Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԱԺ պատգամավորները, թերևս չնչին բացառությամբ, ծանոթ չեն ցորենի ալյուրը պրեմիքսներով հարստացնելու վտանգներին

Դեկտեմբեր 12, 2014թ. 00:02

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 13-ի իր նիստում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հավանության է արժանացրել նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների խիստ վտանգավոր և անընդունելի նախագծերը: Սահմանվել են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման (ֆորտիֆիկացիա) պահանջները: Օրենքի ընդունմամբ բարձր և 1-ին կարգի ցորենի ալյուրն օրական 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում պարտադիր կարգով պետք է ենթարկվի հարստացման, ալյուրին պետք է խառնվեն երկաթի միացություն, ֆոլաթթու և արհեստական այլ վիտամիններ:

Ըստ օրենքի նախագծերից առաջինի, ցորենի ալյուրը պարտադիր կարգով պետք է հարստացվի պրեմիքսներով` արհեստական վիտամինահանքանյութային հավելումներով:

Երկրորդի համաձայն` օրական 30 և ավելի տոննա արտադրողականություն ունեցող այն ալրաղացները, որոնք չեն ենթարկվի օրենքի պահանջին, այսինքն` բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը չեն հարստացնի, կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրաապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, որն այժմ կազմում է 1,5-2 մլն դրամ:

Ընդգծենք, որ Ազգային ժողովը հիշյալ նախագծերը դեռ չի ընդունել, պատգամավորները, թերևս չնչին բացառությամբ, ծանոթ էլ չեն առկա վտանգներին: Հետևաբար, քանի դեռ ուշ չէ, իր և իր սերնդի առողջությամբ մտահոգ յուրաքանչյուրի պարտքն է հնարավորինս բարձրաձայնել այս խնդրի մասին, պատգամավորներին հասկանալի դարձնել այն և հատկապես ԱԺ-ում մեծամասնություն կազմող հանրապետական պատգամավորներից պահանջել, որ դեմ քվեարկեն օրենքի նախագծերին: Այսինքն` իրենց խղճի ձայնն ավելի կարևոր համարեն, քան կառավարության խնդրանքը կամ ՀՀԿ վերնախավի ցուցումը: Շատ կարևոր է նաև, որ պատգամավորները տուրք չտան խաբեությանը, լսեն նաև ընդդիմախոսների, ինչպես նաև անկախ մասնագետների կարծիքը, քանի որ այս ծրագրի հետևում կանգնած ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները կիսաճշմարտությունն են ներկայացնում, միտումնավոր թաքցնում կամ անտեսում առկա վտանգները, մասնավորապես` մարդկանց առողջությունը վնասելու, այն սպառնալիքի տակ դնելու վտանգը:

Մի պահ դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Արևմուտքի կազմակերպություններից մեկի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, «մեր սիրուն աչքերի» համար մեկ տարի թե 1 մլն դոլարի շրջանակում, պրեմիքսները (վիտամինահանքանյութային հավելումները) ալյուրին խառնելու սարքավորումներից բացի, անվճար տրվելու են պրեմիքսներ, որոնց բաղադրությունը մեզ և շատ ուրիշների վստահություն չի ներշնչում: Սա, ինչպես ասում են, այլ թեմա է…

Ինչպես արդեն նշվել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանի, ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանի, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների կողմից, բարձր և 1-ին կարգի ալյուրին երկաթի միացությունից բացի, խառնվելու է նաև ֆոլաթթու: Խոսքն արհեստական ճանապարհով ստացված B 9 վիտամինի մասին է: Իսկ ֆոլաթթուն արդյոք լա՞վ է բոլորի համար…

Ահա այս հարցի պատասխանն է տալիս արտասահմանյան գիտական աղբյուրներից քաղված, մասնավորապես` Դավիթ Սմիթի, Յանգ-Ին Կիմի և Հելգա Րեֆսումի հեղինակած աշխատանքի ամփոփման այս (http://ajcn.nutrition.org/content/87/3/517.full) թարգմանությունը.

«Նյարդային խողովակի արատների նվազեցման նպատակով սննդամթերքի հավելումը ֆոլաթթվով ներդրվել է 10 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում: Շատ երկրներ քննարկում են, թե արդյոք արժե՞ ընդունել այս քաղաքականությունը: Երբ հավելումը ներդրվում է, մի քանի հարյուր հազար մարդ ենթարկվում են հավելյալ ֆոլաթթվի ընդունման՝ նյարդային խողովակի արատի յուրաքանչյուր կանխված դեպքի դիմաց: Արդյոք օգուտները, որ քչերը (սակավաթիվ նորածիններ) ստանում են, գերազանցո՞ւմ են հնարավոր վնասները, որին մեծ թվով մարդիկ ենթակա են «հարստացված» սննդամթերք օգտագործելու պատճառով: Կենդանիների մոտ ֆոլաթթվով հարուստ սննդակարգը կարող է ազդել ԴՆԹ-ի և հիստոն մեթիլացիայի (histone methylation) վրա, որը հետագա սերունդների մոտ հանգեցնում է ֆենոտիպային (Phenotypic) փոփոխությունների: Մարդկանց մոտ հավելյալ ֆոլաթթվի ընդունումը հանգեցնում է արյան մեջ բնականից հանդիպող ֆոլատների ու չմետաբոլացված ֆոլաթթվի բարձր խտություննեերի: Արյան մեջ ֆոլաթթվի բարձր խտությունը (concentrations) կարող է առնչվել բնական քիլլեր-բջիջների ցիտոտոքսիկության նվազման հետ (cytotoxicity), իսկ ֆոլատի բարձր խտությունը կարող է նվազեցնել արդյունավետությունը մալարիայի, ռևմատիկ արթրիտի, փսորիազի և քաղցկեղի դեմ օգտագործվող անտիֆոլատ դեղերի նկատմամբ: Տարեցների մոտ ֆոլատի բարձր խտության և վիտամին B-12-ի ցածր մակարդակի համադրությունը կարող է հանգեցնել ճանաչողական անբավարարության և անեմիայի, իսկ հղի կանանց մոտ՝ ինսուլին ռեզիստենտության* և նրանց երեխաների ճարպակալման ռիսկերի աճի (պատահակա՞ն է արդյոք, որ ԱՄՆ-ում ապրողների շրջանում ճարպակալվածներն այդքան շատ են.- Ա. Հ.): Ֆոլատը երկակի ազդեցություն ունի քաղցկեղի վրա. այն կանխում է քաղցկեղի առաջացումը, բայց նպաստում է պրենեոպլաստիկ (preneoplastic) բջիջների և բնակչության մեջ տարածված սուբկլինիկական քաղցկեղների զարգացմանն ու աճին: Այսպիսով, ֆոլաթթվի մեծ քանակով ընդունումը կարող է շատ վնասակար լինել որոշ մարդկանց համար: Սննդամթերքի «հարստացում» պլանավորող երկրները պետք է զգույշ լինեն և խթանեն հետագա ուսումնասիրությունը`բացահայտելու սննդամթերքի կամ դիետիկ հավելումների` ֆոլաթթվով հարստացնելու հետևանքները՝ լավ և վատ: Միայն դրանից հետո իշխանությունները կարող են զարգացնել ճիշտ ռազմավարություն ամբողջ բնակչության համար:

* Ինսուլին ռեզիստենտությունը (Insulin resistance) ֆիզիոլոգիական վիճակ է, երբ բջիջները չեն կարողանում արձագանքել ինսուլին հորմոնի նորմալ գործունեությանը: Օրգանիզմն արտադրում է ինսուլին, սակայն մարմնի բջիջները դառնում են կայուն ինսուլինի հանդեպ և չեն կարողանում այն արդյունավետ օգտագործել, ինչը հանգեցնում է հիպերգլիկեմիայի (hyperglycemia): Արդյունքում, ենթաստամոքսային գեղձը սկսում է ավելացնել ինսուլինի արտադրությունը, որի հետևանքով առաջանում է հիպերինսուլեմիա (hyperinsulinemia): Սա հաճախ ընթանում է աննկատ և կարող է նպաստել երկրորդ տիպի շաքարախտի կամ թաքնված աուտոիմուն (autoimmune) շաքարային դիաբետի մեծահասակների մոտ»:

Ավելորդ չենք համարում նշել հեղինակների առնչությունները

գիտական ու բժշկական տարբեր հաստատությունների հետ` Օքսֆորդի հիշողության և ծերացման ծրագիր (Optima), Օքսֆորդի համալսարանի ֆիզիոլոգիայի, անատոմիայի և գենետիկայի ամբիոն (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա (ԱԴՍ և ՄՌ), Տորոնտոյի համալսարանի բժշկության և սննդաբանության գիտությունների բաժին, Տորոնտոյի Սբ. Միքայել հիվանդանոցի ստամոքսաղիքային բաժանմունք, Կանադա (Y-IK), Օսլոյի համալսարանի հիմնարար բժշկական գիտությունների ինստիտուտի սնուցման բաժին:

Ալյուրին պրեմիքսներ խառնելն այլ վտանգների հետ էլ է կապված, որոնց մի մասին արդեն անդրադարձել ենք (http://nyut.am/archives/282065, http://nyut.am/archives/284116,

http://nyut.am/archives/286756, http://nyut.am/archives/287425, http://nyut.am/archives/291432, http://nyut.am/archives/291419,

http://nyut.am/archives/291339, http://nyut.am/archives/286864,

http://nyut.am/archives/290097), մյուսներին էլ կանդրադառնանք առաջիկայում:

Արթուր Հովհաննիսյան

Nyut.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն