Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Տնտեսական քաոսի պատճառը ԿԲ-ի անփույթ վերաբերմունքն էր

Դեկտեմբեր 19, 2014թ. 21:59

Հարցազրույց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ

-Ռուբլի-դրամ-դոլար խառնաշփոթը, հասկանալի է, որ հիմնականում պայմանավորված էր արտաքին տնտեսական, քաղաքական գործոններով: Բայց մի՞թե ներսում հնարավոր չէ պաշտպանված լինել. փաստն այն է, որ ֆինանսական կայունություն ապահովողները երկիրը թողեցին անպաշտպան: Եվ հարց է առաջանում՝ իսկ կարող էի՞ն կանխատեսել ու կանխարգելել՝ երկիրը զերծ պահելով տնտեսական ցնցումից:

-Իհարկե կարող էին: Նման իրարվիճակներում մենք էլի ենք հայտնվել, բայց ցավալին այն է, որ անհրաժեշտ դասեր չենք քաղում, որպեսզի կարողանանաք ժամանակին դրանց արձագանքել: Վերլուծելով վերջին օրերին կատարվածը, ես դրանում նկատում եմ տնտեսագիտական մտքի պակաս, քանզի հնարավոր էր նախնական հաշվարկներով հասկանալ, թե դեպի ո՞ւր է տանում այս տեմպը, և բնականաբար, կանխարգելել: Կառավարությունում այսօր կա տնտեսագիտական մտքի լուրջ պակաս: Մեր նախարարները կամ նրանք, ովքեր պետք է տնտեսագիտական լուրջ տեղեկատվություն տրամադրեն կառավարությանը, ոչ թե պրակտիկ տնտեսագետներ են, այլ ֆինանսիստներ, անգամ այլ մասնագիտության տեր մարդիկ են:

Երկրում տեղի ունեցած տնտեսական ցնցումն ապացուցեց, որ և՛ ԱԺ-ում, և՛ կառավարությունում պետք է լինեն մասնագետ մարդիկ: Փոխարենը լուրջ, սթափ կանխատեսում անելու և այն իրատեսորեն երկրի նախագահին, վարչապետին ներկայացնելու, այդ մարդիկ իրավիճակը ներկայացնում են հնարավորինս մեղմ, հանգստացնող ձևով, հետն էլ ասում՝ դե, մենք տիրապետում ենք իրավիճակին: Մինչդեռ կատարվածն ապացուցեց, թե իրականում որքա՞ն էին տիրապետում:

Վրաստանում ևս տեղի ունեցավ արժեզրկում, բայց այն 20 տոկոսից չանցավ, մինչդեռ մեզ մոտ հասավ մինչև 40-50 տոկոսի:, Վրաստանում չեղավ նաև էական գնաճ: Բելառուսում ընդհանրապես գնաճը զսպվեց ու ամեն ինչ նորմալ է, սա խոսում է այն մասին, որ չնայած արտաքին գործոնների առկայությանը, սական այդ երկրները կարողացան իրենց ունեցած փորձով զերծ մնալ ցնցումներից: Իսկ ինչո՞ւ մենք ընկանք նման խնդրի մեջ:

Տեսեք, Ռուսաստանի կառավարությունը նախ ներքին կարգով, իսկ հետո պաշտոնապես արգելեց գների բարձրացումը, որպեսզի իր ժողովուրդը խուճապի չմատնվի: Եվ ի՞նչ տեղի ունեցավ հայ արտահանողների հետ, մերոնք հայտնվեցին հիմար վիճակում, քանի որ ՌԴ արտահանած իրենց ապրանքի դիմաց վճարը ռուբլով ստացան, իսկ այն վերածելով դրամի ստացան նախատեսվածից քիչ հասույթ, քանի որ ռուբլին արժեզրկվեց՝ հասնելով մինչև 7,5 դրամի: Իսկ եթե մեր արտահանողները նախապես տեղյակ լինեին ռուսական կողմի քայլին, ռուբլի-դոլար պատմությունների փուլում կարող էին վերնայել գնային պայմանագրերը ու ռուսական շուկայում նոր գներով վաճառել իրենց ապրանքը: Ներկայումս մեր արտահանողների մի մասը հայտնվել է վատ վիճակում ու ելքեր է փնտրում դուրս գալու:

Իսկ այսօր ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը դրամի արժևորման ու գների փոքր-ինչ կայունացման պարագայում:

-Չեմ կարծում, որ իրավիճակն առողջացել է: Հակառակը՝ երևույթը դեռ շարունակվելու է: Նախօրեին իր հայտնի հարցազրույցում ՌԴ նախագահ Պուտինը պարզորոշ ասաց, որ լավագույն դեպքում 2 տարի պետք կլինի, որ Ռուսաստանում իրավիճակը կարգավորվի: Նույն կարծիքին է նաև ակադեմիկոս, տնտեսագետ Աղամբեկյանը: ՌԴ կառավարությունը կփորձի վեց ամսվա ընթացքում կայունացնել ռուսական ռուբլին՝ 1 դոլարի փոխարժեքը սահմանելով 45 ռուբլի: Ինչը դարձյալ մեզ համար մխիթարական չի կարող լինել:

-Հնչում են գնահատականներ, թե Հայաստանի տնտեսության, քաղաքացիների նկատմամբ իրականցվեց թշնամական սցենար, խարխլվեց ներքին վստահությունը: Իսկ մեղադրանքներն ուղղվում են հենց Կենտրոնական բանկի հասցեին:

– Այս օրեին ես խստորեն քննադատել եմ ԿԲ-ի գործունեությունը, և ընդհանրապես գտնում եմ, որ ազգային բանկը չի կատարում իր առաքելությունը: ԿԲ-ին թվում էր, թե ինքը վերահսկողություն է իրակացնում՝ լողացող կուրսի քաղաքականություն վարելով : Սկզբում ասում էր՝ դոլարի փոխարժեքը 470 դրամը չի գերազանցի, բայց տեսանք, թե ինչ կատարվեց, հասավ մինչև 620 դրամի: Իրավիճակը վերհսկողությունից դուրս եկավ: Այսինքն, ԿԲ-ն անկարող եղավ ճիշտ կանխատեսել, նա անգամ մեկ օրվա <պրոգնոզ> չի կարողանում անել, այ, հիմա էլ չգիտի, թե վաղը կամ մյուս օրը ի՞նչ է լինելու, չի կարողանում ներկայացնել դինամիկան, թեկուզ 10 տոկոսի ճշգրտությամբ:

Մեր քաղաքացիները խուճապի մեջ ընկած մտածում էին՝ ռուբլին արժեզրկվել է, ուրեմն, ռուբլի գնելը այլևս ձեռնտու չէ հարկավոր է հնարավորինս շատ դոլար գնել, պահել, քանի որ դոլարն է արժևորվում: Բայց դոլար հնարավոր չէր ձեռք բերել ո՛չ փոխանակման կետերից, ո՛չ բանկերից: Բանկերը, անգամ իրենց մշտական հաճախորդ հիմնարկներին 500 դոլարից ավելի չէին կարողանում վաճառել: Գուցե իրենք է՞լ իրավիճակից օգտվելով սպեկուլյացիա արեցին: Եվ այս քաոսի մեջ գները սկսեցին թանկանալ: ԿԲ-ն պետք է ժամանակին հանդես գար հայտարարությամբ ու ասեր՝ հարգելի ներմուծողներ խուճապի մի մատնվեք, մենք, ենթադրենք, հունվարի 1-ից դոլարի կուրսը իջեցնում եմ մինչև 450, և դուք այդ ժամանակ դոլար կգնեք՝ հագիստ եղեք: Կամ բանկերին տրվեր հանձնարություն՝ առաջնահերթ սպասարկել ներմուծող ընկերություններին, որպեսզի նրանք չդադարեցնեն իրենց բնականոն գործունեությունը: Բայց ԿԲ-ն չգնաց նման քայլերի ու հենց ինքը քաոս ստեղծեց: Ո՞ւր մնացին ԿԲ-ի տնտեսագիտական վերլուծությունները, անգամ ոչ մասնագետները էին կանխատեսում, որ լուրջ իրավիճակ է սպասվում, բայց իրենք լինելով ոլորտի մարդիկ դա չնկատեցի՞ն: Ես խիստ զարմացած եմ:

Ինչ կասեք վարչապետի սուպերմարկետներ կատարած անակնկալ այցի մասին:

-Շատ բարձ եմ գնահատում վարչապետի քայլը: Հիշեցի մեր հայտնի հեքիաթնեից մեկը, երբ թագավորը դերվիշի շորեր հագած շրջում է ժողովրդի մեջ ու նրա տրամադրությունները շոշափում: Հովիկ Աբրահամյանի այցից հետո բոլորը զգուշացան: Վարչապետը իր ժամանակից գուցե ընդամենը մեկ ժամ ծախսեց, բայց այդ ընթացքում կարողացավ իր աչքով տեսնել ու գնահատել իրավիճակը, և միանգամից էլ կանխարգելիչ քայլեր անել: Լավ կլինի, որ այդ քայլ որոշ ժամանակ անց դարձյալ կրկնվի:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները: Սակայն գների բարձրացումն ակնհայտ է և այն պահպանվում է: Այն մտավախությամբ, որ գնաճը նահանջ չի գրանցի, մեր քաղքացիները երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ թանկացումների, կոչ անելով՝ բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները: Ի՞նչ է սպասվում թանկացումների առումով:

-Մեր քաղաքացիների բողոքը լիովին արադարացված է: Իրավիճակը պետք է վերահսկել: Հարևան երկրում էլ է եղել ինֆլացիա, բայց կիրառվել են զսպման մեխանիզմներ: Գիտեք, այստեղ կա մեկ այլ, շատ կարևոր հանգամանք. սուպերմարկետների ղեկավարները, մեր խոշոր օլիգարխները պետք է նաև բարոյական կեցվածք ունենան: Չի կարելի ծանր վիճակի մեջ դնել մեր ժողովրդին: Մինչդեռ եղան խոշոր ներկրողներ, անուններ տալ չեմ ուզում, ովքեր իրենց ապրանքը բացահայտորեն վաճառում էին դոլարով: Ինչպե՞ս կարելի է: Եվ ո՞ւր մնաց վերահսկողությունը:

Ստեղծված իրավիճակից և’ մեր տնտեսությունը լուրջ վնասներ կրեց, և’ բնակչությունը, որը պետք է իր փողով, իր գնողականությամբ փորձեր խթանել ներքին արտադրությունն ու առևտուրը: Տուժեցին արտահանողներն ու ներմուծողները: Առաջացավ անվստահություն՝ հասարակությունն ու գործարարները հասկացան, որ դժվար պահին պետության օգնող ձեռքը ուշ մեկնվեց:

Իրավիճակի մեղավորները, ու բոլոր նրանք, ովքեր հասցրեցին օգտվելով այս խառնաշփոթից ու իրենց <ձեռքերը տաքացնել>՝ պետք է պատժվեն: Պատասխանատվության մասին խոսեց նաև վարչապետը: Կարծում եք, այն կլինի՞ հասցեական:

– Եկեք այլ տեղերում մեղավորներ չփնտրենք, պատժի կիրառումը պետք է սկսել հենց ազգային բանկից, որի անփույթ, իրողությունների հանդեպ ոչ տնտեսագիտական վերաբերմունքը, խորը վերլուծությունների բացակայությունը պատճառ դարձավ քաոսի առաջին ալիքի իհայտ գալուն: Սպեկուլյանտներին թող որոնեն նաև բանկերում, որոնց ատամներով պաշտպանում է ԿԲ-ն: Իսկ վարչապետի հայտարարությունը զսպող ազդեցություն կունենա, վախենան, ինչն էլ կարող է իրավիճակը բավականին շտկել: Լարվածության թուլացումից հետո միայն հարկ է նստել, հստակ վերլուծել կատարվածը: Ոչ թե պետք է հանգստացնեն երկրի նախագահին կամ վարչապետին, այլև լինեն անկեղծ ու ազնիվորեն ներկայացնեն իրավիճակը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն