Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Գնալ Արցախ իշխանափոխության, ես կարծում եմ, սխալ էր:

Փետրվար 3, 2015թ. 00:39

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդին, ասաց, որ ինքը թեև չի ողջունում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների իշխանափոխություն քարոզող ավտոերթը դեպի Արցախ, սակայն միաժամանակ ցնցված է Արցախի ոստիկանության հանցագործությունից:

«Ես ունեմ իմ ուրույն տեսակետը էս հարցի վերաբերյալ: Նախ առաջինն ասեմ, որ շատ հարգելով պարոն Սեֆիլյանին` որպես Արցախի ազատամարտի կարկառուն ներկայացուցչի, զարմացա, որ ինքն ու իր ընկերները նախաձեռնել էին իշխանափոխության գործընթացը Արցախից:

Նախ` բերենք ճշտենք, ասում եք Արցախը անկախ երկիր է, ունի իր սեփական իշխանությունը, իր սեփական կառավարությունը, ես այդպես էլ չհասկացա` կոնկրետ այդ իշխանափոխությունը ի՞նչ կապ ունի Արցախի հետ:

Երկրորդ`լինելով ազատամարտիկ` ինքը շատ լավ գիտի, որ Ստեփանակերտից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տեղի են ունենում ռազմական գործողություններ: Եվ մեր թշնամին միշտ առիթավորվել է, երբ Հայաստանում և Արցախում, ավելի շատ Հայաստանում տեղի են ունեցել իրադարձություններ հակասական բնույթի: Եվ գնալ Արցախ իշխանափոխության, ես կարծում եմ, սխալ էր:

Բայց միևնույն ժամանակ այն, ինչ տեղի ունեցավ Բերձորում, ես համարում եմ հանցագործություն: Ուղղակի զարմացած եմ`մի՞թե Արցախի ոստիկանապետը չէր կարող շատ տարրական ձևով արգելել նրանց մուտքը Արցախի տարածք, ավտոշարասյունը կանգնեցներ, հետ ուղարկեր `ասելով իշխանափոխությունը սկսեք ՀՀ տարածքից: Այն, ինչ թույլ տվեց Արցախի ոստիկանապետը, իսկ առանց նրա հրահանգի հատուկ ջոկատայինները հատուկ տեխնիկայով չէին կարող այդպիսի դաժանություն ցուցաբերել հայի նկատմամբ, հանցագործություն է:

Ես գտնում եմ, որ Արցախի ոստիկանապետին անհապաղ պիտի գործից հանեն, և ոչ միայն, պիտի պատժեն օրենքի ամբողջ խստությամբ», նշեց նա: «Ո՞նց է իրեն թույլ տվել հարձակվելու անզեն մարդկանց վրա, եթե նույնիսկ ավտոերթի մասնակիցներից որևէ մեկը օրենքի խախտում էր թույլ տվել, թող օրենքը խախտողին ձերբակալեին, այլ ոչ թե հասնեին, վնասեին մարդկանց: Ո՞վ է թույլ տվել վնասել որևիցե մեկի ունեցվածքը, մեքենաները ջարդել, առանց հաշվի առնելու, որ մեջը մարդիկ կան, կանայք, երեխաներ: Եթե սովորական քաղաքացիները սխալ են գործում, ապա իշխանությունները ավելի զգույշ պետք է լինեն, սխալին չպատասխանեն կրկնակի սխալով, որովհետև իշխանությունները ավելի մեծ պատասխանատվություն են կրում, քան ընդդիմությունը:

Իշխանությունը իրավունք չունի այդպիսի կոպիտի սխալ գործի: Եվ Արցախի ոստիկանապետը լավ կլինի այսօր բացի ադրբեջանական կայքերը, բոլոր տեսանյութերը դիտի և տակի մեկնաբանությունները ընթերցի, թե ինչպես են հայերը հայերին ոչնչացնում, և ինչպես են ադրբեջանցիները հրճվում: Կարելի է ավտոշարասյանը հանգիստ հետ ուղարկել, առանց խայտառակվելու, Արցախի ու Հայաստանի իմիջին վնաս հասցնելու: Գյումրիում Ավետիսյանների սպանդից հետո տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ,ռուսական հյուպատոսարանի շենքի մոտ մեր ոստիկանները իրենց այնքան կոռեկտ պահեցին…», ասաց Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն