Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Որպես քրիստոնյա ժողովուրդ աշխարհին մեր խոսքն ուղղելու պարտավորություն ունենք

Հունվար 13, 2015թ. 22:34

Հարցազրույց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ

-Եվրոպայում կատարվողը բախում է իսլամի ու քրիստոնեության միջև՞, թե՞ մեկ այլ երևույթի հետ գործ ունենք, որը ներկայացվում է որպես այդպիսին:

-Ըստ իս, սխալ է տեղի ունեցողը դիտարկել իբրև բախում քրիստոնեության ու իսլամի միջև, կարծում եմ, այն ունի այլ բնույթ. սրանք ահաբեկչական գործողություններ են, որոնց հետևում կանգնած են ծայրահեղական իսլամիստները և հետապնդում են ոչ թե կրոնական, այլ քաղաքական նպատակներ:

-Այդ դեպքում ի՞նչ խնդիր են լուծում ծայրահեղականներն դիմելով ահաբեկչական գործողությունների, ո՞րն է Եվրոպային ուղղած նրանց մեսիջը:

-Երբ ստեղծվեց, այսպես կոչված` <Իսլամական պետությունը>, նրա ղեկավարները հայտարարեցին, որ իրենց նպատակը ոչ միայն տարածաշրջանում պետություն ստեղծելն է, իհարկե, ստեղծվածը ոչ թե պետություն է, այլ ահաբեկչական կազմակերպություն, այլև իրենց պայքարը Եվրոպա, նաև այլ տարածաշրջաններ, այդ թվում և Կենտրոնական Ասիա տեղափոխելը, որպեսզի նման ծայրահեղ մեթոդներով բարձրացնեն իրենց հեղինակությունը, ավելացնել հետևորդների թիվն ու գերիշխող դիրք գրավեն իսլամական աշխարհում՝ դառնալով թելադրող ուժ: Այնպես որ, սա զուտ քաղաքական պայքար է ներքին՝ իսլամական աշխարհում:

Այդ դեպքում ո՞րն է Եվրոպայի մեսիջը, երբ դիմում է իսլամը ծաղրող նման քայլերի, գուցե փորձում է իր հերթին շոշափե՞լ իսլամիստների վտանգավորության աստիճանը:

-Նախ, որևէ կրոնի հիմնադիրին ծաղրանկարի հերոս դարձնելն ինձ համար անընդունելի է, դա քրիստոնեական մոտեցում չէ: Չեմ կարծում, նաև որ հատուկ մեսիջ է Եվրոպան իր այդ քայլերով ուղղում իսլամական աշխարհին: Այստեղ մեկ այլ երևույթ եմ ես տեսնում: Դա ժամանակակից արևմտյան աշխարհում ազատության գաղափարի բացարձականացման միտումն է, լինի խոսքի ազատություն, թե սեռական փոքրամասնությունների, ինչը ես համարում եմ բարոյականության թուլոցում: Այս միտումը կարող է Եվրոպայում հանգեցնել հակաիսլամական շարժման ակտիվացմանը, սա քաղաքական երևույթ է, որովհետև եվրոպացիների մի հատվածին դուր չի գալիս, որ իրենց երկրներում մուսուլմանները ոչ միայն ապրում են, այլև օգտվում բոլոր արտոնություններից, այդ թվում և կրոնական:

-Մուսուլման եկվորներն եկան ու զբաղեցրին բնիկների տեղը, և այսօր թելադրում են իրենց մտածողությունը, ընկալումները, լեզուն: Եվրոպական քաղաքական վերնախավը իրականում գիտակցո՞ւմ է իսլամականացման այս վտանգը:

-Ես այդ գիտակցումը արևմտյան վերնախավում չեմ տեսնում: Բայց Արևմուտքը միատարր չէ, կան այլ գաղափարական հասանքներ, օրինակ Ֆրանսիայի աջ ճակատը, որոնք իրոք գիտակցում են այդ վտանգը, բայց ԵՄ-ի վերնախավը, որն իշխողն է, դա չի ընկալում: Ինձ թվում է պատճառը Արևմուտքի մեծամտությունն է, նրանց մոտ արմատացած է հզոր Արևմուտքի գաղափարը, այսինքն, այսօր Արևմուտքի դարաշրջանն է, մենք ուժեղ ենք ու ոչինչ մեզ չի սպառնում: Բեռլինում մի խանութ կա, կոչվում է <Արևմուտքի մարդկանց> համար, սա արդեն իսկ այդ գաղափարի առկայության մասին է փաստում:
Արևմուտքի նման մոտեցումը ես շատ սխալ եմ համարում: Այսօր ընթանում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթաց, ուր մեծ դեր է խաղում Ռուսաստանը, Չինաստանը: Եվ Արևմուտքը կորցնում է իր մենաշնորհը, որ ձեռք է բերել խորհրդային համակարգի փլուզման հետևանքով: Եվրոպական ներկայիս ղեկավարների՝ <մերկելյան> սերունդը ձևավորվել է սառը պատերազմի տարիներին, ականատես եղել ԽՍՀՄ-ի փլուզմանը ու նրան թվում է, թե հաղթանակած Արևմուտքը այսօր ևս ամենակարողն է: Երբ այս սերնդին հաջորդի նորը, այն, կարծում եմ կլինի ավելի իրատես ու հաշվի կնստի թե՛ իրենց ներսում ահագնացող իսլամական վտանգի, թե՛ աշխարհաքաղաքական այլ գործընթացների հետ:

Հայաստանը, որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր ուզի, թե չուզի հայտնվելու է Արևմուտք-Արևելք քաղաքակրթությունների բախման խաչմերուկում, կնշանակի դիտորդի դերում չենք կարող լինել: Ավելին, որպես քրիստոնյա ժողովուրդ աշխարհին մեր խոսքը, մեսիջն ուղղելու պարտավորություն ունենք, և կա սեփական օրակարգով ներկայանալու անհրաժեշտություն:

-Ասացիք մի բան, ինչը ես շատ եմ կարևորում, ասվածն ուղղակի իմ սրտից բխեց: Այո, աշխարհում ընթացող ներկայիս գործընթացներում Հայաստանն իր հստակ տեղը պետք է ունենա ու իր խոսքը հնչեցնի: Մենք պետք է ներկայանանք աշխարհին այն ամենով ինչ ունենք, ի տարբերություն թուրքերի, որ հորինում են, մենք դրա կարիքը չունենք, ու եթե կարղանանք աշխարհին ներկայացնել մեր ունեցածը դա արդեն բավարար է: Դա կնպաստի Հայաստան պետության իմիջի բարձրացմանը:
Մենք մի ժողովուրդ ենք, որն աշխարհում ունի մի կարևոր խնդիր՝ դա մարդկության սուրբ լեռան՝ Արարատի պաշտպանությունն է, մենք Արարատի ժողովուրդ ենք: Իսկ Արարատը միայն քրիստոնեական սիմվոլ չէ: Գիտե՞ք, որ մեծ թվով լեգենդներ, միֆեր կան Կենտրոնական Ասիայի ժողովուրդների մոտ Արարատ լեռան, Նոյյան տապանի մասին: Սա համամարդկային երևույթ է, ինչու, որովհետև Արարատից սկսվեց նոր կյանքն աշխարհում: Սա իհարկե, սիմվոլիկ կերպով է ասվում, բայց մենք սրա վրա պետք է հիմնենք մեր աշխարհընկալումը: Եվ աշխարհին ցույց տանք, որ Արևելքի ու Արևմուտքի՝ քրիստոնեության ու իսլամի միջև լինելով քրիստոնեական առաջին պետությունը Հայաստանը կարողացել է շատ լավ հարաբերվել իսլամական երկրների հետ: Հայկական համայնքները մեծ հարագանք են վայելում Արաբական աշխարհում, Իրանում, Մերձավոր Արևելքում որպես քրիստոնյաներ: Եվ սա խոսում է իսլամի հետ առողջ, ճիշտ հարաբերվելու մեր կարողության մասին:

-Իսլամական աշխարհում հայ ժողովուրդն ունի մեկ հակառակորդ՝ դա հայության դեմ մեծագույն ոճիր իրականացրած Թուրքիան է, որը այսօր էլ շարունակվում է իր հակահայ քաղաքականությունը՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը: Թուրքական ի՞նչ նոր հնարքների ու խորամանկությունների ականատես ենք լինելու 2015-ին:

-Թուրքական մեքենան, անշուշտ, կիրառելու է նոր ու առավել խորամակ հնարքներ: Վերջերս նրանց մշակույթի նախարարը մի խորհրդակցության ժամանակ առաջարկել է իրականացնել Անիի քաղաքականություն, էությունը հետևյալն է՝ աշխարհին ասել՝ տեսեք մենք վերականգնում ենք Անին ու քայլեր անում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչի այն որպես մշակութային, պատմական ժառանգություն: Այսինքն, Թուրքիան կիրառում է մշակութային քաղաքականություն:

Երկրորդ, թուրքերը որոշել են պայքարը տեղափոխել մեկ այլ հարթություն ևս. այսինքն, պայքարել այն երկրների ու ազգությամբ ոչ հայերի դեմ, որոնք բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հիշատակածս խորհրդակցության ժամանակ Թուրքիայի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը առաջարկել է, որ ամբողջ աշխարով մեկ թուրք խորհրդարանականները սկսեն հանդիպումների շարքը ու ամեն տեղ առաջ տանեն հետևյալ գաղափարը՝ ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ պատմական երևույթ է, ուրեմն, խորհրդարանները դրանով չեն կարող զբաղվել, քանի դեռ Թուրքիան ու Հայաստանը չեն ստեղծել պատմաբանների հանձնաժողով, միայն որի եզրակացությունը կարող է տարբեր երկրների խորհրդարանների մոտեցման հիմք հանդիսանալ:

Թուրքիան մեկ այլ՝ նոր նպատակ էլ ունի, ուզում է ավելացնել Եվրոպայի խորհրդին տրվող իր ֆինանսավորումը ու դրանով ԵԽ-ում ձեռք բերել հատուկ կարգավիճակ, ինչպիսին ունեն, օրինակ, Ֆրանսիան, Ռուսաստանը: Սա էլ պայքարի միջոց է՝ օգտագործել ֆինանսական հնարավորությունները և միջազգային կառույցներում ավելացնել սեփական ներկայացուցիչների թիվը, բարձրացնել Թուրքիայի իմիջն ու ակտիվացնել Հայոց ցեղասպանության դեմ պայքարի պրոպագանդան:

-Թուրքական խորամանկությունները կարծես թե իրենց ազդեցությունն ունենում են, այդ ճնշման օրինակ է այն, որ Ավստրալիան հետքայլ կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Մեկ այլ սկանդալ էլ բացահայտվեց Ֆրանսիայում. վերջինիս սահմանադրական դատարանի անդամը թուրք պատգամավորի հետ գործարքի արդյունքում նպաստել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճանաչվի հակասահմանադրական:

-Սրանք պատիվ չեն բերում ո՛չ Ավստրալիային, ո՛չ Ֆրանսիային: Իսկ թուրքական նման քայլերը նորություն չեն, թուրքական լոբբին աշխարհում գործում է հենց այդ անազնիվ մեթոդներով՝ մարդկանց կաշառելով ու այդ կերպ ստիպում նրանց կայացնել պրոթուրքական որոշումներ:

Ինքներս էլ կարծես հայտնվել ենք թուրքական ծուղակում: Ի՞նչ կասեք այն երևույթի մասին, որ որոշ՝ <եվրոպական արժեքների> դավանող հկ-ներ, լրատվամիջոցներ դարձել են թուրքիական քարոզչության իրականացնողները մեզանում, խոսում են մշակութային համագործակցության, բարիդրացիականության մասին: Նրանց գործունեությանը հետևելիս համոզվում ես,որ այդ ամենն արվում է ուղղակիորեն ի հաշիվ հայ ժողովրդի ու Հայաստանի շահերի:

-Սա շատ վտանգավոր երևույթ է, որովհետև թուրքերը շատ նուրբ են գործում: Անցած դարասկզբի մեր սերունդը՝ Զոհրաբի սերունդը ևս մեծ հույսեր ուներ, որ Թուրքիայում սահմանադրության վերականգնմամբ, եղբայրության, հավասարության հաստատմամբ ամեն ինչ լավ է լինելու: Ժամանակի ռուս դիվանագետներն անգամ զարմանքով են արձանագրում հայության այդ խանդավառությունն ու հավատը: Եվ տեսանք, թե իրականում այն ինչպիսի սարսափելի ոճիրի վերածվեց: 1915-ի ապրիլի 24-ին մեր մտավորականությունը դարձավ հենց այդ հավատի, մեծ իդեալների զոհը: Երիտթուրքերը եվրոպական այդ մեծ իդեալները ի շահ իրենց քաղաքականության օգտագործեցին: Եվ այսօր մենք պետք է շատ զգույշ լինենք:

-Չգիտեմ, թե Թուրքիայի տեղական քարոզիչները որքանո՞վ են հավատում իրենց այդ <մեծ> իդեալներին, բայց փաստ է, որ ոգևորության աղբյուրը հսկայական գրանտներն են:Եվրոպական միությունը 2014-ի սկզբին այդ կազմակերպություններին տրամադրել է 2 միլիոն եվրո և հունվարից սկսվել է “Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին” ծրագրի իրականացումը:

-Գիտեք, նման երևույթների դեմ պայքարելու համար շատ կարևոր է ներքին զգոնությունը, հայրենասիրությունը բացարձակ արժեք է: Եթե անգամ փող են ուզում աշխատել, ապա պետք է գիտակցեն՝ ազգին ու հայրենիքին չի՛ կարելի վտանգել: Եթե յուրաքանչյուրի մեջ լինի այս գիտակցումը, մենք խնդիրներ չենք ունենա: Այսպիսի ընկալում ունեցող սերունդ պետք է դաստիարակել:

-Ամփոփենք հետևյալ հարցադրմամբ. չե՞ք կարծում, որ Եվրոպան իր անկումը կարող է կասեցնել ու զերծ մնալ իսլամական ահաբեկչություններից միայն այն դեպքում, երբ ուղղի անցած դարասկզբին թույլ տված իր քաղաքական սխալը հայկական հարցում, որը մի ողջ ժողովրդի սպանդի պատճառ դարձավ: Հետևաբար, այսօր Եվրոպան պե՛տք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դատապարտի այն ու իրավական հարթություն մղի փոխհատուցման հարց, միաժամանակ նպաստի Հայաստան պետության ուժեղացմանը:

-Շատ կարևոր հարցադրում է, քանի որ այստեղ կա արդարության վերականգման խնդիր: Եթե եվրոպական ժամանակակից հասարակությունն, իրոք, կառուցված է մարդկության համար բարձրագույն արժեքների վրա, ուր արդարության գաղափարը շատ մեծ դեր ունի, ու եթե ժամանակակից Եվրոպան ուզում է իր ապագան ևս կառուցել այդ արժեհամակարգի վրա, ապա առաջին հերթին պետք է իր մեջ ուժ գտնի ու պահանջի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրի դատապարտում, դրանով իսկ նպաստի արդարության վերականգնմանը:
Սա Եվրոպայի համար կլինի արդարության հարցում լուրջ քննություն: Եվ ես դրան հավատում եմ, հնարավոր է, որ դա 2015-ին տեղի չունենա, բայց համոզված եմ՝ արդարությունը հաղթելու է, քանզի մեր գործն արդար է ու Աստված մեզ պահապան:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն