Գլխավոր » Interview, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան

Լայնամասշտաբ գործողություններ չկան, բայց պատերազմ որպես այդպիսին կա

Հունվար 25, 2015թ. 19:56

Հարցազրույց ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ

-Հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է, որպիսին չի եղել 1994-ի զինադադարից հետո: Հունվարի սկզբից չեն դադարում կրակոցները, մեկը մյուսին հաջորդում են դիվերսիաները: Այն, ինչ կատարվում է սահմանին այլևս դժվար է սահմանային միջադեպեր համարելը. պատերա՞զմ է:

-Նախ համաձայն չեմ <աննախադեպ> որակման հետ, որովհետև թե’ 2014-ի օգոստոսին, թե’ դրանից առաջ՝  հունվարին ևս եղավ նման լարված շրջան, երբ հակառակորդի կողմից անընդհատ հարձակումներ էին լինում: Ինչ վերաբերում է պատերազմին, այն չի դադարել, քանի որ խաղաղության պայմանագիր չի կնքվել: Հետևաբար, մենք 94-ից ի վեր գտնվում ենք շարունակվող պատերազմի մեջ: Այլ հարց է, որ լարվածությունը որոշ ժամանակ հանդարտվում է, հետո կրկին սրվում: Այդ առումով, 2003-ին, 2010-ին, նաև 2013-ին բավականին լարված փուլեր ենք ունեցել: Գուցե լայնամասշտաբ չեն գործողությունները, բայց պատերազմ որպես այդպիսին, այո՝ կա: Ցավոք, աճել են նաև մարտական կորուստները:

– Ադրբեջանը նոր ռազմավարություն է՞ բանեցնում, եթե այո՝ ո՞րն է նոր ասվածը:

– Ադրբեջանի ռազմավարության մեջ, մանավանդ, վերջին 3, 4 տարում ես որևէ կտրուկ փոփոխություն չեմ տեսնում: Այն, ինչ արվում է այսօր իր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է: Սա Ադրբեջանի ստանդարտ գործելաոճն է: Ադրբեջանի ռազմական ղեկավարության նպատակը եղել ու մնում է Հայաստանին հոգեբանական ճնշման տակ պահելը, ամեն գնով փորձում են ցույց տալ, որ իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են, կարող են անընդհատ հարվածել Հայաստանին : Այս պահին Ադրբեջանն իրականացնում է այսպիսի ռազմավարություն. չեն ցանկանում դիմել լայնածավալ գործողությունների, բայց այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ հայկական կողմը անվերջ լարված իրավիճակում գտնվի: Սա ես համարում եմ քարոզչական հոգեբանական գործողություն: Եվ այդ քայլերով Ադրբեջանն ուղերձ է փոխանցում Հայաստանին, այն է՝ իրավիճակից ազատվելու միակ ճանապարհը Ղարաբաղը հանձնելն է:
Հայկական կողմի ուղերձը պետք է լինի հետևյալը. մենք որևէ դեպքում ոչինչ չենք հանձնելու ու հակառակորդի ցանկացած գործողություն արժանանալու է ավելի ցավոտ և ուժգին հակահարվածի: Մյուս կողմից, Ադրբեջանը չի հաղորդում իր բանակի կորուստների մասին ու շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե կորուստները միակողմանի են: Այս իրավիճակում հայկական կողմը կամ պետք է ինքն էլ չհայտարարի իր կորուստների մասին, հասկանալով, որ այդ տեղեկատվությունը օգտագործվում է հակառակորդի կողմից, կամ պետք է ինչ-որ կերպ կարողանա ներկայացնել ադրբեջանական կորուստները, որպեսզի իր հերթին ազդեցություն ունենա այդ երկրի ներքին լսարանի վրա:

-Ձեր վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս, ո՞ր փուլերում է հակառակորդը ակտիվանում և արդյոք դրանում լուրջ դերը չունե՞ն աշխարհաքաղաքական գործընթացները:

-Պատճառներն, իհարկե, տարբեր են: Թե որքանո՞վ է Ադրբեջանի ակտիվացումը պայմանավորված աշխարհաքաղաքական գործընթացներով, նման վելուծություն չեմ կատարել, սակայն փաստ է, որ ամեն տարի հունվարի 28-ից՝  հայոց բանակի տոնից առաջ մշտապես փորձում են սրել իրավիճակը: Շատ են ակտիվանում  նախընտրական փուլերում, նաև այն պահին, երբ Հայաստանում ինչ-ինչ լարված իրավիճակ է ստեղծվում: Օրինակ` 2008-ի մարտի 1-ին փորձեցին դիվերսիա իրականացնել Լևոնարխում և բավական լուրջ կորուստներով հետ շպրտվեցին:

Ի՞նչ մեթոդներով հայկական կողմը կարող է, ինչպես ժողովուդն է ասում, ագրեսորի դեմն առնել, մանավանդ, երբ համրորեն լռում են խաղաղարար, միջնորդական կառույցները:

-Սրա դեմն առնելու միակ տարբերակը շատ ուժեղ պատասխան հարվածներ հասցնելն է:

Նախկինում, ինչպես բազմիցս է ասել պաշտպանության նախարարը, մենք հակառակորդի բոլոր կրակոցներին չէ, որ արձագանքել ենք: Բայց այսօր իրավիճակ է փոխվել ու Սեյրան Օհանյանը կայացրեց որոշում՝ լոկալ զորամիավորումների հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն տալու մասին: Ռազմական մասնագետները շտապեցին կարծիք հայտնել՝ հակառակորդը շուտով իր մաշկի վրա կզգա, թե ի՞նչ հրամանի հետ գործ ունի: Սակայն Ադրբեջանի ակտիվացումը, կարծես, հակառակի մասին է խոսում:

– Բանն այն է, որ ադրբեջանական կողմը փակել է ցանկացած տեղեկատվություն իր բանակի, սահմանամերձ գոտում կատարվող իրավիճակի մասին: Թաքցնում են իրենց կորուստները, հայկական կողմի հարվածները գուցե զգալի ազդեցություն են ունենում ադրբեջանական բանակի վրա, բայց դրան անտեղյակ է նախ Ադրբեջանի բնակչությունը, զոհերի մասին տեղեկությունը չի հասնում Ադրբեջանի ներքին լսարանին: Իրենց բանակի կորուստների մասին հնարավոր էր իմանալ հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցներից: Բայց այսօր Ադրբեջանում ընդդիմադիր լրատվամիջոցները լռեցված են, իսկ ընդդիմադիր լրագրողները սարսափահար վիճակում՝ նրանցից շատերը երկրից փախել են, մի մասն էլ ձերբակալված է, մյուսները սպասում են իրենց ձերբակալմանը: Եվ ահա, փակ տեղեկատվությունը տպավորություն է ստեղծում, թե իրենց մոտ կորուստներ չկան, բայց այդպես չէ ու չի կարող լինել:

Ինչ վերաբերում է նախարարի որոշմանը, ես այն շատ եմ կարևորում: Երբ Ադրբեջանը նման մարտավարությունն է իրականացնում՝ հանգիստ չտալ, անդադադար խփել, մենք շատ արագ պետք է կարողանանք արձագանքել և որոշ դեպքերում նախահարձակ լինենք: Մեր զինվորները պետք է շատ արագ գործեն:

Բաքուն 20 տարում կուտակել է հսկայական ռազմական միջոցներ՝ այդ թվում և մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից գնելով մեծաքանակ զենք, զինամթերք, ու ինչպես հայտնի խոսքն է ասում՝ զենքը պատին կախված չի կարող մնալ, այն մի օր կրակելու է: Ներկայիս դիվերսիոն գործողությունների ժամանակ Ադրբեջանը օգտագործում է՞ այդ տեխնիկան:

-Բարեբախտաբար, Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող գործողությունների ժամանակ այդ զենքերը նրա կողմից չի օգտագործում, ես նման արտառոց տեղեկատվություն չունեմ: Նրա գնածը ծանր սպառազինություն է և դրա կիրառումն արդեն իսկ կնշանակի դիվերսիայի մասշտաբներից դուրս ռազմական գործողության իրականացում: Չնայած դրան, այնուհանդերձ, որոշակի էսկալացիա կա, այսինքն, դանդաղ աճում է ավելի խոշոր տրամաչափի զենքերի, որոշակի ականանետերի օգտագործումը: Այս պահին օգտագործվում են հրաձգային, նաև որոշ չափով ականանետային զենքեր, որոնք միշտ էլ ունեցել ու օգտագործել է Ադբեջանը: Մենք ևս: Դա տարրական մակարդակի սպառազինություն է, առայժմ նման մակարդակով է ընթանում հակամարտությունը: Այդ առումով, միակ բացառությունը ուղղաթիռի խոցումն էր:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Interview, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն