտավոր են իրերն իրենց անուններով կոչել, այն անուններով, որոնք նույնիսկ իրենք գիտեն համոզված կերպով, սակայն ինչ-ինչ պատճառներով խուսափում են բարձրաձայնել: Միջադեպերը հրահրող կողմի անվան հնչեցման և համարժեք արձագանքի դրսևորման գործում լրջորեն թերանալը հասցրել է Ադրբեջանի սանձարձակ պահվածքին, իսկ միջազգային հանրությունը դեռևս շարունակում է արհեստական հավասարության ու չեզոքության քաղաքականության պոչից կախված մնալ:
-Ադրբեջանը փաստորեն որեւէ կերպ չարձագանքեց միջազգային կառույցների հորդորներին, ավելին, տարածաշրջան այցելած դեսպան Անջեյ Կասպրչիկին, մեղմ ասած, հնարավորություն չտրվեց այցելել դեպքի վայր, սա նշանակում է, որ այս հարցում միջազգային հանրությունն անկարո՞ղ է:
-Եթե մակերեսորեն մոտենանք այդ հարցին, ապա դժվար չէ պնդել, որ միջազգային հանրությունն այդ հարցում անկարող է, իսկ ավելի իրատեսորեն ու խորությամբ դիտարկելիս՝ համապատասխան ցանկություն չունի վտանգի տակ դնելու իր շահերի ստատուս քվոն Ադրբեջանի հետ հարաբերություններում: Պարզ ասած, եթե որևէ քայլի բերած շահույթը նվազ է դրա հակաքայլի հանգեցրած կորստից, ոչ ոք չի գնա այդ քայլին… Այս տրամաբանությունն է միջազգային հարաբերությունների ոսկե կանոնը: Դրա լուծումը կա՛մ շահույթի արժեքի բարձրացումն է, կա՛մ կորստի արժեքի նվազեցումը, որոնք այս պահին մեզնից կախված չեն կամ նախընտրելի չեն: Փոխարենը մեզնից կախված է այլընտրանքային տարբերակը՝ սեփական եղունգով սեփական գլուխը քորելը, որն էլ սովորաբար հաջողությամբ կիրառում ենք անհրաժեշտության պարագայում:
-Փաստորեն փորձը կրկին ցույց տվեց, որ հայկական կողմը հույսը պետք է դնի սեփական ուժերի եւ բանակի վրա, այս դեպքում միջազգային կառույցների ներգրավվածությունն ու դերակատարումը որքանո՞վ է արդյունավետ, չե՞ք կարծում, որ պետք է կամ ստիպել այդ կառույցներին, որ ավելի արդյունավետ աշխատեն, կամ հրաժարվել վերջիններիս աջակցությունից:
-Երբ մենք հաց ունենք, դա չի նշանակում, որ պանրից պետք է հրաժարվել. չէ՞ որ հաց ու պանիրը միասին ավելի են հագեցնում, քան հացն առանձին: Այսինքն՝ մեկը մյուսին լրացնում է, սակայն, անշուշտ, հզոր բանակը պարտադիր պայման է հաջողության հասնելու գործում, իսկ միջազգային հանրության աջակցությունը կարող է լրացուցիչ պայման լինել: Այնուամենայնիվ, նույնիսկ այս ոչ բարձր արդյունավետության պարագայում միջազգային հանրության մասնակցությունը խնդրի լուծման ընթացքին իր դրական կողմերն ունի՝ սկսած կողմերի հաղորդակցության կազմակերպման զուտ տեխնիկական գործառույթներից և միջազգային լեգիտիմության որոշակի մակարդակի ապահովումից մինչև հակամարտության էսկալացիայի վրա ունեցած կանխարգելիչ նույնիսկ թույլ ազդեցությունը: Մյուս կողմից, սա չի նշանակում, որ միջազգային հանրությունն իր հնարավորությունների չափով է մասնակցում հակամարտության գոտում խաղաղության ապահովմանը, և բոլոր լծակները պետք է կիրառել, որ միջնորդական առաքելության արդյունավետությունը բարձրացվի՝ հատկապես միջադեպերի կանխման և հետաքննությունների անցկացման գործում:
-Արցախյան կողմը միջազգային կառույցներին անվստահություն հայտնելու եւ բողոքի նոտա հղելու անհրաժեշտություն տեսնու՞մ է, ու այդ առումով քայլեր ձեռնարկվո՞ւմ են:
-Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, մանավանդ որ բողոքի նոտան հղվում է խախտում արած պետությանը, սակայն դա չի նշանակում, որ արցախյան կողմն իր մտահոգությունները չի հայտնում միջնորդներին: Համոզված եմ՝ վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ համապատասխան հետևություններն ու մտահոգությունները ևս փոխանցվելու են նրանց:
-Իրականացված վերջին գործողություններից հետո Մինսկի խմբի շրջանակներում՝ բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներ այլեւս տեսնու՞մ եք:
-Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարները նախքան այդ էլ տեսանելի չէին, քանի որ Ադրբեջանի խիստ ապակառուցողական վարքը երկար պատմություն ունի: Այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Բաքուն իր հասարակության մեջ սերմանում է հայատյաց ֆաշիստական տրամադրություններ և պատրաստ չէ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, խնդրի խաղաղ կարգավորման որևէ հեռանկար չի կարող իրական լինել: Իսկ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը համարում եմ առկա տարբերակներից լավագույնը, որը քիչ թե շատ ձեռնահաս ու լեգիտիմ է միջազգային հանրության անունից զբաղվելու արցախյան հիմնախնդրով: Այլ հարց է, որ հատկապես Ադրբեջանի նպատակային ջանքերի արդյունքում այդ ձևաչափը գնալով ավելի շատ դժվարությունների է առերեսվում իր գործառույթներն իրագործելու ճանապարհին:
Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի












