Արցախի համապատասխան մարմիններից թույլտվություն ստանալուց հետո միայն կարող էին միջոցառում կազմակերպել.ԼՂՀ պատգամավոր
Յուրաքանչյուր հայի համար դա ցավալի միջադեպ է, յուրաքանչյուրն օրենքի առջև հավասար է, անկախ նրանից, թե նա ով է, ինչ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սերգեյ Ղազարյանը` անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելու փաստին։
Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, վերջին քաղաքական գործընթացները, սահմանում տեղի ունեցող միջադեպերը՝ ԼՂՀ-ին մաքսիմալ զգոնություն է պետք, որպեսզի խուսափի նման բաներից՝ իմանալով, որ հակառակորդը ամեն մի դեպք փորձում է օգտագործել իր դեմ:
«Միանշանակ այդ զգոնությունը պետք է անկախ նրանից, թե հայը որտեղ է գտնվում»,-ասաց նա:
«Պետք է յուրաքանչյուրը պատասխան տա օրենքի տառի համապատասխան, անկախ նրանից՝ նա իրավապահ մարմինների ներկայացուցի՞չ է, թե՞ ինչ-որ հասարակական կազմակերպության կամ որևէ քաղաքացիական շարժման ներկայացուցիչ։ Ով որ սխալ է, համապատասխան օղակները պետք է ճշտեն և այդ մարդկանց պատասխանատվության ենթարկեն»,-ասաց նա:
Արցախի պատգամավորն անդրադառնալով այդ քաղաքացիական ակցիայի հնարավոր վտանգներին, նշեց, որ տարբեր կարծիքներ կան և ճիշտ չի լինի միակողմանի նայել այդ հարցին:
«Արցախում խորհրդակցություն է հրավիրվել այդ հարցի հետ կապված և տրվել են հանձնարարականներ՝ մանրակրկիտ ուսումնասիրել և պատասխանատվության կանչել խախտում թույլ տված բոլոր անձանց»,-ասաց նա:
Ղազարյանը նշեց, որ իր կարծիքով բոլորը պետք է համապատասխան մարմիններից ստանան թույլտվություն և դրանից հետո նման միջոցառումներ կազմակերպեն: «Պետք է համապատասխանեցնեն այդ վայրը, թե որտեղ են անցկացնում, ժամը, և այլն, նման հարցերն էլ պետք է հաշվի առնեին: Ես վստահեցնում եմ, որ մեզ համար բացարձակ տարբերություն չկա, թե այդ մարդը, որ գալիս է, Հայաստանի քաղաքական որ ուժից է՝ ՕԵԿ-ից, Դաշնակցությունից, Հանրապետականից, թե՞ Նախախորհրդարանից: Մենք մեր յուրաքանչյուր հայրենակցի գալու համար շատ ուրախ ենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ չի բացառում նաև, որ կարող են լինել էմոցիոնալ գնահատականներ, շահագրգռված անձինք, ովքեր փորձում են սրել իրավիճակը: «Որևէ նորմալ հայ պարզապես իրավունք չունի նման ձևով հարցեր քննարկել՝ անկախ նրանից, թե որտեղից է՝ ՀՀ մարզից է, սփյուռքից է, թե Արցախից է»,-ասաց նա և նշեց, որ հանրությունը հույս ունի, որ մոտակա ժամանակներում պարզ կլինեն միջադեպի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները, և բոլոր նրանք, ովքեր թեկուզ մազի չափ սխալ բան են թույլ տվել, օրենքի պահանջներին համապատասխան պատասխանատվության կենթարկվեն:












