Արցախի անկախության ճանաչումը կլինի աշխարհի մեծագույն քայլը ի պատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի ժխտողական քաղաքականության
Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-2014-ը լարված տարի էր. հակառակորդը իրականացրեց դիվերսիոն հետախուզական տարբեր բնույթի գործողություններ: Այսօր էլ սահմանը շարունակում է մնալ անհանգիստ: Ռազմական նման ակտիվությունը չի՞ փաստում այն մասին, որ հակառակորդը փոխել է իր մարտավարությունը, և ինչպես ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կ. Զատուլինն է ասում՝ Ադրբեջանը մի երկիր է, որը ամենաբարձր մակարդակներում չի բացառում պատերազմի վերսկսումը:
-2014-ը, իրոք, բարդ տարի էր, հակառակորդը կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը, դիվերսիոն հետախուզական խումբը դիմեց ահաբեկչական գործողության: Բացառիկ դեպք էր Արցախի պաշտպանական բանակի անզեն ուղղաթիռի խոցումը, նույնիսկ պատերազմի ժամանակ նման բան չէր եղել: Դրան հաջորդեցին հակառակորդի ամենաստոր քայլերը:
Ադրբեջանի կողմից վարվող նման քաղաքականության մասին մենք մշտապես բարձրաձայնել ենք, ասել, որ այդ պետությունը գնում է ֆաշիստական ուղով, որ այն նացիստական գաղափարախոսությամբ ախտահարված երկիր է և չի կարող ագրեսիվ քաղաքականություն չվարել: Եթե միջազգային հանրույթը ինչ-որ ժամանակ մեր հայտարարություններն իբրև ահանզանգ չընդունեց, ապա այսօր համոզվում է, որ, իրոք, Ադրբեջանում իրավիճակը բավականին լուրջ է: Իսկ մեր կողմից ահազանգ հնչեցնելը չի նշանակում, թե մենք վախեցած ենք, ու մտածում ենք, որ այդ ՙուժեղ՚ պետությանը կարող է սպառնալ մեր անկախությանը, ազատությանը, ամենևին, մենք էլ մեր պետությունն ու բանակն ենք ուժեղացնում:
Այդ անհազանգը ուղղված է աշխարհին իրազեկելու, որ հանձին Ադրբեջանի տարածաշրջանում կա ֆաշիստական գաղափարներով առաջնորդվող պետություն, որը սպառնալիք է բոլորի համար: Ադրբեջանի ներսում ևս տեղի են ունենում բարդ զարգացումներ, վհուկների որս է սկսվել, ձերբակալում են մարդու իրավունքների պաշտպաններին, ընդդիմության ներկայացուցիչներին, ժողովուրդը դժգոհ է ալիևյան կլանի կառավարումից, աննախադեպ չափերի է հասել կոոռուպցիան: Այս ամենը ներսից թուլացնում է Ադրրբեջանը: Ու սեփական բնակչության ուշադրությունը շեղելու համար իշխանությունը կրկին դիմում է փորձարկված մեթոդին՝ արտաքին թշնամու կերպարի ստեղծմանը, նպատակ ունենալով այդ կերպ շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից:
-Եթե ֆաշիստական Ադրբեջանին հաջողվում է իր ագրեսիվ քայլերով փխրուն դարձնել տարածաշրջանային խաղաղությունը, կնշանակի խաղաղության պահպանմանը կոչված Մինսկի խումբը դադարել է իր դերը լիարժեքորեն կատարելուց: Միայն այն հանգամանքը, որ համանախագահողները տարիներ շարունակ իրենց հայտարարություններում արհեստական հավասարության նշան են դնում հակամարտության կողմերի միջև, չի՞ վկայում նրանց անարդյունավետ քաղաքականության մասին:
-Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ Մինսկի խումբը մեծ գործ է կատարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում: Իհարկե, ցանկացած գերտերություն ունի իր շահերը, բայց դա ամենևին չի նշանակում, որ եռանախագահները շահագրգռված չեն խաղաղության, կայունության պահպանմամբ:
Ճիշտ չէ, որ մենք Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության համար մեղադրենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք աննորմալ, հիվանդ պետության հետ: Ու եթե չլիներ երկու կարևոր հանգամանք՝ առաջինը, Հայաստանի, Արցախի զինված ուժերի մարտունակությունը, երկրորդ՝ համանախագահող երկրների ջանքները, կարծում եմ, այդ աննորմալ պետությունն իրեն էլ ավելի վատ կպահեր: Նման իրավիճակում համանախագահողները փորձում են իրավիճակը հնարավորինս կայուն, խաղաղ պահելուն միտված քայլեր իրականացնել:
Թեպետ շատերը կարող են ասել, թե այդ խաղաղությունը լիարժեք չէ, բայց միևնույն է՝ նրանք մեծ գործ են կատարում: Եվ հետո, Մինսկի խմբից չպետք է անկալել խնդրի շուտափույթ կարգավորում, դա երկարատև գործընթաց է, որի առաջին փուլը խաղաղության, կայունության պահպանումն է: ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին երեկ Մոսկվայում հայտարարությամբ հանդես եկան ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, ինչը ևս շատ կարևորում եմ: Շեշտվեց՝ խնդրի կարգավորում պետք է կատարվի միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա:
–Իսկ 2015-ին որևէ բեկում ակնկալո՞ւմ եք բանակցային գործընթացում:
-Մեր ակնկալիքը ստատուս քվոյի պահպանումն է, այլ ձև չկա, քանի դեռ սեղանի վրա դրված չէ մշակված այլ տարբերակ, նոր առաջարկներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար: Բացի այդ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարում վարել ապակառուցողական քաղաքականությունը, բեկում ակնկալելը վաղաժամ է: Այս առումով, կարծում եմ, արմատական որևէ փոփոխություն տեղի չի ունենա: 2015-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ չի բացառվում, որ Բաքուն և Անկարան դիմեն հակաքայլերի, փորձեն սրել, ապակայունացնել իրավիճակը, ուժեղացնել հակահայկական քարոզչությունը: Մենք այս ամենին պետք է լինեք պատրաստ, և պատրաստ ենք: Այս առումով, 2015-ը կարծում եմ կլինի հնարավորությունների և նոր մարտահրավերների տարի: Բայց ես վստահ եմ՝ հնարավարությունները շատ ավելի են ու դա մեզ թույլ կտա արդյունավետորեն դիմագրավել մարտահրավերներին:
–Ռուսաստան- Թուրքիա մերձեցումը մշտապես մտահոգել է հայերիս այսօր ևս կա անհանգստություն, թե Ռուսաստանը կարող է օգտվել ՙմեծ եղբոր՚ դերից ու հայ-թուրքական հարաբերությունների հարթության մեջ քայլեր պարտադրել Հայաստանին: Խոսքս, մասնավորաբար, արցախյան հարցում հնարավար զիջումների մասին է:
-Սա ոչ իրատեսական մտավախություն է: Պետք է հաշվի առնել մի պարզ հանգամանք. սա մի տարածաշրջան է, ուր որևէ ուժ չի կարող պարտադրել իր կամքը: Այստեղ գերտերությունները վարում են հավասարակշռված քաղաքականություն: Դրան նպաստում է նաև Հայաստանի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք թե՜ Եվրոպայի, թե՜ ԱՄՆ-ի, թե՜ Ռուսաստանի հետ. անկախ նրանից, որ Հայաստանը դարձավ ԵՏՄ տնտեսական տարածքի անդամ երկիր:
ՌԴ նախագահը իր վերջին հարցազրույցում անդրադառնալով Թուրքիային, խոսեց հունական գործոնի մասին, ու կատարեց հետաքրքիր մեկնաբանություն: Ասաց՝ ՌԴ-Հունաստան հարաբերությունները այնքան ջերմ չեն, որքան ռուս-թուրքականն է, սակայն Ռուսաստանը երբեք Հունաստանի հաշվին Թուրքայի հետ հարաբեություններ զարգացնելու քայլի չի գնա: Նույնը կարող ենք ասել նաև հայ-ռուս-թուրքական հարաբեությունների առնչությամբ: Հետևությունս է՝ կարծել, թե Ռուսաստանը կարող է ի վնաս իր ռազմավարական գործընկեր Հայաստանի Թուրքիայի հետ ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել՝ անմտություն է: Սա այն նույն շահարկումների դաշտից է, երբ ասում են՝ մեզ կպարտադրեն մաքսակետ դնել ԼՂ սահմանին: Շահարկում են կա՜մ չհասկանալով, կա՜մ ինչ-որ նպատակից ելնելով: Նման հարց գոյություն չունի, սա Ադրբեջանի կողմից է խաղարկվում, որին մենք տրվել ենք: Որևէ արմատական փոփոխություն չի լինելու, ինչպես չեղավ Առևտրի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամացումից հետո:
-Բելոռուսի կողմից Հայաստանի ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացման ժամանակ այդ երկրի փոխարտգործնախարարը հայտարարեց.”Մենք մտահոգություններ ունեինք, որ Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում… Սակայն պայմանագրին կցվել է նոտա, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում”: Դրան ի պատասխան հնչեց , Էդուրարդ Շարմազանովի հայտարարությունը. “Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ԼՂՀ-ն դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս է, ուրեմն, մոլորության մեջ է”։ Ո՞րն է Արցախի գնահատականը:
-Մենք բազմիցս ենք ասել՝ Արցախը Հայաստանի մաս չէ, և պետք չէ փորձել Արցախը որպես այդպիսին ներկայացնել: Ցավոք մեզանում կան մարդիկ, ովքեր կարծես կորցրել են իրենց քաղաքական հոտառությունը, կամ էլ փորձում են իբր թե ավելի հայրենասերներ երևալ, ու խոսում են այնպիսի բաներից, որոնք չեն բխում մեր շահերից: Արցախը Հայաստանի մաս ներկայացնելը խիստ վտանգավոր մոտեցում է: Ադրբեջանը, որը հետևում է մեր բոլոր հայտարարություններին, կարող է իր հերթին հայտարարել՝ տեսնո՞ւմ եք, օկուպացված տարածք է, բայց չէ՞ որ այդպես չէ: Մենք պետք է լինենք զգոն ու առիթ չտանք ագրեսոր հարևանին նման հայտարարություններ անելու: Մյուս կողմից, Արցախի Հանրապետությունը ԵՏՄ-ին անդամակցման հայտ չի ներկայացրել, ի վերջո, անդամ պետությունների կողմից Արցախը ճանաչված չէ, ուրեմն, ինչպե՞ս կարող ենք ակնկալել անդամակցում այդ միությանը:
–2014-ի հաջողությունը թերևս Արցախի միջազգային ճանաչման գործընթացն էր: Եկող տարում ևս մեր քաղաքական, դիվանագիտական ջանքերը պետք է ուղղել այն մի նոր փուլի հասցնելու համար. ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Համոզված եմ, որ ճանաչման գործընթացը նոր թափ կստանա: 2014-ին Արցախի միջազգային ճանաչման գործընթացում, իրոք, հաջողություններ ունեցանք. Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը, Բասկերի երկրի խորհրդարանը: Սա մեծ առաջընթաց էր: Փակագծերը չեմ կարող բացել, բայց այս ուղղությամբ նոր քայլեր, անշուշտ, կլինեն: Ասեմ ավելին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհի պետությունների մեծագույն քայլը կլինի Արցախի անկախության ճանաչումը, քանզի հայկական երկրորդ պետության գոյությունը լավագույն պատասխանն է Թուրքիայի ու Ադրբեջանի ժխտողական քաղաքականության: Իսկ ցեղասպանության ժխտումը նշանակում է ցեղասպանության քաղաքականության շարունակում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












