Վրաստանի ԱԳ փոխնախարար. Գյումրիում կատարվածը ամենադաժանն է 21-րդ դարի բոլոր ողբերգություններից
Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան «հոգեցունց» է անվանել Գյումրիում իրականացված սպանությունը:
«Հոգեցունց էր փաստը, որ տեղի է ունեցել հայկական Գյումրի քաղաքում, եւ որը կապված էր Ավետիսյանների ընտանիքի հանդեպ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողի անմարդկային, չափազանց ցինիկ գործողության հետ, ինչի հետեւանքով ընտանիքի 6 անդամ սպանվեց»,- Վրաստանի փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերում Civil.ge կայքը:
«Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքին ու մտերիմներին: Հույս ունենք, որ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ողջ կմնա»,- հեռուստաալիքներից մեկին տված մեկնաբանությունում ասել է պաշտոնյան:
Ջալագանիայի խոսքով, «հարեւան եւ բարեկամ երկրում տեղի ունեցած ողբերգությունը, թերեւս, ամենադաժանն է 21-րդ դարի բոլոր ողբերգություններից»:
«Մենք վստահ ենք եւ ցանկանում ենք հավատալ, որ արդարությունն ու արդարադատությունը կհաղթանակեն, եւ մեղավորը, այն պատճառով, որ սա հաստատված փաստ է, կպատժվի համապատասխան կերպով»,- նշել է Դավիթ Ջալագանիան:












