Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Հայրիկյանը որևէ առնչություն չունի հայ ժողովրդի հետ, նրա նմանները մեր պետության թշնամիներն են

Դեկտեմբեր 4, 2014թ. 22:07

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային այլախոհ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ

Իրեն՝ <անկախության ռահվիրա>, <տառապյալ այլախոհ> հայտարարած Պարույր Հայրիկյանն այսօր դարձյալ փողոցում է, ու իր շուրջն հավաքված խմբի հետ զբաղված է աղմկելով, վիրավորանքներ հասցնելով բոլորին՝ անգամ խորհրդային տարիների իր համախոհներն: Նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությամբ պայմանավորված, ԵՏՄ անդամակցումը համարում են միակ ճիշտ ընտրությունը: Սա <ռահվիրային> վայել պահվածք է՞, թե գործ ունենք պատվիրված գործողության հե՞տ:

– Հայրիկյանին ճանաչում եմ վաղուց՝ դեռ 1968 թվականից: Երբ ձերբակալվել էին Ազգային միացյալ կուսակցության ղեկավարները՝ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը, հիշում եմ, ես՝ պայմանավորվածության համաձայն, պետք է հանդիպեի Հայրիկյանի հետ ու նրան բերեի ԱՄԿ ղեկավար մարմին, որի անդամներից մեկը նաև եղել եմ ես… Անցել են տարիներ: Այսօր ես կարող եմ շա՜տ բաներ ասել այդ գործիչի անցած ուղու մասին, բայց ինձ թույլ չեն տալիս անցյալի այն կապերը, որ ես ունեցել եմ նրա ընտանիքի՝ ծնողների, քույրերի հետ: Եվ պիտի ասեմ, որ շատ տարբեր մարդիկ էին հայր և որդի Հայրիկյանները: Պարույրի հոր՝ Արշավիր Հայրիկյանի ընկալումները, մտածողությունը աշխարհի ու հայոց խնդիրների հետ կապված բոլորովին այլ էին: Արշավիր Հայրիկյանը կարգին հայ մարդ էր, ցավոք, շատ շուտ մահացավ: Չնայած, երևի լավը դա էր, մահացավ ու չտեսավ իր տղայի գաղափարական, ազգային մտածելակերպից նրա տարօրինակ շեղումները ու նաև մարդկային առումով սարսափելի գահավիժումը: Այսօր Հայրիկյանն իր անձի մասին տարօրինակ <բացահայտումներ> է անում, ասում է՝ Քրիստոսն իր ձեռքին տվել է խաչը, իսկ Հայկ Նահապետը՝ նետն ու աղեղը, ու ինքը միակ կրողն է այդ հավաքական ուժի:

-Սա քաղաքական նարցիսիզմի դրսևորում է՞, թե …

-Կարծում եմ գործ ունենք կենսաբանական շեղում ունեցող անձի հետ: Ես Հայրիկյանի հասցեին ոչինչ չեմ ասել, քանի որ ցանկացել եմ պահպանել նրա ընտանիքի հանդեպ հարգանքը, նաև փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը: Սակայն նախօրեին նրա կատարած քայլերը թե՛ խորհրդարանի դարպասների մոտ, թե՛ խորհրդարանում տարածած թռուցիկը, ուր <իշի քուռակներ>, <սրիկաներ> <դավաճաններ> վիրավորական խոսքերով դիմեց բոլորին, հասկացա, որ չեմ կարող լռել:

-Հայտարարեց՝ բացի իրենից, բոլոր քաղաքական գործիչները, ուժերը ԿԳԲ-ի գործակալներ են, ավելին, իրեն աստվածահաճ համարող Հայրիկյանն իր քաղաքական հակառակորդներին վիրավորելու համար օգտագործեց անգամ Աստվածաշնչյան խոսքը՝ <Իժի ծնունդներ...> անվանելով բոլորին:

-Նրան թելադրողները՝ դրսի ճարտարապետները, խորհուրդ են տվել ասել սուր խոսքեր, հնչեցնել հնարավորինս հուժկու վիրավորանքներ, և դա անել ոչնչացնող ոճով, որպեսզի դա առավել ալեկոծի, հուզի ժողովրդին, որպեսզի կարողանան նրան մղել մեր երկրի համար վտանգավոր ուղի: Իսկ պետության ներսում ինչքան վատ, այնքան լավ՝ կեղտոտ ջրում ձուկ բռնել կամեցողների համար: Ու Հայրիկյանն այսօր լծվել է քաղաքական դաշտը պղտորելու գործին: Իմիջայլոց, Հայրիկյանն այն մարդկանցից է, ով ունի այսպիսի ընկալում. կարող է սարսափելի մեղքեր գործել, ու երբ ասում ես՝ ախր, մեղք ես գործում, պատասխանում է՝ ոչինչ կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ ու քավություն կհայցեմ Աստծուց և մեղքերից կազատվեմ:

-Սա փարիսեցիություն է, կեղծավորություն:

-Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է նա համարվել քրիստոնեական արժեքներ դավանող գործիչ: Հայրիկյանի մեղքերը շա՜տ են, բազմաթիվ: Ու այսօրվա քայլերով նա առավել բազմապատկում է դրանք: Եվ ես այսօր հստակ հայտարարում եմ՝ Պարույր Հայրիկյանը որևէ առնչություն չունի հայ ժողովրդի, նրա նպատակների իրականացման, նրա վաղվա օրվա հետ:

Դուք կարևոր հայտարարություն արեցիք, բայց երիտասարդ սերունդն անտեղյակ է այդ ամենից, նրան ծանոթ չէ Հայրիկյանի իրական կերպարը, ոմանց համար նա դեռ ընկալվում է իբրև ազատության մարտիկ:Ինչից էլ Հայրիկյանը հրաշալիորեն օգտվում է: Ահա թե ինչու նրա կողքին անտեղյակներն են, բայց կան մարդիկ, որոնք օգտվում են այդ չիմացությունից, <ազատության ռահվիրայի> կեղծ ընկալումից ու Հայրիկյանի հետ ձեռքձեռքի տված հստակ գործում պետության դեմ:

-Ցավում եմ, բայց ձեր ասածը բացարձակ ճշմարտություն է: Նրա կյանքում մութ էջերը շատ են: Գոնե ինձ համար դեռ այն ժամանակ էր հասկանալի՝ Հայրիկյանի երկրորդ <ձերբակալությունն> այլ բան չէր, քան գործուղում ուղղիչ աշխատանքային ճամբարներ… Իսկ ճշմարտությունը քչերը գիտեն: Ցավում եմ, որ մեր երիտասարդ սերունդը իրականությանն անտեղյակ լինելով, մյուս կողմից էլ մի նշանակալից բան դեռ չարած մեր երկրի, պետության կայացման ճանապարհին, մերկապարանոց հայտարարություններ է անում: Հայրիկյանի ուղղարկած երիտասարդ տղաներն ու աղջիկները նախօրեին շուրջկալել էին խորհրդարանի մուտքը գոռում են՝ դավաճան, ինչ-որ հարցեր են տալիս՝ ռուսներին եք սիրո՞ւմ, թե՞ հայրերին: Ի՞նչ ասես նման մարդկանց:

-Նրանց հրահանգվել էր նման պարզունակ հարցեր տալ՝ լարվածություն ստեղծելու համար, ապա տեսանկարել ու համացանցը հեղեղել իրենց պայքարն ի ցույց դնող տեսանյութերով: Պատվիրատուներին պետք է, չէ՞, ցույց տան, որ գործ են անում, որ Հայաստանում իրավիճակ են շիկացնում:

-Դրանց նպատակը մեր ընթացքը խանգարելն է: Չնայած այդպիսիք, բարեբախտաբար, քիչ են, բայց մտահոգիչ է այն, որ այսօր նրանց ձեռքին ֆինասներ են հայտնվել, կայքեր են բացում, խեղաթյուրված նյութեր են տարածում, իրողություն են կեղծում: Բայց ոչինչ չեն կարող անել: Մեր ժողովուրդն իր որոշման մեջ հաստատակամ է: Հիշեցի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկում ասվածը. եթե այսօր հանրահավաք անենք, ապա ժողովրդի 80 տոկոսից ավելին ձայն կտա ԵՏՄ անդամակցմանը: Եվ իրոք, դա մեր ժողովրդի ցանկությունն է: Տեր-Պետրոսյանն իր այդ հայտարարությամբ վերջ դրեց բոլոր հակառակ խոսակցությունները, իսկ Հայրիկյանը բռնել է մեկ այլ ճանապարհ:Դա նրա էությունն է: 88-ն էր, սկսվել էին ակտիվ գործընթացները, ես հաճախ էի հանդիպում նրա հետ, ու իմ գլխավոր նպատակն այն էր, որ կանխեմ նրա հնարավոր խառնակչությունը Հայաստանում, որ հանկարծ մեր ժողովուրդին չտանի տանկերի թրթուռների տակ: Նա դրան ընդունակ գործիչ է: Ասացիք՝ իրեն անկախության ռահվիրա է համարում, այս առնչությամբ պետք է հետևյալն ասեմ. 17 տարի շարունակ նրա թևերի տակ <ձմերուկներ> են դրել, հավատացրել, որ ինքն անփոխարինելի է, ժողովուրդը իր նմանին դեռ չի ծնել, միակն է Հայկ Նահապետից հետո:

-Բայց ովքե՞ր էին նրան այդչափ ոգևորողները: Չնայած, դժվար չէ կռահելը, պատվեր տալուց առաջ նախ ոգևորել է պետք…

-Միջազգային սիոնիզմի անդամներն ու գործակալներ, ուժեր, որոնց հանդեպ Հայրիկյանն առանձնահատուկ սեր է տածում: Եվ այսօր, ես կարծում եմ, որ նա հենց նույն ակունքներից է վարձատրություն ստացել: Այն փաստը, որ այսօր Հայրիկյանի կողքին չկան ԱՄԿ-ի անդամները, բացառությամբ 1,2-ի, պատահականություն չէ: Հեռացել են՝ մերժելով նրա աշխարհաքաղաքական մոտեցումները, հեռացել են մերժելով նրա մարդկային որակը:

Փոխարենը, հայտնվել են խզմալյանները՝ դրսի պատվերի տակ գործողները: 30 արծաթով ծախվածներն իրենց աղմուկ-աղաղակով փորձում են իրենց կողտոտ գործն անել: Բայց եթե պետություն ենք, ու տեսնում ենք, որ մեզանում ներմուծվել են <տրոյական ձիեր>, ուրեմն, պետք է քայլեր անել նրանց պետականաքանդ գործողությունները կանխելու համար:

– Հին աշխարհում ինչպե՞ս էին վարվում դավաճաների հետ. թագավորին դավաճանող իշխաններին կախաղան էին բարձրացվում: Այսօր ժողովրդավարության, մարդու իրավունքների, շատ հաճախ, կեղծ լոզունգներն են շրջանառվում, որոնք իրականում սպասարկում են գերտերությունների շահերը: Եվ ահա նմանների դեմ ասված ցանկացած խոսք միանգամից ընկալվում է իբրև ժողովրդավարության դեմ ասված խոսք: Մեկ էլ հանկարծ ԱՄՆ դեսպանատնից, կամ մեկ այլ կազմակերպությունից լսում ես՝ ոտնահարում եք մարդու իրավունքները: Բայց ոչ ոք չի ասում, որ այդ մարդիկ մեր պետությունն են քանդում, մեր ազգային արժեքներին դեմ քայլեր են անում:

Ինչո՞ւ ազատատենչ Հայրիկյանը մի օր չի ասում՝ ի՞նչ գործ ունի ԱՄՆ-ը Սիրիայում, ինչո՞ւ ամբողջ Աֆրիկան ու Արաբական աշխարհը ոտքի տակ տվեց, ինչո՞ւ է ամենուր սպանդ կազմակերպում: Հայրիկյանն այս ամենի մասին միայն լռում է: Ու թող սրանից հստակ հետևություն անեն մարդիկ, թե որտեղի՞ց է սնվում նա:

Ինչևէ, մեզ համար այլևս պարզ է, որ հանձին այս մարդկանց, գործ ունենք Արևմուտքից սնվող գործիչների հետ, որոնց ազգային պատկանելությունն այնքանով է հայկական, որքանով իրենք խոսում են հայերեն: Հետևաբար, ես հայտարարում եմ, նրանք ովքեր լծված են այս գործին հայ ժողովրդի, մեր պետության թշնամիներն են:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն