Ամենայն հավանականությամբ գարնանը ՀՀ-ԵՄ պայմանագիրը կլինի ստորագրված
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Հայտնի է, որ արդեն տրված է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փուլի մեկնարկը՝ սկսված է բանակցային նոր գործընթացը: Արդյունքում իհայտ կգա բոլորովին նոր պայմանագի՞ր, թե կնորացվի եղածը:
-Նախ, բոլորի համար հասկանալի էր, որ Հայաստանն ու Եվրամիությունը վաղ, թե ուշ պետք է աշխատեին հարաբերությունների հաստատման մի նոր ֆորմատի ձևավորման շուրջ: Իսկ դրանում կարող են ներառվել թե՜ Ասոցացման համաձայնագրի, թե՜ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի բաղադրիչները: Կան հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու ԵՄ-ն բավական լուրջ հաջողությունների են հասել: Միաժամանակ, դրանք Հայաստանի ԵՏՄ անդամակցման պարագայում խնդիրներ չեն ստեղծում:
Բավականին ընդգրկուն են նաև համագործակցային ոլորտները, ու եթե մի կողմ դնենք քաղաքական սահմանափակումները, ապա մյուս ոլորտներում, իրոք, կան համագործակցության լուրջ հնարավորություններ:
Չմոռանանք նաև, որ Հայաստանը ԵՏՄ 4 անդամ երկրներից միակն է, որն օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանուր համակարգից ( GSP+): Հետևաբար, էական չէ, թե բանակցությունների արդյունքում կստեղծվի Ասոցացման նոր պայմանագի՞ր, թե՞ արդեն իսկ գոյություն ունեցողը կընդլայնվի, էականն այն է, որ թե՜ քաղաքական, թե՜ տնտեսական առումով շարունակվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, և շարունակվում է անկախ այն բարդ իրավիճակից, որ ստեղծվել է Ռուսաստանի ու ԵՄ միջև:
-Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հաճախ են հայտարարում, թե ԵՏՄ անդամակցումը մեր երկրին չի խանգարում համագործակցել ԵՄ հետ, նաև ասվում է՝ կա ԵՄ հետ համագործակցային լայն դաշտ: Բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանն արդեն իսկ մեկ այլ միության անդամ է, արդյոք, եղած դաշտը բավարա՞ր է ԵՄ հետ անհրաժեշտ համագործակցության, ծրագրերի իրականացման համար:
-Գիտեք, այստեղ խոսքը բավարարի կամ ոչ բավարարի մասին չէ: Նախ, Հայաստանի՝ սեպտեմբերի 3-ին որդեգրած դիրքորոշման հիմքում ընկեծ է մեզ համար գլխավոր խնդիրը՝՝ Հայաստանի պետականության պահպանումը, անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև, տնտեսության զարգացումը: Ի վերջո, Հայաստանի համագործակցությունը կամ անդամակցումը այս կամ այն համակարգին, միությանը, լինի ԵՏՄ-ն, թե ԵՄ-ն, ինքնանպատակ չէ: Հետևաբար, սա նշանակում է, որ ԵՄ-ի հետ մեր հետագա համագործակցությունը անպայմանորեն պետք է համապատասխանի այս տրամաբանությանը: Իսկ ՙհամագործակցային լայն դաշտ՚ ասվածի մեջ կարող են մտնեն այն բոլոր ոլորտները, որոնք չեն հակասի ԵՏՄ կողմից վարվող քաղաքականությանը, չեն հակասի այդ միության անդամ Հայաստանի շահերին:
– ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերն իր հրաժեշտի ասուլիսում հետևյալ միտքն ասաց. ՙԱնդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը կշարունակի գործակցությունը Արեւմուտքի հետ ներդրումների, առեւտրի, տնտեսական տարբեր նախագծերի շուրջ՝ փոխշահավետ պայմաններով՚։ Բայց ինչպե՞ս կարող է առեւտրի, տնտեսական ոլորտներում Արևմուտքի հետ համագործակցությունը համատեղվել ԵՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ:
-Անհնարին ոչինչ չկա: Հայաստանն ու ԵՄ-ն կանեն ամեն ինչ, որպեսզի հակասություններ չառաջանան: Իսկ տնտեսական դաշտում համագործակցության հնարավորությունները բազմազան են: Չմոռանանք, որ ԵՄ-ն եղել է ու կմնա Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը: Գուցե 2015-ի հունվար 1-ից հետո, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, ԵՄ-ն կհայտնվի երկրորդ տեղում՝ ԵՏՄ-ից հետո, համենայնդեպս, պետք չէ անտեսել այն կարևոր հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրները Հայաստանի գլխավոր շուկաներն են: Մյուս կողմից, Հայաստանը ոչ միայն ԵՄ տնտեսական գորընկերն է, այլև քաղաքական: Հիշեցնեմ, որ 2013-ի սեպտեմբերի 3-ից մեկ օր անց՝ սեպտեմբերի 4-ին Հայաստանը ԵՄ-ին առաջարկեց ստորագրել Ասոցացման պայմանագրի քաղաքական հատվածը: Ցավոք, ԵՄ չինովնիկները, չհասկանալով պահի լրջությունը, մերժեցին Հայաստանի կարևոր առաջարկը: Ի դեպ, ասեմ, որ այն եվրոչինովնիկները, որոնց ես սեպտեմբերի 3-ից հետո փորձում էի ներկայացնել, բացատրել իրավիճակը, բայց նրանք չէին ընկալում, միայն Ուկրաինայի դեպքերից հետո անկեղծորեն խոստավանեցին՝ մենք չէինք հասկանում խնդրի լրջությունը, ապա ընդունեցին Հայաստանի առաջարկը մերժելու իրենց սխալը:
Հետևաբար, կարծում եմ, որ այսօր ընթացող բանակցություններում շատ տրամաբանական է ոչ միայն տնտեսական ոլորտի, այլև քաղաքականի ներառումը: Մեկ հանգամանք ևս. Հայաստանը չի կարող ակնկալիքներ ունենալ ԵՏՄ անդամ գործընկեր երկրներից, օրինակ, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման հարցերում և այդ բացը կլրացվի ԵՄ հետ համագործակցությամբ:
-ԵՏՄ-ն գործող կառույց է, ուր կարող են նոր որոշումներ կայացվել, նոր մոտեցումներ որդեգրվել, սա ենթադրում է՞ Հայաստան-ԵՄ բանակցությունների շարունակականություն, թեկուզ հենց իրականացվող ծրագրերը ԵՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու առումով:
-Միանշանակորեն: ԵՄ հետ նոր պայմանագրի ստորագրմամբ ոչինչ չի ավարտվում, հակառակը, սկսվում է մի նոր փուլ: Բացի այն, որ անհրաժեշտություն կլինի ԵՄ հետ համագործակցությունը համատեղել ԵՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ի վերջո, պետք է գիտակցել, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը նպատակ է և գործընթաց: Ուրեմն, բանակցային գործընթացն էլ շարունակվելու է:
Միաժամանակ կան հարցեր, որոնք դժվար թե մոտակա ամիսներին լուծվեն: Խոսքս, օրինակ, մուտքի արտոնագրերի լիբերալիզացմանն է վերաբերվում: Նման հարցերը շատ են ու վկայում են բանակցային գործընթացի շարունակականության մասին:
-Տարիներ շարունակ Արևմուտքը Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը ուղղել է խորհրդատվություններին, ՀԿ-ին, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ընդլայնմանը: Սակայն վերջերս ՀՀ-ԵՄ միջև կնքված Փոխըմբռնման հուշագիրը, որով 140-ից 170 մլն եվրո աջակցություն է տրամադրվում, բացառիկ է նրանով, որ աջակցություն կտրամադրվի մանր և միջին ձեռնարկությունների, գյուղատնտեսության, գյուղական համայնքների զարգացման համար: Հայաստանի ԵՏՄ անդամակցումը նպաստե՞ց ԵՄ քաղաքականության փոփոխմանը:
-ԵՄ-ն գումարներ է տրամադրում հաշվի առնելով սեփական առաջնահերթությունները: Եվ եթե ԵՄ համար մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն են առաջնահերթ, ապա հասկանալի պատճառներով մեզ համար առաջնային խնդիր է գյուղատնտեսության կամ ֆինանսատնտեսական ոլորտի զարգացումը: ԵՄ քաղաքականության փոփոխումը ես չեմ պայմանավորի ԵՏՄ անդամակցման հետ: Պարզապես, կա բանակցային գործընթաց, ուր Հայաստանը կարող է ներկայացնել իր առաջնահերթությունները, և եթե ԵՄ-ն ի վիճակի է գումարներ տրամադրել Հայաստանի համար կարևորվող ոլորտներին, կարծում եմ, վերջինս կգնա նաև այդ քայլին, ինչի ականատեսը եղանք ձեր հիշատակած Փոխըմբռնման հուշագրով:
-Ամփոփենք. ե՞րբ կավարտվի բանակցային գործընթացը և ե՞րբ ակնկալել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը:
-ժամկետներ չեմ կարող ասել, բայց հակված եմ հավատալ մեր իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ըստ որոնց, ամենայն հավանականությամբ գարնանը պայմանագիրը կլինի ստորագրված: Այդ ժամկետը ես շատ տրամաբանական եմ համարում:
Ինչո՞ւ. ԵՄ-ն Ասոցացման պայմանագրեր ստորագրեց Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ, Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, հաստատվեց Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը մեկ ամիս է աշխատում է, կարծում եմ գարնանը որոշակի հստակություն կմտնի նաև Արևմուտք-Ռուսաստան հարբերություններում, ինչը հնարավորություն կտա, ՌԴ-ի ու ԵՄ-ի միջև դիրքորոշումների, եթե ոչ ամբողջական, ապա գոնե ժամանակավոր հստակեցման:
Եվ ահա, այս ամենը, կարծում եմ, բարենպաստ ֆոն կստեղծեն նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարգավորման իրավական նոր հիմքի ստեղծման ու զարգացման համար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












