“ՑՌՈւ”-ի հին ու նոր ագենտները. ովքե՞ր են պատվերով կրքեր շիկացնողները
“Չգիտես որտեղից ինչ-որ մտավորականներ են հայտնվել, որ քաղաքա-հասարակական լուրջ-լուրջ մտքեր են արտահայտում… ասենք ինչ-որ տիգրան խզմալյան… դու ո՞վ ես, ախր, ի՞նչ ես ստեղծել քո կյանքում, էդ ի՞նչ ֆիլմեր ես նկարել, որ մարդիկ նայել են, հաճույք են ստացել… ՙհայությունից՚ ես խոսում, ինչ-որ ազատագրումից … Մեկն ու մեկդ մի ծաղիկ ցանել ե՞ք էս հողի, էս պետության համար։ Ընդհանրապես, գիտե՞ք ինչ է պետություն, ինչ է տիրակալ, ինչ է ժողովուրդ”։
Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի դեռ մեկ տարի առաջ գրած այս խոսքերը դիպուկ նկարագիրն էին այն իրողության, որ երեկ տեղի ունեցավ խորհրդարանի շենքի դիմաց: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր 15-հոգանոց խմբով՝ ԱԻՄ-ական կանանցով ու “չգիտես որտեղից հայտնված” խզմալյաններով ԵՏՄ “դավադրության” դեմ ցույց էին կազմակերպել:
Բայց, նախ, ամեն ինչ հերթով:
Ագենտ բառից վեր թռավ Խզմալյանը
Նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հարցազրույց էի վարում նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանի հետ, նա հպարտությամբ շեշտեց այն միտքը, թե ինքը ԱՄՆ ագենտ է, և նույնիսկ հորդորեց ձայնագրիչս միացնել ու հրապարակել իր խոսքը. ՙԵս թաքցնելու բան չունեմ, ես դրանով հպարտանում եմ՚: Երեկ ԱԺ դարպասների մոտ ցույց անող Հայրիկյանին հետևյալ հարցն ուղղեցինք՝ ՙինչո՞ւ բոլոր նրանց, ովքեր կողմ են Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը ԿԳԲ-ական եք անվանում, արդյոք, ձեր այդ քայլը պայմանավորված չէ՞ ԱՄՆ ագենտ լինելու հանգամանքով, ինչի մասին հպարտությամբ նշում էիք”: Հայրիկյանը ակնարկս հասկացավ, թեթև ժպտաց, փոխարենը, տեղից վեր թռավ մի քանի քայլ հեռվում կանգնած Տիգրան Խզմալյանն ու անհարկի խառնվեց հարցազրույցին՝ փորձելով պատասխանել իրեն չուղղված հարցին: Տպավորությունն այնպիսին էր, որ սույն պարոնին աղմուկ ու լարվածություն էր պետք:
Մեր ժողովուրդը հրաշալի խոսքեր ունի, հիշեցի անպոչ գդալի պատմությունը: Բարեկրթությունից խոսող սույն պարոնը, փաստորեն, չգիտի մի տարրական բան՝ չի՜ կարելի խանգարել, միջամտել լրագրողական աշխատանքին, եթե անգամ տվյալ լրագրողի հարցը սրտովդ չէ ու լրագրողին էլ գաղափարական հակառակորդ ես համարում:
Այն, որ վերջին մեկ տարում Խզմալյան Տիգրանը Հայրիկյանի պոչից պոկ չի գալիս, ավելին նրան հացադուլներ անելու փոխարեն մայդան սարքելու խորհուրդներ էր տալիս, սա բոլորին է հայտնի, բայց որ միաժամանակ ստանձնել է ԱԻՄ առաջնորդի թիկնապահ-խոսնակի դերը՝ նորություն էր: Իհարկե, դժվար է ասել, թե նախահարձակ լինելով իրականում ո՞ւմ շահերն էր պաշտպանում սույն պարոնը՝ Հայրիկյանի՞ն, թե հենց իր: Ուրեմն՝ հարց է առաջանում, ինչո՞ւ ՙագենտ՚ բառից խուճապահար եղավ հայտնի մայդանամետը: Գուցե տեղից վեր թռչելու պատճառներ իրոք կա՞ն: Կինոմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն իր հարցազրույցներից մեկում բաց տեքստով ասել է. “Տիգրանխզմալյանները, ես գիտեմ, ումից են փող ստանում, գիտենք այդ փողը որտեղի՞ց է գալիս՚ ու ակնարկել՝ ՙԵթե Ադրբեջանը կարողանում է Եվրախորհրդանը կաշառել, էլ ինչի՞ մասին է խոսքը…”: Գևորգյանցը նաև նկատել է, երբ Խզմալյանը կամ նրա նմանները չեն խոսում ու լուռ նստած են, կնշանակի նրանց փողը պրծել է: Եվ ուրեմն, կարող ենք չէ՞ հետևությզն հանգել. եթե սրա նմանները վերստին “մեյդանում” են՝ կնշանակի փողը տրված է:
Ոչ պակաս զարմացրեց մեկ այլ հանգամանք ևս. պարզվեց որ “ժողովրդավարության մոնետիկը” սարսափելի անհանդուրժող է ու դաժան բոլոր նրանց հանդեպ, ովքեր դեմ են իր հայացքներին: Փաստորեն, սա է Խզմալյանի ու նրա նմանների ժողովրդավարության ընկալումը: Ոչինչ պատահական չի լինում. պատահականորեն սրանք չեն պոռթկում, գաղափարական հակառակորդների հետ անզուսպ լեզվակռվի մեջ պատահականորեն չեն մտնում, պատահականորեն չեն աղաղակում ու առավել ևս, պատահականորեն էդ ֆոնին չեն լուսանկարվում, տեսանյութեր սարքում ու տարածում: Իսկապես, ոչինչ պատահական չի լինում: ՙԱզատության՚ տարբեր օջախներից սնվողներն այսօր մեկ նպատակ ունեն, սեփական տերերին ցույց տալ իրենց անսահման նվիրվածությունը ու հնարվորինս շատ, շա՛տ վաստակել:
Իմ դիմաց երեկ նման պատվեր կատարող մեկն էր կանգնած:
Զարուհու հերթական բեսպրեդելը. քարտագողությունից մինչև թռուցիկներ
Հայրիկյանը ԱԺ դարպասների մոտ՝ լրագրողական ձայնագրիչների ու կամերաների առաջ ուզածի չափ հայհոյախոսելուց հետո որոշեց, դրանք թռուցիկների տեսքով ՙփաթեթավորել՚ ու ԱԺ պատերից ներս հասցնել: Դժվար չէ կռահել, թե ո՞ր պատգամավորի ձեռքով կարող էր իրականացվել ԱԻՄ առաջնորդի պատվերը: Նման քայլերում վարժված ժառանգական Զարուհի Փոստանջյանն անցավ գործի: Քարտագողություն տեսած խորհրդարանականները երեկ նաև տիկնոջ մեկ այլ բեզպրեդելի ականատեսը դարձան:
Առանց խորհրդարանի ղեկավարությանը նախապես դիմելու, Փոստանջյանը բոլորի համար անսպասելիորեն տեղից վեր կացավ ու սկսեց ԱԺ նիստերի դահլիճում բաժանել Հայրիկյանի հակա-ԵՏՄ-ական թռուցիկները: ՙՉի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել ԱԺ-ում: Կարող էիք բաժանել մինչև ԱԺ նիստի մեկնարկը: Վերջացրեք ձեր ապօրինի գործունեությունը՚. ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի դիտողությանը, սակայն, ամենևին հետ չպահեց Փոստանջյանին, վերջինս հասավ մինչև ԱԺ նախագահության հատվածը ու ավարտեց իր գործը՝ ապացուցելով՝ պատվեր կատարելու իր վարպետությունը: ՙԷս արդեն բեսպրեդել է՚,- լսվեց Գալուստ Սահակյանի արձագանքը:
Հայրիկյան-Խզմալյան զույգի հայոհոյախոսությունն անընդունելի է
Գիտակցելով, որ ԵՏՄ անդամակցումը, իրոք, անշրջելի գործընթաց է, արևմտամոլները ձեռքները գցել են փրփուրներին, ինչպես պատգամավորներից մեկը նկատեց, դիմում են ՙպլանկայից՚ ցածր քայլերի՝ վիրավորելով, պիտակավորելով ԵՏՄ պայմանագրի կողմնակիցներին: Բացի իրենից ու խզմալյաններից, մյուս բոլորին ԿԳԲ-ի գործակալներ անվանելուց հետո, քրիստոնեական արժեքներ “դավանող” Հայրիկյանն իր տարածած թռուցիկներում “ցիտել” էր Աստվածաշնչից ու խոսքը կտրելով բուն տրամաբանությունից, իր գաղափարական հակառակորդներին դիմել Աստծո խոսքով՝ “Իժի ծնունդներ…”:
Նրա նման քայլը խիստ վրդովվեցրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
“Ամո՜թ է, ինչպե՞ս կարելի է նման լեզվով խոսել, առավել ևս ամոթ է, որ իրենց քաղաքական նպատակների համար օգտագործում են Աստվածաշունչը: Սա շատ վատ բան է”,- ընդգծելով՝ հայհոյախոսական ոճով նամակ գրելը ոչ մի ազդեցություն չի կարող գործել: Ապա դառնալով՝ աջ ու ձախ “պետական դավաճանի” պիտակ կպցնողներին, ասաց. “Այնքան են էժանացնում դավաճան հասկացությունը, որ իրական դավաճանները սղոսկում են ամենուր, սա ամենվտանգավորն է: Չի կարելի այդչափ արժեզրկել սեփական խոսքը”:
Մեզ հետ զրույցում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս նկատեց, թե գաղափարական հակառակորդ լինելը մեկ բան է, վիրավորանքներ հասցնելը մեկ ուրիշ բան. “Ես դեմ եմ նման մշակույթին: Անկեղծ ասած Փոստանջյանի տարածած գրությունը չեմ հասցրել կարդալ, բայց նրանում բառեր նկատեցի… Անընդունելի եմ համարում նման մոտեցումները, անկախ նրանից, թե ո՞ր կողմն է դա անում, նման պահվածքը խնդիր չի լուծում, հակառակը՝ սրում է իրավիճակը: Սա անընդունելի է, ես կասեի՝ անկյուն մղող քաղաքականություն, որը որպես կանոն արդյունավետ չի լինում”:
ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսան Արզումանյանի համար ևս միանշանակորեն անընդունելի են “պետական դավաճան” որակումները: Ի պատասխան հայրիկյանական հայոհոյախոսության ու խզմալյանական անհանդուրժողականության, նա մեջբերեց Վոլտերի հայտնի խոսքերը.”Ես համաձայն չեմ քո կարծիքին, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որ դու իրավունք ունենաս քո կարծիքը արտահայտելու”:
Պատգամավորը նկատում է՝ վիրավորելն անընդունելի է.”Ես իմ ողջ կյանքում փորձել եմ դիվանագիտական ձևակերպումներ գտնել ու որևէ մեկին չեմ վիրավորում սեփական կարծիքը կամ հարցը հնչեցնելու համար, դա համարում եմ սխալ մոտեցում”: Ինչ վերաբերում է ԵՏՄ պայմանագրի շուրջ խորհրդարանում ընթացող բանավեճին, ասաց՝ դա հասարակության կողմնորոշման համար է.”Ո՞ր կողմն ավելի շատ փաստարկներ կբերի, այդ կողմն էլ պետք է ստանա հասարակության աջակցությունը: Այնպես որ, պետք է փաստարկներով փորձել ապացուցել սեփական ճշմարտացիությունը և ոչ թե հայհոյելով”:
Արմինե Սիմոնյան












