Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ավարա-կախեթական ճանապարհի վերագործարկումը բխում է երեք երկրների շահերից

Դեկտեմբեր 17, 2014թ. 02:00

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Հայաստանը իրականցնելով հավասարակշիռ քաղաքականություն, մշտապես ըմբռնումով է վերաբերվել հարևան Վրաստանի խնդիրներին, ու դա ենթադրում է, որ Վրաստանը ևս պետք է ցուցաբերի համարժեք քաղաքականություն: Մինչդեռ օրերս մեր հյուսիսային հարևանը հերթական անգամ միացավ ադրբեջանաթուրքական տանդեմին՝ հանդես գալով մի հայտարարությամբ, որում կոչ է արվում տարածքային ամբողջականության հիման վրա շուտափույթ հանգուցալուծել ԼՂ հակամարտությունը: Ընդունելի՞ է Վրաստանի նման պահվածքը:

-Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված հայտարարությունը մի քայլ է, որը բխում է տարիներ առաջ, մասնավորաբար, 2008-ին հետո ձևավորված իրողությունների տրամաբանությունից: Վրաց-օսական և վրաց աբխազական հակամարտությունից հետո դժվար է պատկերացնել մի հարթակ, ուր քննարկվի տարածքային ամբողջականության հարցն ու Վրաստանը հանդես չգա դրա պաշտպանության դիրքերից: Եվ դա նպաստեց, որ 2008-ից սկսած այս երեք երկրները փորձեն համադրել իրենց տնտեսական ու քաղաքական շահերը:

Սակայն աշխարհաքաղաքական գործընթացները աշխարհում ու նաև մեր տարածաշրջանում մեծ արագությամբ են փոփոխվում, առկա փաստերը թույլ են տալիս ենթադրելու, որ ինչ-որ պահի հիշյալ <ալյանսի> շահերը կարող են նաև չհամընկնել: Տեսեք, Ռուսաստանը հրաժարվելով Հարավային հոսք ծրագրից դեպի Եվրոպա ձգվող գազամուղը որոշեց անցկացնել Թուրքիայով: Վերջինս ընդունելով ռուսական առաջարկը, փաստորեն, չափազանց ծանր վիճակի մեջ է դրել մի կողմից՝ եվրոպական երկրներին, մյուս կողմից հենց իր գործընկեր պետություններին՝ Ադրբեջանին ու Վրաստանին: Ինչո՞ւ, որովհետև ռուսական առաջարկի իրականացմամբ Տրանս-Անատոլիական գազամուղրի կառուցումը կորցնում է իր կարևորությունը: Հիշեցնեմ, այս ծրագրով նախատեսված էր, որ ադրբեջանական գազը Վրաստանի, Թուրքիայի տարածքով պետք է դուրս գա դեպի Եվրոպա: Ստացվում է, որ Թուրքիան ընդառաջ գնաց հզոր գազամուղի կառուցմանը՝ ի վնաս երկու գործընկեր պետությունների: Այս օրինակը բերեցի, որպեսզի շեշտեմ այն հանգամանքը, որ դինամիկ փոփոխվող աշխարհում նույնքան արագ են փոփոխվում երկրների գերակայությունները. տևական ժամանակ մեկ բլոկում գտնվող երկրների հարաբերություններում կարող է նաև սառնություն մտնել: Այնպես որ, այն պահից, երբ ռուսական գազամուղը միս ու արյուն ստանա բացառված չէ որոշակի սառնություն մտնի Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան հարաբերություններում:
Եվ վերջապես, թե ինչո՞ւ է Վրաստանը միացել ադրբեջանաթուրքական տանդեմին, բացատրությունը շատ պարզ է, Վրաստանը առաջնորդվել է իր շահերով և դա մենք պետք է հասկանանք:

Այսինքն, Վրաստանի իշխանության քայլը ոչ թե ուղղված է Հայաստանի դեմ, կամ նշանակում է կիսել ադրբեջանական կարծիքը, այլ դա զուտ սեփական պետության շահերով պայմանավորված քայլ է:

-Իհարկե, եթե այսօր ինչ-որ երկիր հանդես է գալիս Ադրբեջանի դիրքորոշման դիրքերից, դա չի անում Ադրբեջանի <սիրուն աչքերի> համար, այլ սեփական շահի: Կրկին դառնալով Հայաստան-Վրաստան հարաբերություններին, ասեմ հետևյալը, հարևան երկու երկրները հայտնվել են մի նոր իրողության մեջ. Հայաստանի ԵՏՄ անդամակցումն ու Վրաստանի եվրոասոցացումը չափազանց կսերտացնի հայ-վրացական հարաբեությունները, քանի որ երկու երկրների միջոցով ԵՄ-ն ու ԵՏՄ-ն կարող են հաղորդակցվել մեկմեկու հետ: Ընդամենը անցնելով Բագրատաշենի կամուրջը ձեր ապրանքը կարող է ԵՏՄ տարածքից հայտնվել եվրոպական տարածքում, և հակառակը: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ դառնալով ԵՏՄ անդամ Հայաստանը պահպանում է իր բոլոր իրավա-պայմանագրային հարաբերությունները հարևան երկու պետությունների՝ Վրաստանի ու Իրանի հետ: Այսինքն, Հայաստան-Իրան ճանապարհով էլ ԵՏՄ երկրները, արտոնյալ պայմաններով, կարող են կապ հաստատել Ծոցի երկրների հետ: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ փոխադրումների երկիր:

Ոմանք սակայն ասվածը համարում են՝ ցանկալին իրականության տեղ ընդունելու պես մի բան:

– Սա հնարավորություն է, որի համարժեքը մեկ այլ երկիր չունի: Իսկ թե որքանո՞վ այդ հնարավորությունը կդառնա իրականություն՝ կախված է նախ մեզանից: Ու մենք պետք է ջանքեր չխնայենք, որ այս տեսլականը դառնա իրողություն: Քանի որ միայն այդ կերպ Հայաստանը դուրս կգա բաժանարար գծերի եզրին գտնվող երկրի կարգավիճակից, մի բան, ինչը դժբախտություն է փոքր երկրների համար:

-Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հերթական անգամ հայտարարեց՝ Հայաստանը կարող է մասնակցել տարածաշրջանային ծրագրերին, եթե Ադրբեջանին զիջի <օկուպացված> տարածքները: Ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների ֆոնին նման հայտարարությունները առավել քան մտահոգիչ են դառնում, քանզի Թուրքիան օգտվելով ստեղծված իրավիճակից կարող է Ռուսաստանի միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հասնելու քաղաքական խնդիրների լուծմանը:

– Նման զարգացումները բացառել պետք չէ, հետևաբար, քաղաքականությամբ զբաղվող անձինք մշտապես պետք է կանխատեսեն նման վտանգներն ու անեն քայլեր երկիրը անցանկալի զարգացումներից ապահովագրելու համար: Չավուշօղլուն որևէ օրիգինալ բան չի ասել, ըստ էության, թուրքական տեսակետը մնում է անփոփոխ: Չմոռանանք, Թուրքիան պետություն է, որը բոլոր հարթակներում ու ամեն գնով, անգամ արյան, պատրաստ է իր պետական շահը պաշտպանել: Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք: Բայց մենք ևս անկախ պետություն ենք և մեր հիմնական խնդիրը մեր ազգային շահը հետապնդելն է, ուրեմն, մտահոգվելու փոխարեն պետք է լինենք աչալուրջ, որպեսզի երբեք թույլ չտանք ոտնահարել մեր շահերը:

-Պարզվում է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի հետաքրքրությունների կիզակետում է, իսկ պատճառն այն է, որ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի նորակառույց երկաթուղու միջոցով Թուրքիան կարող է իր բեռները Ռուսաստան հասցնել միայն այն դեպքում, երբ կվերագործարկվի աբխազականը: Նման զարգացումները հույս ներշնչո՞ւմ են, որ երկաթուղին, այնուհանդերձ, կվերագործարկվի:

-Իրոք, Թուրքիան այսօր շահագրգիռ կողմ է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում: Սա նշանակում է՝ կարող է ճնշումն այնքան մեծանալ, որ Վրաստանը ստիպված լինի տեղի տա: Չնայած կա նաև մյուս հանգամանքը. Եվրոպան բացասաբար է ընդունել ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը և ես ենթադրում եմ, որ Վրաստանի միջոցով ինչ-ինչ ուժեր կարող են ձախողել հիշյալ ծրագիրը: Սակայն կա մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. վերջին ժամանակներս ավելի հաճախ է խոսվում Դաղստանով ձգվող ավարա-կախեթական ճանապարհի վերագործարկման մասին, որը կարող է դառնալ Ռազմավիրական ճանապարհի այլընտրանքը՝ ռուս-վրաց- հայկական տրանսպորտային հաղորդակցման շրջանակում: Այն կօգնի բեռնաթափել Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան ձգվող միակ ցամաքային երկթուղին: Վրացական կողմը այս գաղափարին տարբեր գնահատականներ է տվել: Անգամ Սահակաշվիլին խոսելով այս մասին ասել է՝ այն կշրջափակի մեր գործընկեր Ադրբեջանին: Չգիտես ինչու նախկին նախագահը ոչ թե մտածում է Վրաստանի, այլԱդրբեջանի մասին: Մինչդեռ այս ճանապարհի վերագործարկումը նպաստավոր կլինի ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլև հենց Վրաստանի համար: Եվ ահա, նախօրեին հնչեց Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահի շատ կարևոր հայտարարությունը՝ ավարա-կախեթական ճանապարհի գործարկումը սպառնալիք չէ Վրաստանի անվտանգությանը: Ասեմ ավելին, ավարա-կախեթական ճանապարհի շինարարությունը կպահանջի 80կմ երկարությամբ ճանապարհի, 5 թունելի ու 26 կամուրջների կառուցում: Իսկ իմ տեղեկություններով, ռուսական կողմն արդեն իսկ կառուցել է ճանապարհի իր բաժինը՝ մինչև Վրաստանի սահման հասնող հատվածը: Ինչը թույլ է տալիս ենթադրելու՝ եթե Ռուսաստանը վստահ չլիներ դրա վերագործարկման հարցում, դժվար թե գումարներ ծախսեր այդ ուղղությամբ:
Մեզ համար հուսադրող է և այն, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները շատ ավելի հակված են Ռուսաստանի հետ համագործակցության:

Խորհրդարանի կողմից ԵՏՄ պայմանագրի վավերացումից հետո գործընթացներն այսօր մեկ այլ փուլում են՝ հայաստանյան օրենսդրությունը համաձայնեցվում է ԵՏՄ օրենսդրությանը: Սա բավական ծանր ու երկարատև գործընթաց է, կարծում եք, Ազգային ժողովը կկարողանա՞ այն ավարտին հասցնել մինչև հունվարի 1-ը:

-Արտահերթ նիստերի հրավիրման հիմնական նպատակը հենց դա է: ԵՏՄ պայմանագրի վավերացմամբ ամեն ինչ չավարտվեց: Եվ այսօր, այո, մենք հաջորդ փուլում ենք գտնվում, ունենք բազմաթիվ օրենքներ, որոնք պետք է ներդաշնակեցվեն ԵՏՄ օրենսդրական դաշտին: Իսկ մինչև հունվարի 1-ը կկատարվեն այն փոփոխությունները, որոնք թույլ կտան, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ լինի սահուն ու առանց խնդիրների:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն