Գլխավոր » Լրահոս

ՕԵԿ-ը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ

Փետրվար 9, 2015թ. 18:55

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քաղաքական խորհրդի որոշմամբ Կոտայքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ է նշանակվել Արթուր Միսակյանը, իսկ Գեղարքունիքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ՝ Գարսևան Սաղաթելյանը:

Քաղխորհուրդը լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին: Քննարկվել է Եվրոպական Ժողովրդական Կուսակցության քաղաքական համաժողովին ՕԵԿ մասնակցության հարցը և հանձնարարվել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին համաժողովում ներկայացնել կուսակցության համալիր դիրքորոշումը օրակարգում քննարկվող հարցերի վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդն, ինչպես 12.12.2014թ.-ի նիստում, այնպես էլ այսօր, անդրադարձել է վերջին ամիսներին քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների, և փետրվարի 7-ին էլ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կիրառված բռնության դեպքին՝ արձանագրելով. «Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ: ՕԵԿ-ը անընդունելի է համարում, հասարակական-քաղաքական գործընթացների զարգացումները, սոցիալ-տնտեսական և տարաբնույթ այլ խնդիրների հետ կապված մարդկանց արդարացի բողոքի ձայնը բռնությունների և ահաբեկումների միջոցով կասեցնելու փորձերը:

Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը փաստում է, որ վերջին շրջանում արդեն հաճախակի կրկնվող հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական համերաշխության մթնոլորտի ապահովման համար: Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և պատժելու համար, միջոցներ ձեռնարկեն հետագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Հակառակ դեպքում երկրում կարող է ձևավորվել անպատժելիության մթնոլորտ և բռնության ավանդույթ: Արտաքին մարտահրավերների, օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական բացասական միտումների պայմաններում երկրի ներսում թշնամանք ու ատելություն սերմանելու ցանկացած դրսևորում լրջագույն սպառնալիք է հանրության և Հայաստանի ազգային անվտանգության համար:

«Օրինաց երկիր» կուսակցություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն