Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Կարևորը հետևողականությունն է

Դեկտեմբեր 20, 2014թ. 12:27

Անցնող տարում բանակը բազմից հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Սահմանին իրավիճակը լարված էր, ու բանակից ակնկալվում էր կտրրուկ, ինչպես հիմա ընդունված է ասել, համարժեք պատասխան: Այդ պատասխանը բանակը տվեց: Բոլորի, անգամ ամենաթերահավատների համար պարզ դարձավ, որ բանակը պատրաստ է լրջագույն մարտական առաջադրանքներ կատարել:

Տարվա ընթացքում բանակին վերաբերող ամենից հաճախ արծարծված հաջորդ թեման փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարն էր: Տարեսկզբին իր ուղերձում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ արեց հասարակական կառույցներին այդ չարիքի դեմ պայքարել համատեղ:

Փողոցային արատավոր բարքերը չարիք են, որովհետև դրանց ազդեցության հետևանքով պատանու արժեքային համակարգը դառնում է պրիմիտիվ ու “քրեականացված”: Իսկ այսպիսի արժեքային համակարգից մինչև հանցագործություն՝ ընդամենը մեկ քայլ է: Փողոցային արատավոր բարքերը նախ ավելի հաճախակի են դարձնում այդ կոնֆլիկտները, մյուս կողմից՝ դրանք դարձնում են անկանխատեսելի ու մեծացնում դրանց ողբերգական ելքի հավանականությունը:
Տվյալ դեպքում վտանգը կայանում է նրանում, որ ոչ մի, անգամ ամենաբարձր կարգապահությամբ ու վերահսկելիությամբ աչքի ընկնող զորամաս սկզբունքորեն ապահովագրված չէ այդ վտանգից, որովհետև այս բարքերի պատճառով ծագած կոնֆլիկտները ծագելուց հետո զարգանում են ակնթարթի արագությամբ: Պատանեկությունը խենթ տարիք է, երբ մի կողմից առկա է ինքնասիրության սրված զգացում, մյուս կողմից՝ սեփական արարքների հանդեպ պատասխանատվության անբավարար գիտակցում: Հենց այդ է պատճառը, որ աննշան վիճաբանությունը շատ արագ կարող է ավարտվել ողբերգությամբ:

Պաշտպանության նախարարի մտահոգությունը հասկանալի է: Նա է զինվորի կյանքի համար պատասխանատուն: 2014-ի ուղերձում Սեյրան Օհանյանը իր և բանակի անձնակազմի համար բարձր նշաձող է սահմանում՝ հայտարարելով, թե արտակարգ պատահարները ոչ մի արդարացում չունեն, ու որ ՙբանակը հասարակության հայելին է՚, ու ՙբոլոր բանակներում էլ լինում են՚ արտահայտություններն անընդունելի են: Եվ նման դրվածքը արդյունք է տալիս, ստիպում բանակի հրամանատարությանը աշխատել, այլ ոչ թե պատճառաբանություններ որոնել, թե ինչու պատահեց այս կամ այն ողբերգական պատահարը:

Բայց խնդիրը մեկ գերատեսչությամբ չի սահմանափակվում: Անհրաժեշտ է միջգերատեսչական կոորդինացված ու հետևողական կանխարգելիչ աշխատանք: Արատավոր փողոցային բարքերի դեմ պայքար ասվածը անընդհատ գործընթաց է: Հասկանալի է, որ այդ պայքարում արագ ու մեծ արդյունքներ հնարավոր չեն: Այստեղ կարևորը հետևողականությունն է:

Իսկ ամենակարևորը՝ պատանիների իդեալները փոխելն է: Մեր զավակները հզոր տղամարդու, առնականության կերպարը պետք է տեսնեն ոչ թե քրեական հեղինակությունների մեջ, այլ զենքը ձեռքին խրամատում կանգնած, թշնամու դիվերսիոն հարձակումը ետ մղող զինվորի և սպայի մեջ:

Պատանիների վրա փողոցային բարքերի ազդեցությունը կանխելու գործում հաստատուն հաջողության համար նախևառաջ հարկավոր է այսօր խրամատում հերոսացած մեր զինվորականի սխրանքը ցուցադրել: Խրամատի հերոսը պետք է դառնա մեր երիտասարդության համար կրկնօրինակման առարկա:

ArmarLur.com


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն