Ամանորյա տոների մոտենալուն զուգահեռ շուկաներում ու խանութներում գների աճը նոր թափ է հավաքում
Շուկայում դեռ զգուշացնում են, որ այս օրերին գնումներ կատարենք, քանի որ Ամանորից հաշված օրեր առաջ դրանք էլ ավելի են թանկանալու: Օրինակ, այսօր Մալաթիա շուկայում մաքրած ընկույզի մեկ կգ-ը վաճառվում է 9 հազար դրամով: Վաճառող կինն ասաց, որ դեկտեմբերի վերջին օրերին շատ հնարավոր է՝ վաճառվի 13-15 հազար դրամով:
Բայց աստղաբաշխական գները չեն հուսահատեցնում տոնը շքեղ սեղաններով դիմավորել սիրող, բայց դրա համար գումար չունեցող հայ քաղաքացուն: Ու փոխանակ գոնե այս տարի զերծ մնա ճոխ տարեմուտ դիմավորելու մտքից՝ նա, «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հայտնի հեքիաթի հերոսի պես, որտեղից լինի՝ գումար է հայթայթում, որ հանկարծ Նոր տարուն ամոթով չմնա իր հյուրերի առաջ, լծվում այդ սեղանի համար ամենաթանկ ու էկզոտիկ մթերքներ ձեռք բերելու գործին:
Բայց ի տարբերություն հեքիաթի հերոսի, որը ապրում է անհոգ եւ ուրախ առօրյայով, Ամանորից հետո քաղաքացու համար ամենեւին էլ ուրախ օրեր չեն սկսվում: Բա եթե ինքն ուրախանա՝ պարտքերն ո՞վ փակի:
Այս օրերին միշտ էլ լինում են պարտք տվող բարերարներ: Բայց, իհարկե, տոկոսով վերադարձնելու պայմանով: Օրինակ, այս տարի նման նախաձեռնությամբ ներկայացավ «Երեւան սիթի» խանութների ցանցը, որն «Ինեկոբանկի» հետ համատեղ ամանորյա ակցիա է կազմակերպել իր հաճախորդների համար՝ նրանց վարկային քարտեր տրամադրելով: Քարտը տրվում է մինչեւ 5 տարի մարման ժամկետով՝ 21% տոկոսադրույքով:
Այն ձեռք բերելով՝ վարկառուն հնարավորություն է ստանում 50 հազարից մինչեւ 2 մլն դրամ գումար վարկ վերցնել, որը կարող է ծախսել միմիայն «Երեւան սիթի» խանութների ցանցից սննդային գնումներ կատարելու համար: Թեեւ «Ինեկոբանկն» առանձին վարկային քարտեր էլ է տրամադրում, որ մարդիկ կարողանան արժանապատիվ ամանոր դիմավորել: Դրանք արդեն դոլարային վարկեր են՝ 19% տոկոսադրույքով, եւ նորից մինչեւ հինգ տարվա մարման ժամկետով:
Երբ փորձեցինք բանկից ճշտել, թե որքան պահանջարկ ունեն ամանորյա վարկային քարտերը, մեզ չասացին՝ նշելով, որ դա ներքին տեղեկություն է. իրավունք չկա այն հանրայնացնելու: Բայց նաեւ չբողոքեցին պահանջարկի բացակայությունից:
Ի դեպ, հանգստյան օրերին շրջելով «Երեւան սիթի» խանութներով՝ համոզվեցի, որ շատերն արդեն քարտերով գնումներ են անում: Իսկ Ամանորին դեռ մոտ երկու շաբաթ ժամանակ կա: Հավանաբար մեկ շաբաթ հետո քարտերից օգտվողների թիվը կավելանա, կավելանա նաեւ երկրում պարտք ունեցող մարդկանց ցանկը: Միայն թե ծիծաղելի է, գուցե նաեւ ամոթալի, երբ գիտակցում ես, թե այդ պարտքերն ինչի համար են կուտակվել:
Թերեւս միայն համընդհանուր հոգեթերապիայի միջոցով է հնարավոր մեր հասարակությանը սթափեցնել ու հասկացնել, որ իր երջանկությունը, այսպես կոչված, թասիբը ամենեւին էլ ամանորյա սեղանի մեջ չէ:
Գուցե կարելի է նման հոգեթերապեւտիկ միջոցառում համարել այս օրերին սոցիալական ցանցում մեկնարկած «Ամանորը մեկ գավաթ թեյի կամ սուրճի շուրջ» նախաձեռնությունը, որի ղեկավար ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեղեկացմամբ՝ նախաձեռնությունն արդեն 700-ից ավելի անդամ ունի: Ըստ Էդգարի՝ այս նախաձեռնության նպատակն է մարդկանց հորդորել, որ ամենեւին ամոթ չէ, եթե իրենք շատ ավելի համեստ նշեն տարեմուտը, ու դա անելու համար պարտքերի տակ չընկնեն:
«Մեր նպատակը Ամանորն ավելի համեստ նշելն է ու կոտրել այն կարծրատիպը, որի համաձայն՝ եթե ամանորը ճոխ չնշես՝ ծանոթ-բարեկամների շրջանում խայտառակ կլինես, պատիվդ գետնով կտաս:
Թանկացումները, մի կողմից, մարդկանց սոցիալական ծանր վիճակը՝ մյուս կողմից, ավելի անհնարին են դարձում ամանորը մեծ ծախսեր պահանջող սեղանով նշելը: Չնայած դրան, մարդիկ նախընտրում են բարձր տոկոսներով վարկեր վերցնել բանկերից, պարտքեր անել ու ինչ գնով ուզում է լինի, տոնական սեղանն այնպես զարդարել, որ տուն եկած հյուրի աչքը ծակի: Մենք մեր օրինակով նրանց ցույց կտանք, որ կարելի է տոնը համեստ նշել ու ամենեւին ամոթով չմնալ: Հակառակը, լիարժեք ուրախանալ ու չմտածել հետագա պարտքերը փակելու մասին»,- ասում է Էդգարը:
Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ պարտքեր անելով ու վարկեր վերցնելով՝ նպաստում ենք բանկերի հարստացմանը, մեր հարստահարմանը: Գոնե հարստահարված չլինելու համար այդ քայլին չդիմենք: Այս դեպքում թասիբն ինչո՞ւ չենք կարեւորում:
Նախաձեռնության մեջ հիմնականում երիտասարդներ են ընդգրկված: Նախաձեռնության ղեկավարը ուրախ է դրա համար, կարծում է, որ հենց երիտասարդներին կհաջողվի մտածելակերպ փոխել, որովհետեւ երիտասարդության մեջ դեռեւս արմատացած չեն ամանորյա քաղքենի սովորությունները, կարծրատիպերը ավելի հեշտ է կոտրել: Եվ աստիճանաբար երիտասարդ ընտանիքներում նոր մտածելակերպ սերմանելով՝ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի արմատախիլ անել Ամանորին ամոթով չմնալուց խուսափելու հոգեբանությունը:
Երիտասարդներն արդեն Երեւանի փողոցներում իրազեկող ու հորդորող կոչերով թերթիկներ են բաժանել՝ կոչ անելով հրաժարվել ամանորյա սեղաններին խոզի բուդ դնելու, սեղանը արտառոց մթերքներով ու ճաշատեսակներով ծանրաբեռնելու, պարտքերի ու տոկոսների տակ ընկնելու սովորությունից:
Էդգարն ինքը Ամանորն ընտանիքի հետ շատ համեստ է նշելու ու ամենեւին չի ամաչում, եթե իրենց տուն եկած հյուրերին բդի ու հնդկահավի փոխարեն խմորեղենով թեյ հյուրասիրի կամ տոլմա եւ պասուց տոլմա: Նա հույս ունի, որ նախաձեռնության անդամների գոնե 70 տոկոսը նույն ձեւով կվարվի:
Տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ բացատրում է, որ ամանորյա սեղանը եւ ընդհանրապես Ամանորը մեր հասարակությունը ճիշտ չի ընկալում, որի պատճառով էլ այն ավելի շատ կերուխումի, խրախճանքի է վերածվում, նյութականացվում է, այդպես էլ մարդկանց ուրախություն չի պատճառում:
«Միամտություն կլիներ հույս ունենալ, թե մեր հասարակությունը համատարած Ամանորը կտոնի ըստ նշանակության ու արժեքի, հոգեւոր խորհուրդը պահելով ու արժեւորելով: Բայց հասարակության որոշ շերտերում կա ամանորն արժեւորելու ձգտում: Շատերն են արդեն տարեմուտի գիշերը եկեղեցում դիմավորում՝ աղոթքներով եւ ոչ թե շքեղ սեղանի շուրջ: Դա դրական միտում է, որը հոգեւորականներս կարեւորում ենք ու գնահատում: Մենք էլ մեր հերթին մարդկանց սովորեցնում ենք, թե ինչպես է հարկավոր տոնը նշել, ինչի համար է նախատեսված եւ ինչ նպատակի է հարկավոր ծառայեցնել»,- ասում է տեր Եսային:
Քահանան բացատրում է, որ Ամանորը զուտ հոգեւոր խորհուրդ ունի: Այն մեզ Աստծուց տրված հնարավորություն է, նոր կյանքի սկիզբ՝ անցած կյանքը վերապրելու, սրբագրելու, արժեքները վերանայելու եւ վերարժեւորելու, նոր տարին իբրեւ նոր հնարավորություն ընդունելու համար:
Հաջորդ տարին ավելի իմաստալից ապրելու եւ հոգեւոր կատարելությանը նպաստելու համար գործեր ձեռնարկելու հնարավորության մասին է խոսքը: Իսկ մենք շքեղ սեղանների շուրջ, կերուխումով, բարձրագոչ մաղթանքներով կարծես խլացնում ենք այդ հոգեւոր արժեքը: Տոնում ենք չգիտակցված՝ աղավաղելով տոնի ողջ իմաստը:
«Ամանորի գիշերը Առաքելական եկեղեցու դռները բաց են, հոգեւորականները լինում են եկեղեցում, հին տարին ճանապարհում աղոթքով, նորը դիմավորում աղոթքով՝ հույսով, հավատքով, որ Աստված մեզ տվել է նոր հնարավորություն՝ նորից ապրելու եւ արժեւորելու այն ժամանակը, որն ունենք, բարիք գործելու եւ առաքինի կյանքով ապրելու համար: Ուրախ կլինենք, եթե մարդիկ Նոր տարվա գիշերը եկեղեցիներում անցկացնեն մեզ հետ միասին: Բարեբախտաբար օրինակներ ունենք, երբ մարդիկ ընտանիքներով են գալիս, ու տոնական գիշերը մենք անցկացնում ենք եկեղեցում: Սա պետք է դառնա համահայկական սովորություն»,- նշում է քահանան եւ ավելացնում, որ մենք նույն անգիտությամբ ենք վերաբերվում նաեւ ամանորյա սեղանին:
Սեղան գցելը մեզ համար ինքնանպատակ է դարձել, մարդկանց զարմացնելու, մրցավազքի միջոց: Այնինչ սեղանի խորհուրդը հյուրասիրությունն է հոգեւոր, քրիստոնեական առումով, որի կատարյալ դրսեւորումը աղքատներին կերակրելն է: Ինչպես որ Քրիստոսն է ասում՝ երբ ընթրիք ես պատրաստում կամ ճաշ՝ հրավիրիր կարիքավորներին, ոչ թե քո բարեկամներին, դրացիներին՝ ակնկալիքով, որ իրենք էլ քեզ հրավիրեն, ու քո վարձատրությունը դա լինի:
Տեր Եսային նշում է, որ Ամանորի սեղան գցելիս պետք է նաեւ հաշվի առնել, որ եկեղեցական տոնացույցի համաձայն՝ այդ օրերին պահքի շրջան է: Մեր եկեղեցին հորդորում է, որ մարդիկ հնարավորության սահմաններում պահք պահեն ու դրանով դիմավորեն Սուրբ ծնունդը: Նոր տարին հենց սուրբծննդյան նախատոն է, առանց երկրորդի առաջինը չի լինի: Խրախուսվում է սեղանին պահուց կերակուրներ դնել: Մեր նախնիները հենց այդպես էլ վարվել են:
Այսօր ամանորյա սեղաններին պահքի ուտեստներ կան, որոնք այդ ավանդույթի ուժով են եկել: Բայց հաճախ չենք հասկանում, թե ինչպես են դրանք հայտնվել տոնական սեղանին: Այնինչ մեր նախնիները Նոր տարուն պաս են պահել: Ցավոք, մենք սեղանին դնում ենք այնպիսի ուտեստներ, որոնք բնավ պահքի համար չեն:
Ազգագրագետ ԳՈՀԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ մեկնաբանությամբ՝ Ամանորի պասային բաղադրիչները դուրս են մղվել խորհրդայնացման ժամանակաշրջանում, եւ այն վերածվել է իսկական ուտիս տոնի: Բայց այսօր փորձ է արվում վերականգնել պասային տոնի ավանդույթը:
Ըստ ազգագրագետի, այս տոնի խորհուրդը նորոգումն է, վերածնունդը՝ կյանքի, բնության, մարդու, այն նշանավորում է նորի սկիզբը, նորի ծնունդը, եւ տոնի հետ կապված բոլոր հիմնական ծիսական գործողությունները միտված են հենց նորոգման գաղափարին.
«Հնում Ամանորը նշելիս հայերը լիովին ընկալել են տոնի տիեզերածին էությունը, նորին անցում կատարելու դրա խորհուրդը, որը եւ արտահայտել են տոնական ուտեստներում: Օրինակ, պասուց տոլմայում կամ անուշապուրում մեկտեղել են տարբեր տեսակի հատիկավորներ, տարատեսակ չրեր եւ անուշեղեն: Այսինքն՝ ամանորյա սեղանը դիտվել է որպես տիեզերքի մոդել:
Նախկինում հայերն իրենց սեղաններին մսից պատրաստված ուտեստներ առհասարակ չեն դրել: Կերակուրները բացառապես բուսական ծագման են եղել մի շատ պարզ պատճառով՝ Նոր տարին համընկել է Սուրբծննդյան պասի շրջանին»:
Գոհար Ստեփանյանը հորդորում է չտառապել հարեւանի կամ բարեկամի ճոխ սեղանների պատճառով, մի անիմաստ ու ունայն մրցավազքի մեջ չմտնել:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












