ՀՅԴ-ի կուլիսային քայլերի արդյունքը
Ձախողվեց երկրում իրավիճակ սրելու ոմանց նպատակը
Ոչ իշխանական եռյակը երկու օր շարունակ ամեն ինչ արեց խորհրդարանական”թեժ ձմեռ” սցենարը գլուխ բերելու համար. քաղաքական կապրիզի, մաղձի, ամբիոնի մոտ հերոս ձևանալու պակաս չեղավ: Ամեն գնով երկրում իրավիճակ սրելուն պատրաստ ուժերը պարապ չմնացին նաև խորհրդարանից դուրս ու իրենց գործելոճին հարիր ՀԱԿ-ականները շտապեցին օտարի մոտ գանգատվելու երկրից, իշխանությունից, մեր ներքին խնդիրներից: Դուրսը լսեց, ու բացառված չէ, որ մի օր այս ամենը հայտարարության կամ զեկույցի տեսքով դրվի մեր առաջ: Միջազգային կառույցների հետ շփվող պատգամավորներից ոմանք արդեն հասցրել են նկատել, որ մեզանում ստեղծված լարվածությունը, խորհրդարանի ամբիոնից հնչած դատողությունները, մանավանդ հարևան երկրի կողմից, ՙլավ՚ հումք կդառնան Հայաստանի դեմ ինչ-որ պահի օգտագործելու համար:
Եվ ահա, խորհրդարանի ոչ իշխանական քաղաքական ուժերից միայն մեկը՝ Դաշնակցությունը գիտակցելով այս ամենը, դիմեց իրավիճակը շտկելու հստակ քայլերի, չնայած իր հասցեին հնչած տարբեր զազրախոսություններին, հասավ նրան, որ Հայաստանի Ազգային ժողովը հրավիրեց արտահերթ նիստ ու հնչեցրեց կատարվածը դատապարտող հայտարարություն:
Ի՞նչը դարձավ կռվախնձոր
Հնարավոր շահարկումներին վերջ տալու ու նաև խորհրդարանական երկօրյա խառնաշփոթը լրագրողներին պարզ, հասկանալի ներկայացնելու նպատակով ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ երեկ հրավիրած ասուլիսում նախ ներկայացրեց, թե ի՞նչը պատճառ դարձավ, որ նախօրեին ԱԺ վեց խմբակցություններին չհաջողվեց հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Պարզվեց՝ կռվախնձորը եղել է հրաժարականի պահանջի ձևակերպումը: “Ընդդիմությունը կարող է և ներկայացրեց հրաժարականի պահանջ, և ՀՅԴ-ն միացավ այդ պահանջին: Բայց չի կարելի խոսել Ա-ի մասին ու շրջանցել Բ-ն: Այսինքն, իշխանությունն ասում էր՝ ինքներս մեզնից ինչպե՞ս հրաժարական պահանջենք: Իրոք, զավեշտ է, նոնսենս, մեծամասնության մի թևը մյուսից ինչպե՞ս հրաժարական պահանջի, դրա փոխարեն, միանգամից կհեռացնի ու վերջ, էլ հրաժարականը ո՞րն է”: Եվ ՀՅԴ-ն, ի տարբերություն որոշների, նպատակ չունենալով երկրի վարկի հաշվին անիմաստ շոու սարքելու, ընդառաջ է գնում ՀՀԿ-ի առաջարկին՝ այն է՝ հայտարարության տեքստում անել այնպիսի ձևակերպում, որի արդյունքում քաղաքական ուժերը կմնան իրենց պայքարի ու պահանջների տրամաբանության դաշտում, փոխարենը, խորհրդարանը կկարողանա հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Մինչդեռ եռյակը կրկին ցուցաբերում է Դաշնակցության համար ոչ հասկանալի քայլ՝ մերժում է ՀՀԿ-ի առաջարկը: Իրավիճակի հանգուցալուծում տալու նպատակով ՀՅԴ-ն անցնում է գործի. մի ամբողջ օր շարունակվեցին դաշնակացականների կուլիսային բանակցությունները: Նախ, խորհրդակցության համար խմբակցություն հրավիրվեցին ոչ իշխանականները: Վերջիններիս առաջարկվեց փոխել ՙսխալ տեղ՚ տանող մարտավարությունը: Եռյակը սակայն այս անգամ էլ անհասկանալիորեն մերժեց ՀՅԴ-ի առաջարկը: Դաշնակցությունը նախաձեռնեց իր հաջորդ քայլը՝ բանակցել Հանրապետականների հետ: Բարեբախտաբար, այս անգամ փոխհամաձայնությունը կայացավ, ինչի արդյունքում էլ և՜ արտահերթ նիստ հրավիրվեց, և՜ Ազգային ժողովի կողմից հնչեց դատապարտող հայտարարություն:
Հայհոյելը մեր ժողովրդի համար մերժելի երևույթ է
Անհերքելի փաստ է, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը Աբովյան քաղաքում կայացած հայտնի հանրահավաքում հայոյանք է հնչեցրել: Այս առնչությամբ Արմեն Ռուստամյանն ասաց.ՙԱրամ Մանուկյանին ես շատ ՙմ հարգում, բայց նա, իրոք, իր խոսքում վիրավորանք է հնչեցրել: Իսկ մայր հայհոյելը հայ ժողովրդի համար ամենամեծ վիրավորանքն է, հարգելիներս, մենք էլ պետք է հասկանաք, որ չի կարելի հայհոյել ու մտածել, որ դա կմնա անպատասխան: Մեր ժողովրդի մենթալիտետն է այդպիսին”:
“Սո՜ւտ են լուրերը, թե ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կոալիցա են կազմելու”
Երեկ Դաշնակցությունը հերթական անգամ պարտադրված էր պարզաբանելու, որ ի շահ երկրի արվող իրենց քայլերը, եթե անգամ դրանք համընկնում են իշխանության ցանկությունների հետ, ամենևին չեն նշանակում, որ ՀՅԴ-ն հավակնում է կոալիցիա կազմել Հանրապետակաների հետ: ՙԵթե աշխատում ես Ազգային ժողովում, դու չես կարող ինչ-որ բանի հասնել առանց քաղաքական մեծամասնության հետ համագործակցության: Ստացվում է, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը մեր դեմ որպես հակափաստարկ է բերվո՞ւմ: ՀՅԴ-ի նպատակն էր շտկել իրավիճակը: Ու եթե սա չի հասկացվում, կնշանակի մարդիկ սխալ են հասկանում, թե ո՞րն է քաղաքական գործընթացների ճիշտ տրամաբանությունը: Պետք չէ բարիկադավորել հասարակությանը, հակառակը, պետք է ցույց տալ, որ առանց բարիկադների հնարավոր է հարցեր լուծել: Սա ամենադժվար գործն է, որը կատարում է ՀՅԴ-ն: Եվ շատ ուրախ եմ, որ այս անգամ մենք հաջողեցինք՚:
Այնուհանդերձ, որոշ լրատվամիջոցներ չեն դադարում Դաշնակցության հասցեին մեղադանքներ հնչեցնել, մասնավորաբար, լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում, օրինակ, դաշնակցական Արա Նռանյանը կառավարությունում պաշտոն կստանա: ՙՍո՜ւտ են այդ լուերը, սո՜ւտ է, թե Դաշնակցությունը կոալիցա է կազմելու՚, – հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Եվ այս անտրամաբանական մեղադրանքներին վերջնականապես վերջ տալու նպատակով ՀՅԴ խմբակցության ղեկավարը հարկ համարեց քիչ ավելի հանգամանակից անդրադառնալ խնդիրն.ՙԵս չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ոմանք որևէ դաշնակցականի աշխատանքի անցնելը այսչափ կարևորում: Այսինքն՝ ի՞նչ, եթե մենք ընդդիմություն ենք, ուրեմն չպետք է որևէ տեղ հարաբերվենք իշխանությունների հե՞տ: Բայց չէ՞ որ դա նշանակում է՝ չմասնակցել պետության գործերին՚: Ռուստամյանի համոզմամբ նման անընդունելի մոտեցման պատճառը իշխանության ու պետության նույնացումն է: Նկատեց՝ մի բա է պետության մեջ պետական պաշտոն ունենալը, մեկ այլ բան իշխանական ուժի ներկայացուցիչ լինելը: Ապա հիշեցրեց.ՙԵթե ձեզ թվում է, թե մյուս ընդդմադիրներից որևէ մեկը պետական պաշտոն չի զբաղեցնում, սխալվում եք, այդպիսիք շա՜տ են, եթե այդ ցանկը նայեք՝ կապշեք: Դե, որ այդպես է պահանջեք բոլոր ընդդիմադիներին դուրս գալ պետական պաշտոններից: Բայց ճի՞շտ է նման պահանջը, իհարկե՝ ոչ: Եթե կարծում եք, որ Հայաստանում որևէ մեկը չի կարող որևէ տեղ աշխատել, քանի դեռ չի վայելում իշխանության հովանավորությունը, ինչպես պնդում են որոշ ընդդմադիրներ, կնշանակի հաստատում եք, որ բոլոր աշխատողները պարտադիր վայելում են իշխանության հովանավորությունը: Սա աբսուրդ է՚:
Եվ, ուրեմն, ի՞նչ է ստացվում.ՙՈրպեսզի ՀՅԴ-ն ապացուցի, որ մաքրամաքուր ընդդիմություն է՝ պետության հետ չպետք է առնչվի՞, որևէ դաշնակցական, կամ ընդդիմադիր որևէ գործիչ պաշտոն չպետք է ունենա՞, այսինքն՝ թողնի այս երկրից գնա՞: Հարգելիներս, մենք արտագաղթի դեմ ենք պայքարում և ուզում ենք, որ բոլորը աշխատանք ունենան մեր պետության տարբեր ոլորտներում, իրենց ներուժը ի սպաս դնեն երկրի համար, հավասարաչափ ստանան պետության աջակցությունն ու հովանավարությունը: Սա է ՀՅԴ-ի ուզածը՚:
Ողջունում եմ՝ բոյկոտն ավարտվեց
Երեկ առավոտից խորհրդարանում աշխատանքային մթնոլորտ էր. եռյակն իր անիմաստ ու աննպատակ բոյկոտը դադարեցրեց, վերադարձավ նիստերի դահլիճ ու մասնակցեց կարևորագույն օրինագծերի քննարկմանը: ՙԵվ սա ես համարում եմ մեր կատարած աշխատանքի արդյունքը: Այն, որ բոյկոտը ավարտվեց, նշանակում է ինչ-որ մի բան բավարարեց նրանց ու մեր գործընկերներն այրդեն մասնակցում են նիստին, օգտակար աշխատանք կատարում: Ես ողջունում եմ բոյկոտի ավարտը՚: Ռուստամյանն ընդգծեց, թե սրանով չի կամենում գերագնահատել ՀՅԴ կատարած աշխատանքը, այլ ընդամենը արձանագրում է, որ ՀՅԴ քայլերը ընդունելի եղան բոլորի կողմից:
Իսկ ի՞նչ դեր կունենա Ազգային ժողովի այդքան կարևորովող հայտարարության հնչեցումը: ՙԵրանոսյանը պետք է հասկանա, որ չի կարող հակադրվել ԱԺ հայտարարության տրամաբանությանը, բայց եթե շարունակի խոսել գլուխ ջարդելու ոճով, ապա հենց իր գլուխը կարող է ջարդվել: Եթե մենք պետություն ենք, ուրեմն այն կոչված է բոլորին պաշտպանելու, զսպելու բոլոր նրանց, ում թվում է, թե կարող են իրենց կամքին հակառակ խոսողներին ինքնադատաստանի ենթարկել՚: Իրավապահ մարմիները ևս ԱԺ հայտարարությունց պետք է գան համարժեք եզրակացության՝ իրականացնեն շարադրված պահանջները և այն ընդունեն որպես ուղեցույց սեփական գնահատականները հնչեցնելիս:՝
Եվ վերջապես, խորհրդարանի կողմից նման հայտարարության հնչեցումը շատ կարևոր է միջազգային հարթակներում Հայաստանի դեմ սուր ճոճողներին լռեցնելու տեսանկյունից: Ի պատասխան մեր դիտարկմանը՝ Արմեն Ռուստամյանը մատնացույց արեց հայտարարության մեջ տեղ գտած այն կետը, որը վերաբերվում է երկրի միջազգային վարկանիշին.ՙԿատարվածը հարված էր մեր երկրի վարկին, այն պետական անվտանգության, երկրի հեղինակության հարց է: Ուրեմն, նման բռնարաքներին Ազգային ժողովի կողմից գնահատական տալը շատ կարևոր էր: Սա է նաև հնչած հայտարարության արժեքն ու նշանակությունը՚:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












