Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

Փետրվար 10, 2015թ. 18:07

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ փետրվարի 10-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի ընդունման վերաբերյալ Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը, և այդ դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը», ինչպես նաև՝ հղման կարգով ՀՀ Սահմանադրությունում:

Համայն հայության միասնական կամքի դրսևորումներից էր Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության կողմից ընդունված «Միացյալ Հայաստանի» ակտը, համաձայն որի՝ «Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումը ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբր անկախ պետական միություն:

Ուղիղ մի տարի առաջ, ռուսահայերի համագումարից ընտրված Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իրեն անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն: Ազգային խորհրդի կազմված կառավարությունն այդ քաղաքական ակտի մասին պաշտոնապես պետությանց ներկայացուցիչներին հայտնելուց հետո, այս մի տարվա մեջ փաստորեն հաստատել է իր իշխանությունն Անդրկովկասի հայկական գավառներում:

1919թ. փետրվար ամսին Երևան քաղաքում կայացած Արևմտահայ Երկրորդ Համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը Միացյալ և Անկախ է ճանաչում: Այժմ, Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկիրների միացման և անկախության այս ակտը կատարելով` Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ Միացյալ Հայաստանի պետական ձևն է ռամկավար հանրապետություն և որ ինքը հանդիսանում է Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը, և Հայաստանի պառլամենտն ու կառավարությունը հանդիսանում են Միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը:

Հայաստանի կառավարությունը սույն ակտը հրապարակում է 1919թ. ապրիլի 27-ի պառլամենտի որոշմամբ կառավարությանը տրված հատուկ լիազորությունների հիման վրա.

Մինիստրների խորհրդի նախագահի և արտաքին գործոց մինիստրի պաշտոնակատար Ալ. Խատիսյան
Ներքին գործոց մինիստրի պաշտոնակատար Ս. Մանասյան Զինվորական մինիստր, գեներալ մայոր Ք. Արարատյան Արդարադատության մինիստրի պաշտոնակատար Հ. Չմշկյան
Հանրային կրթության մինիստր Գ. Մելիք-Ղարագյոզյան
Խնամատարության մինիստր Ս. Թորոսյան
Պարենավորման մինիստր Ք. Վերմիշյան
Ֆինանսների մինիստրի պաշտոնակատար Գ. Ջաղեթյան
Գործերի կառավարիչ Գ. Խատիսյան 1919թ. մայիսի 28-ին, Երեւան քաղաք»1:

1989 դեկտեմբերի 1-ին Արցախի Ազգային խորհուրդը և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համատեղ որոշում կայացրեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Խորհրդային կայսրության փլուզումից առաջ այդ որոշումը մեծ դեր կատարեց համայն հայության համախմբման և մեզ պարտադրված պատերազմում հաղթանակ արձանագրելու համար:

Այսօր ևս, ինչպես շուրջ քառորդ դար առաջ, առկա է աշխարհաքաղաքական քարտեզի և կարգի փոփոխության միտում: Մենք՝ հայերս, առավել զգայուն պետք է լինենք մեր տարածաշրջանում և նախկին Խորհրդային Միության երկրների տարածքներում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ:

Մեր դիրքորոշումը պետք է արտահայտենք նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից համապատասխան փաստաթղթերի ընդունման միջոցով՝ ժամանակակից պահանջներին համահունչ նոր «Ազգային անվտանգության հայեցակարգ», «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենք, «Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման մասին» ՀՀ օրենք և այլն:

2015 թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը, համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, արտահայտելով Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` հասնելու Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և ցեղասպանության հետևանքների հաղթահարմանը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը:

«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքի քաղաքականության հետապնդողը, իր ծրագրային դրույթով ամրագրել է՝ լուծում տալ Ցեղասպանության ու նրա ժառանգության` Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը, ներառելով համայն հայության պահանջների մի մասը, պետք է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվի որպես փաստաթուղթ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն 10 փետրվարի 2015թ.


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն