Իսրայելը, անկասկած, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ռիմա Վարժապետյան
Հայաստանը պետք է կարողանա լեզու գտնել Իսրայելի հետ և անպայման Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի մեծ միջոցառումներին հրավիրել նաև Իսրայելի պաշտոնյաներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
Նա նշեց, որ իրենք այստեղ ամեն ինչ անում են, որ Իսրայելը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և, ընդհանրապես, աշխարհն իմանա այդ մասին: «Իսրայելը, անկասկած, պետք է ճանաչի Ցեղասպանությունը, իսկ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ դա լինի, իսկ թե ինչ պետք է անի, դա արդեն գիտեն դիվանագետները»,-ասաց նա և նշեց, որ չի կարող ասել, թե երբ կլինի Իսրայելի կողմից այդ ճանաչումը, քանի որ հենց Իսրայելը չի կարող այդ հարցին պատասխանել:
Ռիմա Վարժապետյանը չցանկացավ անդրադառնալ թուրք-իսրայելական հարաբերություններին և նշեց, որ դա մեծ քաղաքականություն է: «Այն, ինչ պետք է, մենք անում ենք ճանաչման համար»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ Իսրայելում շուտով կլինեն նոր ընտրություններ, և իրենք կրկին դիմելու են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: Հիշեցնենք, որ այսօր Հոլոքոսթի զոհերի հիշտակման օրն է:












