Արձանագրությունների ստորագրումից շահողը Թուրքիան է լինելու
«Թուրքիան Եվրամիության ինտեգրման ուղղությամբ լուրջ քայլեր է կատարում», այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության ընդլայման հարցերով պատասխանատու Օլլի Ռեյնը` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
Լրագրողներն այս անգամ էլ չեն շրջանցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեման: Ռեյնը հույս է հայտնել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը կտա իր դրական արդյունքները, երկու երկրները կկարողանան լուծել իրենց միջև առկա խնդիրները և Կովկասում որոշակի կայունություն կհաստատվի: Եվրոպացի դիվանագետը կարևորել է նաև Հայաստանի նախագահի այցը Թուրքիա և նույնիսկ չի բացառել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին իր ներկա գտնվելու հավանականությունը:
Ահմեդ Դավութօղլուն իր հերթին խոստովանել է, որ հայ-թուրքական կապերի բարելավումը կարևոր է Թուրքիայի համար` Եվրամիություն մուտք գործելու տեսանկյունից: Նկատելով, որ Թուրքիան այս կերպ կատարում է Եվրամիության կարևոր պահանջներից մեկը` բարելավում է հարաբերությունները հարևան երկրների հետ:
Հիշեցնենք, որ Կոպենհագենյան դրույթների համաձայն Եվրամիությանը անդամակցել ցանկացող յուրաքանչյուր պետություն պարտավոր է բարիդրացիական կապեր հաստատել իր հարևան պետությունների հետ: Մինչդեռ, եվրոպական երկրների գնահատմամբ` տասնամյակներ շարունակ Թուրքիայի եվրոինտեգրմանը խոչընդոտող հանգամանք է հանդիսացել Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն չունեցող հարաբերություններն ու փակ սահմանը: Այսօր Անկարայի և Երևանի միջև սկսված հարաբերությունների բարելավման գործընթացը Եվրամիության աչքում բարձացնում է Թուրքիայի արժեքը: Այլ կերպ ասած` Թուրքիան, ձգտելով կարգավորել հին խնդիրները, հնարավորություն է ստանում իր առջև ավելի հեռահար նպատակներ դնել: Այն է` դառնալ տարածաշրջանի առաջատար պետությունը և մերձենալ Եվրամիության հետ:
Այնպես որ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից շահողը հենց Թուրքիան է լինելու, քանզի այն խիստ նպաստավոր իրավիճակ է ստեղծելու այդ երկրի համար:
Քրիստինե Մելքոնյան
Թեգ- Բրյուսել, Օլլի Ռեյն, Եվրամիություն, Թուրքիա, Ահմեդ Դավութօղլու, հայ-թուրքական արձանագրություններ












