Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մեր և տարածաշրջանի կայունության գործոնը վերցնում ենք մեր ձեռքը. քաղաքագետ

Հունվար 26, 2015թ. 22:40

Հայկական Զինված ուժերի պատասխանն ադեկվատ է Ադրբեջանի կողմից արդեն որերորդ  ամիսն իրականացվող ռազմական տարբեր սադրանքներին, որով ցույց է տրվում, որ մեր և տարածաշրջանի կայունության գործոնը վերցնում ենք մեր ձեռքը: Այս համոզմանն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե անկախ նրանից՝ քաղաքակա՞ն, թե՞ ռազմական կլինի պատասխանը, կարևորն այն է, որ ադրբեջանական սադրանքներին համարժեք պատասխան տրվի։

 

«Մեր պատասխանը վաղուց պետք է համապատասխանեցվեր իրավիճակին, այսինքն՝  եթե իրավիճակն իրոք պահանջում է, պետք է  նախահարձակ լինենք՝ դրանով միջազգային հանությանը հասկացնելով, որ բոլոր դեպքում պատասխանատվությունը մեզ վրա է, ո´չ թե ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի»,- ասաց նա։

 

Ըստ նրա՝ ներկայում հակաքայլերը ցույց են տալիս, որ մենք կարող ենք ապահովել ո´չ միայն մեր անվտագությունը, այլ նաև՝  տարածաշրջանի։ «Սրանով տարբեր միջազգային կառույցներին,  այդ թվում՝ ՀԱՊԿ-ին կամ ՆԱՏՕ-ին, ապացուցում ենք,  որ մենք  ի վիճակի ենք կասեցնելու Ադրբեջանի նախահարձակ լինելը, որ մենք այսուհետ վերցնում ենք մեզ վրա հնարավոր այն օպերացիաները, որոնք աշխարհում կոչված են խաղաղություն պարտադրելուն։

Մենք չենք ասում, որ պատերազմական լուծում ենք ուզում, ուղղակի զգուշացնում ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ Ադրբեջանի այսպես ասած՝ հովանավորներին, որ այսուհետ չենք սպասի  միջազգային ինչ-որ ատյանների նիստերին, անհասցե հայտարություններին, անվտագության խորհրդի որոշումներին, որտեղ Ադրբեջանի պաշտպանները կակարողանան ստահոդ ելույթներ ունենալ, իսկ մենք փորձենք ճշմարտությունը ներկայացնել՝ լավ իմանալով, որ լսող չկա: Դա ենք ասում, ոչ մի ավել բան չենք ասում»,-նշեց նա։
Ըստ քաղաքագետի՝ պետք է այլևս իրերն իրենց անունով կոչել, նշել, որ Ադրբեջանը թշնական պետություն է, որը չի ուզում հարցի խաղաղ լուծում բանակցային եղանակով։Բացի այդ, ըստ նրա՝ մեզ այդ իրավունքը տալիս է ՀՀ Սահմանդրությունը։

Իսկ հարցին՝  նախահարձակ լինելը պատերազմի չի՞ հանգեցնի, քաղաքագետը հակադարձեց, թե պատերազմի սպառնալիքը 1994 թ-ից էլ եղել է։ «Մեր նախազգուշացումը չի կարող հանդիսանալ պատերազմի սկսման դրդապատճառ, այլ ուղղակի մենք զգուշացնում ենք, որ պարոնա´յք ադրբեջանցիներ, եթե ժամանակին չկանխեք  նման գործողությունները, ապա մենք ժամանակին նախահարձակ լինելու իրավունք ենք վերապահում, ավել բան չենք ասում, ինչը նորմալ նախազգուշացում է»,-եզրափակեց նա։

Tert.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն