Գլխավոր » Infowar, TOP, Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն

Գարեգին Նժդեհը հայկական մամուլի մասին

Հունվար 9, 2015թ. 15:14

«Օրինակը, թող որ համր, ամենակարող ուսուցիչներից մէկն է աշխարհի:Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնւիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն:

Թող գիտակցեն այդ հայ մամուլը վարողները եւ մեծապէս օգտւեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող նրանք յաճախ պատմեն իրենց ընթերցողներին, թէ ինչպէս սիրեց հայրենիքն Ա-ն, թէ ի՞նչպէս ծառայեց իր ժողովրդին Բ-ն, թէ ինչպէս ընկաւ իր ժողովրդի համար Գ-ն, եւլն.: Թող գիտակցեն հետեւեալը.
– «Մարդկութիւնը հոգեպէս աճում է, մեծանում է դէպի վեհն ու հազւագիւտն ունեցած իր հիացումի շնորհիւ միայն» (Նիցշէ):

Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին:
Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապւած է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրական գերեզմաններին՝ մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի դաստիարակիչ են, քան այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին:
«Մեծ սիրտ եւ ազնիւ զգացումներ» – ահա’ թէ ինչը ուժեղ կը դարձնի մեր ժողովուրդը եւ ահա’ թէ ինչ պիտի տայ մեր ժողովրդին հայ մամուլը:
Կարո՞ղ են այդ անել մեր թերթերը – յուսալի է մեր ապագան:
Չե՞ն կարող – թող դադարեն թուղթ սեւացնելուց:
Աւելի պիտ հիանալ այն խմբագիրների լռութեամբ, որոնք չեն ուզում միայն աղմուկ եւ «փոշի» բարձրացնել:


Դիտել Infowar, TOP, Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն