Հռչակագիրն հուսադրող փաստաթուղթ է
Հունվարի 29-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» լայն արձագանք է ստացել ոչ միայն մեր երկրի ներքաղաքական կյանքում, այլեւ Սփյուռքի գաղթօջախներում։
Միանգամից նշենք, որ սա համապետական ու համազգային տարողությամբ ընդունված այն եզակի փաստաթղթերից է, որը մեզանում որեւէ լուրջ եւ «ճակատային» բնույթ ունեցող քննադատության չի արժանացել։ Ընդհակառակը, արտահայտված կարծիքների գերակշիռ մասը դրական է, իսկ առանձին քննադատական դիտողությունները՝ միանգամայն կառուցողական։
Առ այդ կարելի է հաստատագրել, որ տարեսկզբին տրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը միանգամայն հուսադրող է Հայաստանի ու հայության համախմբված ու փաստարկված միջոցառումների եւ Թուրքիայի ձեռնարկած պատասխան քայլերի համեմատության պարագայում։
Գոնե առայժմ պաշտոնական Անկարան չի դրսեւորել մի այնպիսի նախաձեռնություն, որի միջոցով հնարավոր կլինի առաջիկա ամիսներին հակազդել «հայկական ցունամիի» բարձրացող ալիքին։ Հակառակը, միջազգային հանրությունը այնքան արագ ու օպերատիվ է արձագանքել Թուրքիայի ապակողմնորոշող քայլերին եւ կեղծ կառուցողականությանը, որ շատ դեպքերում հայկական կողմից դրանց մերկացման կարիքն իսկ չի զգացվել։
Այս համատեքստում հիշարժան է այն իրողությունը, որ Թուրքիան, ըստ էության, մինչ օրս պատասխանում է միայն Հայաստանի նախագահի ու այլ պաշտոնյաների ընթացիկ հայտարարություններին՝ կարծես թե լռության մատնելով համահայկական Հռչակագրի բովանդակությունը։ Մինչդեռ Հռչակագրի դրույթները, մասնավորապես հիշեցումը Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ընդունած Իրավարար վճռի մասին, չեն կարող չանհանգստացնել թուրքական կողմին։
Պատճառն այն է, որ 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները, հիմնված լինելով միջպետական հարաբերությունների կարգավորման՝ ներկա աշխարհակարգում գործող չափանիշների մեխանիկական պատճենման վրա, ձեռքերի ազատություն էին տվել Թուրքիային՝ անցյալի տարաձայնությունները իր կամեցած ձեւով մեկնաբանելու համար, ինչն էլ ի վերջո դարձավ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման ընդունման պատճառը։
Նման պայմաններում մեր քաղաքական գործիչների ու քաղաքագետների մի մասը արդեն իրավացիորեն մատնանշել է, որ այս երկու փաստաթղթերի «զուգահեռ գոյակցությունը» լուրջ հարցականներ է ծնում։ Դրանից ելնելով՝ առաջ է քաշվում հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրությունը հետ կանչելու հրամայականը։
Մյուս մասը, մասնավորապես նախկին վարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հակված են այն տեսակետին, որ ներկա հանգրվանում Թուրքիային ուղղված մեր պահանջների փաթեթը նախապատրաստելու եւ առաջ մղելու փոխարեն պետք է կենտրոնանանք միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու առաջադրանքի վրա։
Արտաքուստ մարտավարական բնույթ ունեցող այս առաջարկների հետնախորքում թեպետ նկատվում են քաղաքական ու աշխարհայացքային լուրջ տարաձայնություններ, սակայն պետական քաղաքականության ճիշտ ծրագրման պարագայում դրանք համադրելի են, որովհետեւ այդ երկու խնդիրները սերտորեն կապված են միմյանց։
Պատճառն այն համազգային կոնսենսուսն է, որ գոյություն ունի Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչմանը հասնելու հարցում։
Երբ իրականացվող քաղաքականության անկյունաքար է դառնում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, ապա նրա շուրջ «նժարներ» կառուցելու բոլոր փորձերը զրկվում են իրենց իրավական ենթահողից։ Որովհետեւ այդ պարագայում առաջին պլան է դուրս գալիս Ցեղասպանության փաստի հանդեպ վերաբերմունքի հարցը, որը շրջանցելու դեպքում որեւէ ժողովրդի հիշողություն չի կարող հավակնել արդարացիության։ Թուրքական կողմը ինքնաբերաբար դրվում է «այո» կամ «ոչ» ասելու երկընտրանքի առաջ, որի ամեն մի լուծում նրան տանում է դեպի մի նոր ջրբաժան։ Այդ ջրբաժանն արդեն անցնում է Թուրքիայի ու ողջ քաղաքակիրթ աշխարհի միջեւ, քանզի վերջինիս «այո»-ն այլեւս անբեկանելի է։
Ուստի հունվարի 29-ին ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին» հակազդելու ժխտողական կեցվածքով Թուրքիան ինքնաբերաբար իրեն դուրս է դնելու քաղաքակիրթ երկրների շարքից, որոնք հրաշալի գիտակցում են՝ Ցեղասպանություն հանցագործության հանդեպ վերաբերմունքի հարցում «միջին ճանապարհ» ուղղակի գոյություն չունի։ Ելնելով դրանից՝ հայ-թուրքական երկխոսության ծավալման համար ժամանակին միջազգային հանրության աջակցությունը ստացած 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները նույնպես մղվելու են հետին պլան, եւ ողջ խնդիրը նրանցից «ազատվելու» ճիշտ պահի ընտրությունն է։
Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան մեր դեմ գործում է ոչ միայն «կարկանդակի», այլեւ «մտրակի» քաղաքականության միջոցով՝ ապրիլ 24-ի նախօրեին ակնհայտորեն սադրելով հայ-ադրբեջանական դիմակայության հետագա սրումը, առաջիկա ամիսներին հայկական կողմը նման գետնի վրա որոշակի ու հստակ փաստերի առկայությունը կարող է համարել իբրեւ բավարար հիմք՝ արձանագրություններից սեփական ստորագրությունը հետ կանչելու համար։
Այս առումով Հռչակագիրը տալիս է ճիշտ շարունակություն ընտրելու իրական հնարավորություն, քանի որ 2009-ի հոկտեմբերի 10-ից հետո առաջադրելով իր «Ղարաբաղյան նախապայմանը»՝ Թուրքիան այսօր՝ 2015-ին, փորձում է այն դարձնել շանտաժի գործիք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը լռեցնելու համար։
Որովհետեւ եթե երկկողմ բնույթ ունեցող փաստաթղթի վավերացման համար ժամանակին ընտրված միակողմանի եւ միջազգային հանրության համար անընդունելի նախապայմանը այսօր վերածվել է քաղաքական շանտաժի միջոցի, ապա հայ-թուրքական արձանագրություններն ինքնաբերաբար զրկվել են լեգիտիմության բոլոր ատրիբուտներից։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












