Սեյրան Օհանյան.Ես վստահեցնում եմ՝ թշնամին ստանում է արժանի պատասխան
Մեր գործողություններից նրա ռազմատենչ “եռանդը” մարում է
Հարցազրույց Պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն նախարար, ի՞նչ կասեք դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի իրականացրած հերթական դիվերսիոն գործողության մասին, որը կանխվեց ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից:
-2014 թվականը բավականին լարված տարի էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի համար. հակառակորդը իրականացրեց դիվերսիոն հետախուզական տարբեր բնույթի գործողություններ: Իսկ Պաշտպանության բանակի ղեկավարության և զորամասերի նպատակը ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ ու նախականխարգելիչ գործողությունների իրականացումն է: Այն շատ դեպքերում կատարվում է հայկական տարածքներից դուրս, պատճառը հակառակորդի տարաբնույթ սադրանքներն են: Սա նշանակում է, որ մեղքի մեծ բաժինը կրում է հենց ադրբեջանական կողմը: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա նման գործողությունները որոշակի գաղտնիություն են պարունակում, հետևաբար, բավարարվենք շրջանառված տեղեկատվությամբ:
-Այսօր ի՞նչ իրավիճակ է տիրում սահմանին:
-Լարվածություն կա, որը երբեմն ավելի է սրվում, երբեմն հանդարտվում: Որպեսզի առավել հստակ պատկերացնեք իրավիճակը ասեմ հետևյալը. նախկինում ԼՂՀ Պաշտպանության բանակի հատվածում ամենաքիչը լինում էին 35-50 կրակոցներ, օգտագործվում էր մինչև 1000 փամփուշտ: Մինչդեռ այսօր կրակոցների թիվը հասնել է մինչև 200-ի, իսկ օգտագործված փամփուշտների քանակը գերազանցում է 3000-ը, հասնում մինչև 6000-ի:
ԼՂՀ Պաշտպանության բանակի, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները պատասխանում են միայն հակառակորդի կանոնավոր դիպուկահարների կրակոցներին, անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում՝ չենք պատասխանում: Իսկ եթե հակառակորդը դիմում է սադրանքների, ապա մենք ոչ միայն պաշտպանվում ենք, այլև կանխում:
-Մեր ռազմական գործիչները հաճախ են ասում, որ երբ հայկական բանակն անցնում է ակտիվ գործողությունների՝ թշնամու բանակում խուճապ է սկսվում. օգոստոսյան դեպքերի ժամանակ փաստեր կան, որ ադրբեջանցի զինվորները հրաժարվել են ենթարկվել իրենց հրամանատարներին: Սա չի՞ հուշում այն մասին, որ նման թշնամուն սաստելու համար կանխարգելիչ գործողություններից բացի նաև նախահարձակ գործողություններ են հարկավոր:
-Գիտեք, մենք ավելի շատ կանխարգելիչ, պաշտպանական բնույթի գործողությունների կողմնակից ենք, ու ինքներս երբեք չենք խախտում հրադադարը: Բայց երբ մեր հարևանը իր դիվերսիոն գործողություններով խախտում է այն, ապա դրան, այո, պետք է տալ արժանի պատասխան: Ի դեպ, մեր գործողություններից նրանց ռազմատենչ ՙեռանդը՚ մարում է: Եվ ես ձեզ վստահեցնում եմ՝ թշնամին ստանում է արժանի պատասխան:
-Սահմանային լարվածությունն ինչպե՞ս է անդրադառնում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա:
-Կարծում եմ, որ բանակցային գործընթացը ներկայումս ընթանում է իր հունով, քաղաքական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են: Ինչպես նախկինում եմ ասել, այսօր ևս կրկնում եմ, որ հատկապես բարձր մակարդակի հանդիպումների շրջանում Ադրբեջանը փորձում է սահմանային միջադեպերով ներազդել հայկական կողմի վրա: Դա նրա գործելաոճն է:
Մեր հարևանը փորձում էր նաև սպառազինությունների մրցավազքով ցույց տալ, թե հզոր բանակ ունի, ինչը սակայն իչիք դարձավ 2014-ի դիվերսիոն ոտնձգությունների ժամանակ: Եվ ադրբեջանցիները դարձան իրենց իսկ ստի զոհը: Այնպես որ, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող ներազդել հայկական կողմի դիրքորոշումների վրա, մենք մեր տեսակետների, մեր համոզմունքների տերն ենք, այսինքն՝ հիմնախնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում, երկխոսությամբ, և իհարկե, միջազգային նորմերի շրջանակում:
–Համանախագահների կողմից հնչող հայտարություններում, ելույթներում հաճախ ենք լսում այսպիսի արտահայտություններ՝”Ադրբեջանը չի ցանկանում”,”Ադրբեջանը հրաժարվում է”, “թույլ չի տալիս”, ստացվում է, որ մենք անվերջ հայտնվում ենք զիջողի դերո՞ւմ:
-Մենք զիջողի դերում չենք: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հրադադարի խախտումները դատապարտվեն անհրաժեշտ ձևով, այսինքն, ոչ թե հավասարաչափ մեղադրանքներ ուղղվեն երկու կողմերին, այլ դատապարտվի խախտում իրականացրած կողմը: Ինչպես նաև յուրաքանչյուր նման գործողությունից հետո իրականացվի զինվորական փորձաքննություն: Բայց սրանով հանդերձ, փորձը նաև ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում հայկական կողմը կարողանում է արտահայտել ու ներկայացնել իր տեսակետները:
-Ադրբեջանի կողմից խփված հայկական ուսումնավարժական ուղղաթիռի հետաքննության առնչությամբ ի՞նչ նորություն կա:
-Այս պահին ընթանում է հետաքննություն, այլ բան ասել չեմ կարող: Սպասենք ավարտին:
-Դառնանք մարդու իրավունքների խնդրին. հայկական բանակում այսօր որքանո՞վ են պաշտպանված հայ զինվորի իրավունքները:
-Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները զինված ուժերում օրեցօր ավելի ամուր հիմքերի վրա են դրվում, և դա շնորհիվ զինված ուժերի ղեկավարության ջանքերի, շնորհիվ Մարդու իրավունքների պաշտպանի հետ սերտ համագործակցության, վերահսկողական մեխանիզմների ձևավորման:
Հայաստանի զինված ուժերը որդեգրել են մարդակենտրոն քաղաքականություն ու այսօր՝ տարիներ անց, մենք կարող ենք արձանագրել, որ դա ամենաարդյունավետ, ամենաճիշտ ուղին է: Հայ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ գործոն, որն իր բանակային ծառայության տարիներին վերադաստիարակվում է, զարգանում՝ կատարելով իր պարտականությունները, իրացնելով սեփական իրավունքները: Նա հասարակություն է վերադառնում որպես Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի:
Որպեսզի զինծառայողները ստանան համապատասխան գիտելիքներ, խորհրդատվություններ, տեղեկացված լինեն իրենց իրավունքներին, գիտենան, թե ինչպե՞ս կարող են օգտվել բողոքարկման մեխանիզմներից, իրականացվում են ծրագրեր և՜ Պաշտպանության նախարարության, և՜ Մարդու իրավունքների պաշտպանի, և՜ ԵԱՀԿ Երևան գրասենյակի կողմից: Զինվորը սեփական իրավունքները պաշտպանելու համար ոչ միայն կարող է դիմել իր վերադասին, նրան ներկայացնելով իր խնդիրները, այլև կարող է դա անել օգտվելով գործող թեժ գծից, հասարակական խորհուրդների գործունեությունից:
Ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր հայ ընտանիք իր դեսպանն ունի հայոց բանակում, և դա մեր զինվորն է, ով կապի մեջ է իր հարազատների հետ ու մենք նաև նրա ծնողների միջոցով ենք ստանում անհրաժեշտ տեղեկատվություն: Այսինքն, աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Իհարկե, թերություններ դեռ կան, բայց վարելով մարդակենտրոն քաղաքականություն մենք ձգտում ենք վերացնել դրանք ևս:
Միջանձնային հարաբերություններում լարվածության ստեղծման հիմնական պատճառ են դառնում արատավոր բարքերը: Դրանք նպաստում են, որ զինվորները մեկմեկու հանդեպ լինեն անհանդուրժող: Հանցագործությունները սրա հետևանք են:
Ինչպես նշվում է ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ անհանդուրժողականությունը սպառնալիք է և ոչ միայն սպառնալիք է բանակի, այլև հասարակության համար: 2014-ը մենք հայտարարել ենք փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի ու այդ պայքարը մղում ենք հասարակության հետ միասին: Եվ այս աշխատանքը տվել է իր դրական արդյունքը՝ 2013-ի համեմատությամբ 2014-ին 2,5 անգամ նվազել են քրեածին բնույթ ունեցող դեպքերը:
-Այսօր Արևմուտքից ֆինանսավորվող որոշ հկ-ներ պայքարում են բանակում իրականացվող հոգևոր ծառայության դեմ: Պարոն նախարար, ինչով եք կարևորում բանակում հայ հոգևորականի ներկայությունը:
– Հայ Առաքելական եկեղեցու և Պաշտպանության նախարարության կապերը շատ սերտ են և ես անչափ կարևորում եմ հայ հոգևորականի ներկայությունը բանակում, անգնահատելի է նրա դաստիարակիչ դերը: Եկեղեցու ներկայությունը բանակում օգնում է հայ զիվորին ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար լինել իր ընկերներին: Հայոց առաքելական եկեղեցին իր սպասավորների անդուլ աշխատանքով Աստծո խոսքն ու օրհնությունը հասցնում է մեր հայրենիքի պաշտպաններին: Իսկ քրիստոնեական ճշմարիտ արժեքներով սնված զինվորը կրկնակի ուժեղ է հոգեպես ու բարոյապես:
Քահանան փոխանցում է ոչ միայն Աստծո խոսքը, այլև մեր հայրերի կողմից մեզ ավանդված ճշմարտությունը: Այս գաղափարներով առաջնորդվելու դեպքում զորամասում ստեղծվում է ներդաշնակ մթնոլոր: Այնպես, որ մեր հոգևոր հայրերը մեծ աշխատանք են կատարում անհանդուրժողականության դեմ պայքարում, դրանով լրջորեն աջակցելով բանակին:
-Օրերս ինչ-որ անձինք ծեծի են ենթարկվել ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և ՙԱպարան՚ ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ինչպե՞ս եք վերաբերվում նման երևույթներին:
– Նման դեպքերում ես կարևորում եմ երկու հանգամանք. նախ գտնում եմ, որ առաջին հերթին մեր ազատամարտիկներն իրենց վարքով պետք է լինեն օրինակելի մեր հասարակության համար: Երկրորդ, ես դա շատ վատ երևույթ եմ համարում ու դատապարտում ազատամարտիկների նկատմամբ իրականացվող նման ոտնձգությունները:
Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ճիշտն ասած, դեպքի մանրամասներին դեռ տեղյակ չեմ, սակայն մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք պարզել, որից հետո կտանք համարժեք գնահատական:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












