Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 11 ՄԵՏՐԱՆՈՑ ՀԱՐՎԱԾ ՉԷ

Հունվար 13, 2015թ. 15:28

2015 թվականը բավական անհանգիստ սկիզբ ունեցավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին կանգնած մեր զինվորների համար. հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերություններում արձանագրված հետտոնական սրացումների հետեւանքով հայկական կողմն արդեն իսկ 4 զոհ է տվել, կան վիրավորներ։
Ադրբեջանցի «դիվերսանտների» սադրիչ գործողություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ։

-Ընդդիմադիր որոշ կայքեր ջղաձիգ արձագանքեցին ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե Հայաստանը կարեւորում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ որպես բարեփոխումները շարունակելու նախապայման։ Սա գնահատվեց որպես «պարտվողականության մանիֆեստ»։ Համամի՞տ եք այդ տեսակետին։

-Շարմազանովն ընդամենը արձանագրել է իրողությունը՝ որ հայկական կողմը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հանձնառությանը։ Այստեղ պարտվողականության դրսեւորումներ փնտրելն ուղղակի ավելորդ է։
Մենք երբեք չենք ասել, թե մտադիր ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ 1994թ. համաձայնել ենք ստորագրել զինադադարի մասին համաձայնագիրը՝ նպատակ ունենալով հասնել վերջնական խաղաղության, գտնել խնդրի արդարացի լուծումը, եւ սա որեւէ կապ չունի հայ-ադրբեջանական սահմանում կամ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար գրանցվող սրացումների հետ։

-Նախօրեին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան, արեւելյան հատվածներում ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերը չե՞ն վկայում, որ ադրբեջանական կողմը խիստ «յուրովի» է մեկնաբանում մեր պաշտոնյաների խաղաղասիրական հայտարարությունները։

-Պետք է տարբերակել՝ որն է բանակի անելիքը, եւ որն է դիվանագիտության խնդիրը։ Հակառակորդի արկածախնդիր, նենգ գործողություններին պատասխանում է հայկական զինուժը, մինչդեռ քաղաքական գործիչների խնդիրն է հակառակորդին խաղաղություն առաջարկել։
Զինված ուժերն անում են իրենց ծանր, բարդ, վտանգներով լեցուն, բայց պատվաբեր աշխատանքը՝ հակահարված տալով հակառակորդի ոտնձգություններին, միեւնույն ժամանակ՝ ծանր, դժվար եւ պատվաբեր է քաղաքական գործիչների, դիվանագետների աշխատանքը, որոնք, ելնելով իրավիճակից եւ պատասխանատվությունից, խոսում են խաղաղության մասին։

-Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցի դիվերսանտների «վնասազերծման» վերաբերյալ լուրերը։ Ավելին՝ «բացարձակ սուտ» է համարել հայկական կողմի տարածած տեղեկատվությունը, թե Բաղանիսի ուղղությամբ արձակված կրակոցներից հայ հովիվ է զոհվել, եւ չնայած դրան՝ մերոնք թույլ են տվել չեզոք գոտուց դուրս բերել ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դիակը։

-Ես հիմք եմ ընդունում Ադրբեջանի պաշտպանության նախարարի դեկտեմբերի 31-ի հայտարարությունը, որ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, զինվորներին հրամայել է, մեջբերում եմ՝ «ինչպես 2014թ., այնպես էլ 2015 թ. ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե, ոչ մի օր հակառակորդին հանգիստ չտալ»։
Սա պաշտոնական հայտարարություն է, որ պաշտպանության նախարարն արել է ի կատարումն քաղաքական ղեկավարության հանձնարարականի՝ գտնվելով շփման գծում։ ՊՆ մամուլի խոսնակն ինչ է ասում, ինչ «նրբերանգներով» է փորձում քողարկել իրականությունը, այս պարագայում դառնում է երկրորդական։
Բառացիորեն նախանցյալ օրը Իլհամ Ալիեւը կառավարության նիստ է անցկացրել, որի ընթացքում մի քանի «հռետորական» հարցադրում է արել, մասնավորապես հարց է բարձրացրել՝ ի՞նչ գործ ունի հայկական բանակն Աղդամում, Ֆիզուլիում եւ այլն։ Պարզից պարզ է, որ շփման գծում իրավիճակի սրումը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հրահանգով է արվում՝ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
Քանի որ Ադրբեջանում պաշտոնապես՝ պետական մակարդակով, արգելված է հայտարարել սահմանում եւ շփման գծում զոհված զինծառայողների մասին, փորձում են չքմեղանալ, թե նման բան չի եղել, բայց եթե ուշադիր հետեւեք ադրբեջանական լրատվամիջոցներին, կտեսնեք՝ Տավուշի միջադեպից մեկ-երկու օր անց կհայտարարեն Ղազախ-Թովուզ ավտոճանապարհին վթարված ավտոմեքենայի եւ վթարի հետեւանքով զոհված զինվորների մասին։
Այդպես եղավ նաեւ հունվարի 2-ին եւ 3-ին ձեռնարկված դիվերսիոն գործողություններից հետո, երբ մեկ-երկու օր անց արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն տարածեց, թե Բաքու-Շամախի ճանապարհին վթարի է ենթարկվել երկու ավտոմեքենա, եւ միանգամից 6 մարդ զոհվել է՝ չնշելով այդ մարդկանց անուն-ազգանունները, վթարի հանգամանքները, ուր էին գնում այդ անձինք, քաղաքացիական անձի՞նք էին, թե՞ զինվորականներ։
Անգամ նրանց հուղարկավորությունները համարվում են պետական գաղտնիք. մահմեդական ծիսակարգով այդ հուղարկավորություններն առանց այն էլ արագացված ընթացակարգով են կատարվում, եւ երբ զինծառայող է զոհվում, տվյալ բնակավայրը շրջափակվում է ոստիկանության կողմից, լրագրողների մուտքը արգելվում է եւ այլն։

-ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով առաջարկում է դուրս գալ բանակցային գործընթացից, որպես բողոքի նշան ԵԱՀԿ համանախագահների իներտ կեցվածքի՝ ադրբեջանական սադրանքներին համարժեք չարձագանքելու դեմ։ Այս մոտեցումն ընդունելի՞ է ձեզ համար։

-Ի՞նչ է նշանակում՝ դուրս գանք բանակցային գործընթացից։ Ասենք՝ դուրս եկանք, հետո՞։ Քաղաքականությունը մեկ քայլանոց գործողություն չէ, 11 մետրանոց հարված չէ, որ խփես մրցակցի դարպասին եւ քեզանից գոհ՝ հեռանաս հանդիսատեսի ծափահարությունների ներքո։
Քաղաքականությունը, դիվանագիտությունը ճշգրիտ, հաշվարկված քայլերի արվեստ է, երբ կես քայլ անում ես՝ հաշվի առնելով, որ դրան հետեւելու է երկրորդ քայլը, երրորդը, չորրորդը, վեցերորդը՝ 20-րդ քայլին որեւէ մակարդակի հաջողություն արձանագրելու ակնկալիքով։ Հակառակ դեպքում դա անպտուղ կրակոց է։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն