Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի

Հունվար 20, 2015թ. 14:07

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

Հարևան ահաբեկչական պետությունը չի դադարեցնում իր դիվերսիոն գործողությունները, կրակոցները Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմաններին, Գյումրիում տեղի ունեցավ ծանր հանցագործություն. այս ամենը լրջորեն խորհելու տեղիք են տալիս՝ արդյոք համարժե՞ք են իշխանության քայլերը մեր երկրի թե՜ ներքին, թե՜ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով:

-Հայաստանի իշխանությունը պատրաստ է դիմակայել թե արտաքին, թե՜ ներքին մատահրավերներին: Ներքինն, իհարկե, մենք հակված չենք համարել մարտահրավեր, ես այն կհամարեի ներքաղաքական ՙաժիոտաժ՚: Մոտենում է 2017 թվականը՝ ընտրություններ են և քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել սպասվելիք ընտրություններին: Այս առումով, տարբեր քաղաքական ուժերի ակտիվությունը ես բնական եմ համարում, ի վերջո, 2017-ը սարերի հետրում չէ ու մարդիկ ինչ-որ ձևով պե՞տք է ինքնադրսևորվեն: Մտահոգիչն այն է, որ որոշները փորձում են երկրում կատարվող որևէ դեպք, նաև հարթակ օգտագործել էժանագին դիվիդենտներ շահելու համար:
Ինչ վերաբերվում է արտաքին մարտահրավերներին, ապա դա եղել է, կա ու կլինի: Իսկ ես որպես իշխանության ներկայացուցիչ կրկին հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի: Մեր բանակն անսասան է, հզոր, ունենք հստակ քաղաքական գիծ, կայուն գաղափարախոսություն, գիտենք, ո՞ւր ենք գնում և ի՞նչ ենք անում: Հապշտապ քայլեր մենք չենք անում, պահի ազդեցության տակ որևէ հարց չենք կարգավորում, ամեն ինչը հաշվարկված է:

-Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում այսպիսի դատողությունների շրջանառումը, թե Հայաստանում այսօր ներքին վիճակը շատ ավելի լարված է, քան Ուկրիանայում:

-Նման մտքեր արտահայտողներին ես սիրով կպատասխանեի հումորով: Քաղաքական այն ուժերն ու անձինք, որոնք արտաքին մարտահրավերներից օգտվելով ցանկանում են հրահրել ներքին անկայունություն, ճիշտն ասած, դժվարանում եմ տալ իրենց արժանի անունը, բնորոշումը, բայց նրանց ուզում եմ ասել հետևյալը. բոլորս նույն նավի մեջ ենք, ուրեմն, բոլորիս խնդիրն է մարտահրավերներին ճիշտ ու ժամանակին դիմակայելը: Կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, որ արտաքին մարտահրավերներին հակադարձենք համատեղ, կրկնում եմ, այն բոլորիս է ուղղված՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Եվ պետք չէ օգտվել թշնամու սադրիչ քայլերից ու ներքաղաքական կյանքը սրող ինչ-որ գործողություններ կատարել: Ես համոզված եմ, արտաքին մարտահրավերները մեր կողմից կհաղթահարվեն, իսկ նմանների գործողությունները բումերանգի էֆեկտով կշրջվեի դեպի իրենց:
-Ընդդիմությունը մտմտում է՝ ինչպե՞ս գործել գարնանը. մի կողմից Նախախորհրդարանն է ժողովրդին հրավիրում փողոց` իշխանության դեմ պայքարելու, և դա պատրաստվում է անել ապրիլի 24-ին, ի դեպ, օրի ընտրությունը արդարացիորեն մերժում են շատ ընդդիմադիրներ: Մյուս կողմից, ՀԱԿ նախագահ Տեր-Պետրոսյանն է հակված իր կուսակիցներին Ազատության հրապարակ հանելու: ՀԱԿ-ից տարածվող լուրերի համաձայն՝ պարաստվում են անժամկետ հանրահավաքներ կազմակերպել՝ իշխանափոխություն կարգախոսով:

-Նախախորհրդարանը ես քաղաքական լուրջ կառույց չեմ համարում, դրա համար կանդրադառնամ ՀԱԿ-ին: Այս սպառված քաղաքական ուժը մեկ բան է պահանջում՝ ասում են, մենք ուզում ենք գալ իշխանության, բայց գալու ճանապարհը մեկն է՝ դուք պետք է գնաք, որ մենք գանք: Տարօրինակ տրամաբանություն է: Փաստորեն, լինելով նախկին իշխանություն ՀԱԿ-ը տառապում է կարոտախտով: Եվ ես զարմանում եմ, ինչպե՞ս է, որ մեր հանրությունը, նաև լրատվամիջոցները այս ուժին հարց չեն ուղղում՝ դուք ժամանակին եղել եք իշխանություն, ինչո՞ւ հեռացաք, և ի՞նչ ժառանգություն թողեցիք ձեզանից հետո: Եթե խոսենք ժառանգության մասին՝ պատկերը շատ տխուր կլինի: Հիմա ի՞նչ են ուզում, որ իրենցից հետո վերականգնվածն էլ գան ու քայքայե՞ն, փոշիացնե՞ն, երկիրը հասցնեն 90-ականների իրավիճակի՞ն:

Եթե ուզում են կրկին հավաքվել հրապարակներում ու տուն չգնալ, ապա ես հարց եմ ուղղում նրանց՝ ի՞նչ նպատակներ ունեք, անկարգությունների ե՞ք հրահրում ժողովրդին: Բազմիցս ենք ասել, կա իշխանության գալու սահմանադրական ճանապարհ, և դա առաջին նախագահը շատ լավ գիտի, չէ՞ որ առաջին սահմանադրությունը ընդունվել է նրա իշխանության օրոք: Իսկ թե ինչո՞ւ է ՀԱԿ-ը խուսափում սահմանադրական ուղով շարժվել, դա ևս փաստում է այն մասին, որ իրենք այդ ճանապարհով իշխանության գալու ուժ, ռեսուրս չունեն: Դրա համար էլ ամիսներ շարունակ փորձեցին մեկ այլ քաղաքական ուժի ռեսուրսն օգտագործել և հարթակում որպես լիդեր հանդես գալ: Չստացվեց, քանի որ, կրկնում եմ, չունեն այդ ներուժը: Իսկ եթե ՀԱԿ-ը, իրոք, նպատակ ունի հրապարակը լցնել ու այնտեղ պահել մարդկանց, չթողնել տուն գնան, կարծում եմ, հարկ է այդ մարդկանց բացատրել, թե ո՞րն է ՀԱԿ-ի իրական նպատակը և ինչի են ուզում իրենց մղել: Մի բան փաստ է, եթե ՀԱԿ-ը գնա նման քայլի, դա կլինի սադրիչ գործողություն: Ես չեմ ցանկանում, որ իմ երկրի առաջին նախագահն ու իր ղեկավարած կուսակցությունը գնան նման գործողությունների:

ԲՀԿ-ն պատրաստվում է խորհրդաժողովի, տարբեր կարծիք-ակնկալիքներ են հնչում, թե այն պետք է ձևակերպի իշխանափոխության ճանապարհային քարտեզը: Իսկ խորհրդաժողովից հետո պետք է սկսվեն ակտիվ աշխատանքներ՝ գարունը իշխանափոխության ամիս դարձնելու նպատակադրմամբ: Իշխանության համար դժվար ժամանակներ ե՞ն սպասվում:

-Տաս տարի է, որ անվերջ խոսվում է այն մասին, թե իշխանությունը կանգնած է դժվար իրավիճակի առաջ, անվերջ նույն խոսակցություններն ենք լսում՝ մեկ թեժ աշնան մասին, որն այդպես էլ չի գալիս, հիմա էլ թեժ գարուն են խոստանում: Գարունը որպես զարթոնքի ամիս, իրոք թեժ է, չէ որ բնությունն է արթնանում: Երևի որոշ քաղաքական ուժեր բնության արթնացման հետ մեկտեղ մտածում են, որ կարող են իրենք էլ ՙթեժանալ՚, ձեռքբերումներ ունենալ:

Ի պատասխան ձեր հարցադրման, ես ընդամենը կհայտնեմ իմ ցանկությունը՝ շատ կուզենայի, որ նրանք քաղաքական, գաղափարական իմաստով, իրոք, զարթոնք ապրեին ու լուրջ ձեռքբերումներ ունենան: Ինչ վերաբերում է ԲՀԿ խորհրդաժողովին կասեմ մեկ նախադասությամբ՝ այս քաղաքական ուժը պատրաստվում է 2017-ի ընտրություններին: Դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, իսկ խորհրդաժողովի հրավիրումը՝ իրենց մարտավարությունը:

Արմինե Սիմոնյան


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն