ՀՀ-ԵՄ հարաբերություններում կոնկրետ քննարկման առարկա գոյություն չունի
«Այն շփումները, հանդիպումները, որոնք տեղի են ունենում 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ-ի և ՀՀ-ի պաշտոնյաների միջև, շատ դժվար է կոչել բանակցություններ»,- ասում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության հայաստանյան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա` բանակցություններ սովորաբար կոնկրետ առարկայի շուրջ են կայանում, իսկ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կոնկրետ քննարկման առարկա գոյություն չունի, քանի որ, ինչպես նշում են ԵՄ պաշտոնյաները, Հայաստանը պետք է կողմնորոշվի` ինչ չափով, ինչ խորությամբ և ինչ ոլորտներում է պատրաստ համագործակցել ԵՄ-ի հետ, ինչ կարգավիճակի, իրավաբանորեն որքան կաշկանդված փաստաթղթի ստորագրման է պատրաստ Հայաստանը:
«Փաստորեն, մինչ այսօր դրա վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չի ներկայացրել Հայաստանը: Այնպես որ, մինչև դա չլինի՝ խոսել բանակցությունների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակության և ձևաչափի մասին՝ շատ դժվար է»
Ի՞նչ կարելի է ակնկալել մայիսին նախատեսվող ԱլԳ Ռիգայի գագաթաժողովից ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, Նավասարդյանն ասել է . « Հռչակագիր միշտ էլ կարելի է սպասել, բայց այն գործնականում ոչինչ չի նշանակելու: Կոնկրետ քայլերացում ես չեմ սպասում Ռիգայի գագաթաժողովից՝ շատ պարզ պատճառով` հարաբերությունները Ռուսաստանի և ԵՄ-ի միջև շարունակում են սրվել, և Հայաստանը՝ հաշվի առնելով իր կախվածությունը Ռուսաստանից, պատանդ է մնացել այս հարցում: Նույնիսկ, եթե մինչև Ռիգայի գագաթաժողովն ինչ-ինչ լուծումներ կգտնվեն ուկրաինական ճգնաժամի ուղղությամբ, քիչ ժամանակ է մնացել, իսկ Հայաստանի հետ ավելի խորը և ավելի հստակ փաստաթուղթ ձևավորելու համար եվրոպական բյուրոկրատիան պատրաստ չէ արագ աշխատել»,- ասաց նա:
Բորիս Նավասարդյանը նաև նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի առջև կոնկրետ սահմանափակումներ չի դրել, բայց կա չձևակերպված խորհուրդ. Ռուսաստանը հետաքրրքված չէ, որ Հայաստանը գնա ինչ-որ գործնական հետևանքներ խոստացող բանակցությունների ճանապարհով: «ՀՀ իշխանությունները, բնականաբար, մնում են կաշկանդված՝ այդպիսի ոչ ֆորմալ խորհուրդ ունենալով Մոսկվայի կողմից»:












