Կաթնամթերքը թանկանում է տնտեսվարողի պարտքերի պատճառով
Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք օրերս դրամի արժեզրկման հետևանքով սպառման շուկայում սննդամթերքի զգալի թանկացումներին` շեշտելով, որ թանկացել է ոչ միայն ներկրվող սննդամթերքը, այլև տեղական արտադրության կաթնամթերքը` համենայն դեպս որոշ ապրանքանիշների կաթնամթերքի տեսականին թանկացել է 5-7 տոկոսով:
Կաթնամթերքի շուկայում թանկացման առաջին ազդարարը “Աշտարակ կաթ” ընկերությունն էր: Այն ժամանակ մենք կաթնամթերքի թանկացումների մասին ահազանգեցինք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն այդ օրվա դրությամբ հանձնաժողովը դեռ գերիշխող սուպերմարկետներում կաթնամթերքի թանկացման դեպքեր չէր արձանագրել:
Բայց հաջորդ` ոչ աշխատանքային օրերին փաստը չվրիպեց նաև նրանց աչքից, և այժմ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ տեղեկության համաձայն` հանձնաժողովը խոշոր տնտեսավարողներից պահանաջել է գների բարձրացման գրավոր հիմնավորումներ ներկայացնել: Ուսումնասիրելով այդ փոստաթղթերը` հանձնաժողովը կպարզի, թե որքանով է հիմնավորված գնաճը մասնավորապես կաթնամթերքի շուկայում և թե որքանով են թանկացումները համահունչ դրամ-դոլար հարաբերակցության փոփոխություններին:
“Այս պահին գնային փոփոխություններին որևէ գնահատական տալ չենք կարող, մինչև մեր սեղանին չլինեն պարզ և հստակ հիմնավորումները, թե արտադրողները ո՞ր հումքն են ներկրել, ո՞րն է տեղականը, ներկրե՞լ են արդյոք որևէ հումք, թե թանկացումներն այլ կերպ են բացատրում… Այդ ժամանակ միայն հանձնաժողովը կուսումնասիրի և կպարզի` կամայակա՞ն են նոր սակագներ սահմանվել, թե դրանք իրոք պատճառաբանված են: Մենք շահագրգռված ենք հնարավորինս օպերատիվ ու սեղմ ժամկետներում կատարել ուսումնասիրությունները, որպեսզի կանխենք գերիշխող շուկաներում գնային կամայական բարձրացումների ազդեցությունը նաև փոքր ու միջին շուկաների վրա”,- ասում է մամուլի քարտուղարը:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները դեռ մեկ շաբաթից ավելի կտևեն, քանի որ փաստաթղթային տեղեկատվություն ներկայացնելու համար տնտեսավարողներին տրվում է մեկ շաբաթ ժամանակ: Իսկ այդ ընթացքում կաթնամթերք արտադրող մյուս ընկերությունները, որոնք դեռևս զերծ են մնացել թանկացումներից, ժամանակը զուր չեն վատնի և նոր սակագներ կսահմանեն իրենց արտադրանքի համար:
Համենան դեպս”ՙԲիոկաթ”,”ՙԱնի”,”Իգիթ” ընկերություններում մեզ ոչ ոք երաշխիք չտվեց, որ իրենք մոտ ապագայում կաթնամթերքի գները կպահպանեն: Ասացին, որ առայժմ ձեռնպահ են մնում, սակայն ընկերություններում հաշվարկներ են կատարվում, ինչի արդյունքում էլ կորոշվի` կթանկացնե՞ն արտադրանքը:
Հետաքրքիր է, որ “Բիոկաթ” ընկերության պատասխանատուն որևէ կերպ չկարողացավ հիմնավորել, թե ինչը կարող է նպաստել իրենց կաթնամթերքի գների բարձրացմանը, եթե այն ամբողջությամբ պատրաստվում է տեղական արտադրության կաթից կամ կաթի փոշուց և այլ տեղական հումքից, ինչպես որ հավաստիացրեց նա:
Իսկ “Անի” ընկերության արտադրության պետ ՏԻԳՐԱՆ ՇԱԼՋՅԱՆՆ ասաց, որ ճիշտ է` իրենց արտադրանքը հիմնականում տեղական կաթնային հումքով է պատրաստվում` թարմ կաթից կամ կաթի փոշուց, սակայն թթվասերի համար իրենք կաթնային յուղի փոխարինիչ են ներկրում, ինչն էլ կարող է նպաստել թթվասերի գնաճին:
Իսկ գուցե դեռևս թանկացումների չդիմած տնտեսավարողները առժամանակ ոտքները կախ են գցում, որպեսզի տեսնեն` գերիշխող ընկերությունները կմարսե՞ն իրենց հրահրած գնաճը: Այդ դեպքում իրենք էլ հանգիստ կարող են հետևել նրանց օրինակին` չվախենալով պատժից ու պատասխանատվությունից: Այլ կերպ հնարավոր էլ չէ: Ելնելով հակամրցակցային ներքին պայմանավորվածությունից` եթե խոշոր տնտեսավարողը, ով ըստ էության նաև շուկայում թելադրողն է, թանկացնում է իր արտադրանքը, ապա մյուսները պարտավոր են խաղալ նրա սահմանած կանոններով:
Ի տարբերություն “Բիոկաթ” և “Անի” ընկերությունների` “Աշտարակ կաթ” ընկերությունից էլեկտրոնային նամակով մանրամասնորեն հիմնավորեցին ընկերության արտադրության կաթնամթերքի որոշ տեսակների թանկացումը` նշելով, որ գնաճը դեռ վաղուց պետք է լիներ, սակայն իրենք կարողացել են այն զսպել սեփական պաշարների օգտագործման շնորհիվ:
ՙԱյս թանկացումը պարտադրված քայլ էր, քանի որ արդեն մի քանի տարի է մթերվող կաթի, կարագի, փաթեթավորման նյութերի գները երկու անգամ թանկացել են: Թանկացել է նաև էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը:”ՙԱշտարակ կաթ” ընկերությունը մշտապես զսպել է կաթնամթերքի գնաճը` վարկերի և պարտքերի հաշվին: Սակայն այդ միջոցներն անսպառ չեն, և այսօր ընկերությունը սկսել է վնասներով աշխատել, իսկ վարկերը ավելի ու ավելի են կուտավում` մեծացնելով վնասները: Գների բարձրացման նպատակը վնասների մի մասի փոխհատուցումն է՚,- նշված է հիմնավորման մեջ:
Ընկերությունը սակայն չի բարձրացրել կաթի գինը՝ հաշվի առնելով, որ այն համարվում է սոցիալական կարևոր նշանակության մթերք և անհրաժեշտ է հատկապես երեխաներին և տարեցներին:
Ինչ վերաբերում է դոլար-դրամ փոխարժեքի ազդեցությանը, ապա ՙԱշտարակ կաթից՚ չբացառեցին, որ դա ևս ազդել է իրենց մթերքների գնագոյացման վրա, մանավանդ, որ կուտակված վարկերը դոլարային են, ուստի դրանց դիմաց վճարվող տոկոսները դոլարի փոխարժեքի հետ թանկացել են: Բայց իհարկե վճռորոշը ոչ թե դրամի արժեզրկումն է եղել, այլ իրենց կրած կորուստները: Փաստորեն ընկերությունը հարմար առիթի էր սպասում այդ կորուստները որոշակի չափով փոխհատուցելու նպատակով արտադրանքի գները բարձրացնելու համար:
Ի դեպ, այդ առիթի մասին տնտեսագետները սկսեցին խոսել դեռ նոյեմբերի սկզբին, երբ ուժի մեջ մտան “Առևտրի և սպասարկումների մասին” օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները: Դրանց համաձայն Հայաստանում վաճառվող բոլոր տեսակի փաթեթավորված կաթնամթերքը, սուրճը, թեյը, ձեթերը, մսի և ձկան պահածոները, պահածոյացված բանջարեղենը և մրգերը և այլ ապրանքատեսակներ պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն:
Այս կերպ կառավարությունը փորձում է կանխել ապրանքների ստվերային շրջանառությունը: Մասնագետները հենվելով տրամաբանության և մեր երկրում առկա տխուր փորձի վրա` կանխատեսում էին, որ տնտեսավարողներն ամեն գնով կփորձեն ստվերից դուրս բերած ապրանքախմբաքանակի համար վճարվող հարկերը սպառողների գրպանից տալ: Այլ կերպ ասած` թանկացնել ապրանքները, որպեսզի հակաստվերային քաղաքականությունը չկրճատի իրենց շահույթները:
Հիշենք, որ դեռ 2013թ. դրոշմապիտակավորման պահաջ դրվեց գարեջրի, հյութերի ու հանքային ջրերի համար` երկար ժամանակ չպահանջվեց, որ սպառողական շուկայում դրանց գները զգալի փոփոխությունների ենթարկվեն: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյաների` 2013 թ. գարեջրի արտադրությունը մեր երկրում մեծացավ 45 տոկոսով` ապրանքը ստվերից դուրս բերելու հաշվին և կազմեց 19.8 մլն լիտր՝ նախորդ տարվա 13.6 մլն լիտրի դիմաց: Հանքային ջրերի արտադրության ծավալները նույն սկզբունքով ՙաճեցին՚ 31 տոկոսով` կազմելով 43.2 մլն լիտր՝ նախորդ տարվա 32.9 մլն լիտրի դիմաց: Առաջին հայացքից սա կարելի է համարել խոշոր ձեռքբերում ստվերի դեմ պայքարում:
Ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկանքների` Հայաստանի երեք խոշոր գարեջրի գործարանների (ՙԵրևանի գարեջուր՚, ՙԳյումրի գարեջուր՚, Կոտայքի գարեջրի գործարան) վճարած հարկերը 2013թ. 2012-ի համեմատ աճել են 1.3 մլրդ դրամով: Բայց հարկերի թվերի մեծացմանը զուգահեռ աճել է նաև գարեջրի գինը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական զեկույցների համաձայն` 2013թ. կես լիտրանոց գարեջրի գինը եղել է 386 դրամ, այն դեպքում, երբ 2012թ. այն արժեր 334 դրամ:
Փաստորեն, ստվերից դուրս գալով՝ արտադրողները ոչ թե իրենց ստվերային եկամուտները կրճատելու հաշվին են մեծացրել վճարվող հարկերը, այլ սպառողների հաշվին: Ստվերայնության դեմ պայքարի նույն հետևանքներն առկա են նաև հանքային ջրերի և հյութերի շուկայում:
Ուստի բոլորովին պատահական չէ, որ գնաճի ազդեցության պատրվակով մեր երկրում սրընթաց աճեցին ոչ միայն ներկրվող, այլև տեղում միմիայն տեղական հումքով արտադրվող մթերքները: Ընդ որում, որքան մեծ է ստվերը որևէ ապրանքի շուկայում, այնքան ավելի շատ է թանկանում տվյալ ապրանքը:
Մթերքների գնագոյացման վրա ստվերի դեմ պայքարի ուղղակի ազդեցության ապացույցը կլինի նաև այն, որ երբ դոլարը փոքր-ինչ իր դիրքերը զիջի դրամի փոխարժեքին, դոլարի գնաճի պատրվակով թանկացած մթերքներն այլևս նախկին գնով շուկա չեն արտահանվի:
“Աշտարակ կաթ” ընկերությունը ազնվորեն խոստովանել է, որ դրոշմապիտակավորման մասին օրենքը նույնպես խթանել է երկրում առկա գնաճը, թեև դրա պատճառը համարել է ոչ թե տնտեսավարողների` շահույթները չկորցնելու պատճառով կիրառած կամայականությունը, այլ այն, որ կաթնամթերքի արտադրության ոլորտում դրոշմապիտակների կիրառումը հանգեցրել է հավելյալ ծախսերի` նոր աշխատուժի ներգրավման, նոր սարքավորումների ձեռքբերման և այլն:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












