Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԱՄԵՏ ՖԻՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Փետրվար 6, 2015թ. 17:27

Օրերս Երևանում փակ ցուցադրությամբ ներկայացվեց գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ ֆիլմը, որը անդրադարձ է Հայոց ցեղասպանության թեմային: Կինոդրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում, Մալթայում: Պոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայազգի դերասաններ, Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, ֆրանսիաբնակ Արևիկ Մարտիրոսյանը, իսկ սցենարի համահեղինակներից է հայազգի Մարտիկ Մարդինը: Գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի ֆրանսիացի դերասան Թահան Ռահիմը:

Ֆիլմը դեռ օգոստոսի 27-ին ներկայացվել էր Վենետիկի 71-րդ կինոփառատոնին, սակայն ինչ-ինչ պատճառներով հանվել էր մրցույթային ծրագրից, հետևաբար որևէ մրցանակի չի արժանացել: Այժմ էլ այն Երևանում է և շուտով կհանձնվի նաև հայ կինոսերների դատին:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, անցնելով ցեղասպանության սարսափների միջով, կորցնում ընտանիքն ու հարազատներին: Տարիներ հետո իմանում է, որ իր երկվորյակ դուստրերը հավանաբար փրկվել են սպանդից ու կենդանի են: Հայրը մեկնում է իր զավակներին փնտրելու՝ Հալեպից հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա նահանգ:

Ի դեպ, կինոդրամայի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, ուստի այն ընդգրկված է 100-ամյակի միջոցառումների ցանկում:
Չնայած ֆիլմաստեղծման գործում հայերի մասնակցությանն ու ֆինանսական աջակցությանը՝ փակ դիտումից հետո նրանք, ովքեր կարողացել էին կարդալ դրամայի տողատակերը, իրենց դժգոհությունը հայտնեցին՝ հայտարարելով, որ կինոնկարը ոչ թե հայոց ցեղասպանության մասին է, այլ թուրքի՝ ցեասպանությանը տրված այսօրվա մեկնաբանությունն է, որտեղ հայի կերպարը, պատմական իրողությունները ոտքից գլուխ շուռ են տրված:

Փակ կինոդիտման ժամանակ բլոգեր ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆԻ աչքից չի վրիպել մեկնարկային տիտրերում նշված այն գաղափարը, թե հայերի ցեղասպանությունը 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության արագ կազմաքանդման և առաջին աշխարհամարտում ներգրավվելու ժամանակ է եղել, երբ Թուրքիայի տարածքում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունները վերածվել են ներքին թշնամիների: Այդպիսով փորձ է արվում արդարացնել ցեղասպանությունը՝ որպես պատերազմի անխուսափելի հետևանք:
ՙՄենք գիտենք, որ դա այդպես չէ. Օսմանյան կայսրությունը հայկական ջարդեր էր իրականացնում մինչև 1915թ.-ը և նույնիսկ մինչև երիտթուրքերի ի հայտ գալը՝ սկսած 1877-1878 ռուս-թուրքական պատերազմի տարիներից մինչև համիդյան ջարդեր, հետո՝ Ադանա և վերջապես 1915թ. ոճրագործություն: Իսկ դա նշանակում է, որ հայերին իրենց բնիկ հողից տեղահանելն ու նրանց հարստությանը տիրելը, հայերին բնաջնջելը Թուրքիայի մոլագար ու լավ ծրագրված գաղափարն է եղել, իսկ համաշխարհայինը միայն առիթ էր դա հերթական անգամ իրականացնելու համար՚,- նշում է բլոգերը:

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆԻ հավաստմամբ ռեժիսորն իր առաջ նպատակ չի դրել առաջին հերթին հայ կինոդիտողին բավարարել և ֆիլմն ավելի շատ նախատեսված է թուրք հանդիսատեսի համար. ՙԻնչպես ֆիլմի տարբեր դրվագներից, այնպես էլ ասուլիսի ժամանակ ռեժիսորի տված պատասխաններից պարզ է, որ հիմնական թիրախային հանդիսատեսը թուրք հանրության այն հատվածն է, որը հակված է ցեղասպանությունը ՙճանաչել՚: Իսկ այդ ճանաչումը, նույնիսկ ամենաանկեղծ տեսքով, այդքան էլ այն չէ, ինչ մենք ենք պատկերացնում: Թեմայից իրազեկ միջին վիճակագրական թուրքը, ով ընդունում է ցեղասպանության փաստը, այն ընդունում է մոտավորապես հետևյալ մեկնաբանմամբ՝ դե պատերազմ էր, հայերին տեղահանում էին ու շատերը զոհվեցին ճանապարհին՝ հիվանդությունների, հրոսակախմբերի ու մեկ-մեկ էլ երիտթուրքական հանցագործ իշխանությունների վայրագ գործողություններից, բայց դե պատերազմ էր, որի ժամանակ ողբերգություններ են լինում, ու պետք է այդ ամենի հետ հաշտվել ու շարժվել առաջ՚:

Մոտավորապես այսպիսի քաղաքականություն են վարում այսօր նաև հայերի ցավը ՙկիսող՚ թուրք մտավորականները՝ ովքեր ամեն ինչ անում են թուրքին պաշտպանելու, նրա հեղինակությունը չգցելու և ոճրագործի խարանը նրա վրայից ջնջելու համար: ՙԻսկ մենք՝ հայերս, պետք է խելամիտ լինենք ու հասկանանք, որ նույնիսկ ժողովրդավար թուրքերի աննշան տոկոսն է պատրաստ ընդունելու իրադարձությունների օբյեկտիվ մեկնաբանությունը ու պետք է պայքարենք դրա համար, չտարվենք թուրք ժողովրդավար մտավորականների մեղա եկող քայլերին, հակառակ դեպքում ամեն ինչ կմատուցվի այնպես, ինչպես ֆիլմում է, վաղ թե ուշ իրականությունը կաղավաղվի ու աշխարհւ ցեղասպանության մասին կիմանա խեղաթյուրված ֆիլմերի, գրքերի միջոցով՚,- ասում է բլոգերը: Նա Աքինի ֆիլմի թուրքանպաստ լինելու փաստն ընդգծելու համար նշում է այն հանգամանքը, որ դրանում չկան այնպիսի դրվագներ, որոնք կարող են սուր հակակրանք ու հակազդեցություն առաջացնել թուրք հանրության լայն շերտերի մոտ, ամեն ինչ շատ զգուշավոր է մատուցված: Ֆիլմում չկա թուրք զինվորի, պաշտոնյայի կամ էլ Թուրքիայի կառավարությունը մարմնավորող որևիցե կերպար, ով իր ձեռքով մարդ սպանի, ցեղասպանի իրական կերպարները բացակայում են: Փոխարենը բոլոր դաժանություններն իրականացվում են ինչ-որ անհասկանալի ծագման հրոսակախմբերի ու անհատների կողմից:

Բլոգերի դիտարկմամբ թուրք հանդիսատեսին գոհացնելուն են միտված նաև ամերիկացիներին ու քրդերին բացասական լույսի ներքո ներկայացնելու փորձերը: Ի տարբերություն բոլոր մյուս օտարազգիների, ովքեր օգնում են Նազարեթին, քուրդը, տեսնելով անապատից կիսամեռ դուրս եկող Նազարեթին, օգնում է միայն նրանից ոսկեդրամ կորզելուց հետո:
Ըստ էության հայի ողբերգության միջոցով թուրք ռեժիսորը փորձել է երկու խնդիր լուծել՝ խեղաթյուրել պատմական ճշմարտությունը և այն ներկայացնել թուրքերի համար շահեկան ձևով, ինչպես նաև հակամարտության սեպ խրել հայի ու քուրդի միջև: Ուրեմն ինչ է Աքինի ֆիլմը, եթե ոչ հերթական ծրագրված ծուղակը Ջեմալ Փաշայի թոռան՝ նաև հայերեն թարգմանված գրքից հետո:

Գրող, հրապարակոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ թեև ավելի լավատես է ու թուրք ռեժիսորի ֆիլմում հակաքարոզչական ազդակներ չի տեսնում: Թեև նա չի հավատում, որ թուրքը երբևէ կարող է հայի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունք ցուցաբերել. ՙԵս չեմ պատկանում այն մարդկանց տեսակին, ովքեր արդացում են փորձում գտնել, թե բոլոր թուքերը չէ, որ մեզ կոտորել են, կամ եղել են այնպիսիք, որոնք մեզ փրկել են: Թուրքի գենետիկ կոդը չի համընկնում մերի հետ և դրանք միմյանց վանում են: Բայցևայպես ես ողջունում եմ թուրք ռեժիսորի կատարած քայլը: Շնորհակալ լինենք նրանից, որ լինելով ցեղասպան ազգի ներկայացուցիչ խիզախել է ու անդրադարձել այդ թեմային, խոսել ցեղասպանության մասին: Այդ ֆիլմը չպետք է մեզ համար ճակատագրական դարձնենք, այլ պարզապես պետք է այն ընդունենք որպես թուրքի անդրադարձ հայերի ցավին այնքանով, որքանով նա կարողացել է դա ներկայացնել: Ես թուրքից ավելին չէի պահանջի՚:

Թատերագետ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ անդրադառնալով ՙՍպի՚ կիոնդրամային՝ այն որպես կինեմատոգրաֆիական արտադրանք՝ միջակություն է համարում: Ըստ նրա՝ շատ արադարացի գնահատական էր, որ ֆիլմը Վենետիկի կինոփառատոնին որևէ մրցանակի չարժանացավ:
Ինչ վերաբերում է ցեղասպանության թեմայի ամբողջական արտացոլմանը՝ ըստ թատերագետի այն ամենևին էլ ցեղասպանության մասին չէ. ՙՕսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործության արտացոլումն այնտեղ չկա: Ֆիլմի սյուժեն ավելի շատ պոպուլիստական է, ինչը հարիր է թուրք մտավորականների մտածելակերպին ու ընկալումներին: Նրանք իբրև թե ճանաչում են հայոց ցեղասպանությունը կամ կողմ են դրա ճանաչմանը, սակայն միշտ խուսափում են խոսել ցեղասպանության իրական դրդապատճառների և դրանում Օսմանյան կայսրության մասնակցության մասին: Եթե օտարը դիտի այդ ֆիլմը, չի հասկանա, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Հայի, նրա տեղահանության ու կոտորածի, Թուրիքայի դիրքորոշման ու արարքների մասին թյուր կարծիք ստեղծելու ու եղելությունն այլ՝ Թուրքիայի համար շահավետ տեսանկյունից ներկայացնելու միտում կա այդ ֆիլմում: Դրանում բացակայում է թուրքի իրական՝ վայրագ, մարդասպան ու թալանչի կերպարը:

Փոխարենը հայի կերպարն է բավական վատ ներկայացվել՝ մանրախնդիր, շահամոլ, նյութապաշտ, գողացող: Հայն այդ ֆիլմում բարոյապես արժեզրկված է: Պատահական չէ, որ ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայում ու որևէ խոչընդոտ չի եղել՚:
Լևոն Մութաֆյանը ՙՍպի՚ կինոդրաման ցեղասպանության 100-ամյակի ծրագրում ընդգրկելը սկզբունքային սխալ է համարում, մանավանդ որ դրանում Ցեղասպանության պատճառները չեն համընկնում աշխարհին ներկայացվող և պատմական իրականություն համարվող դրդապատճառների հետ:
Պարոն Մութաֆյանը նույնպես որսացել է ֆիլմի այն գաղափարը, թե հայերի ցեղասպանությունն ընդամենը առաջին աշխարհամարտով էր պայմանավորված և պատերազմի իրադարձություններից բխող հետևանք էր: Մինչդեռ մենք ամեն ինչ անում ենք աշխպարհին ասելու պատմական ճշմարտությունը, որ հայոց ցեղասպանությունը ծրագրված է եղել Օսմանյան կայսրության ղեկավարության ձեռքով ու որ տեղահանության հետ միասին նաև ցեղասպանության ծրագիր է եղել: Ու հանկարծ թուրք ռեժիսորի ֆիլմով հակառակն ենք քարոզում ու ներկայացնում աշխարհին՝ ֆինանսապես ու բարոյապես աջակցելով այդ ֆիլմը ստեղծողին:
Ի դեպ, երբ ֆիլմի մասին փորձեցիքն կարծիք իմանալ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանից, նա ասաց, որ որևէ ցանկություն չի ունեցել այն դիտելու և մերժել է կինոդտիման հրավերը՝ հավանաբար նախապես իմանալով դրա թուրքամետ ուղղվածության մասին:

Թագուհի Ասլանյան


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն